суббота, 13 апреля 2013 г.

Ֆրենսիս Բեկոն


Անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը (1561-1626) նոր ժամանակի «փիլիսոփայական հեղափոխության» առաջամարտիկներից է: Նա ծնվել է բարձր աստիճանավորի ընտանիքում, սովորել Քեմբրիջի համալսարանում, 1577–1579թթ. արդեն Փարիզում անգլիական դեսպանատան աշխատակիցն էր: Հոր մահից հետո Բեկոնը վերադառնում է Անգլիա և  զբաղվում իրավաբանական ու քաղաքական գործունեությամբ: Այդ ասպարեզում նա լուրջ հաջողությունների է հասնում` Հակոբ 1-ին Ստյուարտի օրոք դառնալով անգլիական պետության լորդկանցլերը։
Բեկոնի փիլիսոփայական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Նոր օրգանոն» (1620) աշխատությունը, որը նրա «Գիտությունների մեծ վերականգնում» գրքի երկրորդ մասն է: Նրա գրչին են  պատկանում նաև  «Քաղաքական և բարոյական փորձեր», «Նոր Ատլանտիդա» և այլ երկերը:
Փիլիսոփայության և գիտության առաջնահերթ խնդիրը նա համարում է բնության ուսումնասիրության միջոցով մարդկանց պահանջմունքների բավարարումը։ Ելնելով այն բանից, որ միայն ճանաչելով բնության օրենքները՝ մարդը կարող է դրանք ծառայեցնել իր նպատակներին, Բեկոնը փիլիսոփայությունը և գիտությունը գնահատում է այնքանով, որքանով դրանք ունեն գործնական նշանակություն եւ նպաստում են բնության նկատմամբ մարդու գերիշխանության հաստատմանը։ Հակադրվելով գիտելիքի մասին անտիկ և միջնադարյան ըմբռնումներին՝ Բեկոնը գիտելիքը համարում է ուժ։ Գիտելիքով է պայմանավորված մարդու գործելու և ստեղծագործելու հաջողությունը: Բեկոնի համոզմամբ գիտելիքը պետք է ոչ թե լինի ինքնանպատակ, այլ մարդկային պահանջմունքների բավարարման միջոց։ Գիտելիքի արժեքավորման չափանիշը օգտակարությունն է։ Սակայն, այս օգտապաշտական դիրքորոշումը չի նսեմացնում տեսական գիտելիքի արժանիքը։ Բեկոնը տարբերակում է երկու տեսակի գիտելիք կամ վարձ՝ պտղաբեր, որի նպատակն է մարդուն անմիջական օգուտ բերելը, և լուսաբեր, որի նպատակ ոչ թե անմիջական օգուտն է, այլ բնության օրենքների իմացությունը։ Այդ կապակցությամբ նա բերում է հետևյալ օրինակը. մի անգամ մարմնի անդամներրը մեղադրում են ստամոքսին, որ նա չի շարժում մարմինը։ Մինչդեռ ստամոքսը, մարսելով ստացված ուտելիքը, բաշխում է ամբողջ մարմնին։ Նմանապես նրանք, ովքեր ընդհանուր օրենքների ուսումնասիրության մեջ տեսնում են միայն անպտուղ զբաղմունք, չեն նկատում, որ հենց դա է կենսահյութ մատակարարում մյուս գիտություններին ու զբաղմունքներին։ Իբրև գիտության արմատական բարենորոգիչ` Բեկոնը ոչ միայն քննադատում է գիտության մասին իր նախորդների ունեցած սխալ պատկերացումները, այլև բացահայտում այն պատճառները, որոնք խոչընդոտում են գիտության առաջընթացին։ Գիտությունների վերականգնման բեկոնյան ծրագրի մեջ կարևոր տեղ է հատկացվում գիտությունների դասակարգման խնդրին։ Անգլիացի փիլիսոփան գիտությունների դասակարգման հիմքում դնում է մարդու ճանաչողական ունակությունները՝ հիշողությունը, երևակայությունը և բանախոհությունը։ Հիշողության վրա հիմնվում են պատմական գիտությունները (բնական և քաղաքացիական պատմություններըԵրևակայության վրա հիմնվում են գրականությունը, պոեզիան և մյուս արվեստները։ Բանախոհության վրա խարսխվում են տեսական գիտությունները կամ, լայն իմաստով, փիլիսոփայությունը։ Փիլիսոփայության առարկան են Աստված, Բնությունը և Մարդը։ Ըստ այդմ էլ փիլիսոփայությունը բաժանվում է երեք մասի՝ բնական աստվածաբանության, բնության փիլիսոփայության և մարդաբանության, որի մեջ մտնում են հոգեբանությունը, տրամաբանությունը, բարոյագիտությունը և քաղաքագիտությունը։
Փիլիսոփայության խնդիրը բնության ոաումնասիրությունն է, բնական օրենքների բացահայտումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ նոր մեթոդաբանություն, նոր օրգանոն, քանի որ հին օրգանոնը արիստոտելյան տրամաբանությունը, ի դեմս սխոլաստիկական փիլիսոփայության, ապացուցել է իր անարդյունավետությունը։ Իսկ նոր մեթոդ մշակելու համար անհրաժեշտ է մաքրել մարդու բանականությունը սուբյեկտիվ նախապաշարումներից, արմատացած թյուր տեսություններից եւ այլ խոչընդոտներից:
