пятница, 14 декабря 2012 г.

Գյումրիի հին ու նոր եկեղեցիները

 Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք:

Ջիվանի


    Գյումրին հնագույն Շիրակ գավառի կարևորագույն կենտրոններից է: Նրա եկեղեցիները հայկական ճարտարապետության մեջ ունեն իրենց ուրույն տեղը: Գյումրի քաղաքի եկեղեցիները կառուցվում են նրա պատմությանը, մղած ճակատամարտերին, քաղաքաշինությանն ու կենցաղի զարգացմանը  զուգահեռ: Գյումրու միջնադարյան կառուցապատումը անմիջապես նրա եկեղեցիների տարեգրությունն է: Կարելի է ասել, որ Գյումրու եկեղեցիները քաղաքատարածքի պաշտամունքային շենքերի զարգացման կարևորագույն մասն են կազմում` ընթանալով Ուրարտուից դեպի անտիկ ժամանակները, դեպի քրիստոնեության ծավալման շրջան և մեր օրերը


    Գյումրին գտնվում է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550մ բարձրություն ունեցող հարթավայրում, Ախուրյան գետի միջին հոսանքի ձախափնյակում, մայրաքաղաք Երևանից 126 կմ հեռավորության վրա:[1] Գյումրու տարածքում ստեղծված պետական առաջին կազմավորումը հիշատակվում է Մարմաշենի բնակավայրից և վանքից ոչ հեռու գտնված մ.թ.ա. VIII դարի ուրարտական մի արձանագրության մեջ՝ Իրդանիու անվամբ:[2] Արձանագրությունն ունի հետևյալ բովանդակությունը. «Խալդյան մեծությամբ Արգիշտին ասում է. գրավեցի Էրիախի երկիրը, գրավեցի Իրդանիու քաղաքը` մինչև Իշկիգուլու երկիրը» (մ.թ.ա. 774թ.): Ըստ նորագույն ուսումնասիրությունների` Իրդանիուն ներկայիս Գյումրի քաղաքն է, մինչդեռ նախկինում այն նույնացնում էին Մարմաշենի տարածքի հետ: Ուսումնասիրողները Իրդանիուն տեղադրում են Կումայրի-Գյումրու տարածքում` այն նույնացնելով Չերքեզի ձոր գետակի ձախափնյա բարձրադիր մասում գտնվող Կումայրի հնավայրի հետ։ Նշված տարածքում է գտնվել նաև Կումայրու հնագույն եկեղեցին, որը մեզ հասած առաջին քրիստոնեական պաշտամունքային կառույցն է ողջ քաղաքի տարածքում: Չի բացառվում, որ այն կառուցվել է նախկին հեթանոսական տաճարի տեղում, քանի որ նշված տարածքն ուրարտական պետության տարիներին բնակավայր է եղել և ամենայն հավանականությամբ ունեցել է մեհյան-ողոթատեղի:    

     Վանի թագավորության անկումից հետո Կումայրին ընդգրկվել է Հայոց միասնական թագավորության` Երվանդունիների պետության կազմում: Մ.թ.ա. 189 թվականից այն կազմել է Հայոց Արտաշեսյան թագավորության մի մասը:[3] Արտաշեսյանների անկումից հետո (մ.թ. 1թ.) մի քանի անգամ Հայաստան են արշավում հռոմեական զորքերը: Արշավանքների ճանապարհն անցնում էր Կումայրիով, որը, որպես ռազմական նշանակություն ունեցող հենակետ, գրավվում է թշնամու կողմից: Այս դարերին եկեղեցիներ Կումայրիում բնականաբար չէին կառուցվում, քանի որ քրիստոնեական եկեղեցաշինությունը Հայաստանի ողջ տարածքով մեկ սկսվում է 301 թվականից հետո, երբ երկրում որպես պետական կրոն է ընդունվում քրիստոնեությունը: Գրիգոր Լուսավորիչը ավերում է հեթանոսական տաճարներն ու մեհյանները և դրանց փոխարեն քրիստոնեական եկեղեցիների կառուցում: Այս շրջանից պահպանված կառույցներ Կումայրիում չկան: Փոխարենը, դրանք շատ են Շիրակի մյուս գյուղերում ու քաղաքներում: Երբ հայոց Տրդատ Գ (287-330թթ.) թագավորը Շիրակը նվիրում է Կամսարական իշխաններին, վերջիններս կառուցում են Շիրակի ներկայիս Արթիկ քաղաքի երկու եկեղեցիները և Լմբատավանքը, Պեմզաշեն ավանի, Լեռնակերտ (Շիրվանջուղ), Նոր Կյանք (Մեչթլի), Բարձրաշեն (Բաբուլի) գյուղերի եկեղեցիները, Անիպեմզայի Երերույքի բազիլիկը և այլ եկեղեցիներ:[4]

