Տնտեսական հարաբերություններ, տնտեսական ճգնաժամ, սոցիալ-տնտեսական
վիճակ…այս հասկացություններում տնտեսությունն ընկալվում է իբրև արտադրման և
սպառման գործընթաց, արտադրողի և սպառողի միջև հարաբերություններ, կարճ
ասած՝ կենսաձև: Հույսի տնտեսություն…սա ասոցացվում է
<<հույս>>-ը ապրանքայնացնելու հետ: Առանձին միանգամայն
կիրառություն ունեցող այս բառերի համակցությունը փորձել եմ հասկանալ
հետևյալ կերպ։ Հույսը բոլոր զգացմունք արտահայտող գոյականներից եզակին է,
որը լեզվաբանորեն հնարավոր է կիրառել դերբայի հետ /հույս ունեմ/: Այս
բառազույգը միակն է պակասավոր անկանոն բայերի շարքից, որ գործածվում է
համատեղ /երբեք չենք ասի սեր կամ ուրախություն ունեմ/: Մարդ տեր է կանգնում
այն ամենին, ինչ ունի ու տնտեսում է իր ունեցածը /այստեղից էլ՝ տնային
տնտեսուհի արտահայտությունը/: Հույսի տնտեսությունն իմ պատկերացմամբ տեր
կանգնելն է հույսիդ, որը միայն քոնն է, կարող ես տնտեսել ու շռայլել այն,
սակայն երբեք չկորցնել: Կարող ես հույս տալ ուրիշին, բայց ոչ <<քո
հույսից>>, կարող ես հուսահատվել, բաըց վերագտնել հույսդ…
Հույսը որպես ապրանքի որոշակի տեսակ են ներկայացրել ԱԺԶ /AJZ/
արվեստային կոլեկտիվի ներկայացուցիչները: Նախագիծը, որ վերնագրված էր
<<Հույսի տնտեսություն>>, ներկայացված էր Գյումրու 8-րդ
միջազգային Բիենալեին ու անցկացվում էր Գեղագիտական կենտրոնում։
Համադրողներն էին Հարություն Ալպետյանն ու Նվարդ Երկանյանը, որոնց նպատակն
էր բացահայտել հույսը ոչ միայն որպես մարդկային զգացմունք, այլև
ապրանքատեսակ: Նախագիծը փորձ է վերլուծելու հույսերի արտադրության, վաճառքի
ու սպառման համակարգերը: Ընդգրկված արվեստի գործերը հույսին մոտենալու
տարատեսակ ճանապարհներ են առաջարկում: Ցուցահանդեսն իրենից ներկայացնում էր
վիդեո-արտերի շարք: Մասնակից արվեստագետներն էին Կարեն Միրզոյանը, Միկա
Վաթինյանը, Նվարդ Երկանյանը, Իզաբել Վիշերան, Լյուսի Աբդալյանը, Նորք
Զաքարյանն ու <<Դինջես>> /The Deenjes/ խումբը: Անդրադառնանք
նախագծում ընդգրկված մի քանի աշխատանքների:
Սկսենք Կարեն Միրզոյանի <<Մի փորձիր ապրել>> վիդեոների
շարքից, որոնց մեջ սև ու սպիտակ լուսանկարների տեսքով ինքնասպանություն
փորձած մարդկանց հետ հարցազրույցներ են: Այս հարցազրույցները պաստառների
տեսքով հայտնվել էին նաև քաղաքի խանութների ցուցափեղկերին: Հետընտրական
համատեքստում ներկայացված այս պաստառները՝ լրացված տեքստային հատվածներով,
փակցված էին երեքական կամ չորսական՝ մեկ շարքով, ինչպես նախընտրական
պաստառներն էին: Սակայն, ի տարբերություն նախընտրականների՝ սրանք ոչ մի բան
չեն խոստանում, փոխարենը հիշեցնում են այն խոստումների մասին, որոնք հնչել
ու այդպես էլ չեն կատարվել:
Հույսն այստեղ, ըստ իս, գնում է հետին պլան, ու քաղաքացին, որի հետ
