понедельник, 1 апреля 2013 г.

Ռեֆորմացիան /կրոնական բարենորոգումները / և Վերածննդի փիլիսոփայական միտքը

16-րդ դարում Եվրոպայի մի շարք երկրներում սկսվեց կրոնական հզոր շարժում` ուղղ­ված Հռոմի կաթոլիկ եկեղեցու եւ Վերածննդի հումանիստական գաղափարախոսության դեմ: Ռեֆորմացիոն այդ շարժումները արագորեն զանգվածային բնույթ ստա­ցան եւ վերածվեցին ազգային-ազատագրական շարժման' ընդդեմ Հռոմեական կայսրութ­յան: Գերմանիայում այդ շարժումը այնքան ուժեղ էր, որ իր ազդեցությամբ եվրոպայի մի շարք երկրներում սկիզբ դրեց քաղաքական իշխանությունը աշխարհիկ ուժերին անցման գործընթացներին:
Ռեֆորմացիայի գաղափարախոսությունը մշակել են Մարտին Լյութերը/1483-1546/ եւ Կալվինը: Գերմանիայում ռեֆորմացիոն շարժման սկիզբ դարձավ Ինդուլգենցիա­ների վաճառքը: էրֆոտտի համալսարանն ավարտած եւ վանական դարձած Լյութերը 1517թ. հոկտեմբերին Վիտենբուրգի եկեղեցիների դռներին փակցնում է 95 թեզիս ուղղված ինդուլգենցիային` մեղքերի թողության մասին վկայագրեր: Կաթոլիկ եկեղեցին անմիջապես բանադրանքի ենթարկեց նրան: Մարտին Լյութերը վառեց պապական Թուղթը եւ հրաժարվեց մեկնել Վատիկան: Լյութերի այս արարքը Գերմանիայում դիտվեց որպես ընդվզում կաթո­լիկ եկեղեցու դեմ եւ դարձավ ազատագրական շարժման ազդանշան:


Մարտին Լյութեր
Ի՞նչ հիմնարար գաղափարներ են ընկած բողոքականության վարդապետության հիմքում:
1. Մարդը փրկության կարող է հասնել միայն հավատի միջոցով: Վերակենդանացվեց «Հավատում եմ, որովհետեւ անհեթեթ է» սկզբունքը: Հավատի ու բանակա­նության հարաբերության հարցում բողոքականությունը միանշանակ հռչակում է հավատի առաջնությունը բանականության նկատմամբ, բանականությունը հավատի ճանապարհին կանգնած գլխավոր խոչընդոտն է: Հավատացյալի համար ոչ մի արժեք չունի ո՛չ բանական աստվածաբանությունը, ո՛չ էլ սխոլաստիկական փիլիսոփայությունը, որը անզոր է ճանա­չելու Աստծուն:
2. Եկեղեցին չի կարող լինել միջնորդ օղակ Մարդու եւ Աստծո միջեւ: Աստված է մարդուն շնորհում փրկությունը, ուրեմեւ, սկզբունքորեն վերանում են աշխարհիկ մարդկանց եւ հոգեւո­րականների տարբերությունները: Սրանով Լյութերը կրոնականությունը դարձրեց  մար­դու ներքին աշխարհ, մարդու աշխարհիկ գործունեությունը նույնացրեց կրոնականի հետ:
Երկրային կյանքում քրիստոնյան պետք է իրականացնի իր առաքինությունները, նպաստի երկրի վրա աստվածային թագավորության հաստատմանը:  «Աշխարհը լացի ու թախծի հովիտ չէ», ճգնավորությունը պետք է փոխարինվի աշխարհիկ կյանքով /Կալվինը այս հարցում քարոզել է «աշխարհիկ ասկետիզմ»` խստորեն հետեւելով կրոնական պատվիրաններին/:
3. Դավանելով վերոհիշյալ սկզբունքները` Լյութերը հանդես եկավ կրոնական հեղինակությունների դեմ` մերժելով եւ' Պապի, եւ' եկեղեցու, եւ' սուրբ հայրերի հեղինակությունները:
Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ընթերցել եւ մեկնաբանել Սուրբ Գիրքը: Եկեղեցին  պետք է ստորադաս լինի անհատական խղճին եւ անհատ մարդու նկատմամբ:
4. Գոյություն չունի մարդու կամքի ազատություն: Մարդու կյանքը ի սկզբանե կանխորոշված է Աստծու կողմից, նրա փրկությունը լիովին կախված է Աստծուց, քանի որ Աստված նախօրոք կանխորոշել է բոլոր մարդկանց ճակատագիրը: «Ընտրյալ» կամ «անիծյալ» մար­դու կոչումը որոշվում է նրանով, թե ինչպես են ընթանում նրա գործերը հաջողա՛կ, թե՞ ան­հաջողակ:
Ռեֆորմացիայի ուսմունքն ու քարոզչությունը հեղափոխական հեղաշրջում էր կրոնական գիտակցության մեջ, որը էական դեր խաղաց համաեվրոպական հասարակական կյանքի, մշակույթի եւ փիլիսոփայական մտքի հետագա զարգացման գործում: Բողոքակա­նության անհատապաշտական, իր բնույթով քննադատական դիրքորոշումները նպաստե­ցին ընդհանրապես մտավոր գործունեության մեջ քննադատական ոգու բարձրացմանը, իսկ անհատական կրոնական փորձի քարոզչությունը բարձրացրեց սուբյեկտի դերը ճանաչողության գործընթացներում:
Ռեֆորմացիոն կործանիչ գաղափարներին հակահարված տալու նպատակով Հռոմի կաթոլիկ եկեղեցին 1534թ. ստեղծեց ճիզվիտների /հիսուսականների/ ուխտը` «սեւ գվարդիան», որի հիմնադիրն էր իսպանացի գեներալ Ւգնասիո Լոյալը: Նա մշակեց  ճիզվիտների գործունեության սկզբունքները, դրանց հիմքում դնելով «Նպատակը արդա­րացնում է միջոցները» թեզը: Ստեղծվեցին լայնածավալ ճիզվիտական դպրոցներ եւ համալսարաններ պայքարելու բողոքականության գաղափարախոսության եւ շարժման դեմ: Վերակազմավորվեց եւ ուժեղացվեց 1232թ. ստեղծված եկեղեցու գլխավոր զենքը`  ինկվիզիցիան:
Կաթոլիկ եկեղեցին ստեղծեց հավատաքննչական դատարան, որն ուրվա­կանի պես շրջեց ողջ Եվրոպայում եւ դարձավ երբեւէ գոյություն չունեցող դաժանության մարմնացում: Խարույկի արժանացան տասնյակ հազարավոր եւ բանտարկվեցին հարյուր  հազարավոր մարդիկ: Կրոնական պատերազմները մոլեգին բնույթ ստացան: Չնայած եվ­րոպական ժողովուրդները ահավոր ծանր ժամանակաշրջան ապրեցին, այնուամենայնիվ, ռեֆորմացիոն գաղափարախոսությունը եւ ազգային-ազատազրական շարժման բնույթ ստացած կրոնական շարժումները էապես նախապատրաստեցին Նոր ժամանակի դարաշրջանի արշալույսը:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
 Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից
 

Комментариев нет:

Отправить комментарий