вторник, 1 июля 2014 г.

153-րդ Բաքվի հետևազորային գնդի Սբ. Արսենիի եկեղեցին


Եկեղեցու էքստերիերը այժմ
 Ալեքսանդրապոլի ռուսական եկեղեցիների շարքում մեծ տեղ են գրավում  զորամասային եկեղեցիները: Դրանք կառուցվում են այն թաղամասերում, որտեղ տեղակայված էր ռուսական կայազորը: Այս եկեղեցիներից էին 18-րդ դրագունական Սեվերսկի գնդի, 153-րդ և 154-րդ Բաքվի հետևազորային գնդերի, ինչպես նաև  7-րդ և 8-րդ Կովկասյան հրաձգային գնդերի եկեղեցիները: Վերջին երկու եկեղեցիների մասին հիշատակություններ չկան:
 Բավականին լավ վիճակում մեզ է հասել 153-րդ Բաքվի հետևազորային գնդի Սբ. Արսենիի եկեղեցին: Այն գտնվում է «Կազաչի պոստ» թաղամասում: Այն կրում  է Սերբիայի արքեպիսկոպոս Սբ. Արսենիի անունը, կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին` կազակական զորքերի հանագանակություններով` որպես զինվորական եկեղեցի:
Սբ. Արսենիի ռուսական եկեղեցին նախկինում
  
Եկեղեցու հատակագիծը
  Եկեղեցին օծվել է 1910թ. հունվարի 6-ին: Շենքի հարևանությամբ կանգնեցված է եղել 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում զոհված 153-րդ Բաքվի գնդի մարտիկներին նվիրված հուշակոթողը:  Տաճարն ունեցել է մարմարե խորան,  երկու գմբեթ` յուրաքանչյուրը 21մ բարձրությամբ: Գմբեթներից մեկը կոնաձև է, ինչը բնորոշ է հայկական ճարտարապետությանը, մյուսը` սոխուկանման: Կոնաձև գմբեթը զանգակատունն է: Այն դրված է եղել արևմտյան կողմում, սոխուկանմանը արևելյան կողմում է` կլոր թմբուկով, որի վրա, ըստ երևույթին, 8-9 լուսամուտներ են: Վերջինս ավարտվում է ևս մեկ փոքրիկ համաձև գմբեթով: Կոնաձև գմբեթն ունի նույնպիսի վերջավորություն ևս: Դրա երկու կողմերում դրված են երկու սոխուկանման կիսագմբեթներ: Գմբեթի այս  տիպն առաջացել է Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ XII դարում, քանի որ Ռուսաստանում կառուցված առաջին փայտե եկեղեցիներն արդեն ունեին սոխուկանման գմբեթներ: Դրանք ունեն ուռուցիկ կառուցվածք, վերջավորությունը սրածայր է` նման սոխի (Ուգլիչեի, Արխանգելսկի, Նովգորոդի, Յարոսլավլի եկեղեցիներ): 
   Եկեղեցու գլխավոր մուտքը արևմուտքից է: Շինության ներքին տարածությունը լուսավորվել է արևելյան և արևմտյան կողմերում տեղադրված 5-ական լուսամուտներով, ինչպես նաև թմբուկի վրա տեղադրված պատուհաններով:  
Եկեղեցու ճակատները տարբեր կողմերից
Նախորդ դարի 30-ականներին եկեղեցու զանգակատունն ու գմբեթը խոնարհվել են: Պաշտամունքային կառույցն օգտագործվել է տարբեր նպատակներով` կացարան որբերի համար, անասունների ախոռ և այլն: Այժմ եկեղեցին վերանորոգման փուլում է, սակայն գմբեթները դեռ չեն տեղադրվել: Շինարարական աշխատանքները ղեկավարում է Վաղինակ Ֆարզադյանը: Եկեղեցու ճարտարապետական արտաքին տեսքը չի փոփոխվելու: Կառույցը վերանորոգելու են սկզբնական նախագծի համաձայն: Եկեղեցու տարածքում, Սբ. Ալեքսանդրա եկեղեցու քահանա Անդրեյ վարդապետ Վացի խոսքերով, լինելու է ռուսական հոգևոր-մշակությանի կենտրոն` զինվորական հայրենասիրական ակումբով և տարբեր խմբակներ: Սբ. Արսենիի եկեղեցին ՀՀ ամենամեծ ռուսական ուղղափառ եկեղեցին է:[1]



[1] http://alexandropol.ru/temple/temple_arseniy/temple_arseniy.php. Александропольская церковь в честь Святителя Арсения, архиепископа Сербского. վերցված է 2014թ., մարտի 25:



Գոհար Նավասարդյան
հատված  դիպլոմային աշխատանքից
թեմա`  «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»

  

Комментариев нет:

Отправить комментарий