     Կումայրիում կառուցված առաջին եկեղեցին VII դարով թվագրված Դպրեվանքն է: Ենթադրվում է, որ այն եղել է մշակույթի կենտրոն, որտեղ գործել է Բարսեղ Ճոնը, և կրթություն է ստացել Անանիա Շիրակացին: Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 935թ.` Բագրատունի թագավորի ջանքերով, Բյուզանդիայից հալածված   հայ հոգևորականների մասնակցությամբ:
Կումայրու բազիլիկի հիմնաքարերը

     Գյումրու եկեղեցաշինության նոր փուլը սկսվում է 19-րդ դարի սկզբին, երբ քաղաքն ընդգրկվում է ռուսական տիրապետության ոլորտ: Դարի 30-ական թվականներից սկսվում են նոր բերդի շինարարական աշխատանքները: Զուգահեռաբար զինվորական իշխանությունները կազմում են նաև քաղաքի առաջին հատակագիծը:  Համաձայն նախագծի` տարածքը պատվելու էր փողոցների կանոնավոր ցանցով, որոնք ձգվելու էին հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք:[5] Քաղաքի թաղամասերը, բնակչության ազգային պատկանելությունից և բնորոշ հատկանիշներից կախված, ունեցել են տարբեր անվանումներ` ռուսական թաղամաս` Սլաբոտկա (պարհակներից ազատ), Ձորի բողազ` Ռանչպարների մահլա, Կաթոլիկների (Ֆրանկների) մահլա, Թուրքական թաղամաս կամ Ֆրանգների մահլա: Գյումրեցիները թաղամասին մահլա են ասում: Բառը, որոշակի ձևափոխության ենթարկվելով, քաղաքի խոսակցական բարբառում պահպանվել է մինչև օրս:

     1837թ. ռուս ցար Նիկոլայ 1-ինի այցելությունից հետո, Գյումրին վերածվեց բերդ-ամրոցի, ապա նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվեց Ալեքսանդրապոլ։ Նույն թվականին ավարտվեց նոր ամրոցի շինարարությունը: Ամրոցի մեջ կառուցվեց նաև ռուսական եկեղեցի` սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրա Հռոմեացու անունով: 

Սբ. Ալեքսանդրա եկեղեցին այժմ
  Ամրոցի կառուցմանը հաջորդում է Ալեքսանդրապոլի վերակառուցումը: Քաղաքի կենտրոնը դառնում է շուկա-հրապարակը (այժմյան Վարդանանց հրապարակ), որը առևտրական, վարչական, հոգևոր և մշակութային կենտրոն էր: Քաղաքաշինությանը զուգահեռ սկսվում է նաև քաղաքի եկեղեցաշինության ոսկեդարը: Ալեքսանդրապոլի եկեղեցիների մեծամասնությունը կառուցում էին էսնաֆությունները: Դրանք մասնակցություն էին ունենում քաղաքի համար կենսական և հոգևոր-մշակութային նշանակություն ունեցող բոլոր ձեռնարկումներում: Էսնաֆներն աշխատում էին անվճար, քանի որ այս աշխատանքներին մասնակցելը դիտվում էր որպես հոգևոր ներդրում, սուրբ գործ: 1830-1890թթ. որմնադիրների ուստաբաշիներ (գլխավոր վարպետներ) են եղել ուստա Գինոսը  (Սբ. Ալեքսանդրայի եկեղեցու կառուցում), Հեփոյենց Սահակը (Սբ. Փրկիչի կառուցում), Թամրազենց Գրիգորը (Բերդի կառուցում), Ուստա Պապոն (Սբ. Փրկիչի կառուցում), Անտիկյան Թաթոսը (Սբ. Փրկիչի կառուցում), Անտիկյան Ավետիքը (Սբ. Փրկիչի փոքրի գավիթի և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կառուցում):[6] Եկեղեցիները կառուցվում էին սև սրբատաշ քարով: Ս. Մաթևոսյանը հաղորդում է, որ Գյումրու արևմտյան մասում` Չերքեզի ձորում, եղել են քարհանքեր, որոնք ունեցել են սև տուֆի պաշարներ: Այստեղից է քար մատակարարվել քաղաքի շինարարության համար:[7] Կարելի է եզրակացնել, որ քաղաքի եկեղեցիների համար որպես հումք է ծառայել տվյալ վայրի սև տուֆը, քանի որ ակնհայտ է պաշտամունքային կառույցների` տեղական քարից կերտված լինելը:
Ալեքսանդրապոլը 19-րդ դարի կեսերին
     Ալեքսանդրապոլի եկեղեցիները մեծ մասը կառուցված էին շուկայի տարբեր կողմերում, յուրաքանչյուր թաղամաս ուներ իր եկեղեցի-մատուռը: Քաղաքի   բոլոր ժամանակների եկեղեցիների մոտավոր տեղադրությունը ներկայացված է ստորև տեղադրված  Կումայրու հատակագծում: Մոտավոր ցույց են տրված այն եկեղեցիների գտնվելու վայրերը, որոնք իրենց մեջ պահող թաղամասերը կառուցվել են Ալեքսանդրապոլ-Կումայրի-Լենինականի ժամանակաշրջանում: Նշված չեն միայն Սբ. Հակոբ և Սբ. Հռիփսիմե եկեղեցիների տեղերը, քանի որ սրանք կառուցվել են երկրաշարժից հետո կառուցված նորակառույց թաղամասերում, իսկ հատակագիծը կազմվել է նախքան 1988թ.:

Գյումրու բոլոր ժամանակների եկեղեցիների մոտավոր տեղադրությունը Կումայրի-Լենինականի հատակագծում (բացառությամբ նորակառույց թաղամասերի եկեղեցիների)
1. Սբ.  Ամենափրկիչ, 2. Սբ. Աստվածածին, 3. Սբ. Նշան, 4. Սբ. Միքայել հրեշտակապետի եկեղեցի-ժամատուն, 5. Կումայրու բազիլիկի ավերակներ, 6. Սբ. Գեորգի հունական եկեղեցի, 7.Հայ կաթոլիկների եկեղեցի, 8. Սբ. Ալեքսանդրա, 9. Սբ. Խաչ կաթոլիկների եկեղեցի, 10. Չերքեզի ձորի տարածք, 11. Սբ. Գրիգոր Լուսավորիչ, 12. Կազաչի պոստի Սբ. Արսենիի եկեղեցի, 13. Սբ. Սարգիս մատուռ
 Շուկայի դիմաց Սբ. Գեորգի եկեղեցին է, որի թիկունքում Ամենափրկիչն է: Վերջինիս հակառակ կողմում Սբ. Աստվածածինն է, դեպի ձախ` Կաթոլիկների եկեղեցին: Աստվածածնի թիկունքում Սբ. Նշանն է, փոքր-ինչ վերև` Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Հեռվից երևում   է Սբ. Միքայել հրեշտակապետի ժամատան արծաթափայլ գմբեթը:    Եկեղեցիների դիրքերը բավականին լավ են ներկայացված Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում գտնվող Ալեքսանդրապոլ քաղաքի մանրակերտում ևս:

