вторник, 15 октября 2013 г.

97-2013...... Մանուկյան և երիտասարդ արվեստագետներ


Սերունդների հերթափոխը կյանքի շարունակականության հիմքն է: Կյանքը, ինչպես և արվեստը առաջընթաց չէին ունենա, եթե չծնվեին նոր մարդիկ, ի հայտ չգային նոր արվեստագետներ…

Հոկտեմբերի 14-ին Գյումրու Սթիլ ցուցասրահում տեղի ունեցավ Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի բաժնի ուսանողների և շրջանավարտների խմբակային ցուցահանդեսը: Նրանց մեկտեղ էր հավաքել նկարիչ, դոցենտ, ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչ, դասախոս Գագիկ Մանուկյանը, ով իր կտավներն այս անգամ ցանկացել էր ներկայացնել տարբեր տարիներին իրեն աշակերտած երիտասարդ նկարիչների հետ:
Սթիլ ցուցասրահի երկու սենյակներում կողք կողքի կախված էին ակադեմիայի տարբեր տարիների գրաֆիկների գործեր, որոնցից յուրաքանչյուրն ասես արտացոլում է մի <<ակադեմիական  ժամանակաշրջան>>: Եվ իրոք, փոխվող սերնդի հետ փոխվում է նաև ակադեմիայի առօրյան, ստեղծագործական շունչն ու թափը, որը յուրաքանչյուր արվեստագետի մոտ արտահայտվում է յուրովի: Ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 20 արվեստագետներ ինչպես ակադեմիայի առաջին տարիների շրջանավարտներից /Կարեն Բարսեղյան, Գրիշա Աղաջանյան, Գոհար Սմոյան, Սարգիս Հովհաննիսյան, Լևոն Ֆլջյան, Եվա Հարութ/, այնպես էլ նորավարտներից և դեռ ուսանողներից /Գոհար Մարտիրոսյան, Տաթև Հարությունյան, Հովհաննես Սմոյան, Տաթև Հովսեփյան/:
Գրաֆիկները միշտ աչքի են ընկնում իրենց նորարարությամբ: Ցուցահանդեսն իրենից ներկայացնում էր գծի, գույնի,  ձևի, ոճերի, տարբեր տեխնիկաների ու նյութերի սինթեզ…Սարգիսի գծերը, Գոհարի մեխերը, Տարոնի վառ գույները, Գրիշայի էքսպրեսիան, Տաթևի ապակիները, Լևոնի պիքսելներով դիմանկարները…. այսպիսին է ցուցահանդեսի բազմազանությունը, ակադեմիայի գրաֆիկայի բաժնի ընդհանուր դիմագիծը:
Միջոցառման բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ներկայացուցիչներ մշակույթի բաժնից, ակադեմիայի տնօրեն Համբարձում Ղուկասյանը, նկարիչներ, մտավորականներ, դասախոսներ և ուսանողներ: Աշխատանքների ցուցադրությունն ուղեկցվեց <<Երկնային արմատներ>> ռոք խմբի երաժշտական կատարումներով: Ցուցահանդեսն անցկացվեց Գյումրու օրը` ևս մեկ տոնական <<արվեստային անակնկալ>> մատուցելով քաղաքացիներին:



     
  
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ, արվեստաբանության բաժին, 4-րդ կուրս
Լուսանկարները` Բելլա Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий