понедельник, 2 июня 2014 г.

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել /1770-1830/



Հեգելը գերմանական եւ համաշխարհային փիլիսոփայական մշակույթի հազվագյուտ կաճառներից է: Ծնվել է Շտուտգարտում, ավարտել Տյուբինհենի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը: Բեռնում եւ Մայնի Ֆրանկֆուրտում որոշ ժամանակ զբաղվել է տնային ու­սուցչությամբ: 1801 թ. պաշտպանել է դոկտորական ատենախո­սություն, հրատարակել «Ֆիխտեի եւ Շելլինգի փիլիսոփայական համակարգերի տարբերությունը» աշխատությունը` որդեգրելով Շելլինգի փիլիսոփայական հայացքները:
Հեգելը հոգեւոր բարձր զարգացման է հասել ծայրաստիճան խորաթափանց եւ բացառա­պես ինքնուրույն աշխատանքով: Նա անհագուրդ ուսումնասիրել է մաթեմատիկա, բնագի տություն, գրականություն, պատմություն գիտությունները, ոգեւորվել ֆրանսիական հեղափոխության գաղափարներով եւ նրա առաջնորդ Ժան Ժակ Ռուսոյի մարգարեական ան­ձով: Ֆրանսիական հեղափոխությունը նա համեմատել է արեւի հոյակապ ծագման հետ: «Դա մի խանդավառ ժամանակ էր, գրել է նա, երբ վրա էր հասել աստվածայինի` աշխարհի­ հետ իրական հաշտեցման»:
1807թ. Հեգելը հրատարակում է «Ոգու ֆենոմենոլոգիա» սիզբունքային աշխատությունը, որտեղ նա շարադրել է իր փիլիսոփայության հիմնադրայթները եև հետազոտել բանականության անատոմիան ու դիալեկտիկական ընթացքը: 1808-1816թ.թ. Հեգելը հրատարակում է իր գլխավոր աշխատությունը` «Տրամաբանության գիտությունը», որով հռչակվում է որպես «մեծագույն մտածող եւ փիլիսոփա»: Նրան հրավիրում են Հայդելբերգի համալսա­րան: Այստեղ նա հրատարակում է «Փիփսոփայական գիտությունների Հանրագիտարան» մոնումենտալ ամփոփիչ աշխատությունը: 1818 թվականից մինչեւ իր մահը` 1831 թվականը, Հեգելը դասավանդել է Բեռլինի համալսարանում:
Հեգելը նախկին, այդ թվում եւ իր անմիջական ուսուցիչների փիլիսոփայության մեծա­գույն թերություն է համարել այն, որ այդ փիլիսոփայությունը չի հասկացել, որ օբյեկտն ու սուբյեկտը, բնությունն ու ոգին դիալեկտիկական միասնություն են եւ արդյունք են բացարձակ իդեայի /Բացարձակ գաղափարի/ դիալեկտիկական զարգացման: Նույնիսկ շելլինգյան չտարբերակված Համաշխարհային ոգու արդյունք օբյեկտիվի ու սուբյեկտիվի նույնությունը վերացական, անպտուղ, մեռած եւ ձեւական միասնություն էր: Հեգելի բացարձակ գաղափարը, որպես գոյություն ունեցողի հիմք եւ գոյավորի բովանդակություն, ծավալվում եւ զարգանում է դիալեկտիկորեն, անցնում է տրամաբանական փուլից բնության զարգացման փուլ եւ հանգրվանում ոգու մեջ, ճանաչում է ինքն իրեն: Սրանով է բացատրվում, որ Հե­գելը իր փիլիսոփայական համակարգը բաժանել է երեք մասի` տրամաբանության եւ բնության ու ոգուփիփսոփայության:Հեգելի «ինքնաշարժվող» բացարձակ գաղափարը իրերի էությունն է, այդ թվում եւ հասկացությունների: Սա պետք է հասկանալ ոչ այն իմաստով, իբր գաղա­փարը`  իդեան, արարում էիրերի էությունը, այլ այն իմաստով, որ ճշմարիտ իդեան արտացոլում է իրերի էությունը, իսկ հասկացությունները` իրերի օբյեկտիվ հատկությունների  սուբյեկտիվ-մտածական ձեւեր են: Գաղափարների ինքնաշարժումը, մեկը մյու­սի կողմից ժառանգորդական բացասումը օբյեկտիվ իրականության օրինաչափ շարժման ընթացքի արտահայտումն է: Այս բացասման ընթացքը, ըստ Հեգելի, եռաստիճան է` թեզ, հակաթեզ եւ համաթեզ: Այս երրորդության դիալեկտիկական շարժումը հանգեցնում է նոր միասնության մեջ դրանց միաձուլման: Գաղափաարների հենց այս համապարփակամբողջությունն էլ Հեգելը անվանել է Բացարձակ գաղափար: Այդ համակարգը մտածողության էությունն է, որ Հեգելը համարում է փիլիսոփայության առարկա:
Մտածողությունը, Հեգելի համոզմամբ, աշխարհի ամբողջական ճանաչողությունն է, բնականաբար, փիլիսոփայությունը հետամուտ է այդ ամբողջական ճանաչողությունը: Այս հայեցակետից, նա իր փիլիսոփայությունն անվանել է «Բացարձակ իդեալիզմ», նկատի ունենալով ոչ թե այն, որ գաղափարներն արարում են աշխարհը, այլ այն, որ մտածողության կողմից աշխարհի ճանչումը հասկացությունների, սահմանումների եւ գաղափարների մեջ ողջ իրականութ­յան ճշմարտացի արտացոլումներն են: Հեգելը հետազոտել է մտածողության իմացա­բանական-տրամաբանական համակարգը, որի մեջ, նրա կարծիքով, պետք է ճշմարտացի արտացոլվեն համաշխարհը եւ նրա իրերի, ոլորտների եւ սեռատեսակային մակարդակների էությունները, դրանց շարժման ու զարգացման օբյեկտիվ ընթացքը: Հեգելը դա իրականացնում է մտածողությունից իջնելով իրականություն եւ նրան վերադառնալով: Այս վիթխարա­ծավալ գիտական-ստեղծագործական արշավանքի ընթացքում Հեգելը ճշգրտում եւ համա­կարգում է աշխարհն արտացոլող եւ ճանաչող հասկացությունների, սահմանումների բովանդակությունը: Մտածողության «Ալֆա-օմեգան» Հեգելը հետազոտում է իր օբյեկտիվ-իդեալիստական փիլիսոփայական համակարգի երեք մասերում` տրամաբանության, բնության եւ ոգու փիլիսոփայական ուսմունքներում:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Սանդրո Հակոբյանի  «Փիլիսոփայության տեսություն և պատմություն» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий