Ռուս հայտնի
նկարիչ Վալենտին Սերովի ստեղծագործական գլուխգործոցներից մեկը իրավամբ
<<Դեղձերով աղջիկը>> նկարն է: Այն նկարչի աշխատանքներում առանձնանում
է իր թարմությամբ, գեղարվեստական լուծումներով, ինչու չէ, նաև գույներով:
Վալենտին Սերով. Դեղձերով աղջիկը |
Հետագայում Վ.Սերովը ուսանել է Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ էլ ընտելացել է դասավանդման այն ձևին, երբ միաձուլվում են ակադեմիական ուսուցման ավանդական դարձած մեթոդները և արվեստի մոդեռն, իրատեսական ընկալումը: Այս ամենն ամփոփվեց գեղարվեստի դասականների գործերին ծանոթանալով` դեռ այն ժամանակից, երբ Սերովը երեխա էր, և մայրը տանում էր թանգարաններ: 1885-1887 թթ. նա կտավներին սկսեց նայել ինչպես հասուն մարդ, ով ընկալում էր գեղարվեստը խորությամբ:
Նկարիչը ագահորեն էր ուսումնասիրում բնապատկերները. երբեմն կարող էր նստել և ժամերով նայել արևի շողին, որն ընկել էր ծաղկի վրա: Նա ուսումնասիրում էր բնությունը, փոփոխվող ստվերների խաղը, քամին...
Մշտապես մի մտքով էր տարված նկարիչը. <<Ներկայացնել այնպես, ինչպես տեսնում եմ` մոռանալով այն ամենը, ինչ սովորեցրել են ինձ. և իհարկե, առաջին հերթին ստանալ պորտրետ, այլ ոչ բնապատկեր>>:
Մեկ անգամ չէր, որ Սերովը ցանկացել էր նկարել դեռ մանկությունից իրեն ծանոթ Վեռոչկա Մամոնտովային, ով առանձնանում էր կենսուրախությամբ և ինքնուրությամբ: Նրանք սիրում էին միասին ձի քշել կամ նավակով շրջել:
Այս աղջիկը վառ շրթունքներ ուներ, մուգ մազեր, ինչպես հասած հաղարջը, իսկ աչքերը մուգ կապտավուն երանգ ունեին: Մաշկը նուրբ էր, փոքր-ինչ փարթամ, իսկ այժմ` արևային արևայրուքով կարծես դեղձի գույն ստացած լիներ:
Դեղձերով աղջիկը. ֆրագմենտ |
Այսպես էլ ստեղծվեց ռուսական գեղարվեստի անկրկնելի գործերից մեկը, և ոչ միայն այն պատճառով, որ նկարում 12-ամյա աղջնակ է պատկերված, և որ հենց ինքը` նկարիչն է երիտասարդ եղել, երբ նկարել է աղջնակին: Գլխավորը կայանում է նրանում, որ Վեռոչկա Մամոնտովայի մանկական երջանկությունն ու անհոգությունը համընկնում էին նկարչի երջանկությանը: Նկարում էր ամեն օր` գրեթե 3 ամիս շարունակ, բայց նրա ձեռքի չարչաչանքը չի նկատում դիտողը. այդպես էլ թվում է, կարծես նկարը արվել է երջանիկ ոգեշնչվածությամբ` ընդամենը մեկ օրում...
<<Բոլորը հիշում են սենյակի մեծ անկյունը` լցված արևի ոսկեգույն լույսով. սեղանի մոտ նստած է սևամազ աղջնակ` վարդագույն բլուզով և սև ու սպիտակ պուտերով գլխազարդով: Աղջնակի ձեռքերում դեղձ է` այնպիսի մուգ-վարդագույն, ինչպինսին որ նրա դեմքն է: Ճերմակաթույր սփռոցի վրա թխկիի հոտավետ տերևներ, դեղձեր և արծաթյա դանակ կա: Պատուհանից այն կողմ լուսավոր, պայծառ օր է, ապակուն են դիպչում ծառերի ճյուղեր, իսկ արևը, անցնելով ճյուղերի արանքով, լուսավորում է լուռ սենյակը, և աղջնակին, և հին, կարմիր փայտից կահույքը...>>-հիշում էր Վ.Սմիրնովա-Ռակիտինան:
Վեռոչկա Մամոնտովայի դիմանկարը աչքի է ընկնում իր անսովոր պայծատությամբ և նկարչի` գույները ճշտությամբ փոխանցելու կարողությամբ: Այս կտավը շատ ու շատ նկարիչների է զարմացրել, հիացրել իր թարմությամբ, փայլուն կոլորիտով, լույսի ճիշտ փոխանցմամբ:
Այս կտավում ամենը բնական է, ամեն դետալ կապված է մյուսին և բոլոր դետալների հետ մեկ ամբողջություն է կազմում: Աղջկական դեմքի անմեղությունը փոխանցելիս նկարիչը նույնությամբ կարողացել է հաղորդել դիմագծերը, զգացմունքն ու էմոցիան:
Շուտով պարզ դարձավ, որ 22-ամյա նկարիչն արդեն եվրոպական նկարչության կարկառուն դեմքերից է, ինչը զարմացրեց քննադատներին:
Դեղձերով աղջիկը. ֆրագմենտ |
Սերովը ճշտությամբ փոխանցում է լույսը, որը ներս է ընկնում պատուհանից և լցնում սենյակը: Լույսը շողում է պատին, ափսեի վրա, աթոռների թիկնակներին լույսի բլիկներ են. լույսը սահում է սփռոցի, աղջնակի դեմքի և ձեռքերի վրայով: Եվ հանկարծ սփռոցի, պատերի, ափսեի սպիտակը թվում է մեկ այլ գույն, որը ստացվում է, քանի որ նրանց վրա են տերևների և աղջնակի բլուզի ծայրագծերի ստվերները:
Աղջիկը նստած է սեղանի մոտ և ոչնչով զբաղված չէ, կարծես թե պահի տակ վերցրել է դեղձերից մեկը և ուսումնասիրում է: Բայց այս հանգստությունը վայրկյական է, և անցնելով վայրկյանի միջով նկատում ենք, որ պուտավոր գլխազարդը՝ ինչպես թիթեռ, ուր որ է կթռչի: Եվ ինչպես թիթեռնիկը, այնպես էլ աղջնակն է կարծես վայրկյանական մտել տուն, արևի շող է բերել, թարմություն և ահա՛ դուրս կթռչի, կչքանա:
Շողում են արևի շողերը և տունը լցնում այգու բույրով...
Սերովը նկարում մի ամբողջ մարդկային պատմություն է դրել, որոնց պատկանում էր տունը, այգին:
Կտավը երկար ժամանակ է պահպանվում էր Աբրամցևում՝ հենց այն սենյակում, որտեղ էլ հենց արվել էր, իսկ հետագայում տեղափոխվեց Տրետյակովյան պատկերասրահ, իսկ Աբրամցևում հիմա կախված է նկարի կրկնօրինակը:
Նյութը պատրաստեց Թամարա Մարտենսը
Комментариев нет:
Отправить комментарий