среда, 14 ноября 2012 г.

Հովհաննես Այվազովսկի



   Առանձնահատուկ է Հովհաննես /Իվան/ Այվազովսկու տեղը 19-րդ դարի ռոմանտիկական արվեստում: Փոքրիկ Օնիկը, որը դառնալու էր հանճար, ծնվել է 1817 թվականի հուլիսի 17-ին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, հայ առևտրականի ընտանիքում: Հովհաննեսը ընտանիքում երրորդ, կրտսեր արու զավակն էր՝ Գրիգոր և Գաբրիել որդիներից հետո: Այվազովսկու նախնիները 18-րդ դարում Արևմտյան Հայաստանից բազմահազար հայերի հետ գաղթում են Լեհաստան: Հետագայում, հարազատ եղբայրների միջև ծագած անհամաձայնության պատճառով, նկարչի հայրը երիտասարդ հասակում տեղափոխվում է Մոլդովիա, այնտեղից էլ՝ Բուկովիա, իսկ 19-րդ դարի սկզբներին մեկնում է Ղրիմ, որտեղ, հանդիպելով հայուհի Հռիփսիմեին, ամուսնանում է նրա հետ և մշտական բնակություն է հաստատում Թեոդոսիայում: Հովհաննես Այվազովսկու մանկությունն ու պատանեկությունը անցնում է Թեոդոսիայում: Իր նախնական կրթությունը նա ստանում է ծննդավայրում: Ութ տարեկան հասակում սկսում է հաճախել Թեոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցուն առընթեր ծխական դպրոցը: Այստեղ նա սովորում է 5 տարի: Այդ տարիների ընթացքում ստանում է հայկական կրթություն և ընդհանուր տեղեկություններ հարազատ ժողովրդի պատմության, մշակույթի և անցյալի գործիչների մասին: Վաղ հասակից նրա մեջ հետաքրքրություն է առաջանում նկարչության և երաժշտության նկատմամբ: Նկարում էր ձեռքն ընկած գրքերի, թերթերի վրա, իսկ երբեմն նաև, կավիճով կամ ածուխով, շենքերի պատերին: Պատանու նկարչական ունակությունները գրավում են Թեոդոսիայի ճարտարապետ Կոխի ուշադրությունը: Տեսնելով նրա աշխատանքները՝ ճարտարապետը խորհուրդներ է տալիս նրան, ծանոթացնում է նկարչության՝ հատկապես հեռանկարչության, ծավալայնության և լուսաստվերների նախնական գիտելիքների հետ: Մանուկ Հովհաննեսի դպրոցական տարիները անցնում են նյութական ծանր, աննպաստ պայմաններում: Ճարտարապետ Կոխը մի անգամ նրա գծանկարները ցույց է տալիս քաղաքապետին: Քաղաքապետ Ա. Ի. Կազնաչևը, ուշադիր դիտելով նկարները, հայտնում է իր գոհունակությունը, խրախուսում էնրան և նվիրում ջրաներկերի մի տուփ ու նկարչական թղթեր: Ապա ծանոթացնելով իր որդու հետ, առաջարկում է հաճախ այցելել իրենց տուն: Այդ օրվանից Հովհաննեսը դառնում է այդ քաղաքակիրթ ընտանիքին հաճախ այցելող հյուրերից
1830 թվականին Կազնաչևը նշանակվում է Ղրիմի նահանգապետ և ընտանիքով տեղափոխվում է Սիմֆերոպոլ: Նա իր հետ տանում է նաև Հովհաննես Այվազովսկուն:     Որոշ ժամանակ անց 14-ամյա Հովհանեսսը ընդունվում է Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիա, ապա՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա՝ Մաքսիմ Վորոբյովի դասարան: 1835 թվականին ցարը Պետերբուրգում աշխատելու է հրավիրում ֆրանսիացի ծովանկարիչ Ֆիլիպ Տաներին: Ցարը դիմում է նաև գեղարվեստի ակադեմիայի պրեզիդենտին՝ նրանից պահանջելով "հարմար թեկնածու" Տաներին