четверг, 7 августа 2014 г.

Մարդկությանը հայտնի "խելագար արվեստագետները"



Բազմից համոզվել ենք, որ արվեստի շատ գլուխգործոցներ հանճարների խելագար հոգեվիճակների ծնունդ են: Հաճախ մեզ թվում է՝ վերջին մի քանի դարերի ընթացքում <<հանճար և խելագարություն>> բառերը դարձել են հոմանիշներ: Հանճարեղ և հոգեկան խնդիրներ ունեցող արվեստագետների թողած ժառանգությունը հետազոտության լավ աղբյուր է հանդիսանում գիտնականների համար՝ այդպիսով տալով նրանց հնարավորություն ուսումնասիրել արվեստի կապը հոգեկան հիվանդության հետ:
Եվ ահա ձեզ ենք ներկայացնում մարդկությանը հայտնի մի քանի <<խելագար>> արվեստագետների կյանքն ու նրանց արվեստը, որն անմիջականորեն հոգեկան խանգարման արդյունքն է:
Կարելի է ասել, <<համաշխարհային հոգեբուժարանի>> հայտնի այցելուներից մեկը Վինսենտ վան Գոգն է: Այս նկարչի հանճար լինելու փաստի մասին վկայում են նրա նկարները, որոնց գները տատանվում են 70 – 85 միլիոն դոլլարի սահմաններում: Շնորհիվ նրան նվիրված գրքերի (Անրի Պերյուշո - << Վան Գոգի կյանքը>>, Իրվինգ Սթոուն - <<Կյանքի ծարավը>>)` շատ փաստեր են հայտնի դաձել իր անհայտ կյանքից, ինքնասպանության փորձերից, հուսահատություններից ու հիասթափություններից, ինչու չէ, նաև ձեռքբերումներից, որոնք, սակայն, վան Գոգի կյանքում քիչ են եղել: Նրա ինքնասպանության վարկածները տարբեր են: Ըստ Պերյուշոյի, դա նյարդային խանգարման հետևանք է: Գոգենի հետ վեճից հետո, ում վրա վան Գոգն իբր հարձակվել է ածելիով, ինքն իր նկատմամբ լցվել է կատաղությամբ, կտրել ականջն ու այն նվիրել իր անբարոյական ծանոթուհուն` որպես հիշատակ: Ըստ մեկ այլ վարկածի` վան Գոգի ականջը կտրել է հենց ինքը Գոգենը՝ վեճի ժամանակ, և իր նկատմամբ կասկածը ցրելու համար հորինել է մեզ հայտնի պատմությունը: Առաջին ինքնասպանության փորձից հետո նկարչին տեղափոխել են հոգեբուժարան: Ինքնասպանության երկրորդ և վերջին փորձը հուսահատ հանճարը կատարել է 1890թ. ՝ ատրճանակով կրակելով կրծքին, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը: Վան Գոգը հեղինակ է ավելի քան 2000 ստեղծագործությունների: Սրանցից շուրջ 900-ը գեղանկարներ են, 1100-ը` գծանկարներ և ուրվանկարներ։ Միայն կյանքի վերջին երկու մասիներին վան Գոգը նկարել է 90 նկար: Հոգեկան հավասարակշռվածության նման խրթին վիճակում սա բավականին մեծ ցուցանիշ է:
Վինսենտ վան Գոգ-<<Ինքնանկար կտրված ականջով>>
Ռուս նկարիչ Միխայիլ Վռուբելի և նրա արվեստի մասին նույնպես խոսում են իր խելագարության կոնտեքստում: Նկարչի հոգեկանի խանգարման գլխավոր պատճառը, թվում է, <<անիծյալ>> նկարն է՝ <<Դևը>>, բայց իականում ամեն ինչ ավելի բարդ է: Վռուբելի հոգեկան աշխարհը խաթարվեց իր շատ սպասելի երեխայի մահով: Այնուհետև նկարը, որը կարծես ավելի խորացրեց նկարչի հիվանդությունը, դարձրեց նրան հայտնի և միևնույն ժամանակ կործանեց: Այդ մասին նամակում գրում է Միխայիլի կնոջ քույրը` ասելով, որ Վռուբելի հարազատները նկատել են նրա տարօրինակ պահվածքը, չնայած նա դարձել է ավելի ինքնավստահ, դադարել է ամաչել մարդկանցից և խոսում է վստահ: Այդ ժամանակ նրա <<Դևը>> նկարը տեղափոխել էին Պետերբուրգ՝ ցուցահանդեսում ներկայացնելու համար, և չնայած նկարն արդեն ցուցադրման էր դրված, նա ամեն օր վաղ առավոտից մինչև երեկո նորից ու նորից էր նկարում նկարը` օր օրի նկատելով իր համար սարսափելի փոփոխությունը: Սկզբում նկարում պատկերաված ֆիգուրը սարսափազդու տեսք ուներ, այնուհետև նկարի Դևն ընդունեց անասանելի տխուր հայացք և ձեռք բերեց անկրկնելի գեղեցկություն: Հենց այս նկարի հետ կապեցին շատերը նկարչի խելագարությունն ու հենց այս նկարն էլ Վռուբելին դարձրեց հանճար
Միխայիլ Վռուբել-<<Դևը>>
Եվս մեկ հայտնի, յուրօրինակ նկարիչ, որի կյանքում նույնպես կործանիչ դեր խաղաց հոգեկան խանգարումը: Խոսքը Էդվարդ Մունկ մասին է, որի անվան հետ ևս միշտ կապում են հոգեկան անհավասարակշռվածությունը: Մունկն ընդամենը 5 տարեկան էր, երբ մահացավ մայրը, այնուհետև 9 տարեկանում տեսավ քրոջ մահը: Քանի որ նրա հայրը բժիշկ էր, նա հաճախ էր որդուն տանում իր այցելություններին և Մունկին կարծես վիճակված էր միշտ տեսնել մարդկային տառապանքներն ու ցավը: Լինելով ոչ լիարժեք առողջ, թուլակազմ, գունատ և հիվանդագին երևակայությամբ օժտված երեխա՝ Էդվարդն ընկնում է մռայլության գիրկը: Հետագայում դեռ ավելի ծանր բան էր նրան սպասվում: Մունկը, որ երբեք չամուսնացավ, նա մտածում էր, որ ինքը ծնված է միայն արվեստին տրվելու համար: Նա սիրահարվեց միայն մեկ անգամ` առաջին և վերջին: Դա Տուլլա Լարսենն էր, որի միակ ցանկությունը ամուսնանալն էր, ինչից էլ խուսափում էր Մունկը: Եվ անհասկանալի պատճառներով Մունկի սիրելին որոշում է չար կատակ խաղալ նրա հետ՝ մեռած ձևանալով: Մունկը, տեսնելով իբր անշնչացած սիրելիի դիակը, հիշում է տառապյալ քրոջ կերպարը, վերհիշում հոր հիվանդների տառապանքները: Այս ամենը նորից վերապրելով՝ Մունկի հոգեկանը խանգարվում էԱյս չար կատակից հետո նա խզում է հարաբերությունները Տուլլայի հետ:
Էդվարդ Մունկ- <<Ճիչը>>
Հայտնվելով հոգեբուժարանում՝ Մունկը չի դադարում ստեղծագործել: Սակայն նրա բազմաթիվ կտավների մեջ յուրահատուկ տեղ է զբաղեցնում <<Ճիչը>> նկարը, որի 4 տարբերակներից մեկը վերջերս վաճառվեց ռեկորդային բարձր գնով, իսկ մնացած 3–ը գտնվում են Նորվեգիայի թանգարաններում: Կտավում պատկերված է հուսահատությունից ճչացող մարդկային կերպար` արյունոտ կարմիր երկնքի տակ, ծայրահեղ ընդհանրացված բնապատկերով: Մի անգամ ընկերների հետ քայլելիս նկատել է երկնքի կարմրավուն գույնը և նրան պատել է տխրությունը, ասես նա լսել է բնության ճիչը: Իրական կարելի է համարել նաև այն վարկածը, որ <<Ճիչը>> նկարը անեծք է պարունակում, քանզի կան տասնակ դեպքեր, որոնք ապացուցում են, որ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առանչվել են նկարի հետ և լավ չեն վերաբերվել կտավին, դժբախտության են հանդիպել:
Ի տարբերություն Մունկի և Վան Գոգի, ամերիկացի գրող, քննադատ Էդգար Ալան Պոյի պարագայում ավելի ակնհայտ է դառնում նրա հոգեկան վատ կացության կապը ստեղագործության հետ: Ալլան Պոյի գրած ստեղծագործությունները պարունակում են դաժանություն, սպանություններ և միստիկա: Նա դետեկտիվ ժանրի ու <<սարսափի նովելի>> հիմնադիրն է և գիտաֆանտաստիկ ժանրի սկզբնավորողներից մեկը համաշխարհային գրականության մեջ: 2 տարեկանում զրկվել է ծնողներից, նրան որդեգրել է Ջոն Ալանի ընտանիքը՝ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգից:
Էդգար Ալան Պո
6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա և սովորել Լոնդոնի պանսիոններից մեկում: Վաղ տարիքից գրել է և նկարել: 1820 թ-ին վերադարձել է ԱՄՆ: Պոյի ստեղծագործություններին հատուկ միստիկան և հիվանդագին վիճակների նկարագրության հակումը հիմք են դարձել գրականության մեջ անկումային տրամադրությունների արտահայտման: Երկարատև ու ծանր հիվանդությունից 25 տարեկանում մահանում է նրա կինը` Վիրջինիան։ Ցավից ու հոգեկան տառապանքից գրողը հանձնում է իրեն խմիչքին, սկսում է թմրանյութեր օգտագործել։ Իր մենությունը փարատելու համար` ավելի ու ավելի հաճախ էր դիմում անբարոյականների ընկերակցությանը, իսկ հերթական դեպրեսիայի ժամանակ փորձում է ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին։ Ըստ գրողի` դաժանությունն ու անբարոյականությունը մարդու խեղված էության բնորոշ գծերից են: Պոյի մահը, սակայն, ավելի առեղծվածային էր, քան կյանքը: 1849թ. հոկտեմբերի 3-ին նրա մարմինը գտնում են Բալտիմորի փողոցում ընկած՝ անգիտակից վիճակում: 4 օր անց նա մահանում է, այդպես էլ ուշքի չգալով: Մահվան հետ կապված կան մի քանի վարկածներ՝ խմիչքի չարաշահում, շաքարային դիաբետ և նույնիսկ սպանություն:
Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը

Комментариев нет:

Отправить комментарий