среда, 23 июля 2014 г.

Երերույքի տաճար



Երերույքի տաճարը (Անիի շրջան, Անիպեմզա ավան) վաղ միջնադարյան Հայաստանի կարևորագույն եկեղեցական հուշարձաններից է: Հետազոտողները (Ն. Մառ, Ն. Բունիաթյան, Ն. Տոկարսկի, Ա. Սահինյան և ուրիշներ), հիմնվելով հուշարձանի ճարտարապետական վերլուծության տվյալների վրա, տաճարի կառուցման ժամանակը սահմանել են 5-6-րդ դդ.։ Տաճարը առանձնակի տեղ է գրավում ընդհանրապես վաղ քրիստոնեական շրջանի բազիլիկ եկեղեցիների մեջ, հանդիսանում դրանց դասական օրինակներից մեկը։
Իր հատակագծային և ծավալատարածական հորինվածքով Երերույքի տաճարը որոշ ընդհանրություն ունի սիրիական Տուրմանինի (5-րդ դ), Ռուսաֆայի (7-րդ դ), Կալպ Սուզեի (6-րդ դ), փոքրասիական Խոջա Կալեսիի (5-րդ դ) ու այլ բազիլիկների, հատկապես առաջինի հետ։

Բազմաստիճան հիմնապատվանդանի վրա տեղադրված (Անիի տուֆով) Երերույքի տուֆակերտ տաճարը բաղկացած է եռանավ (10,6X25,8 մ չափերի) աղոթասրահից, արևելյան կողմի կիսաշրջան ավագ խորանից, նրա աջ և ձախ կողմերի ավանդատներից, արևմտյան երկու անկյունների սենյակներից ու երեք կողմերի (հարավային, արևմտյան և հյուսիսային) արտաքին սյունասրահներից։ Դրանք բոլորը միասին կազմում են տաճարի հատակագծային կուռ, նկարվածքով հավասարակշիռ հորինվածքը, այնքան ավարտուն ու տրամաբանական, որ կանխամտածվածի տպավորություն է թողնում։    
Հատակագծում X ձևի երկշարք մույթերի (յուրաքանչյուր շարքում երեքական) միջոցով աղոթասրահը բաժանված է եղել կենտրոնական (լայնութ. 6,04 մ) և կողքի (լայնութ. 1,95 մ) նավերի։ Կենտրոնական նավը արևելյան կողմից ավարտվում է ավագ խորանի կիսաշրջան աբսիդով, որի երկու կողմերում տեղավորված են ուղղանկյուն հատակագծով (6,9X2,6, 7,1X2,8 մ), համապատասխանաբար դեպի հարավ և հյուսիս ձգված, կրկնահարկ ավանդատներ։ Դրանց մուտքերը բացվում են կողքի նավերի արևելյան վերջավորության մեջ։ Ի տարբերություն Քասաղի տաճարի, այստեղ ավագ խորանը ամփոփված է արևելյան ճակատի ուղղագիծ սահմանում, նրա նկատմամբ դուրս չի բերված։
Ադոթասրահի երկայնական պատերին պահպանված որմնամույթերի ու հանդիպակաց մույթերի ելուստներին էին հենվում կողքի նավերի թաղածածկի թաղակիր կամարները։ Կենտրոնական նավի թաղածածկի թաղակիր կամարները հենվում էին մույթերի ելուստներին։ Թեև տաճարի աղոթասրահը վաղուց է ղրկված ծածկի համակարգից, սակայն արևմտյան ճակատի վերնամասում պահպանված եռակի լուսամուտները վկայում են, որ դահլիճի կենտրոնական նավի թաղածածկն իր երկթեք կտուրի հետ միասին բարձր է եղել  կողքի նավերի ծածկերից, որի շնորհիվ տաճարն անվիճելիորեն բազիլիկ կտրվածք է ունեցել։
Հարավային և հյուսիսային, այժմ չպահպանված սյունասրահները տեղավորված են եղել արևելյան ավանդատների և արևմտյան սենյակների ելուստների միջև ու արևելյան կողմից ավարտվել են կիսաշրջան որմնախորշերով (ինչպես Տեկորի տաճարի հյուսիսային սյունասրահում և Խոջա Կալեսիի կողքի նավերումՍյունասրահի թաղակիր կամարները հենվել են արտաքին պատերի երեք որմնամույթերի ու դրանց առանցքներով տեղադրված կլոր սյուների վրա (պահպանվել են միայն բների, խարիսխների և խոյակների բեկորները): Արևմտյան սյունասրահը, որը նույնպես չի պահպանվել, տեղավորված է եղել անկյունային սենյակների միջև՝ ծածկված զույգ որմնամույթերի եւ նրանց առանցքով տեղադրված սյուների վրա։
Աղոթասրահ տանող երեք դռներից երկուսը բացվում են հարավային պատում, մեկը՝ արևմտյան (կենտրոնական նավի առանցքով): Դռների բացվածքները ծածկված են քարե միակտոր հեծաններով (որոնց վերևում բեռնաթափման ճեղքեր են թողնված) ու արտաքուստ մշակված են գեղեցիկ շքամուտքերի ձևով։ Հարավայինները միատիպ են։ Իրենց ձևերով ու չափերով տարբեր են նաեւ լուսամուտները, միանգամայն համապատասխան իրենց ֆունկցիոնալ նշանակությանը։ Ադոթասրահը լուսավորող հարավային 4 և արևմտյան 5 (որոնցից 3-ը ճակտոնի գագաթին), ինչպես նաև ավագ խորանը լուսավորող արևելյան լուսամուտը, մեծաչափ են։ Բացի արևմտյան պատի վերնամասի եռակի՝ բացվածքները միմյանցից զույգ սյուներով անջատված լուսամուտներից, մնացածները միաչափ են ու միաձև՝ երիզված տրամատավոր երեսակալներով։ Նույնպիսի ձևեր ունեն, սակայն ավելի փոքր չափերի, արևմտյան սենյակների լուսամուտները։ Ավանդատների լուսամուտները՝ պսակված տրամատավոր կամարուններով, ավելի համեստ չափերի են։
Երերույքի տաճարի ընդհանուր առմամբ պարզ արտաքին ճարտարապետության մեջ հարդարանքի միջոցները կիրառված են սահմանափակ ու տեղ են գտել հիմնականում հարավային և արևմտյան ճակատների վրա։ Այդպիսի տեղաբաշխումը վկայում է այն մասին, որ ճարտարապետը հաշվի է առել արևի «աշխատանքը», որի պատճառով հարդարանքի միջոցները գերազանցապես կիրառել է այն ճակատների վրա, որոնք օրվա ընթացքում ավելի երկարատև են ողողված արևի ճառագայթներով։ Նշված ճիշտ սկզբունքը պահպանվել է նաև հետագա դարերի հուշարձաններում։
Արտաքին ճակատներում կիրառված ճարտարապետական ձևերն ու զարդամիջոցները ներսինների հետ (ավագ խորանի շուրջը) ոճական կուռ միասնության մեջ են։ Գմբեթարդի ճակատային մասը գոտկում է ատամնավոր քիվը։ Պայտաձև կամարի կրունկներն ընդգծված են միակտոր քարից կերտված երկերես (ճակատային կողմից դեպի աբսիդի ներսը շրջանցող) զարդաքանդակ խոյակներով, որոնց կենտրոններում քանդակված են հավասարաթև խաչեր։ Նույնաձև խոյակներով են պսակված ավագ խորանի երկու կողմերի որմնամույթերը։
Աբսիդի լուսամուտի ներսի կամարատակը ու պատերը ծեփված են եղել կրաշաղախով, որի մնացորդների վրա պահպանվել են նշատերև զարդեր։ Կրաշաղախով է ծեփված եղել նաև գմբեթարդի մակերևույթը, որը հավանաբար նույնպես պատված է եղել որմնանկարով։
Հայաստանի մյուս եռանավ բազիլիկների համեմատությամբ,  Երերույքի տաճարի ծավալատարածական ձևերն էապես տարբերվում են։ Դրանում կարևոր դեր են ունեցել (այժմ կիսավեր դարձած) արևմտյան անկյան սենյակները, որոնց երբեմնի աշտարակաձև ծավալները, ինչպես Տուրմանինի բազիլիկում, տարածականորեն կազմակերպել են արևմտյան ճակատն ու անցումները դեպի հարավային և հյուսիսային ճակատները։
Տաճարի շուրջը գոյություն է ունեցել մի ընդարձակ համալիր։ Դրա մասն է կազմել նաև արհեստական ջրամբարը, որի պատվարի մնացորդները բացվել են պեղումներով:

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը

Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից

Комментариев нет:

Отправить комментарий