Բեկոնի կարծիքով՝ ճշմարիտ իմացությանը խանգարում են չորս հիմնական կուռքեր կամ ուրվականներ, որոնց նա անվանում է սեռի, քարանձավի, հրապարակի և թատրոնի կուռքեր։ Սեռի և քարանձավի կուռքերը բնածին են, այսինքն՝ դրանց արմատներր թաքնված են մարդկային բնության մեջ, իսկ հրապարակի և թատրոնի կուռքերը ձեռքբերովի են ։ Սեռի կուռքերը բնորոշ են մարդկային սեռին, դրանց առաջացման պատճառներն են՝ մարդկային ոգու միակերպությունը, դրա հավակնությունները, սահմանափակությունը, անընդհատ որոնումները, կրքերից ներշնչվելը, զգայությունների անկարողությունը, ընկալման եղանակները եւ այլն։ Մարդիկ դատում են բնության մասին րստ իրենց սուբյեկտիվ պատկերացումների։ Օրինակ, մարդու բանականությունն այնպիսին է, որ նա հակված է պաշտպանելու ընդունելի կարծիքը։ Եթե դա նրան դուր է գալիս, ապա նա չի տեսնում կամ արհամարհում է այն փաստերը, որոնք հակառակ են այդ կարծիքին։ Մյուս կողմից՝ մարդիկ հակված են ճշմարիտ համարելու այն գիտելիքը, որը յուրացրել են կամ դյուրին է ուսումնասիրել և, ընդհակառակը, մերժում են դժվարը, որովհետև համբերություն չունեն մինչև վերջ շարունակելու հետազոտությունը։
Քարանձավի կուռքերը սեռի կուռքերի անհատական շեղումներն են։ Յուրաքանչյուր մարդ ունի իր «քարանձավը», իր ներաշխարհը, որն իր կնիքն է թողնում իրականության մասին դատողությունների բնույթի վրա։ Քարանձավի կուռքերի առաջացումը կախված է մարդու հոգու և մարմնի հատկություններից, դաստիարակությունից, սովորույթներից, պատահականություններից և արժեքների համակարգից։ Օրինակ, ոմանք տեսնում են իրերի մեջ գոյություն ունեցող տարբերությունները, իսկ մյուսներր՝ ընդհանրությունները։ Ոմանք հակված են պաշտելու հինը, մյուսները՝ միայն նորը։ Սեռի եւ քարանձավի կուռքերը հնարավոր չէ ամբողջությամբ արմատախիլ անել, բայց կարելի է, իմանալով մարդկանց վրա դրանց ունեցած ազդեցությունը և բնույթը, կանխել սխալների բազմապատկումը։
Հրապարակի կուռքերը հիմնականում առաջանում են բառերի, հասկացությունների սխալ գործածությունից։ Մարդիկ գործածում են բառեր, որոնց ծագումը և իմաստը անորոշ է։ Հաճախ փիլիսոփաները վիճում են ոչ թե ըստ էության, այլ բառերի շուրջ։ Այդ կուռքը տիրապետող էր սխոլաստիկական փիլիսոփայության մեջ, որտեղ առատորեն օգտագործվում էին կեղծ, անորոշ, ոչինչ չասող բառեր և հասկացռւթյուններ։  Թատրոնի կուռքերը բնածին չեն և մարդու բանականության մեջ են թափանցում մտացածին տեսություններից ու փիլիսոփայական ուսմունքներից։ Կեղծ փիլիսոփայության և մոլորությունների արմատներն են՝ սոփեստությունը և ռացիոնալիզմը, էմպիրիզմը և սնոտիապաշտությունը:
Ի հակադրություն արիստոտելյան և սխոլաստիկական մեթոդաբանության, որն ընդհանուրից ընթանում էր դեպի մասնավորը, Բեկոնը ճշմարիտ է համարում այն ուղին, երբ միտքը մասնավոր դրույթներից ընթանում է դեպի ամենաընդհանուր դրույթները։ Դա նշանակում է, որ գիտության ելակետային ճշմարտությունների հայտնաբերումը Բեկոնը կապում է մտածողության ինդուկտիվ եղանակի հետ։  Բեկոնը վարձի վրա հիմնված ինդուկտիվ մեթոդաբանությունը համարում է բնության իմացության բանալի, որի միջոցով մարդու բանականությունը բացահայտում է բնության օրենքները։ Բեկոնի ինդուկտիվ մեթոդը նեղ փորձարարական բնույթ չունի, դա բնական փիլիսոփայության տեսական հասկացությունների մշակման մեթոդ է։ Հարկ է նշել, որ նախապատվությունը տալով ինդուկտիվ մեթոդին՝ անգլիացի փիլիսոփան թերագնահատում է ինչպես դեդուկտիվ մեթոդի, այնպես էլ մաթեմատիկայի դերը ճշմարիտ գիտելիքի ձեռքբերման գործում։ Այնուհանդերձ, Բեկոնի փիլիսոփայությունը և նրա մշակած գիտական մեթոդը կարևոր դեր խաղացին նոր ժամանակի փորձարարական գիտության և բնապաշտական փիլիսոփայության կայացման գործում։
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից