“Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս”… Սրանք էին Բարձր Վերածննդի հսկաներից մեկի` Միքելանջելո Բոունարոտտիի վերջին խոսքերը: Իր հանճարը դրսևորելով արվեստի տարբեր ժանրերում` Միքելանջելոն մարդկությանը թողեց անգերազանցելի ստեղծագործություններ` “Պիետտա”, “Դավիթ” և շատ այլ հանճարեղ քանդակներ: Հեղինակին են պատկանում Սիքստինյան մատուռի որմնանկարները ևս:
Միքելանջելո- "Ահեղ դատաստան" |
Իր հավատարիմ հովանավորի
`Հռոմի պապ Հուլիոս II ի մահից հետո Միքելանջելոն թողնում է Հռոմը և վերադառնում ֆլորենցիա:
Այստեղ նա որոշ ժամանակ դադարեցնում է իր գործունեությունը: Հռոմի նոր պապը ընտրվում
է Մեդիչիների տոհմից` Կլեմենտ VII –ը, ում
կառավարման ժամանակ իսպանացիները գրավում են Հռոմը, իսկ Ֆլորենցիան իսպանացիների ասպատակություններից
պաշտպանվելու համար սկսում է հսկայական աշտարակներ և պարիսպներ կառուցել, որոնցից շատերի
ճարտարապետական նախագծերը կազմում է Միքելանջելոն: Վերջինս ակտիվ մասնակցություն էր
ցուցաբերում նաև ռազմական գործողություններին: Սա շատ ծանր ժամանակահատված էր ինչպես
Ֆլորենցիայի,այնպես էլ ողջ Իտալիայի համար: Սպանությունների,երկպառակությունների և
պատերազմական այլ աղետների մեջ մարդիկ կարծես
չէին տեսնում կյանքի գեղեցկությունը, և ամեն ինչ կորցրել էր իր գույները: Այնուամենայնիվ,
Ֆլորենցիան չկարողացավ դիմակայել իսպանացիներին, և շուտով հանձնվեց, ինչից հետո Կլիմենտ
VII-ը հայտարարեց, որ կմոռանա Միքելանջելոյի հակակառավարական գործունեության մասին
այն դեպքում, եթե վերջինս համաձայնի հանձն առնել Սան Լորենցո եկեղեցում գտնվող Մեդիչիների
դամբարանի կառուցման աշխատանքներըը: Վախենալով իր և իր ընտանիքի անդամների կյանքի համար` Միքելանջելոն
համաձայնվում է, ինչից հետո նա Կլիմենտ VII-ից ստանում է հաջորդ պատվերը:
Ֆրագմենտ "Ահեղ դատաստանից" |
1534 թվականին Միքելանջելոն սկսում է համաշխարհային արվեստի գլուխգործոցներից մեկի` “Ահեղ դատաստան” որմնանկարի աշխատանքները: Երբ նա կանգնում է հսկայական սպիտակ պատի առջև, հասկանում է, որ որմնանկարը ստեղծելու համար իրենից շատ ջանքեր են պահանջվելու, թեև վաղուց արդեն երիտասարդ չէր: 60 տարեկան հասակում նա ուներ բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք սակայն չեն խանգարում նրան սկսել աշխատանքը: Հռոմի պապ Կլեմենտ VII-ը, չհամբերելով մինչև գործի ավարտը, հայտնվում է Սիքստինյան մատուռում
և տեսնելով անավարտ որմնանկարը` հայտնում իր դժգոհությունը, քանզի բազմաթիվ էին այն ստեղծագործությունները, որտեղ, ի հակադրություն աստծու կատարյալ կերպարին, մարդը ներկայանում էր որպես չնչին, անկարող արարած: Իսկ Միքելանջելոն, հավատալով աստծուն, միաժամանակ հավատում էր նաև մարդուն, մարդկային ուժին ու գեղեցկությանը: Իր գաղափարները, հավատն ու սերը դեպի աշխարհը Միքելանջելոն արտահայտում էր
իր ստեղծագործության մեջ:
Ֆրագմենտ որմնանկարից |
Մարդուն ներկայացնելով
որպես զգացմունքներով լեցուն էակ, իր որմնանկարում Միքելանջելոն ամբողջ ուժով արտահայտում
է մարդկային տառապանքն ու կործանումը: Թվում է, թե ողջ որմնանկարը կենդանի է: Կենտրոնում
Քրիստոսն է, ով զայրացած շուռ է տալիս երկնակամարը, անմիջապես նրան կից տեսնում ենք
վախեցած և ահանգիտ Սուրբ Մարիամին: Նրանց կողքին հրեշտակներն ու անմեղ մարդիկ են, ներքևում
մեղսագործներն են, ովքեր ընկնում են դժողքի անդունդը` փորձելով սարսափահար փախչել իրենց
ճակատագրից: Տեսնում ենք նաև ստորգետնյա Քարոն գետի վրայով մարդկային հոգիներ տեղափոխողին:
Արվեստաբան Լազարևը “ Ահեղ
դատաստան” ի մասին ասել է «Այստեղ չես տարբերի սրբերին և հրեշտակներին, մեղավորներին
և արդարներին, կանանց և տղամարդկանց: Նրանք
բոլորը ընդհանուր շարժման հոսանքի մեջ են. կծկված են իրենց համակած սարսափից: Որքան
ուշադիր ես նայում որմնանկարին, այնքան ազդեցիկ է թվում այն. կարծես բախտի անիվը ընթանում
է քո առջևով` իր մահվան ընթացքի մեջ առնելով բազմաթիվ մարդկանց, որոնցից ոչ ոք չի կարող
խուսափել կործանումից: Իզուր չէ, որ Մարիամը Հիսուսից գթություն է խնդրում` սեղմվելով
նրան»:
Ֆրագմենտ |
Մարդկությունը, նրա արարքները
արարքները, մտքերն ու կրքերը….ահա թե ինչն է կարևոր որմնանկարում: Բոլոր հերոսներին
վարպետը պատկերել է մերկ, իսկ Քրիստոսին և առաքյալներին այդ ժամանակ մերկ պատկերելու
համար մեծ համարձակություն էր պետք: Միքելանջելոն
կերպարների հոգու խոսքը արտահայտում էր նրանց
շարժումների, հայացքների միջոցով:
Տեսնելով հեղինակի պատկերած
մերկ մարդկանց ֆիգուրները` Հռոմի պապ Պողոս IV-ը հրամայում է բոլոր մարդկանց հագուստներ «հագցնել»: Երբ Միքելանջելոն իմանում է այդ մասին, ասում է` «Թող նա աշխարհը պատշաճ տեսքի բերի, իսկ նկարների հետ դա շատ հեշտ է անելը»:
Անցան դարեր, մոռացվեցին հանճարեղ Բոունարոտտիի թշնամիների անունները, բայց «Ահեղ Դատաստանը», անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, շարունակում է հիացնել և զարմացնել հազարավոր մարդկանց: Այն մնում է արվեստի անգերազանցելի նմուշ, որի առջև անզոր են մարդկային նախանձն ու թշնամությունը:
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
մերսի ընկեր Անետ
ОтветитьУдалить