Հայկական
միջնադարյան ճարտարապետության ժառանգության մեջ Գյումրին ներկայանում
է իր VII դարի բազիլիկ եկեղեցով: Այն գտնվել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շիրակ գավառում,
Անի մայրաքաղաքից
հյուսիս, համանուն
գյուղում: Աշխարհագրական ճշգրիտ դիրքը վերջնականապես չի ճշտված: Նրա մնացորդները պետք է փնտրել Գյումրու մոտ գտնվող Չերքեզի ձորում: Այստեղ բլրի վրա եղած հին վանքը կանգուն է եղել մինչև 1837թ., երբ Գյումրին
կոչվեց Ալեքսանդրապոլ և համարվեց
բերդաքաղաք: Վանքն իր շրջապատով
ընկավ նոր կառուցվող բերդի տարածքի մեջ և 1852թ. իշխանությունն այն վերջնականապես քանդել տվեց` տեղում կառուցելով զինապահեստ:[1]
Եկեղեցու հիմնաքարերը
գտնվում են Չերքեզի ձորի արևելյան լանջին, ներկայիս Սարգսյան
փողոցից հարավ ընկած տարածքում
(նախկին բուսաբանական
այգի): Նախկինում
Դպրեվանքի տարածքի ձորը, որն այժմ անվանում
են «Չերքեզի»,
կոչվել է «Դպրեվանքի ձոր»:
Դպրեվանքի հիմնաքարերը |
Ճարտարապետ
Սարգիս Մաթևոսյանը
եկեղեցին տեղադրում
է «Չերքեզի»
և «Մխչոնց» ձորերի միջև բարձրացող բլրաթմբի
արևահայաց լանջերին:
Նա նշում է, որ տվյալ տարածքում
1867թ. ջրի ճանապարհ բացելիս հայտնաբերվել են բազիլիկ եկեղեցու
հիմնապատեր: Չերքեզի ձորի տարածքում
ուսումնասիրողները տեղակայում
են նաև հնագույն Իրդանիուն`
ներկայիս Գյումրին:
Կարելի է եզրակացնել, որ Դպրեվանքի տարածքում
պաշտամունքային կառույց է եղել դեռևս Վանի թագավորության շրջանում,
քանի որ հավանական է այն վարկածը,
թե սրբավայրերի
մեծամասնությունը կառուցվում,
վերակառուցվում է նախկինի տեղում:
Հայաստանի
տարածքում շատ են այն եկեղեցիները, որոնք կառուցվել են նախկին մեհյանների
տեղում: Շիրակում
այս առումով առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում գյուղերի
սրբավայրերը, որոնք հիմնականում տեղակայված
են սարերի լանջերին կամ գագաթներին: Ուշադրության
է արժանի Մեծ Սեպասար
(նախկին Շիշթափա)
գյուղի սրբավայրը,
որը կառուցվել
է նախկին մեհյանի տեղում: Այժմյան սրբավայրի
շրջակայքում պեղումների
արդյունքում վաղ բրոնզեդարյան բնակավայր
է հայտնաբերվել,
մատուռի հարևանությամբ` պաշտամունքային սենյակ`զոհաբերված գայլերի գլուխներով:[2] Այս փաստը, ինչպես նաև Շիրակի մի քանի քրիստոնեական մատուռ-սրբավայրեր դարձած մեհյաններ վկայում են այն մասին, որ Կումայրու տարածքի եկեղեցին ևս նախկինում կարող էր լինել հեթանոսական պաշտամունքային վայր:
Կումայրու բազիլիկի հատակագիծը |
Ղ. Ալիշանը Դպրեվանքը
թվագրում է 756 թվականով և նշում նաև գերեզմանի մասին.
«…և ի պեղելն զձորափն`
յայտնեցաւ եկեղեցեակ
մի աւեր չորիւք փոքրիկ մատրամբք յանկիւնսն,
և գերեզմանք
առ նովաւ ’ի միում ’ի մատրանցն
կամ ավանդատանց
գոյր հայ թուական «Թվ. ՄԵ» (756). և ’ի միում տապանաքարի սակաւ բառքս. Ի պետութեան…..Քրիստոս,
հասարակաց ողորմես…..»:[3]
Ալիշանի թվագրությունից պարզ է դառնում, որ եկեղեցին կառուցվել
է VIII դարում, մինչդեռ մյուս բոլոր աղբյուրներում Կումայրու բազիլիկը
համարում են VII դարի կառույց:
2009թ. Գյումրու
քաղաքապետարանի հրատարակած
«Գյումրի. Քաղաքը և մարդիկ» գրքում նշվում է, որ Դպրեվանքի եկեղեցիներից
մեկը կառուցված
է V, մյուսը`
VII դարում:[4] Մյուս բոլոր աղբյուրներում եկեղեցին անվանվում
է «Կումայրու
բազիլիկ»: Ոչ մի այլ աղբյուրում չի նշվում, որ Դպրեվանքն իրականում
մեկ եկեղեցի չէ կամ որ Կումայրու
բազիլիկի հարևանությամբ եղել է ևս մեկ եկեղեցի: Միայն այս գրքում ու «Հայաստանի
և հարակից շրջանների տեղանունների
բառարանում» է նշվում «Դպրեվանք»
անունը: Դպրեվանքն
իրականում վանական համալիր է` բաղկացած երկու եկեղեցիներից: Սակայն, կա մեկ հանգամանք ևս, որը մտածելու
տեղիք է տալիս. եթե վանքն ունեցել է երկու եկեղեցի, ապա պեղումների ժամանակ ինչու՞ չի հայտնաբերվել երկրորդը`
թեկուզ ավերված:
Հայկական
Սովետական հանրագիտարանում Դպրեվանքի փոխարեն Կումայրու VII րդ դարի կառույցների
շարքում հիշատակվում
է մի քառամույթ գմբեթավոր
եկեղեցի, որի անունը նշված չէ: Այն ունի պայտաձև հատակագծով ավագ խորան՝ երկու կողմերին ուղղանկյուն
ավանդատներ: Եկեղեցու
արևելյան ճակատը զարդարված է «հայկական խորշերով»,
միակ մուտքը հարավից է:[5] Նկարագրվող եկեղեցին,
ըստ երևույթին,
հենց Դպրեվանքի
եկեղեցիներից մեկն է: Այն քառամույթ գմբեթավոր
եկեղեցի է: Նման հորինվածքի
ձևավորման հիմքը տրանսեպտավոր բազիլիկն
է: Եկեղեցական
շենքերի այս տիպը VII դարում լայնորեն կիրառվել
և հասել է կատարելության:
Որոշ աղբյուրներում Կումայրու
բազիլիկ եկեղեցին
համարում են Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցու
օրինակով կառուցված
պաշտամունքային կառույց:[6]
Պատճառը երևի թե այն է, որ 935թ. Աբաս Բագրատունին հիմնովին
վերակառուցում է Դպրեվանքը: Պատմիչ Սամվել Անեցու վկայությամբ` 931թ. նա կառուցում
է Կարսի Առաքելոց եկեղեցին
ևս: Դժվար չէ եզրակացնելը,
որ գրեթե միաժամանակ նույն տարածաշրջանում կառուցված
եկեղեցիները կարող էին ունենալ նույն ճարտարապետական լուծումները:
Կումայրու բազիլիկ եկեղեցու չափագրությունը |
Եկեղեցու
պահպանված հիմնաքարերից
հնարավոր չէ եզրակացնել, թե ինչ հորինվածքի
կառույց է եղել բազիլիկը,
սակայն հատակագիծը
թույլ է տալիս վերլուծել
այն և գտնել նմանություններ քաղաքի ներկայիս
բազիլիկ եկեղեցիների
հետ: Կումայրու
բազիլիկ եկեղեցու
քառակուսաձև աղոթասրահը
արևելքում ավարտվում
է բեմի պայտաձև հատակագիծ
ունեցող աբսիդով,
որի երկու կողմում գտնվում են ուղղանկյուն
ավանդատները։ Գմբեթը բարձրացել է ընդհանուր կառուցվածքի
կենտրոնում։ Հյուսիսային
ճակատից բացվող միակ դուռն ունի զույգ կիսասյունիկներով շքամուտք։[7]
Հատակագծից դատելով`
եկեղեցին նման է XIX դարում Ալեքսանդրապոլում կառուցված
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն
(Գեղցոնց ժամ): Վերջինս ևս եռանավ բազիլիկ է` խորանի կողմերում երկու ավանդատներով: Տարբերությունը, թերևս մուտքերի
մեջ է: Գեղցոնց ժամն ունի երեք մուտք, գլխավորը`
արևմուքտից: Կումայրու
եկեղեցու միակ մուտքը հյուսիսային
կողմից է:
Հայ Առաքելական Ուղղափառ
Սուրբ Եկեղեցու
Վիրահայոց Թեմի Վրաստանի
հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Եսայի Աբովյանը
նշում է, որ Կումայրու
եկեղեցու տիպի վաղ օրինակ է հանդիսանում
Տեկորի Սբ. Երրորդության տաճարը: Նա վերջինս համարում է գմբեթավոր եկեղեցու
չորս ազատ հենարաններով
կառույց և հավելում, որ այս կերպ են կառուցված
նաև Օձունի, Մրենի, Էջմիածնի
Սուրբ Գայանե, Զորի, Կումայրու,
Բագավանի եկեղեցիները
և ավելի ուշ՝ X դարի Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի Սուրբ Աստվածածին կաթողիկե
տաճարը՝ հանճարեղ
ճարտարապետ Տրդատի շինությունը:[8]
Վ. Հարությունյանը Դպրեվանքը
հիշատակում է որպես Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում կառուցված հուշարձան,
որը գտնվում է Անիից դեպի հյուսիս:
Անիի շրջանի Հայկաձոր գյուղում
նա նշում է Կարմիր վանքը:[9] Մինչդեռ «Հայաստանի և հարակից շրջանների
տեղանունների բառարանում»
նշված է, որ «ոմանք Դպրեվանքը նույնացնում
են Շիրակ գավառի Կարմիր վանքի հետ, որի տաճարը խաչաձև, գմբեթավոր,
չորս ավանդատներով
կառուցվածք է»:[10]
Դպրեվանքից
հետո, մինչև
XIX դարի 30-ականներ,
Կումայրու տարածքում
ոչ մի եկեղեցի չի հիշատակվում: Իհարկե, հավանական է, որ եկեղեցի-մատուռներ քաղաքում
եղել են, քանի որ Սբ. Աստվածածինը
կառուցվել է նախկին փայտաշեն
եկեղեցու տեղում, սակայն դրանց մասին աղբյուրներում և արխիվում
ոչ մի նյութ չի պահպանվել:
[1]
Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան-«Հայաստանի և հարակից շրջանների
տեղանունների բառարան»,
Երևանի համալսարանի
հրատարակչություն, Երևան-1988,
2-րդ հատոր, էջ 142:
[2]
http://deesim.blogspot.com/2013/07/blog-post_8739.html.
Գոհար Նավասարդյան-«Վաղ բրոնզեդարյան
բնակատեղի Մեծ Սեպասար գյուղի տակ». վերցված է 2014թ., փետրվարի 11:
[3]
Ղևոնդ Ալիշան-«Շիրակ» տեղագրութիւն
պատկերացոյց, Վենետիկ-Ս. Ղազար, ՌՅԼ-1881, էջ 155:
[4]
Գյումրի. Քաղաքը և մարդիկ,
«Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 27:
[5]
Հայկական Սովետական
Հանրագիտարան, Երևան
1978, հատոր 4, էջ 548:
[6]
Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան-«Հայաստանի և հարակից շրջանների
տեղանունների բառարան»,
Երևանի համալսարանի
հրատարակչություն, Երևան-1988,
2-րդ հատոր, էջ 142:
[7]http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%AB_%28%D5%A2%D5%A5%D6%80%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%29.
Կումայրի (բերդավան).
վերցված է 2014թ., մարտի
24:
[8]
«Արձագանք» թերթ,
2014թ., թետրվարի
3, №2, էջ 4:
[9]
Վարազդատ Հարությունյան-«Հայկական ճարտարապետության պատմություն», «Լույս» հրատարակչություն, Երևան,
1992, էջ 242:
[10]
Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան-«Հայաստանի և հարակից շրջանների
տեղանունների բառարան»,
Երևանի համալսարանի
հրատարակչություն, Երևան-1988,
2-րդ հատոր, էջ 142:
Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների
ճարտարապետությունը»
Комментариев нет:
Отправить комментарий