воскресенье, 24 ноября 2013 г.

Գույնը չինական և հնդկական արվեստում



Առաջին զարգացած պետությունների մշակույթը նախապատմական նախնիներից ժառանգել է շատ բաներ: Առաջին քաղաքակրթությունները ստեղծող հին ժողովուրդների մտածողությունը առավել է նրանով, որ դեռևս առասպելաբանական է: Նախկինի նման նրանք կարծում էին, որ աշխարհը մեկ միասնական «կտոր» է, որտեղ բոլորը բոլորի հետ անբաժանելիորեն կապ ունեն:Սակայն այդ կծիկի մեջ մտցվում է կարգուկանոն ու ենթակարգություն, նման այն բանին, երբ կիսատարերային նախնադարյան հասարակության մեջ քաղաքակրթությունը ներմուծում է ավելի բարձր պետական կառույց: Անհամար նախնադարյան տոտեմները (կուռքերը), հոգիները, դևերը փոխարինվում են աստվածների սահմանափակ քանակությամբ. դա հիմնականում երկնային լուսատուների եւ բնության ուժերի անձնավորումն էր: Նախնադարյան կախարդներն ու մոգերը փոխարինվեցին քրմերով, հին պաշտամունքները՝ կրոնով:Արդեն աշխարհը կառավարում է ոչ թե մարդը (հոգիների օգնությամբ), այլ աստվածները, որոնց շարքում, այնպես, ինչպես երկրային «իշխանություններում», կան գլխավորներ, երկրորդականներ, և կան նույնիսկ «սպասարկողներ»: Սակայն աստվածները կառավարում են ոչ թե քմահաճորեն, այլ որոշակի օրենքներով, որոնք չի կարելի անտեսել:
  Արևելքի հին ժողովուրդները փորձում են ըմբռնել այս օրենքները, գտնել աշխարհը կազմակերպող սկիզբը և դրանով ճանաչել աշխարհը ոչ որպես նախնադարյան «քաոս», այլ քաղաքակիրթ «տիեզերք»: Այդ տիեզերքում պատվավոր և տեսանելի դեր ունի գույնը:
   Հին Արևելքի երկրների մեջ գույնի մասին առավելապես զարգացած և հետևողական ուսմունքը ստեղծվել է Չինաստանում և Հնդկաստանում: Այստեղ գույնի մասին գիտությունը կրում է փիլիսոփայական բնույթ, սակայն չի խզում կապը իր առասպելաբանական հիմքից:

Չինաստան: Հին չինացիների կողմից դեռևս առասպելական ոգով պատկերված աշխարհի գոյության պատկերը բազմերանգ է:
        Հնագույն իմաստության հիանալի կոթող է հանդիսանում «Ի ցզինը»՝ «փոփոխությունների գիրքը»: Այն կազմված է վաթսունչորս գեկսոգրամներից՝ վեց գծիկների համադրությամբ՝ տեղակայված մեկը մյուսի վրա (իմիջայլոց այդ գծիկների երկու տեսակ կա՝ անընդհատ եւ ընդհատվող): Ամեն մի գեկսոգրամմի մեջ կոդավորված է տիեզերական կամ կյանքի որևէ իրավիճակ, որը բնութագրում է համաշխարհային պրոցեսի ինչ-որ փուլ կամ աստիճան, օրինակ՝ ստեղծագործություն, ընկղմում, արևածագ, փայլատակում, գույնի սահմանափակում, կենտրոնացում, անկում, վերջ և այլն: Բոլոր վաթսունչորս գեկսոգրամների հաջորդականությունն ամբողջապես աշխարհաստեղծման վիթխարի ու դժվար դրամայի վերարտադրումն է, որում գլխավոր հերոսներն են՝ երկինքը, երկիրը և մարդը, գլխավոր ուժերն են լույսն ու խավարը, ակտիվությունն ու պասիվությունը, տղամարդու և կնոջ սկիզբը, գլխավոր տարերքները՝ ջուրը, քամին, կրակը և ամպրոպը: Դրանց հետ մեկտեղ համաշխարհային դրամայում գործում են այնպիսի հերոսներ, ինչպիսիք են սարը, ծառը, նժույգը, կովը, կառքը, նաև մարդիկ (իշխաններ, զինվորներ, ժողովուրդ): Բոլոր գլխավոր հերոսները, ուժերն ու տարերքները ներկված են գլխավոր գույներով, որոնք պետք է հասկանալ ոչ միայն որպես աբստրակցիաներ և սիմվոլներ, նաև մարմնի կենդանի կերպարներ: Այսպես, գեկսոգրամների հիմնական նշաններին վերագրվում են գույները. անընդհատ գիծը երկնքի նշանն է, այն կապույտ է, լուսավոր, ընդհատվող գիծը՝ երկրի նշանն է՝ դեղին, ստվերային: Հիմա կարելի է հասկանալ, թե ինչու էին «Ի ցզինի» գեկսոգրամները և նրանց բաղկացուցիչ մաս տրիգրամները համարվում գեղանկարչության սկիզբը: Չ՞է որ նրանք իրենցից ներկայացնում են կապտադեղնավուն, սև և սպիտակ գամմաներով գունավոր կոմպոզիցիայի սպառիչ բազմատեսակություն: Նրանց մեջ ֆիքսված էին պայքարի, խաղի ամեն հնարավոր իրավիճակները կապույտի և դեղինի կամ լույսի և ստվերի փոխազդեցությամբ: Ամեն մի գեկսոգրամ, պարզվում է, յուրատեսակ նկար է: «Ի ցզինը» հետազոտող Յ.Կ. Շուցկիյը գրում է.««Փոփոխությունների գիրքը» կարելի է նկատել որպես լույսի ու ստվերի փոխազդեցության դարաշրջան: Այդ դեպքում այն ձեռք է բերում և՛ գունեղություն, և՛ արտահայտչականություն»:
   Իրականում, պարզ «կանոնիկ» գույն-սիմվոլների կողքին, «Ի ցզինում» կարող ենք տեսնել այնպիսի բարդ ու նուրբ գույներ, ինչպիսիք են սյուանը ու սյունը: Սյուանը երկնքի գույնն է, բայց ոչ կեսօրվա կապույտը, այլ հյուսիսարևմուտքի նախալուսաբացյան երկնքի. դա սև գույնն է, որի միջով հազիվ ներխուժում է կարմիրը: Այս բարդ գույնը խորհրդանշում է լույսի ծնունդը խավարի ընդերքում: Սյուն գույնը երկրի գույնն է, բայց ոչ սովորական դեղին, այլ կարմրադեղին: Այն տալիս է երկրի մասին պատկերացում հարավային արևի ճառագայթներով ողողված, քանի որ կարմիրը կրակի և հարավի գույնն է:
   Հին Չինաստանում բոլոր տարերքներին, տարվա ժամանակներին, աշխարհի կողմերին, մոլորակներին և նյութերին վերագրում էին իրենց սեփական գույները: Հաշվվում էին հիմնական հինգ գույներ՝ կանաչ (կամ կապույտ), կարմիր, սպիտակ, սև, դեղին:
 
ԳՈՒՅՆ
ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆ
ՏԱՐԵՐՔՆԵՐ, ԱՌԱՐԿԱՆԵՐ
ԱՇԽԱՐՀԻ ԿՈՂՄԵՐԸ
ՄՈԼՈՐԱԿՆԵՐ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ՍԻՄՎՈԼՆԵՐ
կանաչ (կամ կապույտ)
գարուն
ծառ
Արևելք
Յուպիտեր
վիշապ
կարմիր
ամառ
կրակ
հարավ
Մարս
փյունիկ
սպիտակ
աշուն
մետաղ
Արևմուտք
Վեներա
վագր
Սև
ձմեռ
ջուր
հյուսիս
Մերկուրի
կրիա եւ օձ
դեղին
ամռան վերջ
հող
կենտրոն
Սատուրն

                                                                                                                                           
 Այստեղ հարկ է ճշտել երկու պահ՝ առաջինը՝ կապույտի և կանաչի փոխադարձ փոխարինելիությունը: Հին կոթողներում չկա ճշգրիտ տարբերություն այս գունանշանակությունների միջև: Միգուցե, պատճառը քողարկված է նրանում, որ կանաչը դիտվում է կապույտածին, որպես մի գույն, որում կապույտը ծառայում է գլխավոր բաղկացուցիչ մաս, իսկ մյուս բաղկացուցիչ դեղինը վերցված է մեծաքանակ: Մինչև այսօր «Ցին» հիերոգլիֆի վերաբերյալ չկա միակարծություն. կապույտը հենց/կամ կանաչն է: Սակայն մի բան անհերքելի է`հին չինացիները տարբերում էին այդ գույները և օգտվում էին երկու ներկերից էլ: Գունային սիմվոլիկայի առիթով մյուս դիտողությունը վերաբերվում է սպիտակ գույնին` որպես աշնան խորհրդանիշ: Դա հասկանալի է դառնում, եթե հաշվի առնենք այն, որ աշունը Չինաստանում բրնձի բերքահավաքի ժամանակաշրջանն է, այսինքն` սպիտակ հատիկի: Բացի դրանից, աշունը կապված է արևմուտքի հետ, իսկ արևմուտքը մահվան, տխրության ուղղությունն է: Չինաստանում և Ճապոնիայում սգո գույնը սպիտակն է:
 Գույնի խորհրդանիշը կարևոր սկզբունք էր կերպարվեստի, կիրառական արվեստի, ճարտարապետության և պոեզիայի մեջ: Նրա վրա էր կառուցվում նաև եկեղեցական ծիսակատարությունների գունային «ռեժիսուրան»:
     «Ի ցզինի» կողմից կարգված գոյության կարևորագույն օրինաչափությունները կայանում են նրանում, որ յուրաքանչյուր գործողության հաջողությունը կամ «երջանկությունը» հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ գործողությունը չի գնում դեմ այդ պահին բնության ուժերի զարգացման տենդենցներին: Մարդու գործունեությունը պետք է օրգանապես «ներհոսի» կյանք և համագործակցի տարերքների հետ, միայն այդ ժամանակ կլինի պտղաբեր: Դրա համար էլ ինչպես հաղորդում են ավանդությունները, նույնիսկ չինական պետության չինովնիկաբյուրոկրատական օրգանները անվանվում էին գունեղ բնության երևույթների հետ կապ ունեցող անուններով, որը պետք է ապահովեր նրանց հաջողությունը:
   Դեռևս մ.թ.ա 2-րդ հազարամյակում Չինաստանում կանոնակարգվեց հագուստի գույնը` մարդկանց խավերով զանազանելու համար: «Ամենալավ» գույնը կարմիրն էր` նախատեսված իշխանների համար, իսկ որոնք ավելի համեստ էին` սևը և դեղինը,  հասարակ ժողովրդի համար էր:
  «Ի ցզին»-ում (22-րդ գեկսոգրամ) ոչ երկակի ձևով արտահայտված է անվստահություն արտաքին կեղծ փայլի և գույնզգույն զարդարանքների հանդեպ: Դրանք նախատեսված են մարդու թերությունները ծածկելու համար, այսինքն, կեղծ տեսքով ներկայացնելու համար: Զարդերը կարելի է կրել, քանի որ ընդունված էր սովորույթներով, սակայն չի կարելի թույլ տալ, որ դրանք կլանեն մարդուն ամբողջությամբ: Գույնզգույն զարդերին համադրվում էին մաքրություն և անպղծություն խորհրդանշող սպիտակ հագուստներ: Չինական փիլիսոփայության «ոսկե դար»-ի իմաստունները ուսուցանում էին, որ կիրքը թանկարժեք իրերի նկատմամբ և ընդհանրապես այլ «պճնվածության ու պճնազարդության» հանդեպ սերը ներկայացնում է սոցիալական վտանգ: Իրենց գրքերում նրանք համառորեն դատապարտում են գունեղության ու արտաքին փայլի ձգտումը և, ընդհակառակը, գովաբանում են համեստությունը և կենցաղում չափավորվածությունը:
   «Հինգ գույները բթացնում են տեսողությունը»,- ասվում է «Դաո դե ցզինում»: «Թանկարժեք իրերը ստիպում են մարդկանց կատարել հացագործություններ: Դրա համար էլ կատարյալ իմաստունը ձգտում է նրան, որ դարձնի կյանքը կուշտ, ոչ թե ունենա գեղեցիկ իրեր»:
    Հարստությունը և արտաքին փայլը իշխող դասը ձեռք է բերում ժողովրդին սնանկացնելով: Հին Չինաստանի լավագույն ուղեղները հասկացել են, որ դա կործանարար է պետության համար: Փիլիսոփաների ու պոետների գրքերում անհամար անգամ դատապարտվում էր ունևոր վերնախավի ճոխ արտաքինը և գովերգվում էր համեստությունը, իսկ երբեմն էլ ընչազրկության հասնող աղքատությունը և «արժանի այր»-ի արտաքին տեսքը:
   Կոնֆուցիոսի խոսքերով` ազնվաբարո այրը «չափավոր է սնվելիս, չի ձգտում բնակարանի հարմարավետության»: Կունցզիի մեծ ուսուցիչը արհամարհում է նրանց, ովքեր չափից ավելի են հոգ տանում իրենց կենցաղի և արտաքին տեսքի մասին:Ուսուցիչն ասում էր.«Նա, ով ձգտում է ճանաչել ճիշտ ուղին, բայց ամաչում է վատ հագուստից և սննդից, արժանի չէ, որ անգամ իր հետ զրուցեն»:
    Դաոյի ուսմունքը մտավ չինական մշակույթ այնպես, ինչպես աղն է մտնում ծովի ջրի բաղադրության մեջ: Չկա կյանքի մի ասպարեզ, որի վրա այդ ուսմունքը այսպես թե այնպես չազդեր: Այս փիլիսոփայության մեծ ազդեցությունը փորձեց իր վրա նաև գեղանկարչությունը և բոլոր կերպարվեստի տեսակները: Այն, ինչը ներմուծեցին դաոյի ադեպտները և նրան մոտ կանգնած ուսմունքները, հայտնի չափով հակադրվում են վերը նշված հին արվեստի տենդենցներին: Այսպես, բազմագունությունը փոխարինում է մեներանգությանը և, ընդհանրապես տուշով աքրոմատիկ գեղանկարչությանը` չէ՞ որ «հինգ գույները բթացնում են տեսողությունը»: Հստակության և ընդգծվածության փոխարեն սկսում են գնահատել անպարզությունը, մշուշոտությունը և անձևությունը, քանի որ ինքը` դաոն անհասկանալի է և անձև, «մեծագույն կատարելությունը նման է անկատարին»: Ոսկու փայլի ու մարգարտի շողի փոխարեն գնահատվում է գույների զսպվածությունը և ստվերների կիսախավարը, քանի որ հենց մարդու ստվերում է եզրափակված նրա հոգին կամ գաղտնի էությունը: Նկարչին պետք չէ չափից ավելի վստահել իրերի արտաքին ֆենոմենին, բայց պետք է մարմնավորի նրանց քողարկված էությունը: Եվ, վերջապես, երևույթների արտաքին ծածկույթի տակ ներթափանցումը բերում է գեղեցիկի և տգեղի տարբերության կորստի: Ահա, թե ինչու «կատարյալ այրը»` նիհար ու գզգզված, հագնված քաթանե հագուստ` «կապերով ու կարկատաններով», դաոին թվում է ստախոս ու շահամոլ պալատականից հիանալի: Ահա, թե ինչու սև, ծռմռված արմատներով սաղարթախիտ ծառը դառնում է  նկարչի սիրած մոտիվը: Մի՞թե այն ավելի գեղեցիկ չէ, քան, օրինակ, սիրամարգն ու լոտոսի ծաղիկը:

 Հնդկաստան: Գույնի մասին ուսմունքը Չինաստանից ոչ պակաս հետևողականորեն ստեղծվել և զարգացել է Հին Հնդկաստանում: Այն մեծամասամբ շարադրվում է Ուպանիշադներում (վեդաների վերջաբանը), սակայն զգալի լրացումներ կարելի է գտնել էպիկական պոեմներ «Մահաբհարատայում», «Ռամայանայում» և մեծածավալ բուդդայական գրականության մեջ:
  Հնդկական գույնի մասին գիտության գլխավոր պրոբլեմներից մեկը գույների դասակարգումն ու տեղերի որոշումն է տիեզերական համակարգում: Այստեղ, ինչպես չինական ուսմունքում, երեք հիմնական գույներն են` կարմիրը, սպիտակը և սևը: Այս գույներով են ներկված գլխավոր տարերքներն ու կյանքի կենսասկզբերը: Ուպանիշադում բոլոր իրերի հիմնական սկիզբերը, առաջին հերթին լույսի ու ջերմության աղբյուր են հանդիսանում կրակը, արևը, լուսինը, կայծակը, շոգը (սրանց ընդհանուր էությունը կամ կերպարը կարմիր գույնն է), երկրորդ` կյանքի համար կարևորագույն սկիզբը` ջուրը (սրա էությունը սպիտակ գույնն է), երրորդ` սնունդը (սրա կերպարը սև գույնն է): Գույների էության մասին այս ուսմունքին, ըստ երևույթին, տրվում էր մեծ նշանակություն, քանի որ հիմնական գույների մասին գլխի վերջաբանում վերջիններս անվանվում են աստվածային:
      Մահաբհարատայից իմանում ենք, որ հողին և արևին հատուկ գույները պարունակվում են նաև մարդու մարմնում: Այլ կերպ ասած, մարմինը, որպես երկրի անալոգ, պարունակում է հենց այն գույները, ինչ երկիրը: Սակայն մարմնում կա հատուկ, կենտրոնական մաս, երկնային կենտրոնական լուսատուների նմանությամբ, դա սիրտն է: Այն շրջապատված է անոթներով, ինչպես արևը ճառագայթներով: Այդ անոթները ներկված են այնպես, ինչպես արևի ճառագայթները: Շնորհիվ գույների ընդհանրության, արևի ճառագայթները ներս են թափանցում մարդու սիրտ և կապում են նրան արևի հետ: Երբ մարդը մահանում է, նրա հոգին արևի ճառագայթների օգնությամբ բարձրանում է վեր: Այսպես, գույնը հոգուն ծառայում է ճանապարհ ցույց տվող թել` չթողնելով նրան մոլորվել:

Հնդկական ձեռագիր
    













 Հին Հնդկաստանի պոեզիան պահպանել է մեզ համար այս երկրի բնության անձեռնամուխ կախարդական գույները նրա հնագույն ճարտարապետության, մանածագործների հրաշագեղ գործվածքների, դարբինների, ոսկերիչների միջոցով: Ժողովրդական պոեմների էջերից վեր է հառնում Հնդկաստանի ասես կենդանի, ճոխ բնությունը` Սուրյի արևի առատաձեռն լուսավորող լույսով, որն էլ փայլում է աներևակայելի գույներով, անուշահոտությունների հազարավոր բուրմունքներով: Հնդիկի համար այս բնապատկերը սովորական է ու քաջածանոթ, սակայն նա չի հոգնում զմայլվել նրանով, իսկ նկարագրելուց ավելի է գունազարդում: Հին հնդիկների գունային իդեալն էլ համարվում է Հնդկաստանի բնության կոլորիտը: Ստեղծելով իրենց քաղաքները, տաճարները և պալատները, լցնելով դրանք բազմապիսի արհեստների իրերով, նրանք տեղափոխում են այստեղ բազմագունություն, գույների պայծառություն, մշակվածքի (ֆակտուրա) և նյութերի հարստություն, նորից իրենց բնության կոլորիտի հմայքով:
     Այս պատկերներում ամփոփվում է այն ամենը, ինչ կարելի է ցանկանալ: Դա հնդկական դրախտն է` մարդու երանության վայրը: Այս նկարներից ընդհանուր տպավորությունը գույների բազմազանության չափազանց լիությունն է: Սակայն եթե ուշադիր լինենք, այստեղ բացահայտ գերակշռում են երեք գույներ` սպիտակ, կարմիր և ոսկեգույն: Սպիտակը պարիսպների և պատերի քարերն են, մարգարիտները, բյուրեղապակին, արծաթը, փղոսկրը, լոտոսները (ջրաշուշան), կարապները, շատրվանի շիթերը: Կարմիրը` կարմիր որդանով ներկված գործվածքները (գորգեր, վարագույրներ, ծածկոցներ): Ոսկու գույնը զուգորդվում է նարնջագույն և դեղին գույներով, արևի փայլերով, թռչունների փետուրներով: Կապույտը և կանաչը այս գամմայում չափավոր են: Դա լիովին բնական է` կանաչի տպավորությունը քիչ նվազեցված է, քանի որ բնությունը լի է կանաչով: Կանաչը ավելի շատ են գնահատում եգիպտացիներն ու արաբները, որոնք ապրում են անապատների մոտ: Հնդիկը ավելի տպավորված է կարմիր- դեղին-սպիտակ գամմայից: Այս գույները սևի ավելացմամբ տարբերակում են նաև գեղեցիկ կնոջ արտաքինը:
   Մահաբհարատայում ձևակերպված են կանացի գեղեցկության նորմերը: Այդ կանոնի կետերից մեկն ասում է. «Գեղեցիկ կնոջ մոտ հինգ բաներ պետք է լինեն կարմիր` ափերը և ականջաբլթակը, նրբաններն ու շուրթերը և ոտքերի հետքերը»: Սրանից բացի, դեմքի և մարմնի սպիտակությունը, մազերի և աչքերի սևությունը, ոսկեգույն զարդերը կազմում են արևելյան կնոջ «կոլորիտիկ տիպօրինակը» (և ոչ միայն Հնդկաստանում):
   Հնդկական կոլորիտի այս ամբողջ ճոխությունն ու գունեղությունը հզորագույն կյանքի պոռթկման արտահայտումն են: Սակայն իրերի հայտնի տրամաբանության ուժով այս կյանքի արբեցությունը պետք է վանել ոգու սթափությամբ: Ահա այսպիսի կյանքի պոռթկման չափավորող հակակշիռ է ներկայացնում վեդաների հինավուրց իմաստությունը, այնուհետև բուդիզմի փիլիսոփայությունը: Վեդաների ու բուդիզմի փիլիսոփայություններին համապատասխանում է որոշակի էսթետիկական հայացքների համակարգ: Ընչազուրկ հոգևորականին չի գրավում աշխարհի գունեղությունը, հագուստների և զարդերի հարստությունը, առավել ևս` կանացի գեղեցկությունը:
   Ասկետիկները հագնվում էին կեչու կեղևից կամ «դեղին հագուստներ», այսինքն, հնամաշ լաթեր, որոնք նախկինում սպիտակ են եղել, սակայն հնությունից դեղնել են: Ջայնիներն ու աջիվիկները (բուդիզմին հարակից ուսմունքի հետևորդներ) ընդհանրապես հերքում էին հագուստները` որպես ճոխության առարկա և քայլում էին «օդով հագնված», կամ, ծայրահեղ դեպքում` սպիտակ հագուստով:
    Ամենատարբեր հայացքների տեր վանականներն ու ճգնավորները հարգված էին ժողովրդի կողմից, սակայն նրանց «հակաէսթետիզմը» հնագույն կերպարվեստի վրա չի թողել մեծ ազդեցություն և մնացել է ընտրյալներին, հատուկ մարդկանց բնորոշ նշան: Նրանց ինքնատիպ «նեգատիվ» էսթետիկան լոկ ստվերում էր և ընդգծում էր հնդկական մշակութի շքեղությունն ու փայլը:


 Լիլիթ Բեգոյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին,
մագիստրատուրա 2-րդ կուրս

Комментариев нет:

Отправить комментарий