понедельник, 15 июня 2015 г.

Մայաների քաղաքակրթության արվեստը



Առավելապես 21-րդ դարում մարդկությանը հայտնի դարձած, բայց և միևնույն ժամանակ առեղծվածային Մայաների քաղաքակրթությունը շատ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում է: Այն մեզ թողել է բավականին մեծ ժառանգություն ինչպես որոշ գյուտերի, այդ թվում` շոկոլադի, այնպես էլ մի շարք արվեստի նմուշների տեսքով,  չնայած նրան, որ հաճախ շատերը զարմանում են “մայաների արվեստ” հասկացությունը լսելիս: Դե եսիմ…-ի սույն անդրադարձը պատմում է այս հնագույն քաղաքակրթության ու նրա մշակույթի մասին` փորձելով լույս սփռել ինչպես գուցե շատ հայտնի, այնպես էլ աննկատ մնացած երևույթների վրա: 

Մայան մեկն է այն քաղաքակրթություններից, որոնք առաջացել են Մեզոամերիկայում: Դրանցից են նաև Օլմեքների, Ացտեկների, Ինկերի, Միշտեկների, Սապոտեկների, Տոլտեկների, Տոտոնակների, Չիչիմեկների  և  մի քանի այլ քաղաքակրթություններ ևս:
Մեզոամերիկյան քաղաքակրթությունն ունեցել է տարբեր պետությունների ժամանակաշրջաններ: Ըստ հերթականության դրանք հետևյալն են` Օլմեքների քաղաքակրթություն, Տեոտիուական քաղաք-կայսրություն, Տոլտեկների պետություն, Սապոտեկների և Միշտեկների պետություն, Ացտեկների կայսրություն,  Մայաների քաղաք-պետություններ, Հալիսկո, ապա նաև սակաեկաս նահանգների հնդկացիների պատմություն և վերջում` Տլաշկալի հանրապետություն [1]:
Մեզոամերիկյան պետությունների արվեստն ընդունված է բաժանել երեք փուլերի`
  1. մինչդասական /մ.թ.ա. 20—րդ դարից մինչև մ.թ. 1-ին դ./
  2. դասական /1-9-րդ դդ./
  3. հետդասական /10-16-րդ դդ./
Մեզոամերիկայն առաջին ցեղը Օլմեքներինն է, որոնք ձևավորվում են Մեքսիկայում` դնելով հին մեքսիկան մշակույթի հիմքերը: Նրանց հաջորդելու էին մյուս ցեղերը և հերթը հասնելու էր Մայաներին: Ներկայումս տարածքը, որտեղ զարգացել է Մայաների քաղաքակրթությունը մտնում է  Մեքսիկայի, Գվատեմալայի, Բելիզի, Սալվադորի, Հոնդուրասի տարածքների մեջ։
Բուրգ Չիչեն-Իցայում
Չնայած նրան, որ այս ցեղն ստեղծվել է նախադասական ժամանակաշրջանում, նրանց շատ քաղաքներ, համաձայն մեզոամերիկյան գրականության, իրենց զարգացման գագաթնակետին են հասել դասական ժամանակաշրջանում և շարունակել հետագա զարգացումը մինչև իսպանացիների հայտնվելը [2]։
Մայաները հետաքրքիր պատկերացումներ ունեին աշխարհի ստեղծման, բնական երևույթների վերաբերյալ: Նրանք ունեին հարուստ դիցարան: Մայաներն առասպել ունեին Սեյբա համաշխարհային ծառի մասին, որն աճում է տիեզերքի կենտրոնում: Մայաների կարծիքով, մարդիկ ապրում են բնի մակարդակին, ծառի կատարը գտնվում է երկնքում, իսկ արմատները` ստորգետնյա թագավորությունում:
Երբ մարդիկ մահանում են, նրանց հոգիների ծառի բնով կամ վեր են բարձրանում կամ իջնում են վար: Այդ կախարդական ծառի կատարին կա մի աստվածային թռչուն` երկնքի արքայություն մտնելու խորհրդանիշը:
Մայաների առասպելաբանության մեջ 4 աստվածներ կանգնած են տիեզերքի 4 անկյուններում և պահում են երկինքը, որպեսզի այն չընկնի երկրի վրա: Այդ աստվածները պատկերված են կրիայի, իգուանի, օպոսումի և խխունջի տեսքով: Տիեզերքը կազմված է 13 երկինքներից և 9 ստորգետնյա աշխարհներից, և երկնքի աստվածները պատերազմում են ստորգետնյա դևերի դեմ:
Մայաների բարձրագույն աստվածներից մեկը Իցամնան է: Նա պատկերվում է որպես երկնային վիշապ: Իցամնային երկրպագում էին որպես աշխարհի արարիչ, առաջին քուրմ և գրերի գյուտարար: Իցամնայի կինը Իշչելն է` լուսնի աստվածուհին, ծննդաբերության, բժշկության և ջուլհակության հովանավորը: Բժշկվելու համար հնդկացիները երկրի տարբեր ծայրերից գնում էին նրա սրբավայրեր:  Իշչելի համար գեղեցիկ աղջիկների էին զոհաբերում [3]:
Մայաները համարում էին, որ աշխարհը ծնվում և մեռնում է որոշակի պարբերականությամբ։ Նրանց սուրբ գրքի՝ «Փոփոլ-Վուխի» համաձայն աշխարհը կծնվի ու կմեռնի չորս անգամ։ Առաջին դարաշրջանը կավե մարդկանցն էր։ Նրանք այնքան փափուկ ու հիմար էին, որ աստվածները բոլորին ոչնչացրին։ Եկավ Երկրորդ՝ փայտե մարդկանց ժամանակաշրջանը։ Սրանք սիրտ ու միտք չունեին, և աստվածները սրանց վերջը ջրհեղեղով տվեցին։ Հետո հայտնվեցին երկու հերոս՝ Խուն-Ախպուն ու Շբալանկեն, որ կռվեն երկրային հրեշների դեմ։ Նրանք եգիպտացորենից մարդիկ ծնեցին, որոնք, վերջապես գլխի ընկան, որ պիտի երկրպագեն երկնային շանթերին[4]:
Մի քանի խոսք Մայաների գրականության մասին: Սկզբնական շրջանում գրերն անում էին պատերի, հուշակոթողների վրա, ինչպես նաև կերամիկական առարկաների ու քանդակների: Ավելի ուշ որպես մագաղաթ սկսեցին օգտագործել եղնիկնի կաշին: Գրի տակ գրվում էր նաև տարեթիվը: Օլմեքների և մայաների նշանները, որպես կանոն, պատկերվում էին քառակուսու տեսքով: Ացտեկներինը ավելի ազատ էին `կախվախ տարբեր հանգամանքներից: Մեզոամերիկյան գրանիշային համակարգում կան հետևյալ առանձնահատկությունները`
1.      բառեր, որոնք ունեն հատուկ ընթերցանություն և չունեն հոմանիշներ
2.      բառեր, որոնք կարդացվում են տարբեր կերպ և ունեն տարբեր իմաստներ
3.      բառեր, որոնք կարդացվում են և սկզբից, և վերջից
Գրի, նշանների զարգացման արդյունքում Մայաները հանգում են օրացույցի գյուտին: Այն բաղկացած էր 365 օրից, ուներ 18 ամիս, յուրաքանչյուր ամիս` 20 օր։ Լրացուցիչ 5 օրերը համարվում էին վատ օրեր, ուստի մարդիկ աշխատում էին այդ օրերին ոչինչ չանել, նույնիսկ հաց չէին ուտում։ Մյուս 260 օրերից կազմված օրացույցը ստեղծվել էր գուշակությունների և կրոնական ծեսերի համար։ Այս օրացույցը կարող էին կարդալ և մեկնաբանել միայն քրմերը, որոնք մեծ դեր էին խաղում մայաների հոգևոր կյանքի կազմակերպման գործում։ Մայաների կրոնական պաշտամունքում որոշակի տեղ էր զբաղեցնում աստվածներին մարդկային զոհեր մատուցելը։ Որպես զոհ ընտրում էին երիտասարդ, առողջ և գեղեցիկ մարդկանց:
Հազար սյուների տաճարը Չիչեն-Իցայում
Գրականությանը զուգահեռ զարգանում են նաև թատրոնն ու երաժշտությունը: Մինչկոլուբյան Մեքսիկայի թատրոնը զարգանում է երկու ուղղությամբ` ծիսական, որի ժամանակ հերոսները հիմնականում աստվածներն էին, և իրապաշտական: տարածված էին նաև կատակերգությունները: Մայաների դրամատիկ ստեղծագործությունները  ուղեկցվում էին պարով: Նրանք  նաև ամֆիթատրոն ունեին: Թատրոնում կային պրոֆեսոիանալ դերասաններ: Մայաների ամենահայտնի դրամանՌաբինա Աչինէր: Ինչ վերաբերում է երաժշտությանը, այն ևս ուղեկցվում էր պաշտամունքային ծիսակատարություններով: Ացտեկները, Մայաներն ու Ինկերը առաջինն էին, որ ստեղծել էին կրթական համակարգ:  Երաժիշտ դառնալու համար մարդիկ պարտավոր էին ավարտել դպրոցը` կալմեկակը, որը գտնվում էր Տենոչտիտլանում: Մայաներն ունեին ահ-հոյպոպի կերպար: Սա կրոնական դիրիժորն էր, որին հարգում էին բոլորը:
Տենոչտիտլանի վերականգնված մանրակերտը
 Մայաներն աչքի են ընկել ամբողջությամբ մշակված լեզվական համակարգով, պիկտոգրաֆիայով, ինչպես նաև մաթեմատիկական և աստղագիտական համակարգերով։ Սակայն պակաս ուշադրության չէ արժանի նաև այս քաղաքակրթության արվեստը` հանձինս ճարտարապետության, քանդակագործության, գեղանկարչության ու դեկորատիվ կիրառական արվեստների:
Պալենկեի Արի տաճարը
Մայաների քաղաքը սովորաբար շրջակա գյուղական համայնքների հետ միասին կազմում էր քաղաքպետություն, որը կառավարում էր քուրմթագավորը։ Քաղաքի կենտրոնում գտնվում էր բարձր բուրգը, որը շրջապատված էր լայնարձակ հրապարակով։ Բուրգի գագաթին տաճար էր կառուցված։ Մայաների շինությունների մեծ մասը կառուցված էր կարմիր քարով: Այս քաղաքակրթության ճարտարապետական գլխավոր տարրըՄայաների կամարնէ: Իրենց շինությունները Մայաները կառուցում էին մշակված ու փոշիացած կրաքարով, որը դառնում էր ցեմենտի նման ու ամրացնում էր քարերը:  Այնուհետև պատերը ներկում էին ծառի խեժից ստացված յուղով, որը պաշտպանում էր կառույցը անձրևից և ժամանկի ընթացքում դառնում էր կարմրավուն, աղյուսի գույնի: Շինությունները սկզբից հասարակ կառույցներ էին, առանց լուսամուտների` պլատֆորմի վրա կառուցված, որպեսզի պաշտպանվեն ջրերից: Նույնիսկ քրմերի ու առաջնորդների տները նմանատիպ էին, տարբերվում էին միայն պլատֆորմի բարձրությամբ: Ավելի ուշ ի հայտ են գալիս աստիճանավոր բուրգերը, որոնք կառուցված էին իրար վրա դրված աստիճանաբար նեղացող պլատֆորմներով:  Այսպիսի բուրգի օրինակ է Վաշակտուն քաղաքի E-VII բուրգը: Այն բոլոր կողմերից աստիճաններ ուներ և պատված էր օլմեքական ոճով ալեբաստրից պատրաստված հովազի դիմակներով
Պատվանդան գանգերի բառելիեֆով
Ինչպես նշվեց նախորդիվ, Մայաների տաճարները հիմնականում տեղադրված էին բուրգերի գագաթներին: Դրանք չափերով փքր էին, խուլ պատերով, լուսամուտներ չունեին: Բուրգերի բարձրությունը հասնում էր 50-60 մետրի: Սա այնքան էր, ինչքան այն սարի բարձրությունն էր, որի մոտ, ըստ ավանդության, նրանց նախնիների քարանձավն էր: Երբեմն բուրգերի տակ, կամ վրա կառուցում էին նաև դամբարաններ: Մայաների մոտ հանդիպում են նաև պալատներ: Դրանք բոլորը, բացի Պալենկայի պալատից, միահարկ են, առանց լուսամուտների, հաճախ լաբիրինթոսի նման խճճված հատակագծով: Մայաների ճարտարապետությունը պետության տարբեր կողմերում զարգանում էր տարբեր ուղղություններով: Յուրաքանչյուր շրջան ուներ իր ոճը: Հանդիպում են Պետենայի, Պալենկայի, Ռիո-Բեկի, Ուսումասինտիի և այլ ոճեր:
10-13-րդ դարերում մշակութային և քաղաքական առաջնությունը պատկանում էր Չիչեն-Իցա քաղաքին, որի զարդը Կուկուլկանի 20-մետրանոց, 9-հարկանի քառակուսի հատակագիծ ունեցող բուրգ է: Այն իր մոնումենտալությամբ և ներդաշնակությամբ իշխում է բոլորի վրա, դոմինանտում է հարակից տարածքի մյուս շինությունների նկատմամբ:
Հետդասական շրջանում Մայաները սյուներ էին կառուցում, որոնք նման էին թռչող օձերի: Առաջին անգամ սյունն ի հայտ է գալիս Տեոտիուականում: Սյունն իրենից ներկայացնում է օձի մարմին: Սյան հիմքը մարմինն է, պոչով, կապիտելը` գլուխը: Փետրավոր թռչող օձը համարվում է տոլտեկական գերագույն աստված Կեցալկոատլի խորհրդանիշը: Նա իբրև զոհ ընդունում էր միայն օձեր և թիթեռներ: Կարելի է ասել, որ օձի կերպարանքով սյուներ կառուցելով Մայաները պաշտում էին իրենց գերագույն աստծուն:
Մայաների որոշ քաղաքներում հանդիպում են աստղադիտարաններ, որոնք իրենցից ներկայացնում էին շրջանաձև կամ քառակուսի հատակագծերով աշտարակներ, որոնց կենտրոնով բարձրացող սանդուղքները տանում էին դեպի ուսումնասիրությունների համար նախատեսված  սենյակ:


Այս քաղաքակրթության ներկայացուցիչները կառուցել էին նաև հատուկ վայրեր, որտեղ տեղի էին ունենում գնդակով խաղեր: Այսպիսի խաղը մեծ ժողովրդականություն է վայելել ավելի քան 3000 տարվա ընթացքում: Մեզոամերիկյան խաղը կարելի է ինչ-որ արարողության հետ  համեմատել: Տեղի բնակչությունը մինչ օրս նման խաղ է խաղում, որը կոչվում է ուլամա: Հրապարակները նախատեսված էին ոչ միայն խաղերի, այլեւ տարբեր փառատոններ,  բազմազան մշակութային միջոցառումներ, երաժշտական ներկայացումներ անցկացնելու համար:
Գնդակ խաղալու վայր Կոպանում
Մայաներն ունեցել են նաև շոգեբաղնիքներ: Դրանք հիշեցնում էին սաունաներ: Ջուրը լցնում էին տաք քարերի վրա, դրանով իսկ ստեղծելով թանձր գոլորշի: Որպես կանոն, հին սաունաներից բոլորն էին օգտվում՝ թագավորներից մինչև  ստորին դասի հասարակ մարդիկ:
Աստղադիտարան Չիչեն-Իցայում
Բուրգերի կառուցմանը զուգահեռ զարգանում է նաև քանդակագործությունը, սակայն վերջինս ավելի շուտ էր ձևավորվել: Վաղ դասական շրջանից մեզ են հասել ինչպես մոնումենտալ, այնպես էլ փոքր չափերի քանդակներ: Մայաների մոտ քանդակի հիմնական նյութը փայտն էր, այնուհետև դառնում է կավը, նեֆրիտն ու լուսնաքարը: Մայաների հուշարձանները զարդարված էին ռելիեֆներով և փորագրություններով: Որպես կանոն, հուշարձանի մի կողմում պատկերում էին տղամարդու ֆիգուր` հիմնականում աստծո կամ առաջնորդի, իսկ մյուս երեք կողմերում գրություններ էին թողնում: Սկզբնական շրջանում ֆիգուրների համաչափությունը խախտված էր, մարմինները անկենդան էին: Ռելիեֆներում պահպանվում էր հին եգիպտական կանոնը` գլուխը, ձեռքերը, ոտքերը` պրոֆիլ, կուրծքը և աչքերը` անֆաս: 4-րդ դարում պատկերում են նաև ֆաս դիրքով ֆիգուրներ: Ավելի ուշ շտկվում են անատոմիական հատվածները: Գլուխը դառնում է դեպի ձախ շրջված, մարմինը` պրոֆիլ: Հետզհետե կարևորվում է կերպարի տրամադրությունը և դիրքը: Կանանց գրեթե բոլոր ֆիգուրները պտկերում էին միևնույն դիրքն ու հագուստը` վերև բարձրացրա ձեռքերով: Ըստ երևույթին, սա հենց Իշչել աստվածուհու քանդակն է:
