вторник, 22 октября 2013 г.

Մռայլադեմ Հադեսի թագավորությունը



Երկրի ընդերքում թագավորում է Զևսի դժնատեսիլ եղբայրը՝ Հադեսը: Նրա թագավորությունը լի է խավարով ու սարսափներով։ Անհատակ անդունդները երկրի երեսից տանում են դեպի Հադեսի տխուր թագավորությունը։ Մթամած գետեր են հոսում այնտեղ։ Այնտեղ է հոսում նաև սառցի պես պարզ Ստիքս սրբազան գետը, որի ջրերով երդվում են աստվածները։
Այնտեղ ալիք են տալիս Կոկիտոսն ու Աքերոնը Հանգուցյալների հոգիների հեծեծանքները՝ թախծալի ու վշտալի, հնչում են նրանց մռայլ ափերին։ Ստորերկրյա թագ ավորաթյան մեջ ցայտում են նաև ամենայն երկրայինը մոռացութան մատնող Լեթե աղբյուրի ջրերը։ Հադեսի թագավորության մռայլ և ասփոդելի դժգույն ծաղիկներով պատած դաշտերով թափառում են մեռյալների անմարմին ու թեթևասահ ստվերները։ Նրանք ողբում են իրենց անլույս, ցանկություններից զուրկ կյանքը։ Հազիվ լսելի՝ կամացուկ են հնչում նրանց հեծեծանքները, որպես աշնանային քամուց քշվող թորշոմած տերևների շրշյուն։ Դժոխային եռագլուխ շունը՝ Կերբերը, որի վզին գալարվում են սոսկումնալի սուլոցներ արձակող օձերը, հսկում է Հադեսի թագավորության մուտքը։ Անողորմ, զառամյալ Քարոնը մեռածների հոգիներն է տեղափոխում Աքերոնի մռայլ ջրերով նա ոչ մի հոգի վերստին հետ չի տանի այնտեղ, ուր պայծառ շողում է կյանքի արևը։ Մեռածների հոգիները Հադեսի խավար թագավորության մեջ դատապարտված են մշտնջենական անուրախ գոյության։
Հենց այդ թագավորության մեջ, ուր չեն հասնում երկրային կյանքի ո՛չ լույսը, ո՛չ հրճվանքը, ո՛չ էլ թախիծը, թագավորում է Զևսի եղբայր Հադեսը։ Նա իր կնոջ՝ Պերսեփոնեի հետ միասին նստում է ոսկեղեն գահին։ Նրան ծառայում են վրեժխնդրության անողորմ աստվածուհիներ Էրենիները։ Ահեղ են նրանք. խարազաններն ու օձերը ձեռքներին հետապնդում են մեղսագործին, ոչ մի պահ հանգիստ չեն տալիս նրան և հոգեմաշ են անում խղճի տառապանքներով։ Ոչ մի տեղ չի կարելի ապաստանել նրանց հետապնդումներից, Էրինիներն ամենուրեք գտնում են իրենց զոհին։ Հադեսի գահի մոտ նստում են մեռյալների թագավորության դատավորներ Մինոսը և Հռադամանթիսը։ Հենց այստեղ, գահի մոտ է նաև մահվան աստված Թանատոսը սուրը ձեոքին, սև թիկնոցով, լայնատարած սև թևերով։ Անդրշիրիմյան պաղություն է փչում այդ թևերից, երբ Թանատոսը թռչամ է մահամերձի մահճի մոտ, որպեսզի իր սրով մի փունջ մազ կտրի նրա գլխից ու հափշտակի հոգին։ Թանատոսի կողքին են և մռայլատես Կերկերը։ Նրանք մոլեգնորեն սավառնում են ճակատամարտի դաշտերով, հրճվում են՝ տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսի հետևից ընկնում հերոսները, ապա իրենց շառագույն շուրթերով հպվում են վերքերին, ագահաբար ըմպում ընկածների տաք արյունը և մարմինների միջից դուրս կորզում նրանց հոգիները։
Այստեղ, Հադեսի գահի մոտ է նաև գեղեցկատես Հիպնոսը՝ քնի պատանի աստվածը։ Նա անշշուկ թևածում է երկրի վրայով՝ կակաչի գլխիկները ձեռքին և եղջյուրի միջից քնաբեր հեղուկ է ցողում։ Նա իր հրաշագործ ձողիկով քնքշաբար հպվում է մարդկանց աչքերին, կամացուկ փակում կոպերը և մահկանացուներին ընկղմում քաղցր քնի մեջ։ Հզոր է Հիպնոս աստվածը. նրան չեն կարող ընդդիմանալ ո՛չ մահկանացուները, ո՛չ աստվածները, ո՛չ էլ մինչև իսկ Զևսը. Հիպնոսը նրա ահեղնացայտ աչքերն էլ է փակում և ընկղմում խոր քնի մեջ։
Հադես աստծո կերպարը հույն քանդակագործի պատկերացմամբ
Հադես աստծո կերպարը հույն քանդակագործի պատկերացմամբ
Հադեսի խավարչտին թագավորության մեջ սավառնամ են նաև երազների աստվածները։ Նրանց մեջ կան իմաստուն և հրճվալից երազներ տվող աստվածներ, բայց կան նաև այնպիսիները, որոնք մարդկանց ահավոր, ճնշող, երկյուղով համակող ու տանջալից երազներ են բերում։ Կան և կեղծ ու պատիր երազների աստվածներ, որոնք մարդկանց մոլորաթյուն մեջ են գցում, հաճախ էլ կորստյան մատնում։ Անողորմ Հադեսի թագավորությունը լի է խավարով ու սարսափներով։ Այնտեղ, խավարի մեջ, թափառում է սոսկալի ուրվական Էմպուսան՝ ավանակի ոտքերով։ Նա, գիշերային խավարում մարդուն խորամանկուաթյամբ հմայելով մի թաքուն տեղ, խմում է նրա ամբողջ արյունը և խժռում նրա դեռևս թպրտացող մարմինը։ Այնտնղ թափառում է և հրեշավոր Լամիան. նա գիշերը մտնում է երջանիկ մայրերի ննջարանը և գողանում նրանց երեխաներին՝ սրանց արյունը խմելու համար։ Բոլոր այդ ուրվականների և հրեշների վրա իշխում է Հեկատե մեծ աստվածուհին։ Նա երեք մարմին ունի և երեք գլուխ։ Անլուսին գիշերներին, թանձր խավարի մեջ, թափառում է նա ճանապարհների վրա ու գերեզմանների մոտ իր ամբողջ սոսկալի շքախմբով, ստիքսյան շներով շրջապատված, սարսափներ ու տանջալից երազներ է ուղարկում երկիր և կորստյան մատնում մարդկանց։ Հեկատեին հաճախ օգնության են կանչում կախարդելիս, բայց հենց ինքն էլ միակ օգնականն է՝ կախարդանքի դեմ բոլոր նրանց համար, ովքեր հարգում են նրան և ճամփաբաժանին, ուր բաժանվամ են երեք ճանապարհներ, շներ զոհաբերում նրան։ Սոսկալի է Հադեսի թագավորությունը և ատելի է մարդկանց։
 
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Ն. Կունի <<Հին հունական լեգենդներ և առասպելներ>> գրքից