суббота, 14 июня 2014 г.

Մաչու-Պիկչուն` աստվածների քաղաքը



Ուրուբամբա գետի հովտում, Անդերից 3650մ բարձրության վրա կանգնած է ինկերի հնագույն քաղաքը` Մաչու-Պիկչուն: Լեգենդը պատմում է, որ քաղաքի հիմնադիրը եղել է Մանկո Կապակը` աստվածների որդին, ով երկիր է իջել արևի մոտից, Տիուանտինսույու կայսրության ժամանակաշրջանում` XII-XIII դարերում, մինչդեռ հնդկացիները պնդում են, որ Մաչու-Պիկչուն գոյություն է ունեցել դեռևս “Խավարի դարաշրջանում”, դեռևս սառցակալումից առաջ: 
Մաչու-Պիկչուն հայտնաբերել է ամերիկացի հնագետ Հայրեմ Բինգհեմը, ով հավատում էր ինկերի` բարձր բլուրների ու ժայռերի վրա կառուցված քաղաքների մասին պատմվող լեգենդներին և սկսում է փնտրել այդ քաղաքները: 1911թ. Բինգհեմի ղեկավարած խումբը պատահական հանդիպում է մի սարի, որի մոտ կանգնած հնդկացիներից մեկն առաջարկում է ճանապարհորդներին ցույց տալ սարի գագաթին գտնվող հնագույն տները: Հնագետները բարձրանում են վերև. նրանք գտել էին, այն ինչ փնտրում էին… կիկլոպյան պատերով կառուցված քաղաքը լի էր միանման հատակագծերով բնակարաններով, որոնք կառուցված էին հսկայական քարերից, միմյանց էին միացված աստիճաններով, որոնք գտնվում էին հենց ժայռերի մեջ: Սարը, որի վրա գտնվում էին տները, հնդկացիներն անվանում են Մակչու-Պիկչու, ինչը թարգմանաբար նշանակում է ծեր սար: Երբեմն Մաչու-Պիկչուն անվանում են նաև «քաղաք երկնքում», «քաղաք ամպերի մեջ» կամ  «ինկերի կորսված քաղաք»:

Զարմանալի է, բայց ժամանակը գրեթե չի վնասել հնագույն քաղաքը: Այն մեզ է հասել բավականին պահպանված վիճակում: Գուցե պատճառը այն է, որ բնակավայրը տեղադրված է սարի գագաթին: Իսպանացի կոնկիստադորներն այս տեղի մասին չգիտեին, իսկ Ամերիկայի նվաճման ժամանակ այստեղ արդեն ոչ ոք չէր ապրում:
Մաչու-Պիկչուի տների դասավորվածությունը, և ընդհանրապես այն հանգամանքը, որ հնագույն քաղաքակրթությունը կարողացել է  սարի գագաթին բնակավայր կառուցել, մեծ զարմանք է առաջացնում հնագետների մոտ: Թե ինչպես են ինկերը այդքան մեծ քանակությամբ ու հսկայական չափերի քարերը տեղափոխել սարի գագաթը և դասավորել սանտիմետրերի ճշգրտությամբ, մինչև օրս հայտնի չէ: Բնականաբար, այն ժամանակ վերամբարձ կռունկներ չկային, քարերը տեղաշարժելու տեխնիկաներ չկային, բայց Մաչու-Պիկչուն այժմ կա և տեղիք է տալիս այս ամենի մասին խորհելու:
Ըստ լեգենդի` քաղաքը կառուցել են թռչունների օգնությամբ: Այս տեսությունը մնում էր լոկ առասպել այնքան ժամանակ, մինչև 1960-ականներին կենդանաբանները Անդերում հայտնաբերեցին թռչունի մի տեսակ, որը ոչ մի այլ երկրում դեռևս չի հանդիպել: Այս թռչուններին տեղացիներն անվանում էին “հակակլո”, ինչը թարգմանաբար նշանակում է “քար փորող”: Այս թռչուններն իրենց կտուցով կարողանում են ժայռի մեջ շուրջ 1 մետր խորությամբ բացվածքներ հորատել: Նրանք դա անում են անտառի տրոպիկական ծառերից վերցրած ճյուղերի մեջ գտնվող հյութի շնորհիվ: Սա թույլ է տալիս հեշտությամբ հորատել ժայռերը: Այնուհետև ինկերը քարերը իրար են կպցնում դարձյալ այս հյութի միջոցով, և դրանք իրարից անջատել այլ հնարավոր չի լինում: Այս վարկածի համաձայն` Մաչու-Պիկչուն կառուցվել է հենց այսպես:
Ամրոցի շինություններից դոմինանտ դիրք  է գրավում Ուայնա-Պիկչուն: Այն բոլոր կառույցներից ամենաբարձրն է: Շինություններից ուշադրության են արժանի նաև կլոր աշտարակն ու Կուսկոն:
Անդյան մշակույթի կրողները Մաչու-Պիկչուն համարում են իրենց և հին քաղաքակրթության կապող օղակը, սակայն միայն Պերուում չէ, որ նման կերպ են վերաբերվում բարձր լեռան կատարին գտնվող բնակավայրին: Մաչու-Պիկչուն ողջ աշխարհն է համարում   հնագույն ցեղից` ինկերից մեզ հասած լավագույն ճարտարապետական առեղծվածային, բայց և իրական հուշարձան:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

Комментариев нет:

Отправить комментарий