вторник, 23 апреля 2013 г.

Գծերի արվեստ` ճեպանկար



  «… Գծանկարը, որն այլ կերպ անվանում են ուրվանկարի արվեստ, և գեղանկարչության, և քանդակագործության, և ճարտարապետության բարձրագույն կետն էՆա, ով շատ բանի է հասել տիրապետելով գծանկարին, ես կասեի` տեր է մի մեծ գանձի, որովհետև հավասարապես թե վրձնով, թե բանականությամբ կարող է կերտել ցանկացած աշտարակից ավելի բարձր կերպարներ և դեմ չի առնի պատի, որը կխանգարեր նրա երևակայությանը»:
                                                                                                                                 Միքելանջելո

    Բոլոր մեծ բանաստեղծները կարողանում են իրենք իրենց հետ այնպես խոսել, որ նրանց լսում է ամբողջ աշխարհը: Նույնը կարելի է ասել նաև բոլոր մեծ նկարիչների մասին: Գծանկարները, որ նրանք արել են իրենք իրենց համար, հետո դարձել են համաշխարհային արվեստի արժեքներ: Գծանկարի վարպետներից մեկը` Էնգրը /Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգր/ այն կերպարվեստի բարձրագույն ազնվությունն է համարում: Գծանկարը արվեստի տեսակների սկիզբն է, հիմքը` սկսած դեռ նախնադարից: Ժայռապատկերների վրա նախամարդիկ խազերով գծում էին, «քերծում», փորագրում, ապա նոր ներկում: Սա շարունակվեց, եկավ մինչև մեր օրերը:        
    Արվեստը հասարակության գիտակցության ձևերից մեկն է: Նրա հիմքը կազմում է իրականության գեղարվեստական-պատկերավոր արտացոլումը: Արվեստը օգնում է ճանաչել աշխարհը, ձևավորում է մարդկանց հոգևոր նկարագիրը, նրանց զգացմունքերն ու մտքերը, աշխարհայացքը, դաստիարակում է մարդուն, ընդլայնում մտահորիզոնը, արթնացնում ստեղծագործական ընդունակություններ: Արվեստի պատմական զարգացման ընթացքում սկզբնավորվել են նրա տարբեր տեսակները՝ գեղանկարչություն, քանդակագործություն, գծանկարչություն(գրաֆիկա), ճարտարապետություն, զարդարարական(դեկորատիվ) կիրառական արվեստ և այլն: Այս բոլոր տեսակները խոսում են կյանքի էության,  գեղեցիկի մասին, բայց յուրաքանչյուրը արտահայտվում են  յուրովի: Սրանց հիմքում սակայն նույն սկզբունքն է` ճեպանկարը: Դեռ Վերածննդի ժամանակներից սկսած նկարիչները, քանդակագործները, նույնիսկ ճարտարապետները նախապես գծում, նախագծում, ապա նոր միայն ստեղծում էին արվեստի նմուշը: Առանց նախօրոք արված գծանկարի արվեստ պատկերացնել հնարավոր չէ /սրա ժամանակակից ու ամենավառ օրինակ է հագուստ կարելուց առաջ զգեստի էսքիզ գծելը/: Գծանկարիչը /կամ գրաֆիկը/  ոչ թե գույներով է պատկերում առարկան, այլ`գծերով: Մաքուր ճերմակ թուղթը նրա համար անսահման տարածություն է` լի օդով ու լույսով: Մատիտի մի քանի վարժ շարժումով այն վերածվում է ցանկացած պատկերի` ինչպես կանխամտածված, այնպես էլ պատահական: Գծանկարչության մեջ որոշիչը նկարելն է, առավել բնորոշ արտահայտչական տարրերն են գիծը և նրբագիծը, լույսի և ստվերի աստիճանավորությունը, սպիտակ ու սև բծերի հարաբերությունը, դրանց համադրման հակադրությունը կամ մեղմությունը: Գծանկարչության մեջ գույնը հազվադեպ է օգտագործվում, սակայն տարատեսակ դարձնելով սևի ու սպիտակի հարաբերակցությունները` նկարիչը ստեղծում է բազմերանգության և երանգային բազմազանության պատրանք, ֆակտուրայի միջոցով նա կարող է վերարտադրել նյութի զգացողություն

Միրզոյան Փարավոն-Անաիդա.ճեպանկար

    Գծանկարի հիմքը ճեպանկարն է, որը միայն նկարչինն է, պատկանում է նրան և իր  «մտքերի արվեստանոցին»: Այն ներկայանում է որպես նկարչի ներքին խոհանոցի բաղկացուցիչ մաս, կարող է ցուցադրվել բոլորին, բայց և մնալ գաղտնի, միայն նկարչի ալբոմում, քանի որ ստեղծված է զուտ վարժվելու, վարպետանալու համար: Այն ոչ թե արվեստի տեսակ է, որի մասին կարելի է երկար խոսել, վերլուծել, այլ արվեստի հիմք, առանց որի անհնար է արվեստի գործ ստեղծել:
    Նկարչի ճեպանկարների ալբոմը նման է օրագրի, որտեղ յուրաքանչյուր տող-գիծ գրված է անկեղծությամբ: Երբեմն մեքենայաբար արված ճեպանկարը նկարչի մասին ավելի շատ բան է ասում, քան ամիսների ընթացքում ստեղծված մեծ կտավի գործը: Ճեպանկարն ինքնին  կարող է ավտոնոմ ցուցադրվել, քանի որ յուրաքանչյուր գծով, գույնով կամ այլ արտահայտչամիջոցով արված ստեղծագործությունն արդեն իսկ արվեստի նմուշ է:

Արա Սարգսյան-Նստած կին.ճեպանկար

    Ճեպանկարը, որն ընդգծում է կերպարի կամ առարկայի շարժումը, ուրվագիծը, հաճախ համարվում է «սևագիր արվեստ», պատկանում է միայն տվյալ նկարչին և երկու տարբեր արվեստագետների մոտ միանման լինել չի կարող, յուրաքանչյուրի մոտ արտահայտվում է տարբեր կերպ: Կախված նկարիչների պատկերացումներից և կիրառած նյութերից` ճեպանկարները տարբեր են լինում: Որոշ նկարիչներ պարզապես ընդգծում են բնորդի շարժումը, մեկը նկարում է միայն դիմանկարներ, երրորդը ցանկացած կերպար պատկերում է ճարտարապետական ֆոնին, մյուսն ընդամենը երկու-երեք գծով ստեղծում է բոլորին ընկալելի ճեպանկար` շեշտելով շարժման կարևորությունը: Սա խոսում է այն մասին, որ չնայած ճեպանկարի ընդհանուր գաղափարին` այն ևս ունի իր տարատեսակ ընկալումներն ու մեկնաբանությունները, որոնք հատուկ են ցանկացած ստեղծագործողի, այն ունի իր սկզբունքներն ու խնդիրները: Ճեպանկար հնարավոր է անել միայն գույնով, կամ ընդամենո մի քանի գծերով: Ցանկացած ստեղծագործող պետք է ճեպանկար անելուց առաջ ունենա խնդիր, որին բավարարելու համար ստեղծվելու է տվյալ ճեպանկարը: Եթե կարևորը շարժումն արտահայտելն է, ֆիգուրի պլաստիկան, ծավալը կամ ուրվագծերը ցույց տալը, հնարավոր է բավարարվել նույնիսկ 2-3 գծով: Եթե խնդիրը կայանում է գույնի արտահայտչականության միջոցով կերպար ստեղծելու մեջ, ապա օգնության է գալիս նկարչի գունաշարը, որը կարող է լինել բազմազան` մեկից տասնյակ գույներ: Ճեպանկարների մեջ հատուկ տեղ է հատկացվում դիմանկարի ժանրին: Կան նկարիչներ, ովքեր իրենց ստեղծագործական ուղին սկսել են հենց դիմանկարներով, պատահակն կամ ծանոթ մարդկանց պորտրետները նկարելով: Սա ևս կարող է մանրակրկտորեն արտահայտել, վերարտադրել յուրաքանչյուր դիմագիծ կամ պարզապես բավարարվել ժպիտ կամ բնավորություն ընդգծելով:

Комментариев нет:

Отправить комментарий