Դոնատտո Բրամանտեն
Բարձր Վերածննդի ճարտարապետության հիմնադիրներից և ամենանշանավոր ներկայացուցիչներից
մեկն է: Նրա ստեղծագործությունը Բարձր Վերածնունդի
համար այնպիսի նշանակություն ունեցավ, ինչպիսին Բրունելելսկոյինը՝ նախորդ շրջանի համար:
Երիտասարդ տարիքում Բրամանտեն սովորել է Ուրբինոյում, և կրել է Պիերո Դելլա Ֆրանչեսկայի
և Լուչանո Լաուրանոյի ազդեցությունը: Որպես ճարտարապետ՝ Բրամանտեն կազմավորվել է Լաուրանի
և Ալբերտիի ազդեցության ներքո: 1499 թվականին հրավիրվել է Հռոմ, որտեղ աշխատել է Լեոնարդո
դա Վինչիի հետ: Նրա հայտնի աշխատանքներից են Սուրբ Պետրոսի տաճարը Վատիկանում, Սանտա Մարիա դելլե Գրացցիե
եկեղեցին, Տեմպիետտոի տաճարը Հռոմում և շատ ուրիշ շինություններ: Այս անդրադարձը պատմում
է Տեմպիետտոյի տաճարի մասին: Վերջինս Հռոմում Բրամանտեի առաջին աշխատանքն է՝ ավարտված
1502 թվականին: Տեմպիետտոն երբեմն կոչում են նաև Բրամանտեի տաճար:
Տեմպիետտոն (tempio իտալերենից թարգ.`փոքր տաճար, ժամատուն)` Սան-Պիետրո-ին-Մոնտորիոյի համալիրի մի առանձին մասն է կազմում, այն իրենից ներկայացնում է ռոտոնդա-ժամատուն: Այս տաճարի կառուցումը պատվիրել է Իսպանիայի միապետ Ֆերդինանտն իր կնոջ՝ Իզաբելլայի հետ: Տաճարը պետք է կառուցվեր հռոմեական մի բլուրի` Յանիկուլի վրա, որտեղ, ըստ ավանդության, տեղի են ունեցել Սուրբ Պետրոսի տանջանքները, և տաճարն էլ պետք է նվիրված լիներ Սուրբ Պետրոսին: Այն Բարձր վերածնունդը խորհրդանշող առաջին կառույցն է Հռոմում։
Տաճարը ներդաշնակությամբ ներծծված,անտիկ մոնոպտերոսի ձևերով կլոր զանգակատուն է` ներսից և արտաքինից մշակված որմնախորշերով և դրսից շրջապատված դորիական սյունաշարով (16 սյուն): Տաճարի ներսում, ըստ Բրամանտեի ցանկության, որմնանկարներ չեն եղել, քանի որ նա կարծում էր, որ դրանք շեղում են դիտորդին շինության ճարտարապետությունը ընկալելուց:
Տաճարը առաջին քրիստոնեական շինությունն է, որն ունի անտիկ ֆորմալ ձևակերտում: Այսինքն,
այն դորիական մոնոպտերոս է, և նրանում աղոթասրահի տարածքը ցելլայի նմանությամբ շատ փոքր է, իսկ նաոսից դուրս նախատեսվում էր մի
ընդարձակ սյունաշար շրջաբակ, որ չի իրականացվել։
Սյունաշար շրջաբակին տեղում փոխարինում է նշված վանքի բակը։
Տաճարի ֆունկցիան և գաղափարախոսությունը: Այն նախատեսված է արտաքնապես հիացնելու և համալիրը լրացնելու համար, այլ ոչ մարդկանց հոծ զանգվածներ տեղավորելու: Տաճարի գաղափարախոսությունը մարդու և աստծու միջև կապ հաստատելու մեջ է, այդ պատճառով է, որ այն ունի կլոր հատակագիծ (երկրագունդ): Այս տաճարի անտիկ օրինակներից են Վեստայի տաճարը ֆորումում,
Հերկուլեսի տաճարը Հռոմում և այլ ուրիշ տաճարներ, որոնց նկարագրությունը տալիս է Վիտրուվիոսը
իր “Տասը գիրք ճարտարապետության մասին” աշխատությունում: Տաճարի նախատիպերից հանդիպում
ենք նաև Բարձր Վերածննդի վարպետների մոտ, օրինակ` Ռաֆայել Սանտիի “Մարիամի նշանադրությունը”
որմնանկարում:
Հատակագիծը և կտրվածքը: Տեմպիետոն կանգնած է ոչ բարձր կլոր ստիլոբատի վրա և շրջապատված է սյնուաշարով: Տաճարի ներքին տարածության տրամագիծը կազմում է 4.5 մետր: Տաճարն ունի կլոր հատակագիծ, արատաքին սյունաշարով պերիստիլ է: 16 սյուները, որոնք կառուցված
են մոխրագույն գրանիտից, իրենց վրա պահում են արխիտրավը, որի բաղկացուցիչ մասերն են ֆրիզը և մետիպոները: Վերջիններս
պատված են ռելիեֆներով: Սյունաշարից վերև թմբուկ-գմբեթարդով կիսակլոր գմբեթն է: Գմբեթը շրջապատված է քարակերտ բազրիքով։ Ստորին հարկում կա ուղղանկյուն մատուռ, որտեղ, ըստ ավանդության, գտնվել է այն խաչը, որի վրա խաչել են Սուրբ Պետրոսին: Դեպի այդ մատուռ տանում են 17-րդ դարում վերակառուցված
աստիճանները, որոնք գտնվում են աբսիդի հետևում: Տաճարը ինքնին բաղկացած է 3 գլխավոր մասերից` ուղղանկյուն մատուռ-դամբարանը` ստորին հարկում, աղոթասրահը որ իր մեջ կրում է 4 Ավետարանիչների քանդակները, և կիսակլոր գմբեթը, որը ներկայացնում է գիշերային երկնքի և աստղերի իմիտացիան:
Ըստ Բրամանտեի սկզբնական նախագծի՝ տաճարի գմբեթը պետք է հենվեր անմիջապես սյունաշարի վրա, սակայն կառուցվեց թմբուկը, և գմբեթը, հենվելով թմբուկին, շրջապատվեց բազրիքով: Վերակառուցման ընթացքում գմբեթը կրել է փոփոխություններ: Դրա վրա կառուցվել է փոքրիկ ելուստ, որը կրում է խաչը: Թմբուկի մասում կան երկու պատուհաններ, որոնք լուսավորում են ներքին տարածությունը: Թմբուկի 4 անկյուններից կան որմնախորշեր, որոնցից ամեն մեկում ներսից գտնվում են ավետարանիչների քանդակները:
Ըստ իտալական տրադիցիայի`
խորանը աղոթասրահից բարձրացվում է կրիպտորիայի միջոցով: Մուտքը այստեղ տաճարի արևմտյան
կողմից է, որը ներսից համապատսխանում է աբսիդի տեղադրությանը: Կրիպտորիան կառուցվել
է Պողոս 3-րդ պապի կողմից, XVI դարում: Սա փոքրիկ տարածք է, որը կարելի է տեսնել միայն ճաղերի ետևից: Այն ունի կլոր հատակագիծ, իսկ դեկորացիան ավելի ուշ շրջանի է, հատակը զարդարված է խճաքարերով, և, ըստ ավանդության, կենտրոնում խաչի մասունքներն են պահվում: Այստեղ կանգնեցված է Սուրբ Պետրոսի քանդակը, որի վրա կան գրություններ: Վերջիններս պատմում են սրբի տանջանքների մասին:
Տաճարի 16
սյուները, որոնք կառուցված
են մոխրագույն գրանիտից, իրենց քանակով խորհրդանշում են Քրիստոսին, 12 Առաքյալներին, 4 Ավետարանիչներին, որոնցից երկուսը
նաև առաքյալներ էին, ու Հովհաննես Մկրտչին: 16 դորիական սյուներից ամեն մեկը արխիտրավի վրա կրում է 3 մետիոպ: Սյուների բարձրությունը 3 մետր է: Տաճարն ունի 8 պատուհան
և 3 մուտք: Գլխավոր մուտքն ունի 90 սմ լայնություն և շրջապատված է քիվերով, որոնք ունեն դեկորատիվ
զարդաքանդակներ:
Տեմպիետտոյի Ռելիեֆները պատկերում են
Սուրբ Պետրոսի կյանքից և տանջանքներից տեսարաններ
և պատկերում են լիթուգիական սիմվոլներ: Սրանք պատկերում են այն գործիքները, որոնցով տանջել են Սուրբ Պետրոսին:
Ներքին տարածաքն ու հարդարանքը: Տաճարի ցելլայում չկան որմնանկարներ,
որովհետև Բրամանտեն կարծում էր, որ դրանք խանգարում են դիտորդին ընկալել ճարտարապետական
հորինվածքը: Դրա փոխարեն ինտերիերում` չորս որմնախորշերում, որոնք համապատասխանում են թմբուկի անկյուններին, Ավետարանիչների քանդակներն են: Դրանք արված են մարդու հասակին
հավասար, որպեսզի չճնշեն և ներդաշնակ լինեն մարդու հետ: Ավետարանիչների քանդակաները ստեղծվել են տաճարից 1 տարի հետո, Լոմբարդիայի դպրոցի վարպետների կողմից: Գլխավոր խորանում Սուրբ Պետրոսի քանդակն է, որի պատվանդանի վրայի ռելիեֆները պատկերում են Սրբի խաչելության տեսարանները: Ամեն մուտքի վերևում կան բարձրաքանդակներ, որոնք ունեն խեցու տեսք. դրանք ունեն դեկորատիվ նշանակություն: Գմբեթի վրա պատկերված է աստղային երկնքի իմիտացիան: Հատակը պատված է խճաքարերով:
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Տեմպիետտոն մեզ է ներկայանում
որպես Բարձր Վերածննդի արժեքների կրող, որի ակունքները գալիս են անտիկ ճարտարապետությունից: Այն առաջին տաճարն էր
Հռոմում, որպես Բարձր Վերածննդի ճարտարապետության
օրինակ, բայց կրում է անտիկ արվեստի գաղափարական իմաստը: Տաճարը նախատեսված չէ մարդկանց
հոծ զանգվածների համար: Փաստորեն Բարձր վերածնունդը սինթեզում էր քրիստոնեական մտածողությունը
անտիկ դետալներով և տիպոլոգիական հասկացություններով։ Տեմպիետոն միանգամայն ծավալային
հորինվածք է, որտեղ աղոթասրահը հորինվածքի կենտրոնն է, իսկ գմբեթը՝ դոմինանտը։ Ինտերիերի
բոլոր կրող տարրերը և արտաքին լուծման բաղադրիչները ընդգրկուն կերպով ընդգծում են ծավալայնությունը:
Տեմպիետտոն արվեստի սինթեզի աննման օրինակ է։ Դրանում ծավալարածական ձևի մասերը շաղկապող
ժանյակները, հարդարանքի այլ տարրերը աղոթքի տողեր են, փառաբանում են Սբ. Պետրոսի կյանքն
ու էությունը։ Շինարվեստը միանգամայն քրիստոնեական գաղափարականությունը պրոյեկտում
է հին հունական և հին հռոմեական շինարարական տարրերով։ Համամարդկային նվաճումների ու
կառուցողական սինթեզի ավելի գեղեցիկ մեկնաբանություն հնարավոր չէր ստեղծել։
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий