понедельник, 7 октября 2013 г.

Տրդատ Մեծն ու քրիստոնեության ընդունումը



Հռիփսիմեի սպանությունից հետո Տրդատը վեց օր սուգ է մտնում, մնում խոր տրտմության մեջ, անհուն կարոտով ու կսկիծով հիշում Հռիփսիմեին։ Յոթերորդ օրը թագավորը վճռում է որսի դուրս գալ և որսի մեջ մոռանալ իր վիշտը։ Նա որոշում է որսի ժամը, հրամայում է զորքին՝ հավաքել բերել որսի զենքերը, տագնապ բարձրացնել, լարել ցանցերն ու թակարդները և որսի դուրս գալ Փառական Շեմակաց դաշտում։

Երբ Տրդատը արքայական կառքը նստած քաղաքից դուրս է գալիս, հանկարծ դիվահարվում է և կառքից վայր տապալվում, սկսում է մոլեգնել ու իր մսերը կրծել։ Նա վարազի կերպարանք է ընդունում, մտնում եղեգնուտը, դառնում խոտաճարակ։ Թեպետ քանիցս կամենում են նրան քաղաք բերել, արգելափակել, սակայն նրա ահռելի ուժի և դիվահարության պատճառով չեն կարողանում։ Թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները մնում են շվարած ու ահաբեկված այդ ահավոր պատուհասից։ Տրդատի քույր Խոսրովիդուխտը երազ է տեսնում, նրան ասում են, որ թագավորի փրկությունը

կախված է միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորից։ Անհրաժեշտ է մարդ ուղարկել Արտաշատ, դուրս բերել բանտարկված Գրիգորին, որը և կդարմանի թագավորի ցավը։ Երբ Խոսրովիդուխտը իր մտերիմներին պատմում է երազը, սկսում են նրան միայն հեգնել ու ծաղրել, թե ինչպես մարդ կարոդ է տասնհինգ տարի կենդանի մնալ Խոր Վիրապում, երբ առաջին իսկ օրը այնտեղ ընկնողն իսկույն կմեոնի սոսկ օձերի ահռելի տեսքից։ Երազը կրկնվում է մի քանի անգամ, այն էլ սպառնալիքով, որ եթե անմիջաաես Գրիգորին չազատեն Խոր Վիրապից, ապա թագավորի տանջանքներն առավել կսաստկանան, կմահանա և նորանոր պատուհասների կենթարկվեն երկիրն ու ժողովուրդը։


Խոսրովիդուխտը այս անգամ մեծ երկյուղածությամբ ու զգուշավորությամբ պալատականներին պատմում է իր տեսած երազն ու սպառնալիքները։
Արքունիքից շտապ կարգով Արտաշատ են ուղարկում Օտա Ամատունուն։ Երբ Օտան գալիս է Արտաշատ, քաղաքացիք հարցնում են գալու պատճառը։ Իմանալով, որ նա եկել է Խոր Վիրապից բանտարկված Գրիգորին տանելու, շատ են զարմանում և կասկած հայտնում նրա կենդանի մնալու մասին։ Հաստ պարաններ են բերում, կապում իրար, կախում Վիրապի մեջ։ Օտան վերևից ձայն է տալիս։

— Գրիգո՜ր, ուր որ ես, դուրս ե՛կ, այդպես է հրամայված քո պաշտած աստծո կողմից։

Հովնաթան Հովնաթանյան-Տրդատ 3-րդ Մեծ
Գրիգորն անմիջապես Խոր Վիրապում ոտքի է կանգնում, շարժում պարանը և ամուր բռնում։ Քաշում, հորից հանում են Գրիգորին. նրա ամբողջ մարմինը թխացել էր, ածուխի նման սևացել։ Իսկույն հանդերձներ են բերում, հագցնում և մեծ խնդությամբ Արտաշատից տանում Վաղարշապատ։ Խոզի կերպարանք մտած թագավորն անջատվում է վայրի խոզերի երամակներից և քաղաքի մոտ ընդառաջ է գալիս Գրիգորին։ Քաղաքի մոտ Գրիգորին դիմավորելու են գալիս նախարարները։ Երբ հեռվից նրանք տեսնում են բազմության հետ իրենց մոտեցող Օտային ու Գրիգորին, գալիս են ընդառաջ, ծունկի գալիս և ասում.

— Խնդրում ենք քեզանից՝ ներիր մեր հանցանքները, որ մենք գործել ենք քո դեմ։

Գրիգորը մոտենում է նրանց, ոտքի կանգնեցնում, ապա հարցնում նահատակված կույսերի տեղը։ Իմանալով, գնում է այնտեղ, հավաքում է բնավ չապականված նրանց մարմիններն ու մարմնի մասերը։ Նախարարները պատանքի համար շատ հանդերձներ են բերում, սակայն Գրիգորը արժանի չի համարում կույսերին այդ արքայական պատանքներում ամփոփել, այլ նրանց յուրաքանչյուրի մարմինը պատում է նրանց իսկ պատառոտված հանդերձներով և բերում, տեղավորում է այն հնձանում, որ կույսերի օթևանն է եղել։ Ինքն էլ մնում է այդ հնձանում և մինչև լույս աղոթում։

Հաջորդ օրը վարազակերպ թագավորը, նախարարները, ավագանու մեծամեծները խուռն ամբոխի ուղեկցությամբ գալիս, ծնկի են իջնում Գրիգորի և նահատակների մարմինների առջև և իրենց կատարած հանցանքների համար ներում հայցում։ Գրիգորը նրանց սկսում է քարոզել նոր կրոնի սկզբունքները և առաջարկում ճանաչել ու ընդլայնել այդ կրոնը, որպեսզի նրանք ազատվեն իրենց հետ պատահած այդ դժբախտությունից և նորանոր պատուհասներից։ Թագավորն ու նախարարները համաձայնում են ընդունել այդ կրոնը, եթե ամեն ինչ կներվի իրենց և պատուհասներն էլ կվերացվեն։ Գրիգորը 65 օր շարունակ նորադարձներին մանրամասն քարոզում է նոր վարդապետության հիմունքներն ու պատգամները, 65 օր թագավորն ու նախարարները պաս են պահում, թավալվում նահատակված կույսերի օթևանի առջև՝ մոխիրների մեջ, ապաշխարում, բժշկություն խնդրում։ 66-րդ օրը Գրիգորը թագավորին, նախարարներին և ամբոխին պատմում է այդ գիշեր իր տեսած հրաշալի տեսիլքը՝ աստվածային պատգամներով, որոնցով պահանջվում էր տեսիլում երևացած ոսկե խարիսխ ունեցող հրեղեն սյան տեղում կառուցել աստծո տաճար, կույսերի զոհված տեղերում՝ վկայարաններ, որպեսզի տուժածներն ու պատուհաս կրողները բուժվեն և իրենց ընդունած նոր հավատի մեջ ամրապնդվեն։

Թագավորն ու նախարարները խնդրում են Գրիգորին՝ հրամայել անել տալ այդ ամենը, ինչպես ինքը կկամենա։ Գրիգորն անմիջապես կարգադրում է շինանյութ հայթայթել հիշյալ տաճարն ու վկայարանները արագ կառուցելու համար։ Հավաքված մարդկային բազմությունն այդ լսելով՝ արագ գործի է անցնում, յուրաքանչյուրը գնում է շինանյութ պատրաստելու և բերելու։ Հրամայված տեղերում բերում և կուտակում են վեմ, քար, աղյուս, մայրի փայտ։ Գրիգորը նույն տեղերում նախագծում է կառույցների հիմքերն ու հորինվածքը։ Բազմության նվիրված ջանքերով՝ արագորեն կառուցվում են երեք վկայարաններ, մեկը՝ քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, Հռիփսիմեի և երեսներկու ընկերների նահատակված տեղում, մյուսը՝ հարավային կողմում, ուր նահատակվել էր Գայանեն իր երկու ընկերուհիներով, իսկ երրորդը՝ այգիների մեջ՝ հնձանի տեղում, որը նրանց կացարանն է եղել։

Այնուհետև Գրիգորը հրամայում է նահատակվածներից յուրաքանչյուրի համար մայրափայտից արկղի նման պինդ ու երկաթագամ տապաններ շինել։ Արագ պատրաստում են տապանները, բերում հնձանի դուռը։ Գրիգորը միայնակ, յուրաքանչյուր նահատակի տեղավորում է փայտե տապանի մեջ, ամրացնում, կնքում։ Իսկ Տրդատը, որ բացի մարդաբար խոսելուց և հասկանալուց, ամբողջապես խոզի կերպարանք ուներ, ձեռների ու ոտքերի թաթերը խոզի էին, մարմինը՝ խոզի թավ մազերով ծածկված, վարազի նման խոշոր ժանիքներով և գլխին քուրձ գցած ման էր գալիս, մոտենում է Գրիգորին, աղաչում, որ գոնե ձեռներն ու ոտները բուժելու հնար գտնի, որպեսզի ինքն էլ կարողանա այդ սուրբ շինվածքների կառույցին իր անձնական մասնակցությունը բերել։

Գրիգորը ծնկի է գալիս նահատակների դագաղների մոտ, ձեռները պաղատագին երկինք բարձրացնում, թագավորին և մյուս պատուհասվածներին բուժում հայցում։ Գերեզմանները պատրաստելուց հետո Տրդատը գալիս Գրիգորից յոթնօրյա ճամփորդության թույլտվություն է խնդրում։

Թագավորը գնում, բարձրանում է բարձր Մասիսն ի վեր և Մասսի գագաթից կարծր, անտաշ, ծանր ու երկար քարեր պոկում, այնպիսի մեծամեծ քարեր, որ դրանցից մեկն անգամ մարդկանց բազմությունը չէր կարող տեղից շարժել։ Հսկայազոր թագավորը հսկա Հայկի նման այդ վիթխարի ժայռաբեկորներից ութ քար վերցնելով՝ դնում է իր թիկունքին և բերում հասցնում է նորակառույց վկայարանները։ Նա մեն-մենակ չորս քար կանգնեցնում է Հռիփսիմեի վկայարանի սեմին, իբրև հուշարձան կույսի հետ մղած իր անմիտ մարտի։


Սբ. Հռիփսիմեի եկեղեցի

Վկայարանները կառուցելուց, ավարտելուց, հարդարելուց հետո նահատակների դագաղներն ամփոփում են խորանների տակ փորված գերեզմաններում և յուրաքանչյուրի վրա խաչ կանգնեցնում։ Ապա թագավորն ամբողջ ժողովրդի հետ գնում է այն վայրը, ուր Գրիգորի տեսիլի մեջ երևացել էր ոսկե խարսխի վրա հրեղեն սյունը։ Այդ վայրը շրջափակում են բարձր պարիսպներով, դռներ դնում, փակում և մեջտեղը խաչ տնկում։

Գրիգորն այնուհետև ծնկի է գալիս, աղաչում, աղոթում աստծոն, որ թագավորին և մյուս պատուհասվածներին բուժում տա։ Թագավորը, որ խոզի կերպարանքով կանգնած էր ժողովրդի մեջ, հանկարծ դողով է բռնվում, վրայի խոզի մորթը, ժանիքներն ու կնճիթակերպ դեմքը վայր են ընկնում, խոզի մազի թավությունից կոշտացած մաշկը թափվում է։ Տրդատը ձեռք է բերում իր մարդկային կերպարանքը՝ փափուկ ու մատղաշ մաշկով և լիովին բուժվում։ Նույն կերպ բուժվում են նաև բոլոր նրանք, ովքեր պատուհասվել էին այս կամ այն հիվանդությամբ։ Մեծ ցնծություն և ուրախություն է պատում ամենքին, սկսում են աշակերտներ հավաքել Հայաստանի տարբեր կողմերից՝ նոր կրոնի վարդապետությունն ուսուցանելու։ Արարատյան նահանգի արքայանիստ Վաղարշապատը դառնում է նոր կրոնի ուսուցման կենտրոն։
Գրիգորի առաջարկությամբ թագավորն ու իշխանները խորհուրդ են անում իսպառ վերացնելու հեթանոսությունը, կործանելու հին աստվածների բագիններն ու մեհյանները։

Տրդատը հրաման է տալիս այդ գործի իրականացումը հանձնարարել Գրիգորին։ Թագավորն ինքն անձամբ ամբողջ զորքով Գրիգորի հետ միասին, Վաղարշապատից շարժվում, գնում է Արտաշատ։ Նրանք նախ Արտաշատի ճանապարհին՝ Երազամույն կոչված տեղում, ուր բարձրանում էր Որմիզդի գրչի Դիվան անունով Տիր աստծո մեհյանը, ավերում և կործանում են։ Տեղի քրմերը իրենց պահապան գնդերով չկարողանալով դիմադրել արքունի զորքին, փախչում լցվում են Արտաշատում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը։ Երբ Տրդատը զորքով մտնում է Արտաշատ և շրջապատում մեհյանը, նրանք ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, պարիսպների վրայից հարձակվողների վրա նետերի ու քարերի տարափ են տեղում, որոշ չափով կասեցնում հարձակումը։ Բայց մեհյանը հարձակվողների ճնշման տակ կործանվում է, կրակի մատնվում, ավերվում։ Այնտեղ ամբարված գանձերը բաժանում են աղքատներին, տառապյալներին և չքավորներին։ Այնուհետև Գրիգորը Տրդատի հետ միասին զորքով գնում է Դարանաղյաց գավառը։ Այստեղ Թորդան գյուղում էր գտնվում սպիտակափառ Բարշամինա աստծո մեհյանը։ Նախ կործանում են մեհյանը, փշրում աստծո արձանը, կուտակված գանձերը, ոսկին ու արծաթը ավարի են մատնում և բաժանում աղքատներին։ Իսկ գյուղը իր բոլոր դաստակերտներով ու կալվածքներով նվիրում են եկեղեցուն, գավառի բնակիչներին քարոզում նոր կրոնի վարդապետությունը։


Սբ. Գրիգոր Լուսավորիչ./1173թ. ձեառգրի մանրանկար/
Գրիգորն ու Տրդատը զորքով անցնում են Դերջան գավառը, քարոզելու նոր կրոնի սկզբունքներն ու դարձի բերելու տեղի հայ հեթանոս բնակչությանը։ Բագահառիջ գյուղում գտնվող Արամազդի որդի Միհրի մեհյանը հիմքից քանդում են, կուտակված գանձերը ավարի մատնում և աղքատներին բաժանում, իսկ կալվածքները նվիրում եկեղեցուն։ Հեթանոսական մեհյանները քանդելուց, դրանց տեղերում խաչեր տնկելուց հետո, թագավորն ու Գրիգորը վերադառնում են Վաղարշապատ։ Տրդատն այստեղ իր կին Աշխեն տիկնոջ և քրոջ՝ Խոսրովիդուխտի համաձայնությամբ հրաման է տալիս իր բոլոր զորքերին, իրենց զորահրամանատարներով միատեղ ժողովի հավաքվել։ Երբ բոլոր զորքերը իրենց իշխանների, զորապետների և բոլոր նշանավոր մարդկանց հետ ներկայանում են թագավորին, վերջինս բոլորի հետ խորհրդակցելով, առաջարկում է Գրիգորին դարձնել հոգևոր հովիվ, այսինքն՝ կրոնական առաջնորդ, որպեսզի ժողովրդին քրիստոնյա դարձնի և մկրտի։ Գրիգորը մերժում է թագավորի առաջարկը, առարկելով թե՝

— Չեմ կարող համբերել, դիմանալ անչափ բարձրությանը, քանզի անպատում է քրիստոսատուր փառքի առաջնորդության պատիվը՝ միջնորդ դառնալու աստծո և մարդկանց միջև։ Լավ կանեք, եթե ուրիշ արժանի մարդ գտնեք։

Տրդատին ու Գրիգորին տեսիլ է երևում և պարտավորեցնում է Գրիգորին՝ ստանձնելու քահանայապետության պաշտոնը։ Գրիգորը համաձայնում է։ Այնժամ Տրդատը հավաքում է Հայոց աշխարհի 16 գլխավոր նախարարներին ու կուսակալներին և հատուկ հրովարտակով Գրիգորի հետ ուղարկում Կեսարիա քաղաքը, Գրիգորին Հայոց աշխարհի քահանայապետ օծելու համար։

Իշխաններն ու կուսակալները կազմ ու պատրաստ, իրենց հետ վերցնում են տարբեր ընծաներ՝ ոսկի ու արծաթ, ձիեր ու ջորիներ, զանազան շքեղ հանդերձներ, Գրիգորին նստեցնում են սպիտակ ջորիներ լծած արքունական ոսկեպատ կառքը, իրենք էլ նստում են կառքեր կամ երիվարներ, յուրաքանչյուրն իր զորագնդով, զինանշաններով Վաղարշապատից մեկնում են Հունաց կողմերը։ Ճանապարհին, տարբեր քաղաքներում ու ավաններում նրանց դիմավորում են մեծ ցնծությամբ ու ուրախությամբ, բազում պատիվների ու հյուրասիրության արժանացնում։ Այսպիսի հարգով ու պատվով նրանք հասնում են Կեսարիա, ներկայանում Ղևոնդիոս կաթողիկոսին, հանձնում Տրդատի հրովարտակն ու ընծաները։ Ղևոնդիոսն ու մյուս քահանայապետները մեծ սիրով ու ուրախությամբ են ընդունում հայոց պատվիրակությանը, պատշաճ պատիվների արժանացնում։ Ապա Ղևոնդիոսը եպիսկոպոսական մեծ ժողով է գումարում և Գրիգորին ձեռնադրում են Հայոց աշխարհի քահանայապետ, նրան շնորհելով եպիսկոպոսի աստիճան։

Այնուհետև Կեսարիայի կաթողիկոսն ու եպիսկոպոսները մեծ պատվով, հատուկ նամակով ու ընծաներով հայոց պատվիրակությանը ճանապարհ են դնում դեպի Հայաստան։ Պատվիրակությունը գալիս հասնում է Սեբաստիա քաղաքը, որտեղ Գրիգորը հանդիպում է բազմաթիվ քրիստոնյա կրոնավորների, համոզում է նրանց իր հետ գալ Հայաստան քահանայության կարգի արժանացնելու, քրիստոնեությունը տարածելու և ամրապնդելու համար։ Կրոնավորների մեծ խմբեր հավաքելով՝ Գրիգորը հայոց պատվիրակության հետ մեծ շուքով վերադառնում է Հայաստան։ Երբ գալիս հասնում են Հայաստանի սահմանները, Գրիգորը իմանում է, որ տակավին կանգուն է մնում Տարոն գավառի Վահեվանյան հռչակավոր ու մեծագանձ մեհյանը՝ լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների կողմից նվիրաբերված հարուստ ու բազմազան ընծաներով։ Վահեվանյան մեհյանը հայոց ութերորդ հռչակավոր պաշտամունքատեղն էր, ձոնված Վիշապաքաղ Վահագնին, որ գտնվում էր Եփրատ գետի ափին, Քարքե լեռան վրա՝ Տավրոս մեծ լեռան դիմաց։ Վահագնի այս մեհյանը Մեծ Հայքի թագավորների զոհատեղին էր, որը հաճախակի զոհեր մատուցելու պատճառով կոչվում էր Աշտիշատ։
Սբ. Էջմիածին. Հայասատնի 1-ին քրիստոնեական եկեղեցին. 301թ.

Այստեղ Վահագնի Վահեվանյան մեհյանի կողքին տակավին շեն ու կանգուն էին մնում նաև Անահիտին կամ Ոսկեմայր դիցուհուն ձոնված բագինը, ինչպես նաև Աստղիկ դիցուհու մեհյանը, որ կոչվում էր Սենյակ Վահագնի։ Գրիգորն, ահա, գալիս է Աշտիշատ, որպեսզի քանդի ու կործանի այս երեք մեհյանները, որտեղ մարդիկ տակավին հին սովորությամբ շարունակում էին զոհեր մատուցել։ Գրիգորը Կեսարիայից իր հետ էր վերցրել նաև Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի նշխարները։ Երբ պատվիրակությունը գալիս հասնում է Եփրատ գետի ափին, մեհյանների դիմաց և կամենում է վեր բարձրանալ դեպի այն բարձրավանդակը, որի վրա կառուցված էին մեհյանները, սպիտակ ջորիներ լծած կառքը, որի վրա դրված էին սրբերի նշխարները, կանգ է առնում և այլևս չի կարողանում ձորակն անցնել։
Այդ պահին Գրիգորին տեսիլ է երևում և նրան ցուցում է տրվում նույն այդ տեղում կառուցել մատուռ և սրբերի ոսկորների նշխարներն այնտեղ թաղել։

Գրիգորի կարգադրությամբ զորքն իսկույն գործի է անցնում, արագ կառուցում է մատուռը, գերեզման է փորում և սրբերի ոսկորներն ամփոփում այնտեղ։
Գրիգորը զորքին հրաման է տալիս՝ բարձրանալ վերև և մուրճերով կործանել հեթանոս աստվածների մեհյանները։ Սկզբում այդ զորքին չի հաջողվում, բայց Գրիգորի քաջալերանքով ու օգնությամբ հիմնովին ավերում են մեհյանները, քրմերին ու նրանց մոտ ծառայության եղած մարդկանց կոտորում։ Գրիգորը հավաքում է տեղի բնակիչներին, քրիստոնեություն քարոզում, ապա մեհյանների տեղում եկեղեցու հիմքեր գցում և պաշտամունքի սեղան և մկրտության ավազան կառուցում։ Եվ քանի որ ինքը օծված եպիսկոպոս էր, այստեղ Տարոնում էլ նա հիմք է դնում եկեղեցիների շինարարությանը։ Գրիգորը Տարոնում մնում է քսան օր և տեղացի բնակիչներից մոտ 190 հազ. մարդու մկրտում, դարձնում է քրիստոնյա։ Այնուհետև այս նույն օրինակով նա Տարոնի տարբեր վայրերում եկեղեցիներ է կառուցում և քահանաներ կարգում։ Տրդատը, երբ լսում է Գրիգորի գալուստը, վերցնում է տիկնոջը՝ Աշխենին, և քրոջը՝ Խոսրովիդուխտին, և մեծ զորքով Վաղարշապատից ելնում, գալիս է Գրիգորին դիմավորելու։ Նա գալիս հասնում է Բագավան գյուղաքաղաքը և այստեղ նստում, սպասում Գրիգորին։ Գրիգորն այդ ընթացքում տարբեր գավառներում, շեներում ու ավաններում եկեղեցիներ է կառուցում, մկրտություն կատարում, քահանաներ կարգում։ Ապա գալիս է հասնում Բագավան։ Թագավորը ամբողջ զորքով դուրս է գալիս նրան ընդառաջ և Եփրատ գետի ափին դիմավորում նրան։

Տրդատին են հանձնում Ղևոնդիոս կաթողիկոսի օրհնության նամակը, որն ընդունվում է մեծ ցնծությամբ ու ուրախությամբ։ Գրիգորն այնուհետև կարգադրում է արքայական բանակին պասով ու աղոթքով անցկացնել, իսկ ինքը Բագավանում և կից գավառներում շարունակում է նոր կրոնի քարոզը, եկեղեցիների կառուցումը, քահանաների կարգումը։ Երբ պասի ու աղոթքի ժամկետը լրանում է, Գրիգորը վերցնում է ամբողջ զորքը, թագավորին, թագուհուն, Խոսրովիդուխտին, բոլոր մեծամեծներին ու իշխաններին, վաղ առավոտյան իջնում Եփրատի ափը և բոլորին մկրտում։ Այնուհետև նա յոթ օր շարունակում է այդ արարողությունը և մկրտում շուրջ չորս միլիոն մարդ՝ կին, տղամարդ ու մանուկ։ Քրիստոնեության ուսմունքի նահատակների՝ Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի հիշատակը հավերժացնելու նպատակով, Գրիգորը կարգադրում է Բագավանում պաշտվող Ամանոր և Վանատուր հեթանոս աստվածների տոնը՝ Նավասարդի օրը, վերածել այդ քրիստոնեական սրբերի տոնի։

Նա Տրդատին խնդրում է երկրի տարբեր տեղերից աշակերտներ հավաքել, տալ ուսման, գիտություն և քրիստոնեական վարդապետությունը ուսուցանելու համար։
Տրդատ թագավորը Հայոց երկրի տարբեր կողմերից հավաքում ու բերել է տալիս ուշիմ, ուսման համար պատրաստ մանուկների բազմաթիվ խմբեր և նրանց վրա կարգում հմուտ ուսուցիչներ։ Նա հատկապես հավաքել է տալիս քրմերի կամ նրանց ցեղին պատկանող մանուկներին, ապրուստի թոշակ նշանակում, խմբերի բաժանում, մի մասին տալիս են հունական, մյուս մասին՝ ասորական կրթության։ Նրանց մեծ մասը հետագայում դառնում են եկեղեցական նշանավոր գործիչներ։ Այդպես, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծ թագավորի ջանքերով Հայոց աշխարհում տարածվում են քրիստոնեությունն ու օտար լեզուներով դպրությունն ու լուսավորությունը։