Показаны сообщения с ярлыком Արտ. արվեստ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արտ. արվեստ. Показать все сообщения

вторник, 5 мая 2015 г.

Ռեմբրանդտ վան Ռեյն..Դանայա



Մի հունական առասպել կա Արգոսի Ակրիսիոս արքայի և նրա դստեր` Դանայա անունով աղջկա մասին: Ակրիսիոսին կանխագուշակում են, որ նա  մեռնելու է հարազատ թոռան ձեռքով: Սա իմանալով, արքան դստերը` Դանայային,  փակում է մեծ աշտարակում, որպեսզի նրան երկրի կտրիճներից ոչ ոք չսիրահարվի և չառևանգի: Սակայն աղջկա մոտ անձրևի տեսքով ներս է թափանցում աստվածների հայր Զևսը: Դանայայի ու Զևսի սիրո պատմությունից ծնվում է Պերսևսը: Ակրիսիոսը բարկանալով համհարզներին հրամայում է դստերն ու նորածին թոռանը դնել տակառի մեջ ու նետել ծովը: Այսպես էլ անում են, սակայն նրանց հաջողվում է փրկվել: Ժամանակ է անցնում, Պերսևսը դառնում է քաջ երիտասարդ: Մի անգամ սկավառակ նետելիս սկավառակը պատահաբար դիպչում է Դանայայի հորը, և կատարվում է կանխագուշակությունը....
Շատերը  Դանայային շփոթում են դանայուհիներից մեկի հետ, և այս կտավների անվանումները պարզապես որպես հայերեն թարգմանում <<Դանայուհին>>, մինչդեռ իրականում կինը առնչություն չունի Դանայոսի 50 դստրերի` դանայուհիների հետ, ովքեր իրենց հարսանիքի օրը սրախողխող արեցին իրենց փեսացուներին, բացի մեկից: Այդ մեկը Հիպեմնեստրան էր, ով խղճաց իր երիտասարդ ամուսնուն` Եգիպտոսի 50 որդիներից մեկին` Լինքեոսին: Նրանց սերը աստվածները օրհնեցին և քաջ ու գեղեցիկ սերունդներ պարգևեցին նրանց: Վերը նշված Ակրիսիոսը նրանց թոռներից մեկն է, Դանայան` փաստորեն վերջիններիս ծոռը, իսկ կապը դանայուհիների հետ միայն ազգակցական է:
Այս լեգենդը իր տարածումն է գտնում արվեստում և գրականության մեջ: Դանայայի ու Զևսի հանդիպումը պատկերող գրեթե բոլոր կտավներն ունեն միևնույն հերոսները //: Ներկա է Դանայան` հիմնականում անկողնում պառկած, նրա կողքին սպասուհին է, որ ձեռքին մի պարկ է պահում, որի մեջ պետք է լցվի ոսկե անձրևը և Ամուրը` սիրո աստվածուհու որդին: Ռեմբրանդտի <<Դանայա>> կտավում ոսկե անձրև չկա, իսկ Ամուրը, չգիտես` ինչու, լաց է լինում: Իսկ Դանայան, կարծես, ոչ թե սպասում է իր սիրեցյալին այլ նայում է հենց իր դիմաց:
1656 թվականին Ռեմբրանդտը սնանկանում է: Նա կորցնում է իր ունեցվածքը և ստեղծագործություններից շատերը: Նկարչի աչքի առաջ իր աշխատանքների կրկնօրինակներն էին անում, որպեսզի բարձր գներով վաճառեն: Նկարներից մեկի կրկնօրինակն անելու ժամանակ էլ նա հաստատում է, որ Ամուրի հետ պատկերված կինը Դանայան է: Այս փաստն է, որ շատ արվեստաբանների հեռու պահեց այն մտքից, որ Ռեմբրանդտի հերոսուհին բոլորովին էլ Դանայան չէ, քանի որ նկարը պատկերված չէ ըստ հունական լեգենդի: Ինչևէ, Ռեմբրանդտն անձամբ է հաստատել ստեղծագործության անվանումը, և մեզ մնում է միայն մտածել, թե ինչու է հեղինակը թեման պատկերել իր պրիզմայով, ոչ թե ըստ հունական լեգենդի: Ինչու՞ ոսկե անձրև չկա նկարում և ինչու՞ են Ամուրի ձեռքերը շղթայված և  ինչու՞  վերջինս լաց լինում…

Նկարի պատմության հետ կապված կա ևս մի հետաքրքիր փաստ: Ամենայն հավանակությամբ, Դանային Ռեմբրանդտը նկարել է 1636 թվականին: Այս տարիներին իր գրեթե բոլոր ստեղծագործություններում, անկախ նրանից, դիցաբանական կլիներ սյուժեն, աստվածաշնչյան թե կենցաղային, նկարիչը որպես բնորդուհի ընտրում էր իր կնոջը` Սասկիային: Մինչդեռ այս նկարում պատկերված կինը Սասկիան չէ…
Այս առեղծվածը բացահայտեց միայն 20-րդ դարում արված ռենտգետնային հետազոտությունը: Պարզվում է, 1636 թվականին այս նկարը բոլորովին էլ այսպիսին չի եղել: Կնոջ ու սպասուհու հայացքներն ուղղված են եղել դեպի առաստաղը, դեպի թափվող ոսկե անձրևը: Սպասուհին պատկերված է եղել կոմպոզիցիայի կենտրոնում: Դանայան հրաժեշտ է տվել իր սիրեցյալին, նրա ձեռքի ժեստը այժմ ևս դա է վկայում: Համաշխարհային արվեստում ձեռքի նման դիրքը հրաժեշտի խորհուրդն ունի: Եվ որ ամենահետաքրքիրն է, 1636 թվականին Դանայայի դիմագծերը եղել են Սասկիայինը…Նկարի նախնական տարբերակում Զևսի հեռանալուց հետո Ամուրը լաց է լինում, մտածելով, որ սիրահարները բաժանվեցին ընդմիշտ: Սա ասես կանխազգում է նաև նկարիչը, որովհետև տարիներ անց մահանալու էր իր սիրելի կինը` Սասկիան: 1642 թվականից հետո, երբ Ռեմբրանդտը կորցնում է իր կնոջը, նրա կյանքը գլխիվայր շուռ է գալիս ու անցնում քաոսային` ընդհուպ մինչը մահը:
Վերը նշվածից կարծես թե որոշ հարցեր պատասխան են ստանում: Ի տարբերություն եվրոպական շատ այլ նկարիչների, Ռեմբրանդտը ոչ թե պատկերել է այն պահը, երբ Զևսը այցի է գալիս իր սիրելիին կամ երբ Դանայան սպասում է նրան, այլ այն պահը, երբ հունական աստվածն արդեն հեռացել է, և Դանայան ձեռքով դեռ հրաժեշտ է տալիս նրան...
1647 թվականին Ռեմբրանդտը որոշում է փոփոխել նկարը: Որոշ փոփոխություններ են մտցվում կոմոպզիցիայում, որոշները` կերպարներում: Սյուժեի հիմքում մնում է հունական լեգենդը: Թե ինչու է նկարիչը հանգել այս որոշմանը, ոչ ոք հստակ չի կարող ասել: Հնարավոր է, որ նա ուզեցել է է’լ ավելի ընդծել երջանկության վաղանցիկությունը, սիրահարների բաժանումը: Ըստ մի վարկածի, նկարի երկրորդ տարբերակում, այսինքն այն Դանայայի կերպարում, որը մեզ է հասել, պատկերված է Գերտիա Դիրքսը, որի հետ 40-ականների կեսերին կապի մեջ է եղել նկարիչը:
Որոշ ակնարկներում ու հուշերում հանդիպում ենք, որ Ռեմբրանդտը չէր սիրում կյանքը գեղեցկացնել: Նա ամեն ինչ պատկերում էր այնպես, ինչպես տեսնում էր: Էությամբ նա ռեալիստ էր: Մարդկանց ևս նա պատկերում էր առանց գեղեցկացնելու, հերոսացնելու: Եվ իրոք, նրա Դանայան բոլորովին էլ հմայիչ կին չէ: Բնորդուհին պատկերված է այնպիսին, ինչպիսին եղել է:
Ստեղծագործությունն ունի հետաքրքիր գունաշար: Այն կառուցված է ոսկեգույնի երանգներով: Վարագույրները, մահճակալի ոտքերը, հատակին դրված ոտնամանները, Ամուրի մարմնի գույնը ոսկեգույնի տարբեր երանգներով են պատկերված: Նույնիսկ Դանայայի մարմինը, որը ողողված է լույսով, դարձյալ ասես նուրբ ոսկեգույն լինի: Կոմպոզիցիայի գունաշարում աչքի է ընկնում սեղանի կարմիր ծածկոցը, սակայն վերջինս չի խախտում ներդաշնակությունը:
Նկարը, իհարկե, շուրջ 500 տարիների ընթացքում կորցրել է իր գույների արտահայտչականությունը: Նախնական տարբերակի ոսկե անձրևը, որը հետագայում փոխվել է լույսի, Ռեմբրանդտը նկարելիս ներկերին խառնել է մանրացված սաթ /янтарь/.: Այժմ, ցավոք այդ լույսն ամբողջությամբ տեսնել մենք չենք կարող: 1985 թվականին Էրմիտաժ այցելած մի մարդ չորս անգամ թթու  է լցրել նկարի վրա, որը քայքայել է ներկի շերտերը: Արդյունքում գլուխգործոցի 27%-ը ոչնչացվել է: Ինչպես հետագայում պարզվեց, հանցագործն այս արաքին դիմել է քաղաքական պատվերով:
1997 թվականին ավարտվում են նկարի վերականգնողական աշխատանքները: Բարեբախտաբար, Ռեմբրանդտն աշխատել էր ներկերի հաստ շերտերով ու օգտագործել էր լաք, ինչը փոքր-ինչ դանդաղեցրել էր թթվով քայքայումը: Նկարն այժմ ևս բաց է արվեստասերների համար, սակայն իր նախկին փայլը չունի…

 Դե եսիմ` Գ.Ն.

четверг, 2 апреля 2015 г.

Խուսեպե դե Ռիբերա /1591-1652/



17-րդ դարում Եվրոպայի մի շարք կենտրոններում ձևավորված արվեստն իր յուրահատուկ արտահայտությունը գտավ Իսպանիայում ևս: Հարյուրամյակներ շարունակ Իսպանիան գտնվում էր զավթիչ մավրերի տիրապետության տակ: 16-րդ դարի վերջում Իսպանիայում ձևավորվեց ժողովրդական պայքար, որը հետագայում ստացավ ռեկոնքիստա անվանումը: Ռեկոնքիստան մարդկանց մեջ արթնացրեց ինքնագիտակցությունը, նրանք սկսեցին վերադառնալ իրենց ազգային ակունքներին` չձուլվելով արաբների հետ: Երկար պայքարից հետո իսպանացիներին հաջողվեց իրենց երկրից դուրս մղել օտարազգի թշնամուն: Այնուհետև Իսպանիան, գրավելով Ամերիկան, ցանկանում էր ստեղծել միացյալ կայսրություն: Սակայն, բազմաթիվ պատերազմները թուլացրին Իսպանիան, ինչը ազդեց նաև արվեստի ուղղությունների ձևավորման վրա: 16-դարում արվեստի գլխավոր ուղությունը մանիերիզմն էր` միաձուլված գոթական արվեստի հետ:
Միայն 17-րդ դարի սկզբին Իսպանիայում սկսեցին բուռն արտահայտություն ստանալ իրապաշտական գաղափարները, ինչ ամենացայտուն կերպով դրսևորվեց գեղանկարչության մեջ: Մշակութային խոշոր կենտրոններ դարձան Վալենսիան, Տոլեդոն, Սևիլիան:

Ժամանակի նշանավոր գեղանկարիչներից էր Վալենսիայի իրատեսական դպրոցի հիմնադիր Խուսեպե Ռիբերան, ով  Կարավաջոյի հետևորդներից էր: Նրա մասին կենսագրական տվյալներ մեզ շատ չեն հասել: Հայտնի է, որ ծնվել է 1591 թվականի հունվարի 12-ին Իսպանիայի գյուղերից մեկում: Ռիբերան ունեցել է “Սպանոլետտո” մականունը, որ նշանակում է  “փոքրիկ իսպանացի”:
Թմբուկով աղջիկը
 Ինչպես հավաստում է կենսագիր Պալոմինոն, նա սովորել է Ֆրանցիսկո Ռիբալտոյի արվեստանոցում: Այցելելով Հռոմ և Պարմա, կատարելագործելով իր գիտելիքները` նկարիչը վերջնականապես բնակություն է հաստատում Նեապոլում:
Նրա ստեղծագործությունների մեջ գերակշռում են կրանական, դիցաբանական թեմաները, ինչպես նաև դիմանկարները: Մեծ է նրա թողած ժառանգությունը նաև գրաֆիկայի ոլորտում:
Ռիբերան պատկերում էր, ուժեղ, կայուն մարդկանց, եռանդուն և կյանքով լեցուն աչքերով: Նրանք կռվում են իրենց իրավունքների համար: Սովորաբար այդ կերպարները պատկերված են առաջին պլանում, և ընգրկում են կտավի գրեթե ամբողջ լայնությունը: Ռիբերայի գծանկարն ու կառուցումները շատ մանրամասն են, լույսի և ստվերի սուր բախումները ավելի են խստացնում նկարների տրամադրությունները:
Իր դիմանկարներում Ռիբերան պատկերում էր ձկնորսների, փողոցային թափառաշրջիկների և այլոց: Մեծ  վարպետությամբ դիտորդին էր փոխանցում նրանց արևից այրված դեմքերը, կոշտացած ձեռքերը, կմախքացած մարմինները: Այս միջոցով նկարիչը ցույց էր տալիս կյանքի դժվարություններն ու ճակատագրի հեգնանքը:
Նկարչի կրոնական թեմաներով նկարված աշխատանքների մեծ մասը մարտիրոսության և նահատակության տեսարաններ են: Լինելով քրիստոնյա հավատացյալ` նկարիչը չէր կարող չանդրադառնալ այս թեմաներին: Նա ասես մի ամբողջ շարք է ստեղծել տանջանքների ենթարկված ու հանուն քրիստոնեության նահատակված սրբերի մասին: Շարքի մեջ են մտնում  "Սբ. Սեբաստիանի տանջանքները", "Սբ. Բարդուղիմեոս", "Սբ. Պողոս", "Սբ. Լավրենտինոս", "Սբ. Փիլիպոսի մահապատիժը"  կտավները և այլն:
Սբ. Սեբաստիանի տանջանքները
Շատ հաճախ պատկերելով հիվանդների, աղքատ մարդկանց, թափառաշրջիկների` Ռիբերան նրանց տալիս էր կրոնական կամ դիցաբանական հերոսների անուններ:
“Դիոգենես” աշխատանքում մի կնճռոտված, խճճված մազերով ծերունի է, որ ձեռքի լամպով կարծես լուսավորում է ճանապարհը:
Դիոգենես
Խորը դրամատիզմով է հարուստ  Ռիբերայի գլուխգործոցներից մեկը` “Սուրբ Ինեսսը”: Այս գեղեցիկ կերպարի համար բնորդ է հանդիսացել նկարչի աղջիկը:

Նկարը ստեղծվել է 1641 թվականին: Սա Ռիբերայի` հոգեկան ներաշխարհ արտահայտող ստեղծագործություններից թերևս ամենահայտնին է: Ըստ ավանդության` երիտասարդ քրիստոնյա Ինեսսը մերկ պետք է կանգներ ամբոխի առաջ, քանի որ հրաարվել էր երկրպագել հեթանոս աստվածներին: Սակայն հրաշք է կատարվում: Նրա մազերը միանգամից երկարում են ու ծածկում մերկությունը, իսկ երկնքից իջած հրեշտակը նրա վրա ծածկոց է գցում: Կիսամերկ աղջիկը, ով ծածկված է հրեշտակի կողմից ուղարկված ծածկոցով, չնայած նրան, որ ենթարկվել է բազմաթիվ տանջանքների ու նվաստացումների, այնուամենայնիվ, չի հրաժարվում իր հավատքից, և չի վախենում անգամ նահատատակությունից: Նա նույնիսկ այդ դժվարին պահին աղոթում է Տիրոջը:
Սբ. Ինեսս
Ինեսի կերպարը շատ նուրբ է: Նկարիչը պատկերել է երկար, փարթամ մազերով, փայլող աչքերով և մարմարի պես ճերմակ մարմնով մի աղջկա: Նա կարծես պարզության, անմեղության, գեղեցկության ու երիտասարդության մարմնացում լինի: Սբ. Ինեսից հետո Ռիբերան շարունակում է իր ստեղծագործություններում ի ցույց դնել մարդկային տառապանքներն ու հոգեվիճակները: Նրա հումանիստական հայացքները իրենց վառ դրսևորումներն են ստանում  “Կաղ տղան” նկարում: 1942 թվականին Ռիբերան դարձյալ անդրադառնում է հասարակ մարդու կերպարին: Այս անգամ դա կաղ տղան է:  Գրականության մեջ այս նկարը հաճախ անվանում են նաև "Աղքատը": Գեղեցիկ բնանկարի ֆոնին մենք տեսնում ենք ցնցոտիներ հագած  կաղ տղայի` դեֆորմացված մարմնով, ով սակայն ազատ և անկախ է իր ժպիտով: Նրա ձեռքին կա մի փայտ, որի ծայրին ամրացված թղթի վրա գրված են երկրի խաղաղությունը գովերգող բառեր: Ինչպես այս հերոսը, այնպես էլ Ռիբերայի մյուս հերոսները անկախ իրենց ողբերգական վիճակից խղճահարություն չեն խնդրում, այլ արտահայտում են իրենց բարոյական հաղթանակը:

Կաղ տղան
 Տղան պատկերված է որպես շքադիմանկարի հերոս, սակայն այստեղ հեգնական ոչինչ չկա: Նա դժվար ճանապարհ է անցել, բայց դեմքին դժգոհության նշույլ անգամ չկա: Երեխայի դեմքի ժպիտը սրա վառ ապացույցն է: Ինչպես այս, այնպես էլ Ռիբերայի մյուս կերպարները` նահատակները, հերոսներն ու սրբերը նկարիչն ասոցացնում է հենց իր կերպարի հետ: Նա ևս բարդ ուղի է անցել, տանջվել է, հերոսացել, սակայն վերջում մնացել է այս տղայի պես մաքուր: Նա այլևս չի բողքում ու չի դժգոհում:
Այսպիսի խորը զգացմունքայնությամբ և մարդասիրությամբ լեցուն նկարչի արվեստը, հիրավի, իսպանական իրատեսական արվեստի գագաթնակետերից մեկն է:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը