Կյանքի, մահվան, հավերժության ու ժամանակի մասին մտորումները հաճախ դարձել
են հայտնի կտավների, գեղարվեստական գրքերի և նույնիսկ երգերի ստեղծման
շարժառիթներ: Քնարիկ Միքայելյանի ու Տաթև Հարթենյանի կյանքի հարատևության
ու անվերջության շուրջ խորհրդածությունը արդյունք եղավ այն իրադարձության,
որ 2012 թ. Գյումրու 8-րդ միջազգային Բիեննալեի շրջանակներում ներկայացվեց
նրանց համատեղ <<Անվերջությունն ու սահմանը կյանքի զարգացման
հեռանկարում>> վերնագրված նախագիծը: Այն իրենից ներկայացնում էր
փերֆորմանսի ու վիդեո-արտի համադրում: Փերֆորմանսն ու վիդեո-արտը արվեստի
միջոցներից են, որոնք ունեն հստակ սահմանում: Փերֆորմանս նշանակում է
կատարում, որը իրականացվում է գործող անձի կամ անձանց կողմից: Փերֆորմանսը
չունի ուղղորդիչ տեքստ: Լինում է նաև վիդեո փերֆորմանս: Վիդեո-արտը վիդեո
կադրերի միջոցով էկրանից ցույց տրվող արվեստի ձևն է, որը կադրերի շնորհիվ
դիտողին է հասցնում իր կոնկրետ գաղափարը:<<Եթե մեզ հնարավորություն տրվեր ընտրություն կատարել մահանալու կամ
հավերժ ապրելու միջև, ոչ ոք չէր իմանա, թե ինչ կորոշի: Բնությունը մեզ
ազատում է ընտրելու անհրաժեշությունից՝ մահը դարձնելով
անխուսափելի>>,-այսպես է մահվան խորհուրդը նկարագրել ֆրանսիացի
բարոյախոս Ժ. Լաբրյուերը: Մահն անխուսափելի է, այո՛, բայց նախագծի
կազմակերպիչներն հիշեցնում են այն եղանակների մասին, որոնց միջոցով
հնարավոր է ապրել մահվանից հետո: Ոչ մի տեխնիկա ի վիճակի չէ մարդուն անմահ
դարձնել, սակայն յուրաքանչյուր ոք պետք է մշակի մի այնպիսի ուղի, որով
կարողանա հետք թողնել մահվանից հետո: Անմահությունն հիմնականում
իրականանում է սերնդի մեջ: Մարդն իր կյանքը շարունակում կամ նորից է ապրում
իր ապագա սերունդների մեջ: Մեկ այլ տարբերակ է ստեղծագործելը, քանի որ չի
մահանում նա, ով ապրում է իր ստեղծագործություններում:
Յուրաքանչյուր վայրկյան երկրագնդի վրա ծնվում և մահանում են հազարավոր
մարդիկ, սակայն սա խառնաշփոթ չի առաջացնում: Մահանալը նույնքան բնական է,
որքան և ծնվելը: Ոչինչ իր բնական հունով չէր գնա, եթե մարդիկ շարունակ
ծնվեին, ու ոչ ոք չմահանար: Կառաջանար այսպես կոչված <<մարդկային
ավելցուկ>>, ու երկրագնդի վրա տեղ չէր լինի ապրելու: Առավել կոպիտ
ձևակերպումով կարող ենք ասել, որ մարդիկ մահանում են, որպեսզի
մարդկությունն ապրի: Ցանկացած գոյություն ունեցող էակ մտածում է իր վերջի,
կամ որ նույնն է, մահվան մասին: Այսպիսին է ցանկացած ավարտուն և անվերջ
նյութի դիալեկտիկան: Բայց սրանից չի կարելի եզրակացնել, որ կյանքը մահով
ավարտվում է: Մահով վերջ է դրվում մարդու ֆիզիկական գոյությանը: Սակայն
պետք է օգտագործել այն տարբերակները, որոնց միջոցով հնարավոր է մահանալ
միայն այս երևույթի կենսաբանական առումով: Ըստ իս, կյանքի նպատակը հենց այն
է, որ այնպես ապրես, որպեսզի մահվանից հետո էլ չմահանաս:
Այս գաղափարներն են ընկած փերֆորմանսի հիմքում, որը ներկայացնել
կցանկանայի՝ սկսելով մութ սենյակից ու առաստաղից կախված փոքրիկ լապտերից,
որի լույսը վառվում էր սրտի աշխատանքի զարկերի ռիթմին համապատասխան: Սա
արդեն իսկ կյանքն է խորհրդանշում:
Սենյակի կենտրոնում՝ հենց լույսի տակ, մի
շրջան էր գծված, որի մեջ պտտվում էի տարբեր տարիքի մարդիկ: Շրջանը, որն
ինքնին սահմանափակ տարածություն է, խորհրդանշում է կյանքն ու ժամանակը, իսկ
սենյակի մնացած բաց տարածությունը՝ այն անվերջությունը, որի վրա
մահկանացուն բառացիորեն ոտք դնել չի կարող: Շրջանակի մեջ պտտվող մարդիկ
իրենց հատկացված տարածությունից դուրս չէին գալիս: Թե՛ երեխաների, թե՛
երիտասարդների ներկայությունը պերֆորմանսում խոսում է հենց սերունդների
հերթափոխի, կյանքի շարունակականության մասին: Փերֆորմանսն ընթանում էր
վիդեո-արտի հետ մեկտեղ, որի մեջ ներկայացված էին մարդկային կյանքի
շրջափուլերը՝ բեղմնավորում, հղիություն, ծնունդ, մանկություն,
դեռահասություն, սեր և ամուսնություն, ծերություն: Վիդեո-արտը կազմված էր
իրար հաջորդող լուսանկարներից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ուներ
սիմվոլիկ նշանակություն: Օգտագործված էր երիցուկ՝ որպես սիրել-չսիրելու
տարորոշիչ, խաղալիքներ՝ որպես մանկության բաղկացուցիչ մաս, անվերջության
մաթեմատիկական նշանը՝ որպես կյանքի մշտական վերափոխման խորհուրդ և այլն:
Կյանքն անմիջականորեն կապված է ժամանակի ու հավերժության հետ: Ժամանկաը
ուղեկցում է մարդուն թե՛ ներկայում, թե՛ անցյալում և թե՛ ապագայում: Այն
ընկած է կյանքի փուլերի հաջորդականության հիմքում և պտտվում է օղակաձև՝
իրեն ենթարկելով բոլորին: Ժամանակը չպետք է կորցնել, որովհետև հենց
ժամանակից է կազմված կյանքը: Հավերժությունը, որը կարելի է նույնացնել
մաթեմատիկական անվերջության հետ, ևց խիստ կապված է կյանքին: Անվերջության
տարաժությունում գտնվող օբյեկտը շարժում է կատարում ու հասնելով
բարձրակետի՝ ավարտում է իր շարժումը: Նույն այս ընթացքում իր շարժումն է
սկսում մեկ այլ օբյեկտ՝ գոյացնելով շրջափուլ: Անվերջության տարածությունը
մարդու համար մոլորակն է, օբյեկտները՝ մարդիկ, բարձրակետը՝ մահը,
շրջափուլը՝ կյանքը: Մարդիկ հաջորդում են միմյանց առանց մեկը մյուսին
խանգարելու ու քաոս առաջացնելու: Ժամանակը, անվերջությունն ու մահը կյանքը
կարգավորող փոխկապակցված երևույթներ են: Հավերծությունը հարատև է,
ժամանակը՝ սահմանափակ, վերջը՝ մի նոր կյանքի սկիզբ:
Մարդը մահկանացու է, և անմահ դառնալու նրա միակ հնարավորությունը իրենից
հետո մնայուն հետք թողնելն է: Նախագիծը փորձ էր մեկ անգամ ևս բոլորին
հիշեցնելու, որ կյանքը հարատև չէ, շտապել է պետք, սերնդեսերունդ
ինֆորմացիա, կուտակած գիտելիքներ ու փորձ փոխանցել: Այսպիսին էր
շարունակականություն-ավարտ կապը, որը շրջանաձև պտտվում է մարդկության
շուրջը: Պետք է ապրել բովանդակալից ու ոչ անիմաստ, քանի որ երկրորդ անգամ
ապրելու հնարավորություն մեզ պարզապես չի տրվելու:
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս
աղբյուրը` http://gyumribiennale2012.wordpress.com/ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս