Մարքսիստական փիլիսոփայությունը առաջացել Է 19-րդ դարի 40-ական թվականներին եu նրա երկրորդ կեսում վերածվել ամենահամապարփակ եւ ամենաազդեցիկ փիլիսոփայական- հասարակագիտական ուսմունքի: Նրա հիմնադիրներն են դրարաշրջանի խոշորագույն մտածողներից երկուսը` Կարլ Մարքսը /1818-1883/ եւ Ֆրիդրիխ Էնգելսը /1820-1895/: Նրանք իրենց հետնորդների կողմից բնութագրվել են որպես մտքի տիտաններ այն պատճառով, որ խորապես յուրացնելով եւ հիմնավորապես վերամշակելով համաշխարհային մշակույթի, առանց բացառության, բոլոր բնագավառները, ինքնատիպ պատասխան են տվել մարդկությանը հուզող առանցքային հարցերին:
Կ. Մարքսը եւ Ֆ. էնգելսը իրավամբ համարվում են գերմանական դասական փիլիսոփայության ուղղակի ժառանգորդները, այն ստեղծողների փիլիսոփայական ուսմունքների դիալեկտիկա-մատերիալիստական աշխարհըմբռնմամբ վերամշակողներն ու զարգացնողները: Ֆ. էնգելսը իր «Լյուդվիգ Ֆոյերբախը եւ գերմանական դասական փիլիսոփայության վախճանը» աշխատության մեջ իր մեծ նախորդների` Կանտի, Ֆիխտեի, Շելլինգի, Հեգելի եւ Ֆոյերբախի փիլիսոփայական ուսմունքների միասնական ամբողջականությունը արժեքավորել է որպես դասական: Եթե ուշադիր դիտարկենք մարքսիստական փիլիսոփայությունը եւ անկաշառ բաղդատենք այն իրենց անմիջական նախորդների փիլիսոփայությանը, ապա կտեսնենք, որ չի կարելի մարքսիստական փիլիսոփայությունը դուրս թողնել «գերմանական դասական փիլիսոփայության» կոչվածից: Հիրավի, Կ. Մարքսն ու Ֆ.էնգելսը արժանիորեն լրացնում, հարստացնում եւ եզրափակում են իրենց կողմից դասական հռչակված ուսնունքները նույնքան դասականիրենց դիալեկտիկական եւ մատերիալիստական ուսմունքներով: Նամանավանդ, առանց Հեգելի դիալեկտիկական մեթոդի ու զարգացման դիալեկտիկական տեսության եւ Ֆոյերբախի բնության ու մարդու մատերիալիստական ուսմունքների, դժվար թե իրականանային Մարքսի եւ էնգելսի երազանքները: Իսկ նրանք, Կ. Մարքսն ու Ֆ. էնգելսը, դեռեւս տակավին երիտասարդ հասակում յուրացնելով Հեգելի եւ ֆոյերբախի փիլիսոփայական վերոհիշյալ ուսմունքները, համոզվեցին, որ դրանց մեջ եւս չի լուծված փիլիսոփայության գերխնդիրը` մարդու էության, նրա ազատության եւ երջանկության հիմնահարցերը: Նրանք իրենց համար պարզեցին նաեւ, որ այդ եւ փիլիսոփայական մյուս հիմնահարցերի լուծումների բանալին պետք է փնտրել ոչ թե սուբստանցիայի մասին տվյալ դարաշրջանի հասարակական գիտակցության եւ փիլիսոփայական, իրավաքաղաքական կարգերի ձեւերի մեջ, այլ հասարակական
տնտեսակարգի եւ տնտեսական հարաբերությունների մեջ: Եվ նրանք երազեցին
այնպիսի հասարակարգի կառուցում, որտեղ կթագավորի սոցիալական արդարությունն ու հավասարությունը եւ իր հավերժությունը կտոնի ազատության թագավորությունը:
Կարլ Մարքս |
Արդեն իսկ «Հեգելի իրավունքի փիլիսոփայության
քննադատության շուրջը» աշխատության մեջ Մարքսը փիլիսոփայության մեջ տեսնում է մի ուժ, որը տիրապետելով մասսաներին, կարող է փոխարինել «զենքի քննադատությանը»: Սրա համար անհրաժեշտ է փոխել մարդկանց գիտակցությունը: Մեկ տարի անց, 1844թ. իր «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրերում» Մարքսը, հետազոտելով մարդու օտարման հիմնախնդիրը, գալիս է այն եգրակագության, որ այն պետք է փնտրել նյութական-արտադրական գործունեության մեջ, եւ որ մարդու աշխատանքն արդեն իսկ օտարված բնույթ ունի: Կապիտալիզմի օրոք արտադրության միջոցները, առարկաները եւ արդյունքները ոչ միայն չեն պատկանում արտադրողին, այլեւ հառնում են նրա դեմ որպես օտար եւ թշնամի ուժեր: «Օտարված աշխատանքը» կոչված է պաշտպանելու նրա սոսկ ֆիզիկական գոյությունը: Աշխատանքի օտարման հետ միասին մարդուց օտարվում են նրա գործունեության մյուս բոլոր ձեւերը: Դրանց պատճառը Մարքսը տեսնում է մասնավոր սեփականության մեջ, հետեւաբար, հաղթահարել օտարումը, նշանակում է, վերացնել մասնավոր սեփականությունը:
Փիլիսոփայությունը, Մարքսի համոզմամբ, սոսկ վերացարկված-բանականացված, կյանքից ու իրականությունից կտրված անպտուղ տեսական համակարգ չէ: Նա սուր քննադատել է նախորդ ամբողջ փիլիսոփայական միտքը, այդ թվում եւ ֆոյերբախյանը, որտեղ լոկ բացատրվել է աշխարհը, այնինչ, փիլիսոփայության խնդիրը, Մարքսի համոզմամբ, աշխարհը վերափոխելու մեջ է:
1844-1846թ.թ. Մարքսն ու Էնգելսը համատեղ մշակում են սկզբունքորեն նոր հայացք աշխարհի մասին` պատմության մատերիալիստական ըմբռնումը: Այս նոր աշխարհայացքը մշակելիս նրանք բոլորից խորը եւ համապարփակ տեսել եւ յուրացրել են Հեգելի դիալեկտիկայի «ռացիանալ հատիկը» եւ Ֆոյերբախի մարդաբանական մատերիալիզմի հեղափոխական ոգին: Միաժամանակ, նրանց կարծիքով, իդեալիզմը եւ իդեալիստական դիալեկտիկական մեթոդը Հեգելին, իսկ մետաֆիզիկական, մեխանիստական-հայեցողական մատերիալիզմը Ֆոյերբախին հնարավորություն չեն տվել գիտականորեն լուծելու մարդու ազատության եւ հասարակության բնապատմական զարգացման հիմնահարցերը:
Մարքսի դիալեկտիկական մեթոդը ոչ միայն արմատապես տարբերվում է հեգելյան մեթոդից, այլեւ, նրա խոսքերով, այդ «մեթոդի ուղղակի հակադրությունն է»: Մարքսը նկատի ունի այն, որ Հեգելի մոտ մտածողությունը, բացարձակ գաղափարը արարիչն է իրականի, իսկ իր տեսանկյունից, իդեալականը այլ բան չէ, քան մարդկային մտածողության մեջ փոխակերպված նյութականը: Ֆոյերբախի մատերիալիզմի կապակցությամբ Մարքսի ու էնգելսի գնահատականները ավելի սուր էին: Նրանք գտնում էին, որ Ֆոյերբախը չի ըմբռնել աշխարհը, մարդուն եւ հասարակությունը իրենց դիալեկտիկական-բնապատմական զարգացման մեջ, իսկ մարդկային գործունեությունը չի դիտարկել որպես պրակտիկ-առարկայական վերափոխիչ գործունեություն: Երբ «իրենց հաշիվները» այսպես փակում են նախորդ ողջ փիլիսոփայության հետ, նրանք ձեռնամուխ են լինում իրենց փիլիսոփայության` «Դիալեկտիկական եւ պատմական մատերիալիզմի» ստեղծմանը:
Մատերիալիզմի և դիալեկտիկայի միավորումը: Մարքսն ու Էնգելսը վերամշակելով միավորեցին Հեգելի զարգացման տեսության ու Ֆոյերբախի մատերիալիստական մարդաբանության գաղափարները եւ սկզբունքները: Կ. Մարքսի եւ Ֆ. Էնգելսի մատերիալիստական դիալեկտիկայի էությունն այն է, որ նրանք Հեգելի «գլխի վրա կանգնած» դիալեկտիկան, իրենց խոսքերով, «կանգնեցրին ոտքերի վրա»: Առաջնայինը դիալեկտիկորեն զարգացող իրականությունն է, իրական աշխարհը, իսկ մտածողության եւ իմացության դիալեկտիկան զարգացող օբյեկտիվ իրականության արտացոլումն է կատեգորիաների, սահմանումների եւ օրենքների մեջ, այլ ոչ թե հակառակը: Սրանով, նրանց համոզմամբ, իրենք դիալեկտիկան ազատել են «իդեալիստական պատյանից» եւ դարձրել բնության, հասարակության եւ մարդկային մտածողության հետազոտության համապարփակ մեթոդ: Ամենակարեւորը այս հարցում այն է, որ մտածողության հետազոտման հեգելյան մեթոդը աշխատում է մտածողության սահմանումների, հասկացությունների եւ սկզբունքների դիալեկտկական համակարգում, որպես ինքնաբավ եւ ինքնին համակարգ, որից հետո նոր է իջնում օբյեկտիվ աշխարհ, ճշգրտում նրա էություններն ու կապերը: Այնինչ, ըստ Մարքսի եւ էնզելսի, մտածողության դիալեկտիկական ընթացքը, նրա հասկացությունների եւ սահմանումների դիալեկտիկական վերընթաց շարժումը, ինչպես եւ դրանց ճշմարտացիությունը, ընդհակառակը, պետք է բխեցնել ու բացատրել օբյեկտիվ աշխարհի դիալեկտիկական շարժմամբ: Մտածողությունը օբյեկտիվ աշխարհի արտացոլումն է, նրա սուբյեկտիվ պատկերն է իր հասկացությունների եւ սահմանումների մտածական ձեւերի մեջ:
Մատերիալիստական դիալեկտիկան, ի հակադրություն Հեգելի իդեալիստական դիալեկտիկայի, որը մտածողության վերընթաց զարգացման տեսություն է, Մարքսի եւ էնզելսի փիլիսոփայության մեջ այն օբյեկտիվ իրականության զարգացման վերաբերյալ գիտություն է: Մատերիալիստական դիալեկտիկան ելնում է այն սկզբունքից, որ օբյեկտիվ աշխարհի բոլոր իրերն ու երեւույթները գտնվում են համընդհանուր փոփոխելիության, կապի եւ փոխազդեցության մեջ: Դրանց մեջ Մարքսն ու էնգելսը առանձնացրել են օրենքի բովանդակություն ունեցող, այն է, էական, անհրաժեշտ, կրկնվող, հարաբերականորեն կայուն եւ օբյեկտիվ կապերը եւ դրանցից հետազոտել զարգացման օրենքները: Զարգացման օրենքները, ըստ Մարքսի եւ էնգելսի, ֆիքսում են ամեն մի զարգացման աղբյուրն ու շարժիչ ուժերը /հակադրությունների միասնության ու պայքարի օրենք/, զարգացման ընթացքը, այն է, ինչպես է ընթանում զարգացումը /քանակական փոփոխություններից որակական փոխփտւթյուններին եւ հակառակը անցման ու կապի օրենք/ եւ զարգացման ուղղությունը, հնի ու նորի կապը /բացասման բացասումի օրենք/:
Ֆրիդրիխ Էնգելս |
Իմացության պրոցեսի դիալեկտիկան: Մարքսիստական փիլիսոփայության ավանդը փիլիսոփայական մտքի պատմության մեջ կապված է նաեւ արտացոլման պրոցեսի գիտական մեկնաբանման հետ: Արտացոլումը, ըստ Մարքսի եւ էնգելսի, մատերիայի անբաժանելի համընդհանուր հատկությունն է, ատրիբուտը: էնգելսի մեկնաբանմամբ, արդեն իսկ նյութական մարմինների փոխազդեցությունների հետեւանքով մեկի ֆիզիկական հետքերը մյուսի վրա նաեւ իմացաբանական բովանդակություն ունեն: Գիտելիքը, ըստ նրանց, ձեւավորվում է իմացության վերընթաց բոլոր ձեւերում, զգայականի եւ բանականի անխզելի միասնության մեջ: Իմացության հիմքը, ելակետը եւ չափանիշը պրակտիկան է, որպես մարդկանց ի սկզբանե զգայական-առարկայական գործունեություն, որպես իմացության աղբյուր: Պրակտիկան իր ամբողջության մեջ Մարքսն ու էնգելսը ներկայացրել են որպես նյութական-արտադրական, սոցիալ-քաղաքական եւ հոգեւոր վերափոխիչ գործունեության դիալեկտիկական միասնություն:
Պատմության մատերիալիստական ըմբռնումը:Կ. Մարքսի եւ Ֆ. Էնգելսի սոցիալական փիլիսոփայությունը: Պատմության մատերիալիստական ըմբռնումը Կ. Մարքսի եւ Ֆ. Էնգելսի դիալեկտիկա-մատերիալիստական հայացքների աշխարհայացքային-մեթոդաբանական ամբողջական համակարգն է: Պատմության մատերիալիստական ըմբռնման հիմնական սկզբունքների միջոցով նրանք ստեղծել են իրենց սոցկալական փիլիսոփայությունը, պատմական մատերիալիզմը, որտեղ հիմնավորված վերլուծել ենհետեւյալ հիմնահարցերը.
1. Մարդկային հասարակության ծագման,
2. Պատմական պրոցեսի գիտական վերլուծության,
3. Հասարակական երեւույթների սուբստանցիոնալ, պատճառական կապերի ճանաչման,
4. Մարդկանց պրակտիկ-արտսպրական գործունեության վերափոխիչ դերի պարզաբանման,
5. Հասարակության, որպես բնապատմական պրոցեսի, զարգացման եւ հասարակության ու մարդկության ապագայի հետ առնչվող հիմնարար-սկգբունքային մի շարք հիմնախնդիրներ:
Պատմության մատերիալիստական ըմբռնումը Մարքսի եւ էնգելսի կողմից մշակվել է իբրեւ նոր հայացք պատմության նկատմամբ, իբրեւ հասարակական կյանքի ամբողջական պրոցեսի եւ նրա առանձին կողմերի հետազոտման փիլիսոփայական մեթոդ եւ պատմության դիալեկտիկա-մատերիալիստական իմացության փիլիսփայական մեթոդաբանություն: Պատմության դիալեկտիկա- մատերիալիստական ըմբռնումը մշակվել է 19-րդ դարի 40-ական թ.թ. ժամանակի հասարակագիտական մտքի կողմից առաջադրված խնդիրների լուծման համար: Այն մշակվեց որպես արդյունաբերական պրոլետարիատի աշխարհայացք եւ գաղափարախոսություն, կապիտալիզմի կործանման մասնավոր սեփականության ոչնչացման եւ նոր կոմունիստական հասարակարգի կառուցման տեսության /գիտական կոմունիզմի/ մեթոդաբանական ուղենիշ: Պատմության մատերիալիստական ըմբռնման հիմքում ընկած է սոցիալական դետերմինիզմը:
Պատմության մատերիալիստական ըմբռնման սկզբունքների ու դրույթների ավարտուն շարադրանքը տրված է Կ. Մարքսի «Քաղաքատնտեսության քննադատության շուրջ» աշխատության առաջաբանում: Այն բովանդակում է հետեւյալ դրույթները.
1. Հասարակական կեցության առաջնայնությունը եւ որոշիչ դերը հասարակական գիտակցության նկատմամբ: «Ոչ թե մարդկանց գիտակցությունն է որոշում նրանց կեցությունը, այլ, ընդհակառակը, հասարակական կեցությունն է որոշում նրանց գիտակցությունը»:
2. Հասարակության նյութական կյանքի, նյութական արտադրության առաջ նայնության եւ որոշիչ դերի սկզբունքը հասարակության սոցիալական, քաղաքական եւ հոգևոր ոլորտների նկատմամբ: «Նյութական կյանքի արտադրության եղանակը պայմանավորում է կյանքի սոցիալական, քաղաքական եւ հոգեւոր պրոցեսներն ընդհանրապես»:
3. Բազիսի սւռաջնայնության ու որոշիչ դերի սկզբունքը վերնաշենքի նկատմամբ: Հասարակական կյանքի արտադրության ու վերարտադրության պատմական պրոցեսում մարդիկ մտնում են իրենց կամքից ու գիտակցությունից անկախ նյութակսւն-տնտեսական /արտադրական/ հարաբերությունների մեջ, որոնք կազմում են «Հասարակության տնտեսական ստրուկտուրան, այն իրական բազիսը, որի վրա բարձրանում է իրավական ու քաղաքական վերնաշենքը եւ որին համապատասխանում են հասարակական գիտակցության որոշ ձեւեր»:
4. Արտադրողական ուժերի սւռաջնայնությսւն եւ որոշիչ դերի սկզբունքը արտադրական հարաբերությունների նկատմամբ: Արտադրության զարգացման պրոցեսում արտադրողական ուժերի ձեեր հանդիսացող արտադրական հարաբերությունները միտում ունեն ետ մնալու արտադրողական ուժերի զարգացման մակարդակից, որի հետեւանքով հասարակության զարգացման ինչ-որ մի վտւլում արտադրողական ուժերը հակասության մեջ են մտնում իրենց դարն ապրած արտադրական հարաբերությունների հետ: «... Այդ ժամանակ սկսվում է սոցիալական հեղափոխության դարաշրջանը»:
5. Հասարակության շարժումը բնապատմական պրոցես է: Այս սկզբունքի իմաստը եւ իմացաբանական-մեթոդաբանական բովանդակությունն այն է, որ «Ոչ մի հասարակական-տնտեսական ֆորմացիա չի ոչնչանում, մինչեւ որ չեն զարգանում բոլոր արտադրողական ուժերը, որոնց համար այդ ֆորմացիան լայն ասպարեզ է տվել, եւ նոր, ավելի բարձր արտադրական հարաբերությունները երբեք հանդես չեն գալիս, մինչեւ որ հասարակության ծոցում չեն հասունանում դրանց գոյության նյութական պայմանները»:
Ընդհանրացնելով պատմության մատերիալիստակն ըմբռնման իրենց տեսությունը, Ֆ. էնգելսը գրել է, որ «...Պատմության մատերիալիստական ըմբռնման համաձայն պատմական պրոցեսում որոշիչ հանգամանքը, վերջին հաշվով, իրական կյանքի արտադրությունն ու վերարտադրությունն է: Ոչ ես, ոչ Մարքսը ավելին երբեք չենք պնդել: Իսկ եթե որեւէ մեկն այս դրույթը խեղաթյուրում է այն իմաստով, որ իբր տնտեսական համակարգը միակ որոշիչ հանգամանքն է, ապա նա այդ պնդումը վերածում է ոչինչ չասող, վերացական, անմիտ դատարկաբանության: Տնտեսական դրությունը բազիսն է, բայց պատմական պրոցեսի ընթացքի վրա նաեւ ազդեցություն են գործում եւ շատ դեպքերում գերազանցապես նրա ձեւը որոշում են վերնաշենքային զանազան հանգամանքներ` դասակարգային պայքարի քաղաքական ձեւերը, ...պետական կարգը..., իրավական ձեւերը..., քաղաքական, իրավական, փիլիսոփայական տեսությունները եւ կրոնական հայացքները»:
Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից
Այո:
ОтветитьУдалить