անձամբ եմ զրուցել, սկսում է դժգոհել, թե <<էս մեր մռայլ քաղաքն է՛լ
ավելի եք սևացրել>>: Երևի թե իրեն համեմատեց ինքնասպանություն փորձած
մարդու հետ ու հասկացավ, որ երկուսն էլ միայն հույսով են ապրում, իսկ
ավելի կոնկրետ, որ քաղաքի սոցիալական վիճակը չի էլ փոխվելու ու
համակերպվելուց բացի այլ տարբերակ չկա:
Մյուս վիդեո-արտը, որն իմ կարծիքով ամենատպավորիչն էր ու կոնցեպտուալը,
Իզաբել Վեշերայի <<Նյումեն>> ստեղծագործությունն էր:
Սնահավատության տարբեր դրսևորումներից մեկը՝ <<Բաժակ նայելն>>
էլ է տեղ գտել <<Հույսի տնտեսությունում>>: Հեղինակը
ներկայացնում է մի մարդու, որի հույսը արտադրվում, տեղում յուրացվում ու
սպառվում է այս <<տնային ծեսի>> ընթացքում: Սուրճի մրուրով
գուշակությունը, որը հիմնված է սիմվոլիզմի վրա, ստիպում է մարդուն
անգիտակցորեն հավատալ սիմվոլների, տարբեր թվերի ու նշանների արած
կանխագուշակմանը: <<Նյումենը>> արտահայտում է հույսի այս
յուրահատուկ արտադրության ու սպառման մեխանիզմները և շեշտում, որ հավատում
ենք, որովհետև ուզում ենք հավատալ ու հույսով սպասում ենք, որ
գուշակությունը նշված ժամանակին կատարվի: Շատերն են իրենց կյանքը կապում
գուշակությունների հետ ու իրենց հույսն արտադրվում է հենց սուրճը խմելու
ընթացքւմ՝ այն մտքի հետ, թե ինչ սիմվոլներով նստվածք է առաջանալու: Հույսի
արտադրման ու յուրացման այսպիսի տարբերակ էր ներկայացրել Իզաբել Վեշերան:
Նախագծում ներկայացված հաջորդ աշխատանքը Նվարդ Երկանյանի
<<Այլընտրանքային շուկա>> Խորագրով հայտարարությունների շարքն
էր, որը բացահայտում է շրջանառության մեջ դրված հույսը: Քաղաքով ցրված
հակտարարություններն ազդարարում են տարատեսակ հույսերի առքի, վաճառքի և
փոխանակման մասին: Հայտարարությունների ներքևի մասում հեռախոսահամարներ են
գրված, և միայն բովանդակությունն է, որ տարբերակելի է դարձնում դրանք
իրական հայտարարություններից: Այս նախագծով Նվարդ Երկանյանն արտահայտում է
Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխության հանդեպ
հուսալքությունը, որը շարունակ շահարկվում է քաղաքական ուժերի կողմից:
<<Կգնեմ հույս, վաճառվում է հույս>> ու շատ այլ
բովանդակությամբ հայտարարությունները դարձյալ ապրանքայնացրել են հույսն ու
հանել վաճառքի ու փոխանակման ասպարեզ:
Հետաքրքիր էին նաև Ստիվեն Լևոն-Ունանյանի չորս գովազդային հոլովակներն
ու ցուցապաստառները <<Հույսի բանկ>> կոչված նախագծում: Բանկը
առք ու վաճառքի, պաշտոնական ու գույքային գործարքների համար նախատեսված
հիմնարկություն է, որտեղ այս անգամ փորձել է հույսը դրամայնացնել նախագծի
հեղինակը: Գրասենյակային կեցվածքով մի տղամարդ պատմում է Հույսի բանկի
մասին՝ նկարագրելով այն իբրև հույսի մի պահեստ: Վիդեոների ու
ցուցապաստառների կարգախոսները առաջարկում են ծառայություններ նույնիսկ ոչ
երկրային կյանքի համար: Բանկից կարող ես վարկով հույս վերցնել կամ
ժամանակավորապես հույս գրավ դնել: Նմանատիպ մտածելակերպով էր
<<Հույսի տնտեսությանը>> մոտեցել Ստիվեն Լևոն-Ունանյանը:
Շատերի համար անհեթեթ, բայց կոնկրետ գաղափարային ուղղվածությամբ այս
աշխատանքը նախագծի ամենաշատ մարդկային կուտակումներ առաջացնող վիդեոներից
էր:
Հայկական նորաստեղծ <<The Deenjes>> երաժշտական խումբն իր
երգերը գրելիս օգտագործում է դասական պոեզիա, և հաճախ երաժշտությունն
ընդմիջվում է բանաստեղծություն ընթերցող ձայնով: The Deenjes-ի երգացանկից
նախագծի մեջ է ընդգրկվել <<Հիմա ամեն ինչ անիմաստ է>> երգը,
որն աչքի է ընկնում իր բառերով, մեղեդիով ու տեսահոլովակով: Երգի բառերում
շեշտված հուսահատական վիճակն ուժգնանում է կատաղի երաժշտությանը զուգընթաց,
իսկ հոլովակն այն դարձնում է ավելի տպավորիչ: Ըստ իս, այս գործը նախագծի
շրջանակներում ուներ խորը իմաստ, և հարկավոր էր մտածել այն թեմայի շուրջ,
թե ի՞նչ կապ ուներ նյութը հույսի հետ: Մարդիկ փորձում են հանգիստ ապրել ու
չարձագանքել երկրում ընթացող քաղաքական իրավիճակներին, սակայն երբեմն
լինում է, երբ համբերությունն հասնում է գագաթնակետին, և լռել ու ենթարկվել
պարզապես անհնար է լինում: Այդպիսին էլ այս տեսահոլովակն էր՝ սկզբից
աներևույթ, միապաղաղ հանգստություն, ապա աղմուկ ու զգացմունքների պոռթկում:
Ներկայացված էին նաև Միկա Վաթինյանի <<Ցուցադրության տարածք բերված երգող շատրվան>>,
Լյուսի Աբդալյանի <<Ես/նրանք սիրում/ատում եմ/ենք քեզ/նրանց>> և
Նորք Զաքարյանի <<Ֆուլ Թուլ>> վիդեո-արտերը, որոնցից
յուրաքանչյուր դարձյալ մեկնաբանում էր հույսի օգտագործումը յուրրովի:
Բոլոր աշխատանքները, որ ներկայացված էին նախագծում, բացահայտում են հույսը
տարբեր դիտանկյուններից՝ հիմնականում ապրանքայնացնելով այն: Թե ինչքանով է
հույսը որպես ապրանքատեսակ կիրառելի, սա արդեն հարցի մյուս կողմն է:
Նախագիծը հնարավորիս ապրանքայնացրեց ու շահարկեց այն թե՛ որպես առք ու
վաճառքի առարկա, թե՛ որպես սպառման ու արտադրման հումք: Մեր օրերում հույսն
հաճախ <<արտադրվում է>> այնպիսի միջավայրում, որ
<<յուրացման>> ընթացքում բախվում է տեղի կրոնի կամ որ ավելի
բնորոշ է, ավանդույթների հետ: Հատկանշական է ու նախագծի կոնցեպտին
բավարարող այն հանգամանքը, որ հույսը մեծապես կապված է սոցիալ-տնտեսական
պայմանների հետ, ինչն էլ հանգեցնում է ինքնասպանությունների ու
անարդարությունների թվի ավելացմանը:
Այսպիսին էր 8-րդ Բիենալեի շրջանակներում ցուցադրված <<Հույսի
տնտեսություն>> նախագիծը: Այնուամենայնիվ, ապրենք հույսով՝ երբեք
չկորցնելով ու չապրանքայնացնելով այն:
Գոհար ՆավասարդյանԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս
աղբյուրը` http://gyumribiennale2012.wordpress.com/