Սբ. Աստվածածին
եկեղեցին, որ Գյումրիում առավելապես
հայտնի է Յոթվերք անվամբ, կառուցվել է
1882-1887թթ. նախկին փայտաշեն եկեղեցու
տեղում, Գևորգ V Տփխիսեցի Սուրենյանց
կաթողիկոսի (1878-1886թթ. Ալեքսանդրապոլի թեմի առաջնորդ) նախաձեռնությամբ: Ոչ մի աղբյուրում նշված չէ, որ Գյումրիում նախքան XIX դարը մատուռ-եկեղեցիներ
են կառուցվել,
սակայն ասվում է, որ Յոթվերքը կառուցվել
է Կամսարականների կառուցած մատուռի տեղում, որտեղ և պահվել է «Յոթ վիրաց» սրբապատկերը:[1] Մեկ այլ աղբյուրում
նշվում է, որ այն կառուցվել է նախկին փայտաշեն
եկեղեցու տեղում: Սակայն ոչ մի աղբյուրում
որևէ նյութ չի պահպանվել
Ամենափրկիչի տեղում գտնվող փայտաշեն
եկեղեցու մասին: Ըստ երևույթին,
նախքան քարաշեն եկեղեցիներ կառուցելը
Ալեքսանդրապոլն ունեցել է իր աղոթավայրերը: Եվ եթե XIX դարի սկզբին Կումայրիում
հիշատակվում է ընդամենը
մեկ եկեղեցի,
ապա հնարավոր
է, որ բացի դրանից գործել է նաև Սբ. Աստվածածնի տեղում կառուցված եկեղեցին:
Ի դեպ, չի նշվում, որ Կամսարական
իշխանների կառուցած
եկեղեցին փայտաշեն
է: Հնարավոր
է և միանգամայն տրամաբանական,
որ նրանցից հետո դարեր անց իրենց կառուցած եկեղեցին
խոնարհվել է, գյումրեցիները դրա տեղում նորն են կառուցել:
Այսպես լինում էր գրեթե միշտ. եկեղեցիները
հաճախ են կառուցում
այնպիսի տեղում, որտեղ նախկինում
դարձյալ պաշտամունքային կառույց է եղել: Այսպիսով, հավանական
է, որ Գյումրիում նախքան եկեղեցաշինության ոսկեդարը
ևս կառուցվել
են եկեղեցիներ:
Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին |
«Յոթ վիրաց» սրբապատկերի
անունից ելնելով,
«զոր համարին նկարեալ ’ի Ղուկայ աւետարանչէ
և բերեալ ’ի Հայս ’ի Գրիգորէ Մագիստրոսէ»,[2] եկեղեցին
կոչել են Յոթվերք: Այս նկարը խորհրդանշում
է Աստվածամոր
յոթ վերքերը:
Մագաղաթը 1830թ. Հասանղալայի վանքից Ալեքսանդրապոլ են բերել գաղթականները:
Ներսես Աշտարակեցի
կաթողիկոսը 1831թ. Յոթվերքի պատկերը ժողովրդին երաշտից փրկելու համար տանում է Էջմիածին: Սրբագործ
նկարը, արդարացնելով
կաթողիկոսի սպասելիքները,
հանում է ժողովրդին երաշտի ճիրաններից: Սակայն, երբ Յոթվերքի
պատկերի վերադարձնելը
ուշացվում է, ալեքսանդրապոլցիները հոծ բազմությամբ գնում են Էջմիածին
և այն ստիպողաբար բերում Գյումրի (1852թ.), ուր մինչև օրս պահպանվում
է Սբ. Աստվածածին եկեղեցում:[3]
Եկեղեցին կառուցող
վարպետներից հիշատակվում
են Մկրտիչ Թուրանյանի
և Գորոյան Հակոբի անունները:
Եկեղեցու տարածքում
գործել է Արղության օրիորդաց
դպրոցը (Կեցխովելի
16): Այժմ Յոթվերքը Վարդանանց
հրապարակի տարածքում
է` քաղաքապետարանի, առաջնորդարանի և ժամանակակից խանութների
շենքերով շրջապատված:
Եկեղեցու բակում, որպես հուշակոթող,
դրված են 1988թ. երկրաշարժից
խոնարհված գմբեթները:
Սբ. Աստվածածինը սրբատաշ սև տուֆից կառուցված գմբեթավոր
բազիլիկ է` դրսից արտահայտված
չորս անկյունային
ավանդատներով և արևմտյան կողմին կից զանգակատնով:[4]
Հայ ավանդական
եկեղեցիներից այն տարբերվում է իր լայն, մասսիվ և ձգված ճակտոնով,
որը ձգվում է երկայնական
ճակատների ծայրից ծայր, շենքի ծավալից առաջացող
չորս անկյունային
խորանների ծավալներով,
լոտոսաձև սյունագլուխ
ունեցող զույգացված
սյուներով, զույգ կեղծ գմբեթներով: Վերջիններս
տեղադրված են արևելյան կողմում և, կարծես, հավասարակշռում են հակառակ` արևմտյան
կողմում գտնվող զանգակատան գմբեթը: Բացառիկ է արտաքին շարվածքի
քարերի մշակումը`
հատուկ մուրճով
(սանրտարաղ) վարպետները
մշակել են դրանց մակերեսները
այնպես, որ առաջանան եղևնաձև ակոսիկներ: Շնորհիվ այսպիսի մշակման`
շարքի քարերը անդրադարձնում են արևի լույսը տարբեր ուղղություններով: Այսպիսով, եկեղեցու
ճարտարապետական լուծումները
բխում են դարաշրջանին բնորոշ դասական և էկլեկտիկ, ինչպես նաև հայկական
եկեղեցաշինության ոճակազմությունից, իսկ շինարարական
արվեստը` տեղական,
ազգային ավանդույթներից:[5]
Երկրաշարժից ընկած եկեղեցու գմբեթները |
Եկեղեցու արևմտյան
կողմից վեր են բարձրանում
Սբ. Աստվածածին
տանող լայն աստիճանները` շուրջ 2մ երկարությամբ:
Բացվող հարթակը մույթերով կազմակերպված
դարպաս է, որի մյուս կողմից աստիճանները
տանում են դեպի Աբովյան փողոց: Ավտոմեքենաները եկեղեցուն մոտենում
են հարավային
կողմից: Սբ. Յոթվերքն ունի չորս մուտք` գլխավորը արևմուտքից,
մեկը` հյուսիսից, մյուս երկուսը` հարավից: Դռներից օգտագործվում են միայն արմտյան և հարավային
կողմից դեպի ավանդատուն բացվողները`
համապատասխանաբար մուտքի և ելքի համար: Դարպասից բացվում է մուտքային
սրահը: Նախասրահը
4.30x4.50 չափերի փոքր տարածք է, որտեղից բացվող երկու դռները առաջին երկու ավանդատներն են
(4.30x4.63): Սրանք նախատեսված
են եկեղեցու
սպասավորների համար: Նախասրահը և նրանում գտնվող ավանդատները չափերով գրեթե նույնն են: Այս սրահից բացվում է դեպի աղոթասրահ տանող դուռը: Մինչ բարձրացող գմբեթը եկեղեցու բարձրությունը 12մ է, մինչև գմբեթի ծայրը` 22մ: Գյումրիում կառուցված
եկեղեցիների մեջ Յոթվերքն առանձնանում
է նաև իր ավանդատներով:
Այն ունի տարբեր չափերի և կիրառությունների վեց ավանդատուն:
Չորս ավանդատներից
երկուսը մուտքի աջ և ձախ կողմերում
են, մյուս երկուսը` խորանի անկյուններում: Հյուսիս-արևմտյան ավանդատան
պատին կաթոլիկ պատկերագրություն ունեցող խաչված Քրիստոսի
քանդակն է:
Խորհրդային կարգերի օրոք, երբ Գյումրու Կաթոլիկների
եկեղեցին կոմունիստները դարձնում են բնակելի տուն, խաչված Քրիստոսի
քանդակն այնտեղից
տեղափոխվում է Յոթվերք, ուր և գտնվում է մինչև օրս:[6] Մյուս ավանդատունը կրում է Սբ. Սարգիս Զորավարի
անունը: Այս սենյակից էլ բացվում է եկեղեցու ելքի դուռը: Նշված երկու ավադատները
չափերով հավասար են` 2.10x6.25:
Աղոթասրահի կենտրոնում
դրված 1.60մ տրամագծով երկու զույգ սյուները
եկեղեցու ներքին տարածությունը բաժանում
են 3 նավի: Կենտրոնական լայն նավը տանում է դեպի շուրջ 7.5մ տրամագծով ավագ խորան: Գյումրու
եկեղեցիներից Սբ. Աստվածածին եկեղեցու
խորանը ամենաընդարձակն է: Խորանի ձախ կողմում մկրտարանն է`
6.00x4.40 չափերով: Աջ կողմում նույն չափերի ևս մեկ աղոթարան
է, որտեղ և գտնվում է «Տիրամոր յոթ վերքերը»
նկարը: Եկեղեցու
հորիվածքի կենտրոնը
աղոթասրահն է, դոմինանտը` խորանն ու գմբեթը:
Խորանի պատը ձևավորված է ավետարանական պատկերներով:
Նման պատկերների
առկայությունը բնորոշ է ուղղափառ
եկեղեցիների հարդարանքին,
և միայն որոշ դեպքերում
է կիրառվել
XIX դարի հայկական
եկեղեցիներում: Յոթվերքի
խորանի պատկերաշարի
կենտրոնում Վարդգես Սուրենյանցի վրձնած «Տիրամայրը մանկան հետ» սրբապատկերն
է (կտ. յուղ. 241x135): Նկարի ներքևի հատվածում կա պատվիրատուի անունը և թիվը բացահայտող հետաքրքիր
մի արձանագրություն` կատարված, անշուշտ,
նկարչի ձեռքով.
«Պատկերս յիշատակ է Ալեքսանդրապոլ ք-քի Եոթվիրաց Ածածնի Սբ. Եկեղեցիոյս
օր: Դշխուհի Խաչատրեան Ասլանեանից
թուին տն` 1891
եւ հց` ՌՅԽ»: Կտավի վերևի մասի արձանագրության մեջ պարզ տեսանելի
է հեղինակի`
Սուրենյանցի անունը[7]:
Սուրենյանցի նկարի երկու կողմերում
երեքական շրջանաձև
ու երեքական
ուղղանկյուն նկարներ են` Քրիստոսի
կյանքից վերցված տեսարաններով և սրբերի պատկերներով:
Սրանց մեջ ավետման տեսարանն
է, Քրիստոսի
մկրտությունն ու խաչելությունը: Խորանի ներքևի հատվածում սրբերի պատկերներ են: Սրբանկարներով են պատված նաև եկեղեցու աղոթասրահի,
ինչպես նաև ավանդատների պատերը: Գմբեթին ևս պատկերված են Աստվածաշնչյան տեսարաններ:
Ինչպես այս, այնպես էլ խորանի որմնանկարներում գերակշռում է կապույտ գույնը:
Սբ. Յոթվերք եկեղեցին յուրահատուկ
է նաև նրանով, որ ունի հինգ տարբեր խորաններ`
նախատեսված տարբեր դավանանք ունեցող համայնքների համար: Եկեղեցու գլխավոր խորանը ծառայել է Հայ Առաքելական եկեղեցուն,
այստեղ պատարագ մատուցելու իրավունք
ունեին միայն հայ հոգևորականները: Սբ. Յոթվերք խորանը պատկանում
էր Ուղղափառ
եկեղեցուն, իսկ Սբ. Երրորդություն խորանը` Կաթոլիկ եկեղեցուն: Սբ. Սարգիս խորանը ծառայել է ասորիներին: Երկրորդ հարկում կա ևս երկու խորան: Այն դեպքում, եթե երկու դավանանքների
մոտ որևէ ծիսակարգի արարողության
անցկացման օրերը համընկնում էին, ապա նախապատվությունը տրվում էր հայերին:[8]
Եկեղեցին ունի շուրջ 2մ բարձրությամբ գետնահարկ:
Սբ. Աստվածածինն
Ալեքսանդրապոլի պաշտամունքային կառույցներից ամենաերիտասարդն է: Այն XIX դարում կառուցված
վերջին եկեղեցին
է, որից հետո ավելի քան մեկ հարյուրամյակ Գյումրիում
եկեղեցիներ չեն կառուցվում:
[1]
http://www.building.am/arm/page.php?id=382. Նատալիա Ղուկասյան- «Յոթ Վերք Եկեղեցի,
Գյումրի, Հայաստան».
վերցված է 2014թ. փետրվարի
10:
[2] Ղևոնդ Ալիշան-«Շիրակ» տեղագրութիւն
պատկերացոյց, Վենետիկ-Ս. Ղազար, ՌՅԼ-1881, էջ 155:
[3] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 171-172:
[4] «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիր.
#5-6(39-40) մայիս-հունիս
2009, էջ 56:
[5] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 172-173:
[6] «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիր. #5-6(39-40) մայիս-հունիս 2009, էջ 59:
[7] Նույն տեղում:
[8]
http://www.building.am/arm/page.php?id=382. Նատալիա Ղուկասյան- «Յոթ Վերք Եկեղեցի,
Գյումրի, Հայաստան».
վերցված է 2014թ. փետրվարի
10:
Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների
ճարտարապետությունը»
Комментариев нет:
Отправить комментарий