среда, 23 июля 2014 г.

Գյումրու Սբ. Սարգիս մատուռը



2008թ. Գյումրու նախկին մանկական երկաթուղու տարածքում կառուցվում է Սբ. Սարգիս մատուռը: Այն գտնվում է Սև ղուլից քիչ հեռու, հավանաբար նախկին Սբ. Ալեքսանդրա եկեղեցու շրջակայքում: Մատուռը տեղակայված է «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրին պատկանող բակում: Եկեղեցին օծվել է 2011թ.: Շինարարական աշխատանքներն իրականացվել են Արտաշես Սարգսյանի միջոցներով: Փոքր չափերի մատուռը Գյումրու վերջին հայկական պաշտամունքային կառույցն է: Մատուռի հյուսիսային պատին փակցված ցուցանակի վրա հետևյալ արձանագրությունն է` «Ի հայրապետութեան ՏՏ Գարեգին Բ կաթողիկոսի Ամենայն հայոց և յառաջնորդութեան Տ. Միքայէլ եպս. Աջապահեանի կառուցաւ մատուռս յանուն Ս. Սարգսի զօրավարին արդեամբք և ծախիւք Արտաշէս Սարգսեանի ի թուին հայոց ՌՆԾԶ և յամի տեառն 2007»:
Գյումրու Սբ. Սարգիս մատուռը
Վերջին տարիներին Սբ. Սարգիս զորավարի անունով Հայաստանի տարածքում ևս մի քանի փոքր եկեղեցի-մատուռներ են կառուցվել: Դրանցից են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի և Աշտարակի Սբ. Սարգիս եկեղեցիները: Մարզերում կան նաև զորավարի անունով օծված մատուռներ, որոնք մեզ են հասել կիսավեր վիճակում: Սրանցից է Լոռու մարզի Արևածագ գյուղի Սբ. Սարգիս մատուռը: Թվարկված պաշտամունքային կառույցների մեջ Գյումրու Սբ. Սարգիս եկեղեցին առանձնանում է իր ճարտարապետական պարզությամբ: Իր չափերով և պարզությամբ այն նման է Աշտարակի Սբ. Սարգիս մատուռին:
Աշտարակի Սբ. Սարգիս մատուռը
Գյումրու Սբ. Սարգիսը զուրկ է քանդակներից և շքեղ ճարտարապետական տարրերից: Այն լուծված է պարզ և լակոնիկ: Կառույցը լուսավորվում է թմբուկին և երկու պատերին տեղադրված փոքր, նեղ լուսամուտներով: Ներքին ոչ ընդարձակ, քառակուսի տարածությունը միանման լուծված ճակատներով, ներսի զարդարանքով, ենթարկվում է գմբեթատակ տարածությանը` փոքր չափերով հանդերձ ստեղծելով միստիկ, հոգևոր միջավայր: Շինարվեստի, շինարարական նյութերի տեսանկյունից` սա կարելի է համարել մերօրյա Գյումրուն միանշանակ համապատասխան եկեղեցի: Այսօր քաղաքը լցվում է օր օրի վեր բարձրացող դեղնավուն տուֆով կառուցված շինություններով: Քարի նշված գույնով է կառուցված Սբ. Սարգիս մատուռը ևս

Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»

Комментариев нет:

Отправить комментарий