пятница, 6 июня 2014 г.

Կարլ Գուստավ Յունգ /1875-1961/



Կարլ Գուստավ Յունգը աոաջինը տեսավ իր ուսուցչի՝ Ֆրոյդի սխալները եւ ստեղծեց իր «Վերլուծական հոգեբանությունը»: Նա անգիտակցականի մասին ամբողջական ուսմունքի եւ կոլեկ­տիվ անգիտակցականի տեսության հիմնադիրն է: Երիտասարդ Յունգը տարված է եղել իրեն հուզող փիլիսոփայական եւ աստվածաբանա­կան հիմնախնդիրներով: Այս տարիներին նա քաջ ծանոթ է եղել Կանտի, Գյոթեի, Շոպենհաուերի աշխատություններին, իսկ համալսարանական ուսումնառության ընթացքում հրապուրվել Հարթմանի անգիտակցականի մասին փիլիսոփայությամբ եւ Նիցշեի ստեղծագործություններով: Նրան չափից դուրս գրգռել է Նիցշե մարդու եւ Նիցշե մտածողի կերպարը: Նա միաժամանակ վախ է զգացել Նիցշեից, բայց եւ թաքուն մղվել է դեպի նա` ճանաչելու այդ հակասական մարդուն: Երբ նա, այնուամենայնիվ, յուրացրեց Նիցշեի փիլիսոփայությունը, այնտեղ գտավ մանկությունից ապրած իր մտորումների պատասխանը: Նա համոզվեց, որ մարդու մեջ «նստած է» երկու էություն` «առողջ» եւ «հիվանդագին»: Մարդը իրական կյանքում ապ­րում է «երկատվածությամբ»` իր «առաջին» եւ «երկրորդ» Ես-երով: Իր առաջին Ես-ով մար­դը ընդունված է հասարակության կողմից եւ անթաքույց խոսում է իր մասին: Իր երկրորդ Ես-ով մարդը ապրում է թաքնված կյանքով: Նրա երկրորդ Ես-ը բացասական ու հիվանդա­գին Ես է, որի մասին նա լռում է: Այդ Ես-ը անընդունելի է հասարակության կողմից, որի պատճառով նա ինքն իրենից եւ հասարակությունից  թաքցնում է այդ կյանքը: Երիտասարդ Յունգը հասկացավ, որ Նիցշեի բերանով Զրադաշտը խոսում է այդ երկրորդ Ես-ի մասին, ո­րը հիմքից մերժում է ստեղծված արժեքներով գործառնող հասարակությունը: Գուցե թե Նիցշեն չէր հասկանում իր հիվանդագին երկրորդ Ես-ի` աշխարհին անհայտ բաների մասին բացահայտ խոսելու հետեւանքները:
Կ. Յունգի կյանքում ճակատագրական են եղել Ֆրոյդի տեսությունը, նրա հետ ունեցած նվիրական բարեկամությունը եւ դաժան բաժանումը: Իր պրակտիկ գուծունեության արդյունքները ընդհանրացնելուց հետո Յունգը նկատում է, որ իր եզրակացությունները համընկնում են Ֆրոյդի եզրակացությունների հետ: Ի՞նչ անել: Դրանց հրապարակումը կնշանակեր գիտական աշխարհում «չընդունված» Ֆրոյդի տեսության նոր հաստատում: Հոգե­կան ծանր ապրումներից հետո 1907թ. նա հրատարակում է մտագարության (շիզոֆրենիա) վերաբերյալ իր հետազոտությունների արդյունքները: Նույն թվականին նրանց հանդիպու­մը (որով սկսվում է Ֆրոյդի եւ Յունգի «հայր-որդիական» սերտ բարեկամությունը) եւ երկա­րատեվ բազմակի զրույցները նրա հետ, Յունգին բերում են այն համոզման, որ անգիտակ­ցականի մասին խոսելիս, Ֆրոյդը ամեն ինչ կապում է «հոգեսեռականությսւն» հետ, իր ստեղծած «սեռականության տեսության»` «Լիբիդոյի» հետ: Յունգը համոզվում է, որ «Լիբիդոն» աստվածացել եւ քարացել է նրա մոտ: Յունգը խորապես համոզվում է նաեւ, որ Ֆրոյ­դի կողմից հռչակված թեզը, իբրեւ  մարդկությունը տառապում է նյարդային հիվան­դությամբ», իր վրա կրում է հեղինակի անձնական կյանքի բարդույթները: Իր մտերմիկ շփումների ընթացքում Յունգը նկատել է, որ Ֆրոյդը եւս տառապում է այդ հիվանդությամբ, բայց չի խոստովանում:
1913թ. Յունգը հրատարակում է «Լիբիդոյի փոխակերպումները եւ խորհրդանիշերը» աշխատությունը, որով հեռանում է իր բարեկամից եւ ուսուցչից: Պատերազմական տարիներին գրած «Հոգեբանական տիպերը» աշխատությամբ Յունգը մեկընդմիշտ բաժանվեց թե իր ուսուցչից եւ թե նրա աշակերտներից ու հետեւորդներից: Յունգը «Լիբիդոյի» նոր տեսության մեջ այն հռչակում է հոգեկան էներգիա ընդհանրա­պես: «Լիբիդոն» էներգիա է, որը նույնպիսի մեխանիկական ուժ է, ինչպիսին կա բնության մեջ: Այն չի կարող մենաշնորհ լինել հոգեկանի գործընթացներում, ինչպես համոզված է իր ուսուցիչը «սեռականության» (էրոսի) իր տեսության մեջ, իսկ նրա աշակերտ Ադլերը` «Իշ­խանության ծարավը» ուսմունքում: Յունգը անհրաժեշտ է համարում վերանայել «անգիտակցականի» մասին տեսությունը: Նա ուշադրությունը կենտրոնացնում է անգիտակցականի այն կողմերի վրա, որոնք դուրս են մնացել Ֆրոյդի տեսադաշտից: Մարդու հոգեկանը, ըստ Յունգի, գիտակցականի եւ անգիտակցականի համախմբված գործընթաց է, որտեղ եւ' գիտակցականը, եւ' անգիտակցականը կազմված են 2-ական ենթա­շերտերից, համապատասխանաբար, ներքին եւ արտաքին գիտակցականից եւ անձնա­կան ու խմբային անգիտակցականից: Անգիտակցականի հիմքում ընկած է «խմբային» անգիտակցականը: Այն «կազմված է ժառանգություն ստացած բնազդներից, անհատի կողմից չգիտակցված եւ կյանքի ընթաց­քում չդրսեւորված ընկալումներից ու ըմբռնումներից»: 
Անգիտակցականի լեզուն ոչ թե երազների լեզու է, այլ խորհրդանիշերի` սիմվոլների լե­զու է: Խորհրդանիշային լեզուն պլատոնյան «էյդոսների» այլաբանության լեզու է եւ դրսեւոր­վում է որպես խմբային անգիտակցականի հնագույն ժամանակներից ժառանգված պատ­կեր գաղափար մարդկային հոգեկանի մեջ: Նախաձեւերը ընկալվում են իբրեւ խմբային խորհիդանիշեր եւ բյուրեղանում են որեւէ պատկեր-կերպարով: Դրանց մեջ ծայրաստիճան կի­զակետված են մարդկային որեւէ կենսական վիճակ` իմաստություն, բարություն, անարատություն, միամտություն, կամք, չարություն, գազանություն, իշխանություն, հայրություն ու մայրություն, հայրենիք, սեր, հերոսություն, վրեժ եւ այլն: Յունգի հա­մոզմամբ, նախաձեւեր-խորհրդանիշեր են համաշխարհային կրոնների ստեղծողները, ազ­գային դիցաբանի աստվածները, չնայած գիտակցվում են իբրեւ վարքի, գործողությունների եւ արարքների իդեալական խոըհրդանիշ-կերպարներ:
Յունգը կնոջ` Էմմայի հետ
Յունգը հետազոտել է 20-րդ դարի 20-30-ական թվականների գերմանական ազգի հոգեբանության տեղաշարժերը: Հիտլերը, ըստ նրա, արթնացնում է գերմանացիների խմբա­յին անգիտակցականը: Հետազոտելով բազմաքանակ գերմանացի հոգեկան հիվանդների, Յունգը հանգում է այն եզրակացության, որ այդ հիվանդությունը ազգային բնույթ է կրում: Ազգն է հիվանդ եւ տենչում է բռնության ու դաժանության: Անհատական Ես-ը մղվում է ետին պլան, ձուլվում է ամբոխին, ենթարկվում նրա կամքին ու իշխանությանը: Նրա մեջ է գտնում իր փրկությունը: Նա զգաց գերմանական ազգի խմբա­յին անգիտակցականի դրոշի ներքո միավորված զանգվածի կործանիչ ուժը: Յունգը գրել է. «Մարդկանց ներկայությամբ Հիտլերն իրեն պահում էր այնպես, կարծես թե սուզված էր իր մեկուսի կյանքի մեջ, որպես մռայլ եւ հրեշավոր մի մարդ... բացարձակապես անկարող համարումի, անպատասխանատու հո­գեկան հիվանդ,  միամիտ ու դատարկ պատրանքներով, բայց եւ հրեշավոր հոտառութ­յամբ, որը հատուկ է առնետին կամ անապաստան երեխաներին»: Յուրաքանչյուր գերմանացի նրա մեջ էր տեսնում իր փրկիչին, ու փրկությունը, նրան իր խորհրդանիշն էր համա­րում, նրա մեջ տեսնում իր «Երկրորդ Ես-ը»:
Յունգի հոգեվերլուծական փիլիսոփայության մեջ կարեւոր տեղ են գրավում ամբողջա­կան անձի եւ Ես-ի ինքնության հիմնահարցը: «Ես-ը երբեք,-գրել է նա, - չի լինում ոչ ավել, ոչ պակաս, քան գիտակցությունն ամբողջությամբ»: Սակայն, Ես-ի մեջ բացակայում են այն գծերը, որոնք ծանոթ չեն նրան, կամ գիտակցված չեն նրա կողմից: Անձը, իբրեւ ամբողջ, չի համընկնում Ես-ի գիտակցական անձի հետ:
Մարդը, ըստ Յունգի, երկսեռական է, կենսաբանորեն երկսեռ էակ է: Անիման արական սեռականությունը, իսկ Անիմուսը` իգական սեռականությունը, բացարձակ չեն: Դրանք ինքնության երկակիություն են: Ինքնությունը իր մեջ պահում է ինչպես արական, այնպես էլ իգական նախասկիզբ: Ինչպես տղամարդը, այնպես էլ կինը երկսեռական են: Բայց այդ երկվությունը խստագույն երկբեւեռացված է: Չնայած դրանցից մեկը բացար­ձակ գերազանցություն ունի մյուսի նկատմամբ, բայց եւ այնպես տղամարդը միաժամանակ իգականության, իսկ կինը` արականության կրող են: Իրական կյանքում, ըստ Յունգի, դրանց տոկոսային արտահայտությունը` տղամարդու մոտ իգականության, կնոջ մոտ` արականության մեծացման փաստացի հարաբերություններ կան: Դրա հետեւանքով տղամար­դու մոտ նկատվում է կանացիություն (քնքշություն, նրբություն), իսկ կնոջ մոտ` առնականություն: Շարունակելով իր հետազոտությունները, Յունգը գալիս է այն համոզման, որ  երկսեռականությունը ոչ միայն մարմնական է, այլ հոգեկան: Վերջինս արտահայտվում է հոգեւոր կերպարի մեջ եւ վերածվում նախաձեւի: «Յուրաքանչյուր տղամարդ,-գրել է նա,-իր մեջ կրում է կնոջ հավերժական կերպարը», այն էլ «կանացիության որեւէ որոշակի կեր­պար»: Կնոջ հոգեկանում եւս առկա է տղամարդու իդեալ-կերպարը` «առնականության պատկերը»: «Լինելով անգիտակցական,-գրել է նա,-այդ պատկերները չգիտակցված ձեւով միշտ պռոյեկցվում են (տեղափոխվում են) սիրո օբյեկտի եւ հիասթափության հիմքում»: Արական նախասկիզբը ձգտում է իգականին, եւ հակառակը: Մերձեցման ձգտումը ամբողջա­կան մարդու ինքնության հավերժական ձգտումն է` առնականության ձգտումը գեղեցկութ­յան ու կանացիության, կանացիության ձգտումը առնականության: Սա արդեն Սեռի ամբողջականության հաստատում է:
Յունգը, վերլուծելով հոգեկան էներգիայի բաշխման բարդույթը, գտնում է, որ մարդը այդ էներգիայի ավելցուկը օգտագործում է գեղարվեստական գործունեության բնագավա­ռում: Յունգը ստաջադրել է այն միտքը, որ «կամ նեւրոզն է արվեստ, կամ արվեստն էնեւրոզ»: Ըստ նրա, գեղարվեստը ստեղծվում է այն պայմաններում, ինչ պայմաններում ա­ռաջանում է նեւրոզը:  Արվեստագետը իրադարձությունների զոհ է: Եվ եթե նրա մոտ ստեղծագործական էներգիան չի սպառվում, ապա այն վերածվում է կործանարար ուժի: Այդ էներգիայի շնորհիվ է, որ խորհիդանիշային-սիմվոլիկ նախաձեւերը դառնում են գեղար­վեստական կերպարներ: Դրանց միջոցով, ըստ Յունգի, հեղինակը ինչ-որ բան է ասում, ո­րը, սակայն, ինքը չի գիտակցում: Այս երեւույթի մանրամասն հոգեվերլուծությունը եւ բացատրությունը Յունգը տվել է հանրահռչակ Պիկասոյի արվեստին նվիրված փոքրածավալ աշխատության մեջ:
Յունգը  խո­րունկ կապ է տեսել Պիկասոյի ստեղծագործական հոգեկանի և իր հիվանդների միջեւ: Արվեստը իրականության մեջ պետք է ունենա իր օբյեկտը: Պիկասոյի արվեստը, ըստ Յունգի, «անօբյեկտ» արվեստ է: Այն իր բովանդակությունը «վերցնում է ներքին» աշ­խարհից, որը չի համապատասխանում եւ չի համընկնում մարդկանց գիտակցության եւ ար­տաքին փորձի հետ: Դրա աղբյուրը գտնվում է անցիտակցականի միջ: Պիկասոյի արվեստում «Մակերես է դուրս գալիս ամբողջ հրեշայինը, այլանդակը, կոմիկականը, անդյուրըմբռնելին, ծամածռվածը ոչ թե ինչ-որ բան արտահայ­տելու, այլ բացառապես թաքցնելու նպատալով: Սակայն, այդ «գաղտնիությունը,- շարու­նակում Է Յունգը,-իր հիմքում չունի ոչինչ, այն մշուշ է` անմարդ ճահիճների վրա ընկած, դա խաղ է, ներկայացում է, որն ընթանում է դատարկ դահլիճում»: Հետաքիքիր է, որ իր մասին Պիկասոն գրել է, որ իրեն իշխում է ինչ-որ մի ոգի, որը խոսում է իր փոխարեն, տեսնում է բաներ, ինչ ինքը չի տեսնում: Իր մեջ իբր ապրում է մի դեւ, որի պատճառով ինքը գործում է առանց խղճի, գործում է թե բարի, թե չար դիտավորությամբ: Յունգը հավատում Է հոգեկանի խորքերում ապրող երեւույթների գոյությունը: «Մտքերն ապրում են իրենց սեփական կյանքով այնպես, ինչպես կենդանիները անտառում, թռչունները, երկնքում կամ մարդիկ որեւէ սենյակի մեջ»:

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության պատմություն և տեսություն>> գրքից

Комментариев нет:

Отправить комментарий