Գյումրին հայտնի է որպես արհեստի և արվեստների քաղաք: Այս
հանգամանքը միշտ քաղաքին ստիպում է հանդես գալ ըստ պատշաճի: Այս անգամ
սակայն Գյումրին հանրությանը ներկայանում է միջազգային մակարդակով…
Սեպտեմբերի 21-ին Գյումրիում մեկնարկեց քանդակագործության միջազգային
սիմպոզիումը, որն այս քաղաքում անցկացվում է առաջին անգամ:
Նախագծի գաղափարը Գյումրու Մշակութային էքսպերիմենտալ կենտրոնինն
/ՄԷԿ/ է: Սիմպոզիումն ունի ՛՛Կենարար աղբյուր՛՛ խորագիրը և անցկացվում է
՛՛Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք՛՛ միջոցառումների
շրջանակում: Այս սիմպոզիումը հաղթողներ կամ պարտվողներ չի ունենալու, այն
հիմքում ունի ավելի մեծ գաղափար` մի քանի քանդակագործների հավաքել մեկտեղ,
ժողովրդին հնարավորություն տալ քանդակի ստեղծման պրոցեսին ներկա գտնվելու և
քաղաքին նվիրել 10 քանդակներ:
Նախագծին մասնակցում են 10 արվեստագետներ, որոնցից վեցը հայեր են,
մնացածը Իտալիայից /Մասսիմո Լիպի/, Բելառուսից /Սպարտակ Հարությունյան/,
Ուկրաինայից և Ռուսաստանից /Արչիլ Դիդիշվիլի/ եկած
քանդակագործներ: Սիմպոզիումը ներգրավել է ինչպես պրոֆեսիոնալ
քանդակագործների ու դասախոսների, այնպես էլ դեռ սկսնակ ուսանողների:
Հայաստանը բացի Գյումրիից ներկայացնում են նաև Երևանից և Ստեփանակերտից
եկած քանդակագործներ:
Սիմպոզիումն անցկացվում է Գյումրու Խաղաղության օղակում:
Քանդակագործներն այստեղ աշխատում են ամբողջ օրը: Մասնակիցներին հանձնվել են
տարբեր չափերի անմշակ քարեր: Նրանք տեղում քանդակում են իրենց նախագծած
քանդակները, տձև քարերին հաղորդելու են շունչ, ստացվող քանդակին` իմաստ ու
բովանդակություն: Սակայն մասնակիցներից ոմանք քանդակի թեման մտածել են այն
բանից հետո, երբ տեսել են քարի չափերը:
՛՛Ձեր քաղաքում շատ վարպետներ կան, դուք լավ արվեստ, ճարտարապետություն
ունեք, ինձ իրոք հաճելի է այստեղ աշխատելը՛՛,-նշում է Ռուսաստանը
ներկայացնող վրացի արվեստագետ Արչիլ Դիդիշվիլին:
Սիմպոզիումի օրերը հետաքրքիր են անցնում, մասնակիցներից շատերը
իրենց աշխատանքներն արդեն ավարտել են: Իտալացի քանդակագործ Մասսիմո Լիպին
այնքան է ընտելացել քաղաքի միջավայրին, որ Խաղաղության օղակի դիմացի
փողոցում նույնիսկ փերֆորմանսներ է անում:
Գյումրին արդեն ՛՛հարմարվել է՛՛ այս արվեստային միջավայրին …
Ֆլորենցիայի ակադեմիայի դասախոսը Գյումրիին հիշատակ է թողնելու իր քանդակած
մետաղե ձկով խաղաղության հրեշտակը, որը, իր խոսքերով, բոլոր
ժողովուրդներին կանչելու է իր մոտ:
՛՛Կենարար աղբյուրն՛՛ իսկական իրադարձություն էր Գյումրիի
կյանքում: Մինչ այս ոչ մի քանդակ չէր ստեղծվել գյումրեցու աչքի առաջ,
մինչդեռ հիմա ստեղծագործական պրոցեսին մասնակցություն է ցուցաբերում ողջ
քաղաքը: Քանդակներն իրենց ձևն են ստանում Գյումրիի քաղաքացիների աչքի
առջև….
Սիմպոզիումը ավարտված կհամարվի այն օրը, երբ վերջին քանդակագործը
կվերջացնի իր աշխատանքը: Արդյունքում Գյումրիին կնվիրվեն 10 քանդակներ,
որոնք կտեղադրվեն ՛՛Հաղթանակի՛՛ զբոսայգում:
Գոհար Նավասարդյան
լուսանկարները` Քանդակագործության միջազգային սիմպոզիումի ֆեյսբուքյան էջից
Комментариев нет:
Отправить комментарий