աշակերտելու համար: Պրեզիդենտ Օլենինը տալիս է Այվազովսկու անունը: Տաները դիտում է Այվազովսկու աշխատանքները և ընդունում նրան իր արվեստանոցում որպես աշակերտ: Տաները օգտվում է Այվազովսկու ճշտգրիտ Էսկիզներից և նրանց հիման վրա նկարված նկարները վաճառում է ազնվատոհմիկներին: Նույն թվականին Այվազովսկին, առանց Տաների իմացության, իր նկարներից մի քանիսը ցուցադրում է ակադեմիական ցուցահանդեսում: Տաները գանգատվում է ցարին, և ցարը հրամայում է ցուցահանդեսից հանել Այվազովսկու նկարները: Նույն տարում Տաները մեկնում է Փարիզ: Հաջորդ տարվա գարնանը ակադեմիայի պրոֆեսոր Զաուերվեյդը ցարի մոտ համարձակորեն ասում է, որ Տաների սուտ ցուցումներով են Այվազովսկու նկարները հանվել ցուցահանդեսից: Ցարը կարգադրում է վճարել երիտասարդ նկարչին 1000 ռուբլի թղթադրամ և նշանակել նրան ուղեկցող իր որդուն՝ Կոստանդինին, Բալթիկ ծովում նախատեսված փորձնական զորավարժության ժամանակ: Այդ զորավարժություններից վերադառնալուց անմիջապես հետո Այվազովսկին նկարում է <<Մեծ նավատորմը Կրոնշտադտում>> կտավը և մի քանի ծովանկար, որոնք ներկայացնում է ակադեմիայի վարչությանը: Բարձր գնահատելով ուսանողի առաջադիմությունը՝ գեղարվեստի ակադեմիան որոշում է նրան պարգևատրել երկրորդ կարգի ոսկե մեդալով:
   1837 թվականին նկարած <<Անդորրություն>> կտավի համար պարգևատրվում է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալով: Նույն թվականին ակադեմիայի վարչությունը որոշում է կայացնում Այվազովսկուն երկու տարով, որպես ակադեմիայի թոշակառու, ուղարկել Ղրիմի թերակղզի, ուր պիտի նկարեր նոր ծովանկարներ: Հաջորդ տարվա հուլիսին ակադեմիայի որոշմամբ Այվազովսկին և մի քանի այլ նկարիչներ գործուղվում են արտասահման: Այվազովսկին մեկնում է Իտալիա: Նա հանդիպում է ունենում Մխիթարյան միաբանների հետ, հանդիպում է և' ռուս, և' այլ ազգերի մեծագույն արվեստագետներին:

   Այվազովսկին իր կյանքի ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ կայսերական ընտանիքների և բազմաթիվ պետությունների գեղարվեստների ակադեմիաների կողմից: Մի առավոտ Այվազովսկին արթնանում է ծանր զգացումով: Մի քանի անգամ սենյակում շրջելուց հետո վերցնում է թուրքական շքանշաններն ու մեդալները և իր հավատարիմ շան հետ գնում է դեպի ծովափ: Թեոդոսիայի ողջ բնակչությունը հետևում է այդ մեծ մարդուն: Հասնելով ափ՝ նկարիչը շքանշանները կախում է շան պարանոցից, նավակ է նստում և բավականին հեռանալով ափից՝ հանում է դրանք շան վրայից և նետում անհատակ ծովը: Ստիպում է շանը լողանալ ծովի մաքուր ջրում, որպեսզի հավատարիմ կենդանին էլ մաքրվի դրանցից: Լվանալով իր ձեռքերը՝ Այվազովսկին վերադառնում է ափ, անցնում ապշահար ամբոխի միջով, մտնում է իր արվեստանոցը և սկսում է նկարել: Հաջորդ առավոտյան նրա արվեստանոցի պատից կախված էր <<Հայ ժողովրդի ջարդը Տրապիզոնում>> անմահ կտավըԱյվազովսկին մահացել Է 1900 թ. ապրիլի 19–ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։ Նրան թաղել են զինվորական պատվով, Թեոդոսիայի Ս. Սարգիս հայկական եկեղեցու բակում։
   Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է ծովը օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտումՔաոս», 1842, «Արևի խավարումը Թեոդոսիայում», 1858, «Արարչագործություն», «Համաշխարհային ջրհեղեղ», 1864 և այլն)։ Դա արտահայտվել է նաև բազմաթիվ ծովանկարներում, կովկասյան բնանկարների շարքում, մասնավորապես՝ բիբլիական Արարատի պատկերներում։ Այվազովսկու արվեստը լավատեսական է։ Իր «Սև ծովը» (1881, Տրետյակովյան պատկերասրահ), «Ալիքների մեջ» (1898, Այվազովսկու պատկերասրահ) և այլ գլուխգործոցներով նկարիչը ծովանկարչությունը ձերբազատեց սոսկ գեղեցիկ տեսարան ներկայացնելու միտումից։ Նրա պատկերները ներթափանցված են խոր հայրենասիրությամբ և հումանիզմով։ Ծովամարտի նրա տեսարանները աչքի են ընկնում պատմական հավաստիությամբ և հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունըՊետրոս I-ը Ֆիննական ծովածոցի ափին», 1846, «Չեսմենի ծովամարտը»,  1848,  1886, «Նավարինի ծովամարտը», 1848, «Երկու թուրքական նավերից գրոհի ենթարկված «Մերկուրի» բրիգը», 1892)։
   Այվազովսկին աշխարհին առավելապես հայտնի է իր <<Իններորդ ալիքով>>: Այս ստեղծագործության մեջ ծովանկարիչը պատկերել էր փակուղու առջև հայտնված մարդկանց, ովքեր հանդիպել են ահեղ փոթորիկի: Լուսնի լույսը, որով ողողված է ողջ շրջակայքը, լուսավորում է մարդկանց: Ի տարբերություն հզոր ծովանկարների, ալիքների ու փոթորիկների պատկերման՝ Այվազովսկին թերացել է մարկային ֆիգուրաներ նկարելուց: Կրամսկոյը այս նկարը բնութագրել է հետևյալ կերպ. <<Այվազովսկին իզուր է նկարում այնպիսի սյուժեներ, որտեղ մարդու գծապատկերն անխուսափելի է, քանի որ դրանք պատկերել չկարողանալով՝ նա կանխավ իրեն դատապարտում է ստեղծագործական անհաջողության>>: «Իններորդ ալիք» հանրահայտ նկարում (1850, Պետերբուրգի ռուսական թանգարան) դրսևորվել է ծովանկարչի մեծ հավատը դեպի մարդը, դեպի նրա հոգու անընկճելիությունը։ Մարդկային ֆիգուրների ոչ ճիշտ, անատոմիական ճշգրտություններով արված հատվածները միշտ էլ դժգոհություն են առաջացրել նույնիսկ նկարչի մտերիմ ընկերների մոտ: Սակայն ծովային ահեղ տեսարանները հետին պլան էին մղում մարդկանց ճշգրիտ պատկերումը, և դիտողը հաճախ չի էլ նկատում այդ թերությունները: Չնայած այս հանգամանքին Այվազովսկին ունի նաև հարազատներին ու բարեկամներին պատկերող դիմանկարներ, ինքնանկարներ, գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ։
Իններորդ ալիք
  1858թ. Այվազովսկին նկարում է <<Ծովը լուսնյակ գիշերով>>  կտավը: Նկարն ունի նաև երկրորդ անվանում՝ <<Յոթերորդ ալիք>>: Նկարչին հետաքրքրել է ծովի հարափոփոխ ռեֆլեքսային էությունը, և բոլորովին էլ պատահական չէ, որ <<9-րդ ալիքից>> հետո՝ շուրջ 8 տարի անց, Այվազովսկին դարձյալ <<թվագրված>> ալիք է նկարել: 
<<Ծովը լուսնյակ գիշերով>> կամ <<Յոթերորդ ալիք>>
  Մեծ հայրենասեր է եղել այս ծովանկարիչը: Թեպետ երբեք էլ չի եղել Հայաստանում, բայց միշտ մտահոգված է եղել հայ ժողովրդի ճակատագրով, ու իր ապրումներն արտահայտել է նկարների միջոցով: Հայկական ոգով արված առաջին գործը <<Նոյը իջնում է Արարատից>> կտավն է: Սա վկայում է այն մասին, որ նկարիչը ծանոթ է եղել հայ ծողովևդի պատմությանը հենց պատմական ժամանակներից: Պատկերված է ջրհեղեցից հետո տեսարանը, ու, իմ կարծիքով, այս թեման անպայման պետք է տեղ գտներ Այվազովսկու արվեստում, քանի որ էլ ինչը, եթե ոչ ջրհեղեղը պետք է գրավեր արմատներով հայ ծովանկարչին: Մեծ տեղ ունի նրա արվեստում սրբազան Արարտ լեռը: Սա դարեր շարունակ հույս է ներշնչել հայրենիքից հեռու գտնվող հայերին, այդ թվում՝ Այվազովսկուն: Այս թեմայով ու հայրենի երկրի կարոտով են ստեղծվել «Արարատ լեռան հովիտը», «Արարատ» կտավները: Այվազովսկուն խորապես հուզել Է սուլթանական Թուրքիայի բռնատիրական լծի տակ տառապող հայրենակիցների ճակատագիրը։ Աշխարհահռչակ ծովանկարչի անունը բուռն ոգևորության աղբյուր Է եղել երկրագնդի տարբեր ծայրերում ապրող հայության համար։ Իր ճանապարհորդությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ Է ունեցել հայության լայն զանգվածների հետ, օգնել ազգային կազմակերպություններին, դպրոցներին, նվիրել նկարներ և բացել ցուցահանդեսներ։ Փայփայել Է այն երազանքը, թե կկարողանա մեկ ընդհանուր միության մեջ միավորել տարբեր երկրներում ապրող բոլոր հայ նկարիչներին և զարկ տալ հայ կերպարվեստի զարգացմանը։ 1890-ական թթ. հայկական կոտորածների ծանր օրերին նա ստեղծել Է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ աշխատանքներ՝ արտահայտելով իր ցասումն ընդդեմ թուրք մարդասպանների։ 1895 թ. Հայկական ջարդերի զոհ են դառնում հազարավոր հայեր: Այս իրադարձությունը ևս անարձագանք չի մնում Այվազովսկու արվեստում: <<Խորին կսկիծով վշտացած է սիրտս մեր անբախտ հայոց չլսված, չտեսնված կոտորածով>>,-գրում է նա Էջմիածին՝ Խրիմյան կաթողիկոսին: Նկարիչը ծովն է նետում տարիներ առաջ սուլթանից ստացած շքանշանը: Ստեղծում է կոտորած պատկերող կտավներ ու ցուցադրում: Ցավի և ցասման արգասիք է ընկալվում նաև կյանքի վերջին օրը՝ 1900 թ. Մայիսի 2-ին նկարած <<Թուրքական նավի պայթյունը>> կտավը, որը մնում է անավարտ: Սրա մեջ, իմ կարծիքով, նավը նույնացնելով Թուրքիայի հետ, հայ նկարիչն ուզում է կործանված տեսնել նաև Թուրքիան: Պատկերելով ռուս նավատորմի տարած հաղթանակները թուրքերի հետ ծովամարտերոմ՝ Այվազովսկին էլ ավելի եռանդով է նկարում թուրքական կործանվող նավերը, քանի որ այս նույն ծողովուրդն է հալածում հայերին և թուրքերի պատճառով է, որ հայերը դարձան ցեղասպանության ու կոտորածների զոհ:
   Դավանելով հայ առաքելական եկեղեցուն՝ Այվազովսկին մի ամբողջ շարք պատկերներ է վրձնել նաև Աստվածաշնչի, ինչպես նաև հայ պատմական անցյալի թեմաներով, որոնցից երկուսը՝ <<Վարդան զորավարի երդումը>> և <<Հայ ժողովրդի մկրտությունը>> կտավները ցուցադրվել են Թեոդոսիայի հայկական եկեղեցիներից մեկում՝ ծողովրդի մեջ հայրենասիրական զգացմունքներ ներշնչելու նպատակով: Մխիթարյան միաբանությունում գտնվելու ժամանակ Այվազովսկին նկարում է <<Բայրոնի այցը Մխիթարյան միաբանություն>>, <<Մխիթարյանները Սբ. Ղազար կղզում>>  նկարներըը: <<Բայրոնի այցը Մխիթարյան միաբանություն>> կտավում  նկարիչն  ուզեցել է ցույց տալ հայերի դերը ողջ աշխարհում: Պատկերված է այն ծովային տեսարանը, թե ինչպես է անգլիացի գրող Ջ. Բայրոնը նավից իջնում ու մոտենում տախտակամածի վրա կանգնած Մխիթարյաններին: Բայրոնը դժվար թե այցելեր հայերի հիմնած Մխիթարյան միաբանություն, եթե այս ազգը չունենար թե՛ հոգևոր, թե՛ բարոյական ու մտավոր հատկանիշներ: Այվազովսկին ունի նկարներ, որոնց մեջ դիտողն ինքնաբերաբար նավ, փոթորիկ կամ մակընթացություն է փնտրում: Հնարավոր է, որ սրան ձգտել է հենց նկարիչը: Ըստ իս, այսպիսին է <<Մխիթարյանները Սբ. Ղազար կղզում>> կտավը, որի մեջ կղզին ջրերի մեջ լողացող նավի տպավորություն է թողնում: Սրանից հետևում է, որ եթե նույնիսկ Այվազովսկին նավ չի պատկերում, այնուամենայնիվ, կարծես տեսողական խաբկանքի միջոցով կղզին պատկերվում է նավի նման, որոշակի դիտակետից:
    Գեղանկարչության մեջ առաջին անգամ Այվազովսկին է պատկերել հայկական բնությունը, Արարատն ու Արարատյան հովիտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնության գեղեցկությունները։ Նրա «Թիֆլիսի տեսարանը» հայ կենցաղային ժանրի առաջին նկարներից է։ Հայաստանի նկատմամբ Այվազովսկու տածած սերը արտահայտվել է նաև «Հայ մարտիկի  երդումը», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» և այլ կտավներում։ Ծովանկարչության բնագավառում նրա անմիջական խորհուրդներով առաջնորդվել են Մ. Մահտեսյանը, Վ. Մախոխյանը և Գ. Բաշինջաղյանը։ Ռուս արվեստում նրանից է ազդվել Ա. Կուինջին:
    Լույսը մեծ տեղ է զբաղեցնում  Այվազովսկու նկարներում: Պատկերելով ալիքներ, ամպեր ու օդային տարածություն՝ նկարիչը շեշտում է լույսը որպես կյանքի, հույսի ու հավատի խորհրդանիշ: Փոթորիկների անվերջանալի շարքը, որ առկա է Այվազովսկու արվեստում, ասես դիպաշար լինի, որոնց մեջ խեղդվող կամ տանջվող մարդիկ օգնում են միմյանց, պայքարում ապրելու համար: Ըստ իս, լույսի միջոցով նկարիչը հենց ուզում է ցույց տալ, որ այդ մարդկանցից և ոչ մեկը չի մեռնելու, և որ ցանկացած պայքարող մարդ ի վերջո հաղթում է: Այդ իսկ պատճառով էլ նկարչի արվեստն համարվում է <<լավատեսական>>:
    Այվազովսկին թողել է անմահ ստեղծագործական ժառանգություն: Անկարելի է 19-րդ դարի հայկական նկարչությունը պատկերացնել առանց նրա: Իբրև ռուս նկարիչ՝ հնարավոր չէ Այվազովսկուն բացահայտել առանց իր արվեստի հայկական ակունքների: Ահա թե ինչու պատկանելով ռուսական մշակույթին՝ այս մեծ ծովանկարիչը միաժամանակ համարվում է նաև հայ արվեստի ներկայացուցիչ:
Նավասարդյան Գոհար
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս

Комментариев нет:

Отправить комментарий