Արվեստում քիչ են այնպիսի դեպքերը, երբ նկարիչը երկար տարիներ
վատնում է մի ստեղծագործության վրա, նույնիսկ տարիների ընթացքում հիասթափվում է իր
ստեղծագործությունից և որոշում ավարտին չհասցնել այն: Խոսքը 25 երկար տարիների մասին
է, ավելի քան երկու տասնամյակ աշխատել միևնույն նկարի վրա… Նման ստեղծագործությունների
շարքում առաջիններից է ռուս նկարիչ Ալեքսանդր Իվանովի “Քրիստոսի հայտնությունը մարդկանց”
կտավը: Մինչ այս ստեղծագործությունն արարելն Իվանովն արդեն հայտնի էր որպեսլավ նկարիչ:
Նրան մեծ ճանաչում էր բերել “Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագթաղինացուն” նկարը,
որը դասել էր նրան ռուս տաղանդավոր նկարիչների շարքին: Այս նկարը, ինչպես նաև “Ապոլոնը,
Հակինթը և Կիպարիսը”, արտահայտում են հասարակ մահկանացուների և երկրայինի, աստվածայինի
շփումը: Սակայն Իվանովին անհրաժեշտ էր մեկ այլ ստեղծագործություն ևս, որը կդառնար գլուխգործոց
և կմնար եզակի բոլոր ժամանակներում… Գլուխգործոցը դառնում է “Քրիստոսի հայտնությունը
մարդկանց” կտավը, որի վրա նկարիչը սկսում է աշխատել 1833 թվականից:
Ալեքսանդր Իվանով- Քրիստոսի հայտնությունը մարկանց |
Աստվածաշունչը կարդալով`
Իվանովը գտնում է մի այնպիսի թեմա, որին դեռ ոչ ոք չէր անդրադարձել: Նա ցանկանում էր
կրոնական թեմային տալ պատմական բովանդակություն: Պաղեստինում լինելու հնարավորություն
չունենալով` Իվանովը փորձում է նկարի համար որպես բնանակարի ֆոն ընտրել Իտալիայի գողտրիկ
տեսարաններից մեկը: 1834թ. նա մեկնում է Հյուսիսային Իտալիա: Նրա գլխավոր նպատակը դառնում
է Վենետիկի դպրոցի գեղանկարչությանը ծանոթանալը: Նկարի վրա Իվանովն աշխատում է շուրջ
20 տարի /1837-1857թթ./, սակայն էսքիզներ արել է դեռևս 1833 թվականից: Այս գրեթե
25 տարիների ընթացքում եղել են երկարատև ընդմիջումներ: 40-ականներին Իվանովը ընդհանրապես
հիասթափվում է այս նկարից: Մի քանի տարի է պահանջվում թեմային վերադառնալու համար:
1945թ. ստեղծագործությունն արդեն գրեթե պատրաստ էր, պակասում էին մի քանի ֆիգուրներ:
Դրանցից էին ստրուկի դեմքը, ջրից դուրս եկող ֆիգուրը և կոմպոզիցիայի կոնտրոնում կանգնած
ֆիգուրները: Նկարում Հորդանան գետն է, որում մարդիկ են մկրտվում` Հովհաննես Մկրտչի
գլխավորությամբ: Իր չափերով այս կտավը բավականին մեծ է: Չափերով այն գերազանցում է
նույնիսկ Բրյուլովի “Պոմպեյի վերջին օրը” նկարին:
Նկարի թեման հայտնի է բոլորին. Հովհաննես
Մկրտիչը, ով հրեաների սուրբ գետում կնքում է հավատացյալներին, հանկարծ նկատում է մեկին,
որի անունով հենց մկրտում է բոլորին: Խոսքը, իհարկե, Հիսուսի մասին է:
Կոմպոզիցիան բաժանված է մի քանի մասերի`
ջրից դուրս ելնող ծերունին ու երիտասարդը, աշակերտների խումբը, ձախից սկեպտիկի կերպարը,
առաջին պլանի հարուստի և ստրուկի կերպարները և վերջապես, աջից` հայրն ու որդին: Որոշիչ
դեր ունի Հովհաննեսի կերպարը: Նա կանգնած է կոմպոզիցիայի գրեթե կենտրոնում: Մկրտիչը
մատնացույց է անում մի մարդու, որին առայժմ միայն ինքն է ճանաչում. դա Քրիստոսն է`
մարդկության փրկիչը: Ռուս պերեդվիժնիկ Ի. Կրամսկոյն այս կերպարը համարում է իդեալական
դիմանակր` դնելով այն Զևսի, Միլոսյան վեներայի, Սիքստինյան տիրամոր կերպարներին հավասար
հարթության վրա:
Ձախից կանգնած մերկ մարդը, ջրից դուրս
գալով, ուզում է հագնվել, սակայն լսելով Հովհաննեսի խոսքերը, որ եկել է Նա, ով մկրտելու
իրենց սուրբ հոգով, շրջվում է, որպեսզի տեսնի Փրկչին: Պատկերված մարդկանից ոմանք անմիջապես
շրջվում են Հիսուսի կողմը, մի քանիսը մնում են անշարժ: Ստրուկի ֆիգուրը ևս կարևոր կոմպոզիցիոն
նշանակություն ունի: Հետաքրքիր է, որ այն ոչ թե հրեա է, այլ սլավոնացի: Սրա համար հիմք է հանդիսացել անտիկ քանդակներից մեկը: Կոպիտ
դիմագծերով, մեծ աչքերով, կնճիռներով կերպարը կտավի հանգուցային հատվածներից մեկն է:
Քրիստոսի ֆիգուրը բնության ֆոնին. ֆրագմենտ |
Նկարելու ընթացքում Իվանովը շատ դեմքեր
է փոփոխել: Նա միշտ կարծում էր, որ նկարված յուրաքանչյուր դեմք միանգամից գալիս էր
առաջին պլան և թույլ չէր տալիս մյուս հատվածներին ևս աչքի ընկնել: Իզուր չէր նկարիչը
ողջ Իտալիայով մեկ հրեայի դիմագծերով բնորդներ փնտրում: Նրա պատկերած յուրաքանչյուր
պորտրետ ինքնատիպ ու գրավիչ է յուրովի: Իվանովն անընդհատ եկեղեցիներ ու սինագոգեր էր
գնում: Նայում էր այնտեղ աղոթող հավատացյալների դեմքերին: Նրան հարկավոր էր նկարագրել
ինչպես ազնվականների, այնպես էլ աղքատների ու ստրուկների հավատի չափը: Պետք էր լավագույնս
պատկերել բարի ու չար, քաջ ու վախկոտ, հետաքրքրասեր ու անհավատ մարդկանց դեմքերի արտահայտությունները:
Ջրից դուրս եկող ֆիգուրները |
Բավականին հաջողված են նաև ջրից դուրս եկող
ծերունու և երիտասարդի ֆիգուրները: Իվանովին հաջողվել է արտահայտել իր ասելիքը` ծառերի
սաղարթները, ջրի ալիքներն ու մարդկանց թաց մարմինները տեղավորելով մի տարածության մեջ:
1940-50-ական թվականներին հեղինակը նկարում է կտավի տղաներին: Սրանց կերպարները նկարվել
են իրական բնորդներից` պլեներային եղանակով:
Այս նկարում մեծ է նաև բնանկարի դերը:
Ըստ հեռանկարի` հետևի պլանը բաժանվում է երեք մասի` բլուրն է, որի վրա հավաքված են մարդիկ, այնուհետև քաղաքն է ու սարերը: Մարդն ու բնությունն Իվանովը դրել է անբաժան, փոխկապակցված կապի մեջ: Տարածությունն
ու ֆորման կարողացել է կիրառել միաժամանակ: Նկարչության նման նրբությունները նկարիչը
սովորել էր Իտալիայում ապրելու տարիներին: Կտավը արարելու վերջին տարիներին Ալեքսանդրն իր առաջ դնում
է մի խնդիր` ցույց տալ օդի հետ շարժման մեջ գտնվող մարմինները:
1848թ. նկարչի կյանքում
մեծ շրջադարձ է տեղի ունենում: նա սկսում է
մտածել, որ իր ուժերից վեր գործ է ձեռնարկել և որ իզուր է նկարը ավարտին հասցնելը:
Իվանովը հոգնել էր անընդհատ նույն նկարի վրա աշխատելուց… Ընդմիջումներ լինում էին,
նա սկսում էր այլ աշխատանքներ նկարել, սակայն ամեն անգամ դարձյալ վերադառնում էր այս
ստեղծագործությանը: Հեղինակը տարվում է ընթերցանությամբ: Նա կարդում է Դ. Շտրաուսի
“Հիսուսի կյանքը”, ապա Ի. Գ. Գերդերի “Հրեական պոեզիայի ոգին” և փոխում իր գաղափարները:
Սկսում է նկարել միայն Աստվածաշնչյան թեմաներով ստեղծագործություններ: Սրանցից են
“Երեք օտարական հայտնում են Աբրահամին Իսահակի ծննդյան լուրը”, “Մանանայի հավաքը անապատում”,
“Քարոզ տաճարում”, “Կանայք նայում են, թե ինչպես է Քրիստոսը հարությունը առնում” կտավները:
Ինչ վերաբերում է “Քրիստոսի հայտնությունը մարդկանց” նկարին, այն շատերի համար դառնում
է ստեղծագործական ուղու հենակետ ու հիմք: Սա Իվանովի թաքւն ցանկություններից մեկն էր.
ակադեմիական ոճում արված իր ստեղծագործության միջոցով ճիշտ ու գրագետ նկարչություն
սովորեցնել հետագա սերունդներին:
Հոր և որդու կիսամերկ ֆիգուրները |
Այս նկարի մասին ռուսական հասարակությունը
իմանում է Գոգոլի նամակից: Բոլորն ուզում էին տեսնել այն, սակայն ավելի քան տասը տարի
Ալեքսանդրի արվեստանոցի դռները փակ էին այցելուների համար: Իվանովի կտրուկ պատասխանները
ստիպում են ռուսներին մոռանալ նրա նոր ստեղծագործության մասին: Նկարիչն այս ժամանակահատվածում
մեկուսացած կյանք էր վարում Իտալիայում: Հենց սա էլ գրում է Գոգոլը. “Իվանովը ոչ միայն
չի փնտրում ապրելու միջոցներ, այլև ոչինչ չի փնտրում, որովհետև նա արդեն վաղուց մահացել
է աշխարհի համար…”: Եվ հանկարծ Հռոմում լուր է տարածվում արվեստանոցի բացման մասին:
Ազնվականներից սկսած մինչև հասարակ կոշկակարները օրերով հերթ էին կանգնում նկարչի արվեստանոցի
դիմաց` նկարը տեսնելու համար: Նկարիչն արժանանում էր մեծ գովեստների: Նույնիս Կորնելիուսը,
տեսնելով նրան, սեղմում է ձեռքն ու ասում` “Un valoroso maestro!” /դուք մեծ վարպետ
եք/:
Այժմ մեծ նկարչի ստեղծագործությունը կախված
է Տրետյակովյան պատկերասրահի նոր դահլիճում: Իսկ նրա երկու կողմերում կախված էն նկարի
համար նախօրոք արված էսքիզները….
Դե եսիմ` Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий