Գյումրու քանդակագործության միջազգային սիմպոզիումը մոտեցավ
իր եզրագծին: Շուրջ մեկ ամիս հայ և օտարազգի քանդակագործներ Գյումրու Խաղաղության օղակում
աշխատում էին իրենց քանդակների վրա: Սիմպոզիումի նպատակը Գյումրիում քանդակի բացօթյա
թանգարան ստեղծելն էր, ինչը արդյունքում ստացվեց: <<Սիմպոզիումը որպես իրադարձություն արդեն կայացած ու պատմության մեջ ամրագրված փաստ է: Մենք մեր քաղաքին ցանկանում էինք պարգևել տևական տոն: Գյումրին կարողացավ հաղթահարել ու ևս մեկ անգամ զարմացնել իր արվեստագետներով և արվեստասեր պարզ քաղաքացիներով>>,-ասում է նախագծի կազմակերպիչ և պատասխանատու, ՄԷԿ կազմակերպության
տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանը: Հաղթանակի զբոսայգում կտեղադրվեն 10 իրարից տարբեր, բայց
և միանման քանդակներ, քանի որ բոլորն էլ ստեղծված են մեկ ընդհանուր խորագրի տակ`
<<Կենարար աղբյուր>>…Սակայն սա բնականաբար չի խանգարում յուրքանաչյուր
աշխատանքի անհատական ընկալմանը: Ցանկացած քանդակագործ ունի իր ձեռագիրը, քարի հետ աշխատելու
վարպետությունն ու ինքնատիպ մտածելակերպը: Միջազգային սիմպոզիումի մասին շատ հոդվածներ
գրվեցին, մամուլում և համացանցում նախագիծն ակտիվ լուսաբանվեց, խոսվեց նրա նպատակի,
միջոցների, մասնակիցների մասին, ուստի այժմ հարկ է անդրադառնալ սիմպոզիումի ընթացքում
ստեղծված քանդակներին:
Բոլորն են տեսել Հայկ Նահապետի քանդակը Երևանում /քանդակագործ`
Կառլեն Նուրիջանյան, քանդակի վերատպությունը տպագրված է նույնիսկ դպրոցական դասագրքերում/:
Սիմպոզիումի գյումրեցի մասնակից Տիգրան Հովհաննիսյանի <<Նետաձիգ>> քանդակը
առաջին հայացքից ինձ մոտ ասոցացվեց նահապետի կերպարի հետ: Թե՛ քանդակի ընդհանուր կոմպոզիցիան,
թե՛ գաղափարը ասես ամբողջանում են աղեղի առաձգականությամբ: Ըստ քանդակագործի` սա է
կենարար աղբյուրը, հայության սկիզբը:
Տիգրան Հովհաննիսյան-Նետաձիգ |
Հին հայկական ծիսակատարություններից, տարբեր խորհուրդներից
և վերջապես մայրության սիմվոլից է գալիս Սպարտակ Հարությունյանի <<Մայրություն>> քանդակը /ի դեպ, այս քանդակը սիրվեց բոլորի կողմից/:
Կոմպոզիցիան կազմակերպված է այնպես, որ քանդակն ընկալվում է կլոր, դիտվում է բոլոր
կողմերից: Քանդակի երկու անցքերը գյումրեցիները նմանեցնում են հին ժամանակներից եկած
մեգալիթյան կառույցների, ֆետիշների հետ /Քարահունջ, Ծակ քար/: Սակայն ստեղծագործության
վերնագիրն ինքնին հղում է մայրությանը` մեկնելով
նաև քանդակի իմաստը:
Սպարտակ Հարությունյան-Մայրություն |
<<Մայրություն>> է կոչվում նաև Արցախից եկած քանդակագործ
Ալբերտ Սարգսյանի քանդակը: Նմանատիպ բովանդակություն ունի Ուկրաինան ներկայացնող արվեստագետ
Նորայր Քեսայանի <<Մայր հող>> կոմպոզիցիան ևս, որը, իմ կարծիքով, ավելի
ամբողջական կլիներ նռան բացակայության դեպքում:
Ալբերտ Սարգսյան-Մայրություն |
Կամո Սարիկյանի <<Հայոց կենարար աղբյուրը>> քանդակը
խորհրդանշում է կենաց ծառը: Իր կոմպոզիցիայով այն բաժանվում է երկու մասի: Ներքևի հատվածում
կնոջ, տղամարդու և երեխաների ֆիգուրներ են, որոնք քանդակված են հետևի ռակուրսից: Ֆիգուրների
հատվածը դիտվում է որպես բառելիեֆ և օղակում, գրկում է քանդակն իր ամբողջ լայնքով:
Վերևի մասում նռի, խաղողի, տերևների ոճավորումներ են: Կոմպոզիցիան ավարտվում է խաչաձև
երկու քառակուսիներով: Վերջին դետալը ամբողջացնում է քանդակը` հիմնական ուշադրությունը
և՛ կենտրոնացնելով իր վրա, և՛ վանելով իրենից:
Իտալացի քանդակագործ Մասսիմո Լիպիի <<Հրեշտակները>>
քանդակն իր չափերի շնորհիվ աչքի է ընկնում նույնիսկ հեռվից: Գրեթե անմշակ թողնելով
քարի մի հատվածը` քանդակագործն այնուամենայնիվ հասել է մեծ արտահայտչականության: Քանդակի կոմպոզիցիան կառուցված է այնպես, որ ներքի
հատվածը դատարկ է, վերևում տարբեր կաողմերի վրա քանդակված են երեք հրեշտակներ: Նման
դասավորվածությունը ստիպում է դիտողին քանդակը նայել ներքևից վերև, իսկ հրեշտակների
աբստրակտ ֆորմաները քանդակը դարձնում են մյուսներից տարբերվող:
Մասսիմո Լիպի-Հրեշտակներ |
Քանդակագործ Լևոն Աղանյանը <<Կենարար աղբյուրին>>
ներկայացնում է <<Վերածնունդ>> քանդակը, որը Հայաստանի պատմությունն է,
անցյալն ու ներկան: Կոմպոզիցիան բաժանված է երկու մասի, որոնցից մեկը, քանդակագործի
խոսքերով, Հայաստանն է, մյուսը` Արցախը: Կամուրջով երկու հատվածները միանում են իրար:
Ինչպես Լևոն Աղանյանն է ասում, <<սա մենք ենք>>:
Հետաքրքիր է նաև Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ վրացի
արվեստագետ Արչիլ Դիդիշվիլու <<Նախնիներ>> բոլորաքանդակը: Սա կյանքի մի
յուրօրինակ պատմություն է, որը և՛ միայն Արչիլինն է, և՛ բոլորինը, քանի որ թեման վերաբերում
է նախնիներին: Կոմպոզիցիայի առաջին մասում նախնադարյան քանդակների կանանց ֆիգուրները
կնոջ քանդակ է, Վիլլենդորֆյան Վեներայի նման կանանց` սերունդ տալու ունակությունը ընդգծող:
Քանդակի հետևի մասում ուղղահայաց գրված են քանդակագործի պապերի անունները, մյուս կողմում
երկու տղամարդու ֆիգուրներ են: Սերունդների շարունակականությունը գալիս է կնոջից, ուստի
քանդակում կնոջ ֆիգուրը դոմինանտ դիրք է զբաղեցնում:
Լևոն Աղանյան-Վերածնունդ |
Արչիլ Դիդիշվիլի- Նախնիներ |
Զավեն և Արտուշ Կոշտոյաններ-Գյումրի |
Մի հսկայական քարաբեկորից սֆինքս-մարդառյուծ է կերտել Էմին
Պետրոսյանը: Տարբեր ազգություններ ունեն իրենց սֆինքսները, սրանք գալիս են Եգիպտոսից,
Ասորեստանից, Պարսկաստանից: Իր ոճավորումներով այս աշխատանքը նման է ասորական շեդուներին,
նույնիսկ էրեբունու արալեզին: Այն հիշեցնում է <<Էրեբունի>>
պատմահնագիտական
արգելոց-թանգարանի ճակտոնային մասի ձևավորումը: Սակայն կարծես ինչ-որ բան խանգարում է քանդակի ամբողջական
լինելուն: Վերևի հատվածը չափազանց հարթային է, ստեղծագործությունն ինքնին ասես պատվանդան
լինի:
Էմին Պետրոսյան-Սֆինքս |
Կցանկանայի նշել նաև սուբյեկտիվ կարծիքս այն մասին, որ եթե
տվյալ 10 քանդակները տեղադրվելու են մի զբոսայգում, ապա հարկավոր էր մեկը մյուսից ստեղծել
տարբեր, քանդակել այլ բովանդակությամբ: Մինչդեռ բոլոր աշխատանքները կերտված են
<<Կենարար աղբյուր>> թեմայով: Սիմպոզիումի մասնակիցների համար կենարար
աղբյուր է հանդիսանում կամ մայրն ու հայրենիքը, կամ պատմությունը, ուստի ստեղծագործությունները, եթե կոմոպոզիցիայով տարբերվում են, ապա գաղափարով
իրար շատ մոտ են: Մի տարածքում բովանդակությամբ այսքան նման քանդակներ տեղադրելը, ըստ
իս, այնքան էլ նպատակահարմար չէ…
Այսպիսին են միջազգային սիմպոզիումի ընթացքում ստեղծված քանդակները` միմյանցից տարբերվող, բայց և միանման, քանի որ հղում են մի ընդհանուր խորագրի, այն է` «Կենարար աղբյուր»…
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ, արվեստաբանության բաժին, 4-րդ
կուրս
Լուսանկարները` Քանդակագործության միջազգային սիմպոզիումի ֆեյսբուքյան էջի
Комментариев нет:
Отправить комментарий