Ռուս արվեստի գլուխգործոցների շարքին միանշանակ կարող ենք դասել նաև Կ. Բրյուլովի “Պոմպեյի
վերջին
օրը” նկարը: Այն ստեղծելիս նկարիչն ընդամենը 28 տարեկան էր: Թեմայի մտահղացման համար նկարիչը պարտական էր իր եղբորը` ճարտարապետ Ալեքսանդր Բրյուլովին, ով ծանոթացրել էր նրան 1824-1825թթ. Պոմպեյի պեղումների արդյունքների հետ: Այս տարիներին Բրյուլովը գտնվում էր Հռոմում: Մինչ այս աշխատանքը ստեղծելը Բրյուլովն արդեն ուներ մի քանի հաջողված ստեղծագործություններ, սակայն գտնում էր, որ դրանցից և ոչ մեկը ամբողջովին չէր արտահայտում իր ընդունակությունները: Բրյուլովին երկար ժամանակ է, ինչ հանգիստ չէր տալիս մի նկար ստեղծելու գաղափարը, որի նմանը դեռ երբեք չեր նկարվել: Նա ուզում էր նկարել ինչպես չափերով, այնպես էլ կոմպոզիցիայով ու թեմայով ծավալուն մի կտավ, որը կապացուցեր բոլորին, որ Բրյուլովը գույների ու գծերի իսկական վարպետ է: Իտալիայում Կարլը շատ հակառակորդներ ուներ: Նրանցից էր հատկապես Կամմուչինին, ով ասում էր, որ այս ռուս գեղանկարիչն ընդունակ է միայն փոքր բաների: Շատերը կարծում էին, որ Բրյուլովի թեթև կյանքը երբեք թույլ չի տա նրան ստեղծել լուրջ արվեստի գործեր: Այս ամենը ի նկատի ունենալով Բրյուլովն անընդհատ մեծ նկարի սյուժե էր փնտրում, և վերջապես կանգ է առնում մի թեմայի վրա…Նկարիչն Իտալիայում էր, երբ տեսնում էր թե Պոմպեյի ավերակները ինչպիսի ազդեցություն են թողնում մարդկանց վրա: Իսկ քանի որ նրան հարկավոր էր ստեղծել մի այնպիսի նկար, որը կգրավեր բոլորին ու կդառնար իր ստեղծագործության գագաթնակետը, Պոմպեյը դառնում է ամենահարմար թեման: Երբեմնի շքեղ քաղաքի ավերակները, հին տները, կառքերը, հասարակական կառույցները, ամֆիթատրոնն ու տաճարները, որոնց վրա դեռ Վեզուվի լավայի հետքերն են…սա էր պետք մարդկանց գրավելու համար…
Կարլ Բրյուլով- Պոմպեյի վերջին օրը |
Նկարի գաղափարը թերևս բխում էր Բրյուլովի քաղաքական հայացքներից: Այն բխում է իր ապրած ժամանակաշրջանում գրեթե բոլոր երկրներում ծավալված հեղափոխության գաղափարներից: Հնարավոր է նաև, որ
նկարիչը ոգեշնչվել է դեկաբրիստներից: Ավերված քաղաքը հնարավորություն է տալիս հեղինակին պատկերել ժամանակի ողբերգական իրադարձությունները:
Սիրով ու մեծ կրքով է Բրյուլովը սկսում աշխատել նկարի վրա, սակայն
կողմնակի զբաղմունքները խանգարում են նրան ամբողջովին կենտրոնանալ նկարի վրա, և
մինչև 1830 թվականը` նախօրոք սահմանված ժամկետը, հեղինակը նկարը չի վերջացնում: Նկարի պատվիրատուն` Ա. Ն. Դեմիդովը, բարկանում է, նույնիսկ
ուզում է չեղյալ համարել պայմանավորվածությունը, սակայն Բրյուլովը խոստանում է, որ
կվերսկսի կտավի ստեղծման աշխատանքները: 2 տարի անց “Պոմպեյի վերջին օրը” նկարն
արդեն պատրաստ էր… Նկարի
մասին Հռոմում խոսում էին դեռևս այն ավարտելուց առաջ: Եվ
ի՞նչ էր պատկերել Բրյուլովը… Քաղաքը կործանվում է բնակիչների աչքի առջև: Բրյուլովն
ընտրում է թեմայի զարգացման երկու կողմ` քաղաքի
ոչնչացումը հրաբուխից և մարդկության դրսևորումը աղետի ժամանակ, որն ի հայտ է գալիս տարբեր հատկանիշներով` սեր, ագահություն, վախ, ինքնազոհությունև
այլն: Տագնապով լեցուն կոլորիտն այրվում է…
Մահացող կնոջ ֆիգուրը |
Գունաշարը, որն ընտրել է Բրյուլովն իր ստեղծագործության համար, այդ
ժամանակաշրջանում
բավականին խիզախ քայլ էր: Այն
կառուցված է կապույտ, կարմիր, դեղին
ու սպիտակ գույներով: Ինչ վերաբերում է կոմպոզիցիային, այն տարածական է և լույսուստվերային: Նկարի միջավայրը ճիշտ ընկալելու համար պետք է նրան նայել ճիշտ դիտակետից: Հեղինակն ընտրել է այնպիսի ռակուրս, որ լույսը ընկնի վերևից, բայց
և տարածվի ողջ հարթության վրա: Իսկ
խորության տպավորություն ստեղծելու համար Բրյուլովը կիրառել է օդային հեռանկարի կանոնները:
Կտավի կենտրոնում մահացած կնոջ ֆիգուրն է, որով
Բրյուլովն ասես ցույց է տալիս կործանվող անտիկ արվեստը: Կինը մի ընտանիքից է, որը
փախչում է աղետից, սակայն
ճանապարհի կեսին դառնում է հրաբխի զոհը: Ձիերը
ծառս են լինում, տանից
վերցրած արժեքավոր իրերը թափվում են հատակին… Կնոջ անշարժ մարմինը կարծես հակադրվում է փախչող կերպարների հետ: Կնոջ
մարմնի վրա խոնարհված է նրա փոքրիկ երեխան: Այս, ինչպես նաև ստեղծագործության մյուս ֆիգուրներից յուրաքանչյուրն արտահայտում է մարդկային մի ուրույն ողբերգություն, ճակատագրի կործանում և աղետ, որը
հանկարծակի դառնում է բոլորի թշնամին:
Մայրը դուստրերի հետ |
Փախչող ընտանիքը |
Հետաքրքիր են որդիների ֆիգուրները: Վերջիններս փորձում են փրկել իրենց ծեր հորը, տանում
են նրան ուսերի վրա: Նրանց
ձախ կողմում կանանց խումբն է, որն
ահաբեկված նայում է ցավալի տեսարանին: Նրանց կողքին մոր և երկու դուստրերի ֆիգուրներն են: Կարևոր է նաև փախչող ընտանիքը պատկերող հատվածը. ամուսինները երկու երեխաների հետ պաշտպանվում են լավայի կրակներից: Մեկ
այլ հատվածում փեսացուն տանում է անզգայացած հարսնացուին:
Շատ նկարիչներ իրենց “գլուխգործոց
դառնալիք” ստեղծագործություններում պատկերում են իրենց ևս: Այս
նկարում Բրյուլովը իրեն նկարել է հետին պլանում: Նա փախչում է` տանելով
իր հետ ներկերն ու վրձինները: Ի տարբերություն մյուս ֆիգուրների, նկարչի աչքերում սարսափ չկա: Նա
հետևում է շրջապատող մարդկանց: Թվում է` նա դանդաղեցրել է քայլերը և փորձում է հիշողության մեջ պահել այս տեսարանը` հետագայում նկարելու համար: Եվ
իրոք, Կարլը հիանալի հիշողություն ուներ. ստեղծագործությունը
նկարվել է առանց բնորդների:
Նկարչի ֆիգուրը |
Երբ անցորդները փողոցում հանդիպում էին Բրյուլովին, նրան գլուխ էին խոնարհում, երբ նա հայտնվում էր թատրոնում, բոլորը ոտքի էին կանգնում, այն վայրերում, որտեղ նա ճաշում էր, միշտ
հսկայական բազմություն էր հավաքվում: Բրյուլովն հասել էր իր նպատակին. թերթերն ու ամսագրերը անընդհատ նյութեր էին տպագրում նրա մասին, իսկ
նրանք, ովքեր թերահավատորեն էին մոտենում նկարչի տաղանդին, այդ թվում և Կամմուչինին, ներողություն խնդրեցին և սկսեցին անվանել նրան ռուս մեծ նկարիչ: 1833թ. այս
կտավը ցուցադրվել է Միլանում, ապա Փարիզում և Ռուսաստանում: Ժամանակակիցների համար այն պարզապես հայտնություն էր: Նկարը
Ռուսաստանում մեծ ճանաչում էր վայելում: Ն. Գոգոլը “Արաբեսկում” նույնիսկ հոդված է հրապարակում, որում նկարագրում է ստեղծագործության արժանիքներն ու արվեստագետի վարպետությունը: “Պոմպեյի վերջին օրը” ծանոթացրեց
Եվրոպային ռուսական վրձնի հետ…
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Комментариев нет:
Отправить комментарий