среда, 4 июня 2014 г.

Մետաֆիզիկական նկարչություն



Մետաֆիզիկական նկարչությունը (իտալ.` Pittura metafisica) 20-րդ դարում իտալական արվեստում տարածված ուղղություն է: Մետաֆիզիկական նշանակում է ֆիզիկականից, իրականությունից այն կողմ: Իզմի հիմնադիրը համարվում է Ջորջո դե Կիրիկոն: Նա 1911թ. ցուցադրվում է Անկախների սալոնում, որտեղ հանդիպում է Ապոլիների ու Բրետոնի հետ, ովքեր ոգեշնչում են նկարչին: Փարիզում լինելու տարիներին` 1913-1914թթ. Կիրիկոն ստեղծում է դատարկ քաղաքային տեսարաններով  կտավներ: Սա ապագայում դառնալու էր մետաֆիզիկական նկարչության հիմնական բնորոշիչը: Կիրիկոյի “Իտալիայի հրապարակները” շարքը իտալական դասական  ճարտարապետության ցուցադրման լավագույն նմուշներից է: Կիրիկոյի արվեստը արմատականորեն հակադրվում է ֆուտուրիստների ստեղծագործություններին, քանի որ վերջիններիս մոտ խելահեղ շարժում է, իսկ Կիրիկոյի մոտ` անվերջ ստատիկ վիճակ: 
Ջ. Կիրիկո-Սիրո երգը
Նա փառաբանում է հանդարտությունը, անշարժությունը: Նրա սիրած կերպարը հարավային քաղաքն է ամռանը` կեսօրից հետո դատարկված, մաքսիմալ լուսավորվածությամբ, ստվերների խորությամբ: Այս հանգստության մեջ Կիրիկոն որոնում է կյանքի իմաստը: “Մարդու ստվերում, որը ընկնում է արևոտ օրվա պահին, ավելի խորհուրդ և առեղծված կա, քան բոլոր կրոններում միասին վերցրած”,-ասում էր Կիրիկոն: Նա հակադրվում է ակադեմիական նկարչությանը: Նրա հիմնական լեյտմոտիվը գաղտնիքն է, առեղծվածի պատկերումը…”Օրվա գաղտնիքը”, “Գուշակության գաղտնիքը”: Կիրիկոյի կերպարները կոպիտ են, գույները` մաքուր, բնապատկերները` պարզ և կայուն, սակայն դրանց սովորական լինելը թվացյալ է և խաբուսիկ:


Ջ. Կիրիկո-Իտալական հրապարակ
1915թ. Իտալիան ներգրավվում է առաջին համաշխարհայինի մեջ: Կիրիկոն ստիպված էր վերադառնալ Ֆերարա: Այստեղ ընդամենը մեկ տարի անց` 1916թ.,  իր առաջնորդությամբ ձևավորվում է մետաֆիզիկական նկարչության հետևորդների խումբը, որի անդամներն էին Ալբերտո Սավինիոն, Ջորջո Մորանդին, Ֆիլիպպո դե Պիզիսը, Արտուրո Մարտինին, Ֆելիչե Կազորատին, ֆուտուրիստ Կառլո Կարան և այլք:

Կ. Կարա-Մետաֆիզիկական մուսա
Մետաֆիզիկական նկարչության մեջ այլաբանությունն ու երազանքը դառնում են մտքի արտահայտման հիմնական ձևեր: 1916-1922թթ. մետաֆիզիկական շարժման շուրջը համախմբված արվեստագետներն ու գրողները միավորվում են “Valori Plastici” /պլաստիկ արժեքներ/ ամսագրում: Այստեղ տպված էին Կիրիկոյի և Սավինիոյի աշխատանքները: Սավինիոն իր “Անադիոմեն” կտավում ցույց է տալիս ոճի երկու հիմնական սկզբունքները` թափանցիկություն և հեգնանք: Նրա, ինչպես նաև Կիրիկոյի և Կարայի լեյտմոտիվը դառնում  է մանեկենը:
Մետաֆիզիկական նկարչությունը, այնուամենայնիվ, հենված է նախորդ դարերի արվեստի վրա: Սավինիոն և Կիրիկոն ազդեցություն են կրում նեոկլասիցիզմից, առավելապես Առնոլդո Բյոկլինի աշխատանքներից: Կառլո Կարան գալիս է ֆուտուրիստական ավանդույթներից, իսկ այժմ հենվում է դասական արվեստի վրա:

Ջ. Մորանդի-Մետաֆիզիկական նատյուրմորտ

Մետաֆիզիկական նկարչությունն իր դիրքերը բավականին շուտ է զիջում: 1919 թվականից սկսած այս ոճի նկարիչները տարվում են դասական վարպետների գործերով: Կիրիկոն այս ոճում իր վերջին ստեղծագործությունը նկարում է 1918 թվականին, Մորանդին` 1920-ին, Կարան` 1921-ին:  Սյուրռեալիստները դատապարտում են մետաֆիզիկական նկարչությունից շեղումը և հորջորջում այն որպես իզմի դավաճանություն: Ոճի անկման պատճառներից մեկը դարձավ նաև ֆաշիստական ռեժիմը: Սակայն պատմության մեջ նրանք թողնում են երկու մեծ ցուցահանդեսներ. Դրանք 1921 և 1924 թվականներին Գերմանիայում տեղի ունեցած ցուցադրություններն են: Մետաֆիզիկական նկարիչների աշխատանքները ցուցադրված են միլանյան թանգարաններում և Յուկկերի, Տոնինելլիի, Մատտիոլիի մասնավոր հավաքածուներում, Լոնդոնի Ռոլանդ Պենրոուզի հավաքածուում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտում, Ստոկհոլմի Ազգային թանգարանում և Վենետիկի Պոպպի Գուգենհեյմի ֆոնդում:

Դե եսիմ` Գ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий