Դե եսիմ...-ը մի շարք արվեստասեր-արվեստագետների շրջանակում արդեն արդարացրել է իրեն: Ամառային
արձակուրդից հետո, ինչպես խոստացվել
էր, վերադառնում
ենք նոր ու բովանդակալից
նյութերով: Նպատակ ունենք պարբերաբար
ձեզ ներկայացնել
այն հայ արվեստաբան-արվեստի տեսաբան-քննադատներին,
ովքեր մեծ դեր են ունեցել հայկական
կերպարվեստագիտության, արվեստաբանության կայացման գործում,
սակայն, ցավոք, երիտասարդ սերնդին,
մասնավորապես ապագա արվեստաբան-մասնագետներին քիչ են ծանոթ: Առաջին անդրադարձը վերաբերում
է ծնունդով
գյումրեցի արվեստաբան
Ռուբեն Գրիգորի Դրամբյանին:
Մարտիրոս Սարյան. Ռուբեն Դրամբյանի դիմանկարը |
Նրա գործունեությունն ընթանում
է մի քանի ուղղությամբ՝
պատկերասրահի ստեղծում,
ցուցանմուշներով համալրում,
հայ արվեստի ուսումնասիրություն միջնադարից
մինչեւ նորագույն
շրջան, քննադատություն եւ մանկավարժություն: 1924–1951 թթ. Դրամբյանը տնօրինում
է եւ գրեթե ոչնչից ստեղծում Հայաստանի
ազգային պատկերասրահը,
նախկին ԽՍՀՄ լավագույն թանգարաններից մեկը՝ հայկական,
ռուսական, արեւմտաեվրոպական եւ կիրառական
արվեստի բաժիններով:
Ունենալով բացառիկ գեղարվեստական ճաշակ՝ նա Հայաստանում
ու նրա սահմաններից դուրս խնամքով հավաքում
է ժամանակակից
եւ անցյալ դարերի հայ նկարիչների գործերը:
Մոսկվայի եւ Պետերբուրգի թան-գարանների գործիչների
եւ նկարիչների
հետ ունեցած կապերի ու իր հանդեպ մեծ վստահության
շնորհիվ Ռ. Դրամբյանին հաջողվում
է թանգարաններից, մասնավոր հավաքածոներից եւ հնավաճառներից ժողովել հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական նկարիչների
ու քանդակագործների գործերի մի պատկառելի հավաքածո:
Մեծ դեր են խաղացել հայ դասականների՝
իր կազմակերպած
ցուցահանդեսները, որոնց ցուցանմուշները նվիրվել են պատկերասրահին (Հ. Հովնաթանյան,
Ե. Թադեւոսյան,
Է. Շահին եւ այլն): Առանց պատկերասրահի
հայկական բաժնի կազմավորման հնարավոր
չէր լինի գրել մենագրություններ եւ հայ նոր ու նորագույն արվեստի պատմություն: Արվեստաբանը
քաջ գիտակցում
էր նաեւ հայ հին եւ նոր արվեստի ուսումնասիրության համար կարող ուժերի ներգրավման
կարեւորությունը: Այդպիսիք
եղան ռուս միջնադարյան արվեստի խոշոր գիտակներ
Լ.Դուռնովոն
եւ Ա. Սվիրինը: Սվիրինը գրեց հին հայկական մանրանկարչության պատմությունը (Миниатюра Древней Армении, М.-Л., 1939):
Ռուբեն Դրամբյանը Գարեգին Հովսեփյանի, Սիրարփի Տեր-Ներսեսյանի,
Լիդիա Դուռնովոյի
հետ հայ արվեստագիտության հիմնադիրն
է այն տարբերութ-յամբ, որ նա ուսումնասիրել է ոչ միայն հայ միջնադարյան
արվեստը, այլեւ հիմք է դրել հայ նոր եւ նորագույն արվեստի ուսումնասիրության:
1939
թ. «Սասունցի
Դավիթ» էպոսի
1000-ամյակի եւ Հայ մշակույթի
տասնօրյակի առթիվ նա Մոսկվայում
կազմակերպեց միջնադարից
մինչեւ նորագույն
շրջանի հայ արվեստի առաջին աննախադեպ ցուցահանդեսը,
որ շռնդալի հաջողություն ունեցավ:
1954-ից Ռ. Դրամբյանը տեղափոխվում
է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, ղեկավարում
կերպարվեստի եւ կիրառական արվեստի բաժինները, գիտական հիմքի վրա դնում XVII–XVIII դդ. հայ սրբապատկերի
եւ Հովնաթանյանների տոհմի ստեղծած որմնանկարի ու հաստոցային նկարչության
ուսումնասիրությունը: Նա 1950–60-ական թվականներին
ղեկավարում է հայ արվեստի պատմության եռահատորը
(որն առայժմ անտիպ է), մասնակցում «ԽՍՀՄ ժողովուրդների արվեստը»
ռուսերեն բազմահատորյակին՝ գրելով հայ արվեստին նվիրված գլուխների մեծ մասը, ընդգրկված
լինելով այդ հեղինակավոր բազմահատորյակի խմբագրական կազմում:
Դրամբյանը
մեզ թողել է արվեստագիտական պատկառելի ժառանգություն: Անտիպ են նրա մի քանի աշխատություններ, այդ թվում՝ բացառիկ հետաքրքրություն ներկայացնող «Հուշերը»:
Նրա առաջին ծանրակշիռ քայլը կերպարվես-տագիտության
ոլորտում «Հայկական
մանրանկարչությունը եւ գրքարվեստը» աշխատությունն է (Очерки по истории искусства Армении, сб. статей,
М., 1939): Նախորդներից այն առաջին հերթին տարբերվում է իր առաջադրած
խնդիրներով, որոնցից կարեւորագույնը հայ մանրանկարչության ազգային եւ գեղարվեստական յուրահատկությունների արձանագրումն
էր: Դրա համար հարկավոր
էր ճշտել, թե Մեծ Հայքում, Կիլիկիայում
եւ գաղթավայրերում ինչ դպրոցներ
կային: Նա ճշտեց աշխարհում
եղած հայերեն ձեռագրերի քանակը եւ դրանց մեջ պատկերազարդ
մատյանների տոկոսը, ինչպես նաեւ՝ ո՞րոնք էին ամենից շատ պատկերազարդվում: Հայ մանրանկարչության առաջին առանձնահատկությունը դեկորատիվությունն է, երկրորդը՝
գույնի զարմանալի
մաքրությունը, երրորդը՝
զարդարվեստի հարստությունը, չորրորդը՝ դպրոցների
ոճական բազմազանությունը: Դրանից բացի` արվեստաբանը նշեց նաեւ ձեռագրերի
տիպերը` ըստ ճոխության եւ թանկարժեքության.
ա) ձեռագրեր բարձրաստիճան
հոգեւորականության եւ իշխանական տոհմերի համար.
բ) արքունական ձեռագրեր
(Կիլիկիա).
գ) հոգեւորականների եւ ժողովրդի տարբեր խավերի համար արված անշուք ձեռագրեր:
Դրամբյանը
մատնանշեց IX–X դդ. յոթ հայերեն ձեռագրեր (հիմա դրանց թիվն ավելի մեծ է)՝ հերքելով Յ. Ստրժիգովսկու դրույթը,
որ Էջմիածնի
989 թ. Ավետարանի
VI–VII դդ. եւ 989 թ. մանրանկարները սիրիական վարպետների
գործեր են: Մյուս հոդվածը վերաբերում է կիլիկյան «Ութ մանրանկարիչների Ավետարանին»
(Из истории армянской миниатюры XIII–XIV вв.): Այս
ձեռագիրն աչքի է ընկնում պատկերազարդման մի քանի համակարգերով
ու ոճերով. դրանց հիման վրա Դրամբյանն
առաջադրել է ութ վարպետի ձեռք, որոնցից հայտնի է վերջինի՝ Սարգիս Պիծակի անունը: Նա մատնանշել
է նաեւ բյուզանդական XI–XII դդ. այն ձեռագիրը,
որից հայերեն մատյանում ընդօրինակված
են մի շարք մանրանկարներ:
Ռ. Դրամբյանը 1950-ականներից
ի վեր մենագրություններ էր գրում հայ նոր եւ նորագույն շրջանի ուղենշային վարպետների
մասին (Հակոբ Հովնաթանյան, Եղիշե Թադեւոսյան, Մարտիրոս
Սարյան, Հակոբ Կոջոյան, Հակոբ Գյուրջյան, Ալեքսանդր
Բաժբեուկ-Մելիքյան):
Մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխությունը հայ նոր արվեստի պատմության`
Ռ. Դրամբյանի
համառոտ շարադրանքը
(История искусства народов СССР, т. 5, М., 1979,с. 328–332, т. 6, М., 1981, с. 355–372) հիմնված է գեղարվեստական այն աշխարհի վրա, ինչ իր հետ բերում է յուրաքանչյուր տաղանդավոր նկարիչ կամ քանդակագործ:
Ընդ որում, հաշվի են առնվում նաեւ սոցիալ-քաղաքական
եւ ազգային կյանքի այն պայմանները, որոնց շնորհիվ կարող էր կյանք ստանալ այս կամ այն ոճը: Հովնաթանյանների տոհմի եւ նրանց վերջին ներկայացուցիչ Հակոբ Հովնաթանյանի արվեստն ամենից լավ գիտեր Ռ. Դրամբյանը: Ուստի նա վերջինիս
մոտ աշխարհիկ
դիմանկարի առկայությունը բացատրում է մարդկանց կյանքում
եւ գիտակցության
մեջ կատարված
այն շրջադարձով,
որն առնչվում
էր Արեւելյան
Հայաստանը Ռուսաստանին
միանալու հետ: Այսինքն` ասիական հետամնացությունից եւ պահպանողականությունից միանգամից
անցում նոր հասարակարգ:
XIX
դ. երկրորդ կեսին կատարվում
է վիթխարի թռիչք դեպի ժամանակակից արվեստը:
Գեղանկարիչները, քանդակագործները, գրաֆիկները, թատերական
նկարիչները կրթվում են Ռուսաստանի
եւ Եվրոպայի
լավագույն հաստատություններում: Այվազովսկին դրսեւորում
է բարձր քաղաքացիականություն, ազգային արժանապատվություն եւ գիտակցություն: Բաշինջաղյանը
նկարում է Հայաստանի եւ իր ծննդավայր
Կախեթիայի բնությունը,
հետեւում Այվազովսկուն
հատկապես օրվա տարբեր պահերը եւ եղանակները
պատկերելու հարցում,
ազդվում ֆրանսիական
մեծ բնանկարիչներից: Այվազովսկու հետ հայ արվեստ է բերում օդային հեռանկարը:
Այնուհետեւ միմյանց հետեւից ներկայացվում
են Շամշինյանը,
Սուրենյանցը, Թադեւոսյանը,
Թերլեմեզյանը, Սարյանը,
Յակուլովը, եւ հյուսվում է նոր ժամանակների
հայ արվեստի համառոտ պատմությունը`
որպես գեղարվեստական ձեռքբերումների եւ անհատականությունների պատմություն:
Ռ. Դրամբյանի գիտական գործունեության կարեւոր մասը նրա մենագրություններն են: Դրանցից առաջինը
(Եղիշե Թադեւոսյան,
Երեւան, 1955) օրինակելի
է հայ կերպարվեստագիտության մեջ: Գաղափարական լուրջ սահմանափակումները (օրինակ` սիմվոլիզմը, իմպրեսիոնիզմը, մոդեռնիզմը, պոստիմպրեսիոնիզմը դիտվում էին ռեակցիոն հոսանքներ
եւ միակ առաջավորը համարվում
էր ռեալիզմը)
չեն ազդել գրքի բովանդակության վրա: Այն դասական օրինակ է, որտեղ հմտորեն օգտագործված
են արխիվները,
Ե. Թադեւոսյանի,
Ե. Պոլենովայի
անտիպ, Վ. Պոլենովի տպված եւ անտիպ հուշերը, իր՝ Դրամբյանի հիշողությունները, որը մտերիմ էր նկարչի հետ:
Հաջորդ մենագրությունը նվիրված է Սարյանի արվեստին (Մարտիրոս
Սարյան, Երեւան, 1960):
Հայտնի է, որ Սարյանը մեծ ակնածանք
ուներ արվեստաբանի
նկատմամբ: Դրամբյանն
այստեղ նույնպես
հանդես է գալիս որպես նկարչի արվեստի ամենահավաստի տարեգիրը,
օբյեկտիվ ու ճշգրիտ գնահատողը:
Ներածության մեջ արվեստաբանը պոստուլատների պես տալիս է նկարչի արվեստի ամենագլխավոր
հատկանիշները, որոնք նրան ուղեկցում
են 1905-ից մինչեւ մահ. դրանցից առաջինը նկարչի ազգային դեմքն է: Ազգայինը հատկապես
ցայտուն է դիմանկարներում: Այդ ոլորտում Սարյանը ժամանակագիր է, եւ նրա դիմանկարները կենդանի վավերագրեր են իր ժամանակակիցների մասին: Սարյանի արվեստը դեկորատիվ
ոճով ռեալիստական
է. նկարչի` Հայաստանում բնակվելուց
ա-ռաջ այն հակիրճ է, խարակտերային,
խորհրդային շրջանում
հայրենիքում նրա արվեստը հարստանում
է ռեալիստական
գծերով: Նույն տարում Ռ. Դրամբյանը Մոսկվայում
հրատարակեց Կոջոյանի
մասին փոքրիկ մենագրություն(Акоп Карапетович Коджоян, М., 1960): «Խորհրդահայ կերպարվեստում,– գրում է նա,– անհնար է ցույց տալ մի երկրորդ նկարչի, որի ստեղծագործությունը աչքի ընկներ այնպիսի բազմազանությամբ, ինչպիսին է Կոջոյանի ստեղծագործությունը» (էջ 5): Դա այն դեպքում,
երբ նա արդեն մենագրություններ էր գրել նույնպիսի բազմակողմանի
վարպետների՝ Ե. Թադեւոսյանի եւ Մ. Սարյանի մասին: Կոջոյանի
առթիվ Դրամբյանն
առաջին հերթին նշում է, որ «նրա ստեղծագործության բարձր վարպետությունը, մեծ կուլտուրան, լայն դիապազոնը պայմանավորել
են նկարչի՝ նրա առաջատար
դիրքը, իսկ ամուր կապը իր երկրի, իր ժողովրդի
հետ որոշել է նրա արվեստի ազգային բնույթը» (էջ 5): Մենք Կոջոյանին
հաճախ ենք նայում Դրամբյանի
աչքերով…
Դժբախտաբար,
Հայաստանի քանդակագործությունը չունի այն ընդունելությունը Հայաստանում
եւ նրա սահմաններից դուրս, ինչ գեղանկարչությունը: Համաժողովրդական կամ միջազգային ճանաչում
են ստացել Հակոբ Գյուրջյանը,
Երվանդ Քոչարը, Արա Սարգսյանը:
1966 թ. լույս տեսավ Հ. Իգիթյանի ալբոմը՝ նվիրված Հակոբ Գյուրջյանին, իսկ 1973-ին՝ Ռ. Դրամբյանի մենագրութունը (Акоп Гюрджян, Ереван, 1973): Քանդակագործի
անունը մինչեւ
1958 թ., երբ նրա այրին Հայաստանին նվիրեց վարպետի գեղարվեստական ժառանգությունը, հայրենիքում
քչերին էր հայտնի: Հենց սկզբում Ռ. Դրամբյանն իրեն հատուկ ճշգրտությամբ
բնութագրում է Գյուրջյանին ՝ որպես Փարիզի բովով անցած արվեստագետի, որի ստեղծագործության մեջ արտահայտված է ազգային բնավորությունը: Ռ. Դրամբ-յանը նրբորեն ցույց է տալիս, որ Գյուրջյանի մոտ հայկականությունը կապված է «ծավալների
շոշափելիության հետ, որ հիշեցնում
է Զվարթնոցի
ռելիեֆները» (էջ 7): Ավելին` «Գյուրջյանի
արվեստը հիշեցնում
է արեւելյան
արվեստի արտաժամանակյա կայունությունը (статичность) (էջ
8):
Ի վերջո, որքան ուսումնասիրության արժանի է բուն կերպարվեստը, նույնքան
ուշադրության արժանի է կերպարվեստագիտությունը: Այս ուղղությամբ եւս մե-զանում առաջին լուրջ փորձը պատկանում
է Ռուբեն Դրամբյանին:
Այսպիսով`
Ռուբեն Գրիգորի Դրամբյանը ոչ միայն Հայաստանում
ազգային պատկերասրահի,
այլեւ մեզանում
հայրենի կերպարվեստագիտության հիմնադիրն
է իր մի քանի ուղղություններով եւ գիտական, կազմակերպչական իր մեծ ավանդով բարձր տեղ է գրավում հայագիտության կաճառի մեծերի կողքին:
Նյութը մշակեց Գոհար Նավասարդյանը
Ռուբեն Դրամբյանի ծննդյան
120-ամյակի առթիվ գրված մենագրությունից
Հեղինակ`
Վիգեն Ղազարյան
Комментариев нет:
Отправить комментарий