четверг, 11 сентября 2014 г.

Ֆովիզմ



Ֆովիզմը համարվում է 20-րդ դարի մոդեռնիստական առաջին հոսանքը: Այս ոճի անվանումը գալիս է ֆրանսերեն fauve-վայրի բառից: Առաջին անգամ այն օգտագործվել է 1905թ. Փարիզյան Աշնանային սալոնի ցուցահանդեսներից մեկի ժամանակ, որտեղ ներկայացված էին Անրի Մատիսի, Անդրե Դերենի, Մորիս Վլամինկի, Ժորժ Ռուոյի, Կես վան Դոնգենի, Ալբեր Մարկեի աշխատանքները: Քննադատ Լուի Վոքսելը, տեսնելով նրանց ստեղծագործությունները, համեմատում է դրանց թողած տպավորությունը մի այնպիսի զգացողության հետ, որը կառաջանար այն դեպքում, երբ Դոնաթելլոյի արձանը հայտնվեր վայրի գազանների կողքինԱյս պատճառով վերը նշված նկարիչներին սկսում են անվանել «Վայրենիներ»… Նրանք արվեստ են ներխուժում պատահական բայց վստահորեն, սակայն երբեք էլ չհամաձայնեցին «վայրի գազաններ» պիտակավորման հետ։
Անրի Մատիս- «Երաժշտություն»
Ֆովիստների համար բնորոշ է դառնում իրենցից առաջ գոյություն ունեցող արվեստի ժխտումը: Նրանք կարծում էին, որ զգացմունքայնությունը պետք է գերակայի ինտելեկտի նկատմամբ և հարկավոր է պատկերել այն, ինչ զգում ես, ոչ թե այն ինչ տեսնում ես ակմ այն, ինչ միշտ պատկերել են բոլորը: Ֆովիստների կարծիքով նկարի կոմպոզիցիայում առարկան այնքան էլ կարևոր դեր չունի: Նրանք գործ ունեն «լղոզված, փափուկ» առարկաների հետ, որոնք տարեբարակելի են դառնում հիմնականում գույնի և ծավալի միջոցով: Ֆովիստներն իրենց տարերային, դինամիկ աշխատանքներում ընդգծում էին վառ գույների սրաթափանց մաքրությունն ու հակադրությունը, լոկալ գույների ակնհայտ ինտենսիվությունը, ռիթմի սրությունը։ Նրանք գտնում էին, որ գծանկարը ստեղծագործության ստեղծման հարցում զբաղեցնում է ամենահետին տեղը: Ֆովիզմի համար հատկանշական են պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, հեռանկարի, լույս ու ստվերի ժխտումը:
Կես վան Դոնգեն- «Կակաչ»
Ֆովիստի հետևորդներից մի մասի ստեղծագործության մեջ զգալի էր պոստիմպրեսիոնիստների, վան Գոգի, Գոգենի, դիվիզիոնիստների ազդեցությունը: Այս իզմի նկարիչները ձգտում էին գույնի արտասովոր արտահայտչականության: Նրանք օգտագործում էին կտրուկ կոնտրաստներ` վառ ու լոկալ գույներով, որոնք միանգամից որևէ տպավորություն էին թողնում դիտողի վրա: Ֆովիստները չէին ձգտում պատկերել իրական աշխարհը: Նրանց պատկերած ֆորմաներն ու ֆիգուրները ոչ իրական են, խաբուսիկ, նույնիսկ լղոզված ու «սխալ»: Նարնջագույն մարդիկ, կապույտ դեմք, կանաչ երկինքսա է ֆովիզմը` այն ամենը ինչ կարելի է զգալ և պատկերելՍակայն, այս ուղղության նկարիչները սահմանափակ էին ժանրերի հարցում: Նրանք գրեթե հրաժարվեցին դիմանկարի ժանրից, ստեղծագործում էին հիմնականում բնանկարի, նատյուրմորտի ժանրերում` պատկերելով նաև ինտերիերներ, ֆիգուրներով կոմպոզիցիաներ և այլն:
Ֆովիստների դպրոցի առաջամարտիկը համարվումէ Անրի Մատիսը, ով օպտիկական գույնով իսկական հեղափոխություն է անում գեղանկարչության մեջ: Սրա վառ ապացույցը «Տիկին Մատիս. կանաչ գիծ» ստեղծագործությունն է:
Անրի Մատիս- «Տիկին Մատիս. կանաչ գիծ»
Նկարիչը պնդում էր, որ ոչ թե կանանց է նկարում, այլ նկարներԻսկ գույնի մասին, որը գլխավորն է այս իզմի հետևորդների մոտ, Մատիսն ասել է. «Մեկ երանգն ընդամենը գույն է, երկու երանգը միասին արդեն մի հարաբերություն է, մի կյանք: Գույնը նշանակալից է դառնում միայն հարևան գույնի հետ հարաբերության ժամանակ: Հիշեք ձեր առաջին տպավորությունը. այս զգացողությունը ամենակարևորն է…»:
Ուղղության բոլոր անդամներն իրենց ստեղծագործական կյանքում ինքնատիպ են յուրովի: Դերենը միշտ հավատարիմ է մնում հին վարպետների ավանդույթներին, Ռուոն` իր վիտրաժային տեխնիկային, վա Դոնգենը` ցածր խավի մարդկանց երևացող, պատակեռլի դիրքում պատկերելուն, Մառկեն` իր նավահանգիստներին, Վլամինկը`դինամիկ բնանկարներում և այլն:
Ֆրանսիայում ձևավորված արվեստի ուղղությունը տարածում է գտնում նաև Եվրոպայի մյուս երկրներում: Իզմի հետևորդներից են դառնում նաև Շարլ Կամուանը, Լուի Վալտան, Անրի Էվենեպուլը, Մորիս Մարինոն, Ժան Պյուին, Անրի Մանգեն, Ռաուլ Դյուֆին, Օտոն Ֆրիեզը և այլք:
Ալբեր Մարկե- «Նավահանգիստ»
Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունը կարճատև կյանք ապրեց։ Այն ներկայացնող նկարիչների խումբը փարիզյան ցուցահանդեսներին մասնակցեց միայն երեք տարի շարունակ՝ 1905-1907թթ., որից հետո խումբը ցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցին աշխատել գեղանկարչության տարբեր ուղղություններում: Գնալով ֆովիստներն էլ ավելի հեռացան իրական աշխարհից, իրական նկարչությունից, ինչը հանգեցրեց մեկ այլ ուղղության` էքսպրեսիոնիզմի ստեղծմանը:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը