пятница, 6 июня 2014 г.

Պոպ-արտ


Պոպ-արտը  (անգլ.` pop art, popular art)  1950-60-ականներին արվեստում տարածված ուղղություն է, որը բողոք էր սպառողական հասարակության դեմ: Նոր տարածվող ուղղությունը դեմ էր գնում ապրանքային և զանգվածային մշակույթին` արվեստ մտցնելով նույն այդ ապրանքները: Պոպ-արտում արտադրանքը փոխում է իր կոնտեքստը: Ստեղծագործություններում ապրանքատեսակները փոխում են իրենց չափերը, ձեռք են բերում ինֆորմացիոն միջամտություններ և այլն:
Պոպ-արտ տերմինն առաջին անգամ օգտագործվել է անգլիացի քննադատ Լոուրենս Էլլոուեյի հոդվածում: Առաջին պոպ-արտ աշխատանքները ստեղծում են Լոնդոնի Թագավորական գեղարվեստական քոլեջի ուսանողներ Պիտեր Բլեյկը, Ջո Տիլսոն և Ռիչարդ Սմիթը: Սակայն առաջին աշխատանքը, որը դառնում է պոպ-արտի իկոնա, Ռիչարդ Համիլտոնի կողմից 1956թ. ստեղծած կոլաժն էր` “Ինչն է մերօրյա բնակարանները դարձնում այսքան տարբեր և գրավիչ” վերնագրով: Պոպ-արտը փոխարինելու է գալիս աբստրակտ էսքպրեսիոնիզմին, նրա հիմնական արտահայտչամիջոցներն ենդ առնում զանգվածային մշակույթն ու գովազդը:


Համիլտոն. Ինչն է մերօրյա բնակարանները դարձնում այսքան տարբեր և գրավիչ
Այս ուղղությունը ծնվում է Մեծ Բրիտանիայում` հետագայում տարածում գտնելով Ամերիկայում ևս: Բրիտանական պոպ-արտը ավելի թատերականացված է, նրա մոտ գերակշռող է սոցիալական իմաստը: Ամերիկյան պոպ-արտն աչքի է ընկնում իր թեթևությամբ, գույներով, գրավչությամբ, գեղագիտությամբ: Բրիտանական պոպ-արտի հիմնադիրներից է Ռիչարդ Համիլտոնը, ամերիկյան պոպ-արտը հիմնականում կապում են Էնդի Ուորհոլի անվան հետ: Այս երկրում պոպ-արտը զարգանում է նաև Ռոբերտ Ռաուշենբերգի, Ռոյ Լիխտենշտեյնի, Ջասպեր Ջոնսի, Ջեյմս Ռոզենկվիստի, Թոմ Վեսսելմանի, Դեվիդ Հոկնիի և Կլաս Օլդենբուրգի աշխատանքներում:
Ջասպեր Ջոնս-Դրոշ
Պոպ-արտը սկսեց հետևյալից…վերցրեց ինչ-որ հայտնի և բոլորին ծանոթ առարկա, սիմվոլ, ապրանք, ուտելիք, բառ, նույնիսկ մարդ և ներկայացրեց դա որպես արվեստի գործ` իհարկե ակնհայտ հեգնանքով և սարկազմով: Պոպ-արտի գրեթե բոլոր նկարիչները մեկ նկարով չէին բավարարվում, նրանք կարող էին անընդհատ նկարել միևնույն պատկերը` փոխելով դրա գույնը, տոները կամ նույնիսկ թողնելով անփոփոխ: Նրանց արդարացումն այն էր, որ անդրադառնում էին զանգվածային մշակույթին, իսկ վերջինս մեկ օրինակով չէ, որ բավարարվում էր. տասնյակ, հազարավոր, միլիոնավոր օրինակներ…
Ուորհոլի «Campbell» տոմատի մածուկի տարրան
Պոպ-արտի գլուխգործոցներ է դառնում Էնդի Ուորհոլի տոմատի սոուսի տարրան` «Campbell»-ը: Արվեստագետը նույնիսկ սկսեց համագործակցել սուոս արտադրող ընկերության հետ: Տարրաների վրա Էնդին ստորագրում էր, իսկ տոմատի մածուկները սպառվում էին կայծակնային արագությամբ` հսկայական շահույթ բերելով «Campbell» ընկերությանը: Սրան հաջորդում է Coca-Cola ընկերությունը, որի տարածված արտադրանքը ևս Էնդին դարձնում է “արվեստի գործ”: Սրանց հաջորդում են նրա դիմանկարները: Դարի խորհդանիշ Մերիլին Մոնրոն, շատերի կուռք Էլվիս Պրեսլին, մեծ առաջնորդ Մաո Ցզե Դունը Ուորհոլի կտավներում նկարվում են տասնյակ անգամներ: Նա տրաֆարետով, փորագրության միջոցով մի նկարից ստեղծում էր տասնյակ տարբերակներ` ժամանակի հայտնիներին դարձնելով նշան-ապրանքներ:
Ուորհոլ-Մերիլին Մոնրո
 Ուշադրության են արժանի նաև Լիխտենշտեյնի գործերը: Նա նկարում է կոմիքսներ` միևնույն ժամանակ քննադատելով դրանք:
Լիխտենշտեյնի կոմիքսներից
Շատ սիմվոլներ, որոնք տարածված են մինև օրս, քչերը գիտեն, որ ստեղծվել են պոպ-արտիստների կողմից: Սրանց թվին է պատկանում  LOVE (սեր) սիմվոլը, որի հեղինակը Ռոբերտ Ինդնիանան է: Այս պատկերն առաջին անգամ հայտնվել է MoMa-ի 1964թ. հրատարակած բացիկի վրա, իսկ 1973թ. այն դառնում է ԱՄՆ-ի փոստային ծառայության սիմվոլներից:
Ռոբերտ Ինդիանա. LOVE
Պոպ-արտը տարածում է գտնում քանդակագործների մոտ ևս: Քանդակագործ Կլաս Օլդենբուրգի ապրանքայնացված քանդակները մինչ օրս համարվում են ժամանակակից արվեստի նմուշներից: Սրանցից է “Ասեղ” քանդակը Միլան կայարանում, ինչպես նաև Քլիվլենդում տեղադրված “Կնիքը”:
Օլդենբուրգ. Ասեղը Միլան կայարանում
Պոպ-արտը միշտ քննադատվել է ժամանակակիցների կողմից և խիստ կրիտիկայի է ենթարկվում մինչև օրս: 1962թ. Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի կողմից կազմակերպված պոպ-արտի սիմպոզիումից հետո «The New York Times» թերթի քննադատ Հիլթոն Քրամերը գրում է, որ պոպ-արտը բոլորովին չի տարբերվում գովազդային արվեստից: Ըստ նրա, այս երկու երևույթներն էլ հասարակությանը հաշտեցնում են ապրանքների սպառման հետ: Մեկ այլ քննադատ` Սթենլի Կունիցը ավելացրեց, որ պոպ-արտ ոճով ստեղծագործողները  արտահայտում են բուրժուազիայի ոգին:
Ինչքան էլ պոպ-արտը բողոքի արվեստ էր, այնուամենայնիվ, իր տեղն է զբաղեցնում 20-րդ դարի իզմերի մեջ, սակայն այս ոճի հետևորդ արվեստագետներին նկարիչներ անվանել չենք կարող: Պոպ-արտիստ նկարիչը, փաստորեն, իրականում նկարիչ չէ, նա հեռանում է գեղարվեստից, ինչպես նաև հեղինակի ֆունկցիայից:

Դե եսիմ` Գ.Ն.  

Комментариев нет:

Отправить комментарий