четверг, 9 мая 2013 г.

Գմբեթի տարատեսակները

Պարզից էլ պարզ է, որ գմբեթը, անկախ նրանից, որ համարվում է բոլոր կրոնական կառույցներին /եկեղեցի, մզկիթ, սինագոգ և այլն/ բնորոշ ճարտարապետական տարր, այնուամենայնիվ  ունի տարատեսակներ, որոնք յուրաքանչյուր կրոնի և երկրի համար  ինքնատիպ են: Գմբեթի տարատեսակներից ամենահինը սֆերիկ տիպն է: 
Լոնդոնի Խանդի Մարդիր եկեղեցին
 Առաջին սֆերիկ գմբեթը   Պանթենոնինն է. Հռոմից այս տիպը հասնում է Բյուզանդիա /Սբ. Սոֆիա/, Ուկրաինա /Կիևի Սբ. Սոֆիա/, Ռուսաստան /Վլադիմիրի, Սմոլենսկի եկեղեցիներ/, հանդիպում է մուսուլմանական ճարտարապետության մեջ /Երուսաղեմի Օմարի մզկիթ, Իսրայելի Խայֆայ քաղաքի Բախարի տաճար/: Հաճախակի հանդիպող կոնստրուկցիա է նաև  սֆերի և կոնաձև գմբեթների համադրումը /Լոնդոնի Խանդի Մարդիր տաճար, Կ. Պոլսի Սբ. Սոֆիա/:
Օսիոս Լուկաս վանական համալիր,Բյուզանդիա,11-րդ դար

Մյուս տարածված տարատեսակը սոխուկանման գմբեթն է, որն առաջացել է Ռուսաստանում: Հին ռուսները արդեն քրիստոնյա էին, բայց երկար ժամանակ եկեղեցի չէին գնում, քանի որ եկեղեցին ուներ սֆերի գմբեթ: Պատճառն այն էր, որ ռուսները սֆերիկ գմբեթը համարում էին  հեթանոսության խորհրդանիշ: Ի հայտ է գալիս նոր կոնստրուկցիա, որը թույլ էր տալիս քրիստոնյային առանց վարանելու մտնել եկեղեցի: Սոխուկանման գմբեթներ կառուցելու շուրջ մինչ օրս էլ բազմաթիվ վարկածներ կան, սակայն դրանցից ամենահավանականը այն է, որ նմանատիպ վերջավորությամբ գմբեթ կառուցվել է իր վրա խաչ պահելու համար: Շատ հետազոտողների կարծիքով այս տիպն առաջացել է 16-17-րդ դարում, սակայն սա անհավանական է թվում, քանի որ Կարելիի Կիժի փայտե եկեղեցին, որը կառուցվել է 12-րդ դարում, արդեն ուներ սոխուկանման կիսագմբեթներ, ինչը վկայում է այն մասին, որ սոխուկանման գմբեթներն ավելի հին պատմություն ունեն, քան սաղավարտաձև գմբեթները:
Կարելիի Կիժի փայտե եկեղեցին, Ռուսաստան, 12-րդ դար
Որպես գմբեթ` տիպը սկսել է օգտագործվել 13-րդ դարի վերջից: Այն ունի ուռուցիկ կառուցվածք, վերջավորությունը սրածայր է` նման սոխի /Ուգլիչեի, Արխանգելսկի, Նովգորոդի, Յարոսլավլի եկեղեցիներ/: 15-րդ դարից սկսած կոնստրուկցիան ձևափոխվում է սաղավարտաձևի: 16-րդ դարում սաղավարտի բարձրությունը բավական չէր համարվում, և դրա վրա դրվում է սոխուկանման գմբեթ: Ստացվում է երկում գմբեթի ձևերի համադրում /Կիևի Միխայլովսկի և Սմոլենսկի Ուսպենսկի տաճարներ/: Երբեմն իրար հետ են հանդես գալիս ոչ միայն սոխուկանման և սաղավարտաձև, ալյ նաև սաղավարտաձև և կոնաձև կոնստրուկցիաները /Հս. Օսեթիայի Ուղղափառ, Վրաստանի Սվետիցխովելի և Խարկովի եկեղեցիներ/:
Մոսկովյան Կրեմլի Վերափոխման մայր տաճարը,սաղավարտաձև գմբեթներ
Սոխուկանման գմբեթները շատ են Հնդկաստանում, այստեղ սրանք նման են ռուսական սոխուկներին /Գուրդվար և Ամրիտսար քաղաքների եկեղեցիներ/: Պատճառն այն է, որ սոխուկանման գմբեթը համարվում է հին արևելցիների ստեղծած կոնստրուկցիան: Տիպը ստեղծվել է նրանց` Արլ. Եվրոպայում ապրելու տարիներին: Այնուհետև արևելցիների մի մասը գնացել է Հնդկաստան և ավանդույթը շարունակել այդտեղ, իսկ մյուս մասը մնացել է իր պատմական տարածքում: Արդյունքում երկու երկրներում զուգահեռ կառուցվել են սոխուկանման գմբեթներ, և այլ վարկած  չկա, թե ինչպես են Հնդկաստան հասել սոխուկանման գմբեթները: Այս է պատճառը, որ սոխուկանման գմբեթներ ունեն միայն Հնդկաստանի և Ռուսաստանի եկեղեցիները: Հնդկաստանի եկեղեցիների մեջ առանձնանում է Դելիի Լոտոսի տաճարը, որի սոխուկանման գմբեթներից յուրաքանչյուրը նվիրված է ինչ-որ մի աստվածության:
Հնդկաստանի Ամրիտսար քաղաքի եկեղեցին
 Իրանի եկեղեցիների գմբեթների մեծ մասը ևս սոխուկանման են:
Գմբեթի մյուս տարատեսակներից է կոնաձև գմբեթը, որը հանդիպում է հիմնականում Անդրկովկասում: Կոնաձև գմբեթով եկեղեցիները շատ են Հայաստանում և Վրաստանում /Բագրատի, Թբիլիսիի Սբ. Երրորդության, Հվ. Օսեթիայի Ցխինվալիի եկեղեցիները/:
 
Կոնաձև Գմբեթով եկեղեցի Վրաստանում

 Հայաստանում կոնաձև եկեղեցիները կարելի է բաժանել հետևյալ տեսակների`
 1. Էքստերիերից թմբուկի շեշտվածությունը չի զգացվում և գմբեթներն ունեն հարթ, հստակ կոնի տեսք /Նոր Գետիկ, Գեղարդ, Հառիճ/
 2. Գմբեթի ստորին մասից մինչև գագաթը կտրատված է /Բջնի, Գանձասար/
 3. Գմբեթը կողային բաժանումներով է /Լմբատ, Սանահին, Հաղպատ/
4. Արտաքինից ունի թմբուկի նիստերին համապատասխան շեշտվածություն /Թալինի Կամսարականների, Խորակերտի, Հաղարծինի, Օձունի, Էջմիածնի բոլոր եկեղեցիները/

Խարկովի հայկական եկեղեցին կոնաձև գմբեթներով

Հառիճավանք 8դ., Հառիճ գյուղ, Արթիկի շրջան, կտավ, 1975թ., 100/65սմ

 Հայաստանում քիչ, բայց կան եկեղեցիներ, որոնք ունեն մի քանի գմբեթի կոնստրուկցիաներ: Սրանցից են  Հառիճի, Մուղնու, Գանձասարի եկեղեցիները:
Հառիճավանքում է եզակի հայկական սֆերիկ գմբեթը, մյուս երկու եկեղեցիներում գլխավոր գմբեթները  կոնաձև կտրատված են, զանգակատները` կոնաձև կողերով: Տարբեր են Մարմաշենի երկու մեծ և փոքր եկեղեցիները` կոնաձև կտրատված և կողերով, զանգակատուն չկա:  Ուրույն     ճարտարապետական կոթող է    Նորավանքի եկեղեցին:    
Կան շատ եկեղեցիներ, որոնց մեջ նկատվում է գմբեթի    սֆերիկ, սոխուկանման և կոնաձև  տիպերի խառնուրդ:  Խարկովի    շրջանի Սենկինոյի եկեղեցու գմբեթը սֆերիկ է, զանգակատունը` կոնաձև: Սմոլենսկի եկեղեցու սոխուկանման 5 գմբեթներից 2-ը դրված են կիսագմբեթի վրա, 3-ը` անկյուններում: Վառ օրինակ է Աստրախանի  Նիկոլսկի տաճարը: Այն ունի սֆերի 2 գմբեթ, որոնց վրա փոքրիկ աշտարակներ կան, աշտարակների վրա` սոխուկանման գմբեթներ: Հետաքրքիր է նաև Տոմսկի ուղղափառ եկեղեցին` կենտրոնական սֆերիկ և զանգակատան գմբեթներով, որոնք կոնաձև են և իրենց հերթին ունեն սոխուկանման գմբեթներ:  
Կիևի Սբ. Սոֆիան
Գմբեթի տարատեսակներից են նաև ափսեանման և անձրևանոցի տեսք ունեցող կոնստրուկցիաները: Գմբեթ-ափսեն ավելի ցածր է, քան մյուս տարատեսակները: Մինչև մեր օրեր հասած ամենամեծ գմբեթավոր կառույցների գմբեթները հենց այսպիսին են:Մեծ տարածում ունեին 18-րդ դարում: Այս գմբեթը դրսից գրեթե չի երևում, սակայն ներսից բավականին ընդարձակ է    /Հայաստանում գրեթե այսպիսին է Սիսավանի եկեղեցու գմբեթը/:      Այսպիսի գմբեթներով պսակված են հիմնականում բյուզանդական և թուրքական շինությունները: Նման եկեղեցիներ հանդիպում են նաև     Պակիստանում, Աֆղանստանում, Իրանում և Հնդկաստանում:
Սբ. Պետրոսի տաճարը Հռոմում
Գմբեթ-անձրևանոցների տիպը կողերով բաժանված է մասերի, որոնք գմբեթի հիմքից հասնում են մինչև գագաթը /Սբ. Սոֆիա, Սբ. Պետրոս/: Կան նաև զանգակաձև գմբեթներ, որոնք շատ քիչ են և կառուցվել են հիմնականում բարոկկոյի շրջանում:

շարունակելի....
հատված հետազոտական աշխատանքից
թեմա՝ <<Գմբեթի զարգացման պատմությունից>>
Նավասարդյան Գոհար
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս

կարդացեք նաև՝ Գմբեթի ծագումնաբանությունն ու էվոլյուցիան
 Գմբեթի սիմվոլիկան