Ալեքսանդրապոլի մանրակերտը. Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան
   Որոշակի պատկերացում կարող ենք կազմել նաև հրատարակված բացիկների ու հրավիրատոմսերի միջոցով, քանի որ Ալեքսանդրապոլը XIX դարի կեսերին այնքան բարեկարգ քաղաք էր, որ նրա տեսարաններով բացիկներ էին թողարկվում: Այս տարիներից պահպանված լուսանկարներում Ալեքսանդրապոլի կացարաններն ու հասարակական կառույցները շրջապատված են եկեղեցիներով, կամ հակառակը` եկեղեցիներն են իրենց շուրջ համախմբում քաղաքի մյուս շինությունները:  Ալեքսանդրապոլի եկեղեցիների տեղադրությանը անդրադաձել է նաև Ղ. Ալիշանը: Դարի վերջին քառորդում նա Ալեքսանդրապոլում հիշատակում է չորս հայ առաքելական եկեղեցի` «երկուք հին և երկու նոր»:[8] Խոսքը Սբ. Ամենափրկիչ, Սբ. Նշան և Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Աստվածածին եկեղեցիների մասին է: Առաջին երկուսը կառուցված են դարի 60-ականներին, մյուսները` 70-80-ականներին:
    Ալեքսանդրապոլ քաղաքի  XIX դարի եկեղեցաշինությունը պայմանականորեն կարող ենք բաժանել երկու փուլի` 1830-1860-ականներ և 1870-1880-ականներ: Քաղաքի բոլոր եկեղեցիները կառուցվում են այս տարիներին: Առաջին փուլն աչքի է ընկնում հիմնականում այլադավան կառույցներով, որոնք հանգամանորեն ներկայացված են ուսումնասիրության հավելվածում: Այնպես է ստացվում, որ նախքան հայ առաքելական եկեղեցիներ ունենալը Գյումրին արդեն ուներ իր ռուսական, հունական և կաթոլիկ եկեղեցիները:  Այսպես, 1852թ. թաղամասում, որտեղ ապրում էին «հռովմէական Հայք»[9], սկսվում են կաթոլիկների եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքները: 

Հայ կաթոլիկների եկեղեցին այժմ
Եկեղեցին օծվել է 1855 թվականին: Նրա կառուցմանը գրեթե զուգահեռ սկսվում է Ալեքսանդրապոլի Սբ. Գեորգի հունական եկեղեցու կառուցումը ևս: Վերջինս գտնվել է հունական (Ուռումների) թաղամասում, ներկայիս Ստեփան Շահումյանի արձանի տարածքում: 

1859-1864թթ. «ծախիւք Արղութեան իշխանազին»[10] կառուցվում է Սբ. Նշան եկեղեցին կամ Սև ժամը: 

Սբ. Նշան եկեղեցին

Վերջինիս  կառուցումը դեռ շարունակվում էր, երբ 1859թ. գյումրվա տոհմիկ  որմնադիր-վարպետները  Արդար Մանուկի ղեկավարությամբ սկսում են կառուցել Սբ. Ամենափրկիչ եկեղեցին` «համաձև կաթողիկէին Անւոյ յամս 1859-1873»:[11]  
Սբ. Ամենափրկիչ եկեղեցին այժմ
 
    1870-1880թթ. Ձորի մահլա թաղամասում` տեղի բնակիչների հանգանակություններով կառուցվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կամ Գեղցոնց ժամը, որն այժմ կիսավեր վիճակում է: 
 
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին այժմ
 Այս տարիներին է Գյումրու հարավային հատվածում` «Պատվո բլուր»  գերեզմանատան շրջակայքում, կառուցվում Սբ. Միքայել հրեշտակապետի եկեղեցի-ժամատունը, որը գյումրեցիները շողացող թիթեղյա գմբեթի պատճառով անվանում են «Պլպլան ժամ»
Սբ. Միքայել հրեշտակապետի եկեղեցին
 Գյումրեցիների համար մեծ իրադարձություն էր Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցումը: Ժամանակակիցները եկեղեցու կառուցման օրերը նկարագրել են որպես տոնակատարություն, համաքաղաքային շինարարություն: Առավելապես Յոթվերք անունով հայտնի այս եկեղեցին կառուցվել է 1882-1887թթ.:
Սբ. Աստվածածին եկեղեցին
     1924թ. քաղաքը, վերանվանվելով Լենինական, սկսում է վերակառուցվել սոցիալիստական քաղաքաշինության սկզբունքներով:[12] Կառուցվում են տնտեսական շինություններ, գործարաններ, արտադրամասեր, հասարակական կառույցներ ու հիմնարկություններ: Խորհրդային տարիներին Հայաստանը տնտեսական ու սոցիալական վերելք է ապրում, սակայն հետին պլան է մղվում եկեղեցին: Մի շարք քաղաքներում տարբեր տարիներին կառուցված եկեղեցիները հիմնովին ավերվում են: Որոշները կիրառվում են տարբեր նպատակներով: Վերոնշյալ քաղաքականության զոհն են դառնում Լենինականի եկեղեցիները ևս: Սբ. Ամենափրկիչը օգտագործվում է որպես ֆիլհարմոնիա, Սբ. Նշանը` որպես աստղադիտարան, Սբ. Գրիգոր Լուսավորիչը` որպես պահեստ: Քանդվում և հողին է հավասարեցվում Սբ. Գեորգի հունական եկեղեցին: Հայ կաթոլիկների եկեղեցին վերածվում է բնակելի տան: 1932-1937թթ. աթեիստական շարժումների ժամանակ փորձ է արվում երկաթե շղթաներով գցել Սբ. Ամենափրկիչի թմբուկը, ինչը չի հաջողվում: 1937թ. գյումրեցիների աչքի առջև պայթեցվում է եկեղեցու զանգակատունը:[13]
    Հաջորդ խոշոր հարվածը Լենինականին հասցնում է 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը: Քաղաքը կորցնում է երկար տարիների, նույնիսկ դարերի ընթացքում կառուցածն ու ձեռք բերածը: Երկաշարժից հետո քաղաքի նախագծմամբ զբաղվում է որպես գլխավոր ճարտարապետ հրավիրված Դավիթ Չիսլիևը (Չիսլյան), ով կազմում է Լենինականի կենտրոնի ու կից հանգուցային հատվածների կառուցապատման հատակագիծը:[14] Քաղաքի եկեղեցիները, որոնց մեծ վնաս է հասցնում աղետը, վերակառուցվում են մինչև օրս, սակայն եկեղեցաշինական նոր փուլը սկսվում է երկրաշարժից մի քանի տարի անց: 1991թ.  Գյումրին արդեն ուներ նոր եկեղեցի: Սա Ավստրիական թաղամասում կառուցված Սբ. Հռիփսիմե մատուռն էր, որն ազդարարեց ավերակներից  վեր հառնող քաղաքի եկեղեցաշինության նոր փուլի սկիզբը:
Սբ. Հռիփսիմե մատուռը
     1992թ. քաղաքը դարձյալ վերանվանվում է Գյումրի: Սկսվում է դժվար ու երկարատև վերակառուցում, որը շարունակվում է մինչև օրս: XXI դարում Գյումրին թևակոխում է ճարտարապետական նոր փուլ: Քաղաքում կողք կողքի վեր են բարձրանում տարբեր շենքեր: Կումայրու երբեմնի սև սրբատաշ քարին փոխարինելու է եկել դեղնավուն տուֆը, որով կառուցված շինությունները ներդաշնակ չեն նախորդ դարում  ստեղծված կառույցների հետ: Ճարտարապետական նոր, «խառը» տարրերը անդրադառնում են նաև եկեղեցաշինության վրա:
     2002թ. քաղաքի հյուսիսային կողմում` Անի թաղամասում, կառուցվում է Սբ. Հակոբ Մծբնա հայրապետի եկեղեցին, որի կառուցող  ճարտարապետը  Բաղդասար Արզումանյանն է: 
Սբ. Հակոբ եկեղեցին
2008թ. նախկին մանկական երկաթուղու տարածքում (ներկայիս Սարգսյան փողոց) կառուցվում է Սբ. Սարգիս մատուռը: Այն գտնվում է Սև ղուլից քիչ հեռու, նախկին Սբ. Ալեքսանդրա եկեղեցու մոտակայքում: Եկեղեցին օծվել է 2011թ.: Նույն տարիներին վերակառուցվում է նաև «Պատվո բլուր» գերեզմանատունն ու դրա տարածքում տեղակայված Սբ. Միքայել հրեշտակապետի եկեղեցի-ժամատունը:
Սբ. Սարգիս մատուռը
     Գյումրիում այժմ գործում է 4 հայ առաքելական եկեղեցի, ինչպես XIX դարում, սակայն դրանց կազմը փոքր-ինչ փոփոխության է ենթարկվել: Սբ. Գրիգոր Լուսավորիչն այժմ խոնարհված է, Սբ. Ամենափրկիչը կառուցման փուլում է, գործում են Սբ. Աստվածածին,  Սբ. Նշան, Սբ. Հակոբ Մծբինեցի և  Սբ. Սարգիս եկեղեցիները: Եթե XIX դարում եկեղեցիները կառուցված էին քաղաքի կենտրոնի շուրջը, ապա այժմ դրանք տեղակայված են Գյումրու տարբեր կողմերում, նույնիսկ արվարձանային թաղամասերում: Ծայրամասային Անի թաղամասում Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցին է, Ղարսի խճուղու հարևանությամբ` Սբ. Սարգիս մատուռը: Քաղաքի կենտրոնական` Վարդանանց հրապարկում, Սբ. Աստվածածինն է, թիկունքում` Սբ. Նշանը, մյուս կողմում` վեր հառնող Ամենափրկիչը:


Կազաչի պոստի Սբ. Արսենիի եկեղեցին
Գյումրի քաղաքի եկեղեցաշինության ոսկեդարը միանշանակ կարող ենք համարել Ալեքսանդրապոլի ժամանակաշրջանը, երբ շուրջ 50 տարիների ընթացքում (1837-1887) քաղաքում կառուցվում է 13 եկեղեցի: Հոգևոր զարթոնքի այս շրջանը սկսվում է 1837թ. Սբ. Ալեքսանդրա ռուսական եկեղեցու կառուցմամբ և ավարտվում 1887թ.` Սբ. Աստվածածին եկեղեցու օծմամբ: Ալեքսանդրապոլում, ինչպես նշվեցբացի հայկական եկեղեցիներից կառուցվել են նաև ռուսական, հունական և կաթոլիկ եկեղեցիներ: Բոլոր ժամանակներում Գյումրիում կառուցվել է 7 ռուսական եկեղեցի, որոնցից հինգը զորամասային են: Սրանցից են Կազաչի պոստ թաղամասի Սբ. Արսենիի եկեղեցին, 18-րդ դրագունական Սեվերսկի գնդի եկեղեցին, Բաքվի հետևազորային 153-րդ և 154-րդ գնդերի, ինչպես նաև Կովկասյան 7-րդ և 8-րդ գնդերի եկեղեցիները:
18-րդ դրագունական Սեվերսկի գնդի եկեղեցին
Եկեղեցիների հորինվածքային առումով Գյումրի քաղաքում կառուցված հայկական գրեթե բոլոր եկեղեցիները գմբեթավոր բազիլիկներ են: Դրանց մեծ մասը եռանավ աղոթասրահով շինություններ են` պսակված գմբեթով: Վստահորեն կարող ենք ասել, որ Գյումրու եկեղեցիների ինտերիերում դոմինանտը միշտ խորանն է, հորինվածքի կենտրոնը` աղոթասրահը: Ճարտարապետական բոլոր տարրերը, ինչքան էլ լինեն բազմազան, ժառանգորդության սկզբունքով այլ կառույցներից վերցված, միևնույն է, ստեղծում են յուրօրինակ ներդաշնակություն` ենթարկվելով գմբեթատակ տարածությանը: Արտաքինից եկեղեցիներն աչքի են ընկնում տեղական սրբատաշ քարից շարված պատերով, վերնասլաց գմբեթներով ու միաշունչ ճակատներով:
     Աշուղ Ջիվանու նկարագրած հինգ վանք ունեցող «ժամի սիրահար» փոքր քաղաքը շուրջ մեկ ու կես դար անց ևս չի փոխվել: Գյումրին փաստացի դուրս է եկել աղետի գոտու կարգավիճակից, սակայն քաղաքը դեռ լի է տնակներով, երկրաշարժից հետո գործազուրկ մնացած քաղաքացիներով, ամենօրյա «հացի խնդիրներով», մինչդեռ քաղաքի բնակիչները դեռ ապրում են «Յոթվերքը վկա» ուխտով: Գյումրեցի քարից վանք կերտող վարպետները` տաղանդավոր ճարտարապետների ղեկավարությամբ,  մինչ օրս   շարունակում են քարին` քար, գմբեթին` խաչ դնել:


Գյումրիում բոլոր ժամանակներում կառուցված եկեղեցիներն ունեն հետևյալ կազմը`
Դպրեվանք (VII դար)
Սբ. Ալեքսանդրա  թագուհու եկեղեցի (1837թ.)
Սբ. Գեորգի հունական եկեղեցի. Ուռումների եկեղեցի (1850թ.)
Հայ կաթոլիկների եկեղեցի (1852-1855թթ.)
18-րդ դրագունական Սեվերսկի գնդի եկեղեցի (1856թ.)
Սբ. Նշան եկեղեցի. Սև ժամ (1859-1864թթ.)
Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (1859-1873թթ.)
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. Գեղցոնց ժամ (1870-1880թթ.)
7-րդ Կովկասյան հրազգային գնդի եկեղեցի (XIX դարի 2-րդ կես)
8-րդ Կովկասյան հրաձգային գնդի եկեղեցի (XIX դարի 2-րդ կես)
Սբ. Արսենիի Բաքվի 153-րդ հետևազորային գնդի ռուսական եկեղեցի (1870-ականներ)
Բաքվի 154-րդ հետևազորային գնդի եկեղեցի (XIX դարի 2-րդ կես)
Սբ. Աստվածածին եկեղեցի. Յոթվերք (1882-1887թթ.)
Սբ. Միքայել հրեշտակապետի ռուսական եկեղեցի-ժամատուն (1875թ.)
Սբ. Հռիփսիմե մատուռ (1991թ.)
Սբ. Հակոբ Մծբինեցի եկեղեցի (2002թ.)
Սբ. Սարգիս մատուռ (2008թ.)
Սբ. Խաչ կաթոլիկների (2010թ.)






[2] http://www.gyumri.am/gyumris/history. Գյումրու պատմությունը. վերցված է 2014թ. փետրվարի 10:

[3]Գյումրի. Քաղաքը և մարդիկ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 13-18:  

[4]Հովսեփ Եղիազարյան-«Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները», «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1975, էջ 5:

[5] http://lraber.asj-oa.am/3202/1/69.pdf. Ս. Ղ. Մաթևոսյան- «Լենինականի հատակագծումը և կառուցապատումը XVIII-XIX դդ.», Լրաբեր հասարակական գիտությունների, N 10, 1972թ., էջ 73:     
[6] Գյումրի. Քաղաքը և մարդիկ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 278-286:
[7] Ս. Մաթևոսյան-«Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը», «Սովետական գրող» հրատարակչություն Երևան-1985, էջ 9:
[8] Ղևոնդ Ալիշան- «Շիրակ» տեղագրութիւն պատկերացոյց, Վենետիկ-Ս. Ղազար, ՌՅԼ-1881, էջ 154:
[9]Նույն տեղում, 154-156:
[10] Նույն տեղում, էջ 154:
[11] Նույն տեղում:
[12] Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան 1978, հատոր 4, էջ 549:
[13] «ՑԱՅԳ» շաբաթաթերթ. N31 /6-12 դեկտեմբերի 2001թ.: 
[14]«Ճարտարապետություն և շինարարություն»  ամսագիր. #12(34) դեկտեմբեր 2008, էջ 36:



Գոհար Նավասարդյան
հատվածներ  դիպլոմային աշխատանքից
թեմա`  «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»