Բառելիեֆ Պալենկեից
Դասական շրջանում քանդակները թե տեխնիկապես, թե թեմատիկորեն բարդանում են: Արդեն ի հայտ են գալիս բազմաֆիգուր կոմպոզիցիաներ: Հետդասական շրջանում Մայաների քանդակը զրկվում է ինքնուրույն գործածությունից: Այն դառնում է բառելիեֆի մաս և սկսում զարդարել շինությունները:
Կերամիկական ֆիգուր Հայնա կղզուց
Ի տարբերություն ճարտարապետությանը և քանդակագործությանը, Մայաների գեղանկարչությունը համեմատաբար քիչ է զարգացած: Սակայն, չնայած այս հանգամանքին, գեղանկարչությունը թույլ է տալիս պատկերացում կազմել Մայաների կենցաղի, ծեսերի ու ավանդույթների մասին: Մայաների մոտ գեղանկարչությունը համեմատաբար զարգացած է, քան Մեզոամերիկյան մյուս ցեղերի մոտ: Գեղանկարչության հիմնական կրողները որմնանկարներն են: 
Գերիներին պատկերող գծանկար Պալենկեից
Պահպանվել են որոշ ֆրագմենտներ: Որմնանկարներ հանդիպում են պալատների առաստաղներին, պատերին, տաճարների մուտքերի վրա, խորաններին: Հետդասական շրջանում գեղանկարչությունն ավելի դինամիկ ու ողբերգական է դառնում: Կերպարների մոտ ընդգծվում է անհատականությունը: Գեղանկարչության թեմաները երկուսն են` դինաստիաների գովք և հաղթական, որը պատկերում է աստվածներից թագավորին իշխանության հանձնումը: Մինչ օրս չի հաջողվել հաստատապես ասել, թե ինչ տեխնիկայով են նկարված Մայաների որմնանակրները: Ամենահավանական տարբերակը մնում է տեմպերան:
Հասարակության խավերը պատկերող նկար Բոնամպակից
Մայաները ողջ աշխարհում հայտնի են որպես կավագործներ ու փորագրող մանրանկարիչներ: Հիմնականում նրանք օգտագործում էին տեղական կավը, սակայն երբ կարիք էր լինում Մայաները նյութը բերում էին հարևան տարածքներից: Կավի հետ խառնում էին տարբեր նյութեր ևս, բուսական ու կենդանական հումքեր, ծաղիկների սերմեր, երբեմն` արմատներ ու խխունջներ[5]: Յուկատանում տարածված էին բրուտագործական արհեստանոցներ, որտեղ պատրաստում էին անոթներ, բազմագույն քանդակներ: Մայաների անոթները ստեղծված էին ծեսերի և կենցաղային կիրառության համար: Դրանք համարվում էին շքեղության առարկա: Նրանց վրա պատկերում էին քրմերի և բարձրաստիճան քաղաքացիների կյանքից տեսարաններ, ինչպես նաև դիցաբանական դրվագներ:
Կավե աման. 6-րդ դար
Ովքեր են Մայաները և ինպես են կարողացել վերանալով հանդերձ մնալ մարդկային հասարակության պատմության մեջ…սրանք այն երկու հիմնահարցերն են, որոնց պատասխանները  հայտնի են, բայց և առեղծվածային, քանի որ կապված են այնպիսի ձեռքբերումների հետ, ինչպիսին այս քաղաքակրթության հայտնի օրացույցն է կամ ճարտարապետական այն կառույցները, որոնց շինարարության պատմությունը եգիպտական բուրգերի նման մնում է գաղտնի, բայց որոնք մինչ օրս գրավում են հազարավոր զբոսաշրջիկների:

5. Альберто Рус - Народ майя
Դե եսիմ` Գ. Ն.