Քրիստոնեական Հայաստանի հնագույն եկեղեցիները
գերազանցապես բազիլիկատիպ էին։ Հայաստանի հնագույն բազիլիկատիպ եկեղեցիներից մեկը ՔԱՍԱՂԻ բազիլիկն է (Ապարանի շրջկենտրոնում),
նույնիսկ ենթադրվում է, որ այն նախապես հեթանոսական մեհյան է եղել։ Հետազոտողների մեծ
մասը (Ն. Մառ, Հ. Օրբելի, Հ. Ստրիժիգովսկի, Ն. Տոկարսկի, Ա. Յակոբսոն և ուրիշներ),
բազիլիկատիպ հուշարձանների տարածումը Հայաստանում կապում էին եկեղեցական կյանքի սիրիական
հոսանքի հետ և վերագրում անվիճելի ծագում սիրիականից։ Ա. Սահինյանը, որ զբաղվել է Քասաղի
տաճարի հնագիտական և ճարտարապետական հանգամանալից ուսումնասիրությամբ ու հրատարակել
ծավալուն մենագրություն, անընդունելի է համարում սիրիական ծագման վարկածը, հայտնելով
այն կարծիքը, որ սիրիականին առնչվող ճարտարապետական մանրամասները հետագա հավելման արդյունք
են։
Գնթունի իշխանների երբեմնի տիրույթի մեջ մտնող
և Արշակունի թագավորներին որպես ամառանոց ծառայող այս տաճարի կառուցման ժամանակի մասին ստույգ տվյալներ չկան։ Ելնելով ճարտարապետական-գեղարվեստական և շինարարական առանձնահատկություններից` այն վերագրվում է 4-5-րդ դարերին։ Քասաղի տաճարը եռանավ բազիլիկ է։ Նրա
5,5X11,0 մ չափերի աղոթասրահը երկու շարք (յուրաքանչյուր շարքում 3-ական), հատակագծում
7 ձևի մույթերի դասավորությամբ բաժանված է
3 նավերի, որոնցից միջինի լայնությունը 4,1 մ է։ Տաճարի թաղածածկի համակարգից
պահպանվել է կողքի նավերի թաղակիր կամարների միայն հարավային շարքը։ Այն ձգված է երկայնական
պատերից դեպի համապատասխան մույթերը։ Միջին նավի այժմ չպահպանված կամարների համար հենարան
են ծառայել մույթերի միջին նավի կողմն ուղղված ելուստները։
Աղոթասրահի թաղածածկը՝ բաղկացած միմյանց զուգահեռ,
արևմուտքից արևելք ձգված 3 գլանաձև թաղերից (որոնցից կենտրոնականը ավելի բարձր է),
տեղավորված է եղել կղմինդրներով ծածկված երկլանջ կտուրի տակ։
Աղոթասրահի միջին նավի առանցքով, արևելյան կողմից,
տեղավորված է հատակագծում պայտաձև, արտաքուստ հնգանիստ ավագ խորանը, իսկ դրա հյուսիսային
կողմից՝ մի ավանդատուն։ Վերջինս, ինչպես նաև նույն կողմում գտնվող սրահն ու միանավ
եկեղեցին, կառուցվել են ավելի ուշ։
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում
իրենց արխայիկ նկարագրով ճարտարապետական մանրամասները՝ քիվերը, լուսամուտների երեսակալները,
հարավային և արևմտյան շքամուտքերը, դրանց բարավորների քանդակային հորինվածքները։
Պահունակավոր տարբերակին պատկանող քիվերը, դատելով
բոլոր ճակատներում պահպանված քարերից, շրջանցել են տաճարի ծավալը, պսակելով ճակատների
վերնամասերը։ Արևմտյան և արևելյան ճակատներում դրանք, ինչպես անտիկ հունահռոմեական
տաճարներում, կազմավորել են այժմ չպահպանված եռանկյունաձև ճակտոնների հորիզոնական և
թեք երիզները։
Քասաղի բազիլիկ եկեղեցին |
Դատելով Ա. Սահինյանի վերակազմության նախագծից,
որի համար հիմք են ծառայել մասամբ պահպանված բեկորները, անհամեմատ ավելի կուռ ու գեղեցիկ
ճարտարապետական ձևեր են ունեցել հարավային (երկու) և արևմտյան շքամուտքերը։
Դռան բացվածքի երկու կողմերում տեղադրված և
ընդհանուր խարիսխ ու խոյակ ունեցող զույգ որմնասյուների վրա հենվում էր պայտաձև կամարը՝
վերնամասում պսակված ճակտոնով։ Խոյակները հարթաքանդակված էին արջամագիլի (ականթի) տերևի
մոտիվներով, իսկ ճակտոնների քիվերը՝ կրկնում էին տաճարի ճակատները պսակող քիվի ձևերը։
Դռների ուղղանկյուն բացվածքները ծածկված են քարե հեծաններով։ Դրանց հարթությունները
արևմտյան և հարավային (աջակողմյան) շքամուտքերում պատած է մոտավորապես նույնանման հարթաքանդակային
հորինվածքներով։ Արևմտյան շքամուտքի բարավորի հարթության կենտրոնում տեղավորված է կլոր
շրջանակի մեջ ամփոփված հավասարաթև խաչ, որի երկու կողմերում պատկերված են գլուխները
խաչի կողմն ուղղված եղջերուներ։ Հարավային ճակատի ձախակողմյան շքամուտքում բարավորը
հարդարված է միայն հավասարաթև խաչով։ Նշված քանդակային հորինվածքները, ինչպես իրավացի
կերկով նշել է Բ. Առաքելյանը, աչքի են ընկնում իրենց արխաիզմով:
ԴՎԻՆԻ Ս. ԳՐԻԳՈՐ մայր տաճարը միակն է Հայաստանի վաղ միջնադարյան եռանավ բազիլիկներից, որի կառուցման ժամանակը հայտնի է։ Պատմիչների վկայությամբ այն կառուցվել է 5-րդ դարի կեսին։ Քանդելով ու ավերելով հեթանոսական մեհյանը, նրա տեղում կառուցվում է ս. Գրիգոր անունը կրող մեծ եկեղեցին, երբ Գյուտ կաթողիկոսը Վաղարշապատից Դվին է փոխադրում հայրապետական աթոռը։ Ըստ պատմիչների, եկեղեցին կառուցվել է սուրբ Վարդանի կողմից՝ աղյուսով և փայտով։
Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ պատմական մի կարևոր իրադարձության՝ իշխան Վահան Մամիկոնյանին Հայաստանի մարզպան նշանակելու կապակցությամբ 485 թ. Դվինի ս. Գրիգոր եկեղեցում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն։ Հավաքված բազմությունն այնքան շատ է եղել, որ չտեղավորվելով «աստծո տանը», մի մասը ստիպված կանգնել է տաճարի արտաքին սրահներում, փողոցներում և շրջակա հրապարակներում։ Այդ կարևոր տեղեկությունը չի վրիպել Թ. Թորամանյանի ուշադրությունից, որի կարծիքով Դվինի ս. Գրիգոր եկեղեցին Երերույքի և Քասաղի տաճարների պես արտաքին սրահներ է ունեցել։ Այլ պատմիչի վկայությամբ 572թ. տեղի ունեցած դեպքերի ժամանակ եկեղեցին այրվել և հիմնովին ավերվել է, սակայն 7-րդ դարում սկսել Է վերաշինվել Սմբատ Բագրատունու և Աբրահամ Ռշտունի կաթողիկոսի օրոք (608—625թթ) ու ավարտվել Կոմիտաս կաթողիկոսի գահակալության ժամանակ (625—628թթ)։ Վերակառուցման ընթացքում Էապես փոփոխվել է եկեղեցու հորինվածքը, բազիլիկից վերածվելով եռախորան գմբեթավոր բազիլիկի։
Երբ 1947թ. Դվինում վերսկսվեցին պեղումները,
խորքի շերտերում բացվեցին ս. Գրիգոր եկեղեցու նախնական շենքի մնացորդները։ Դրանք հիմք
ծառայեցին ճարտ. Գ. Քոչոյանին վերակազմելու բազիլիկի հատակագիծը երկու տարբերակով՝
արտաքին սրահներով ու առանց դրանց։
Դվինի ս. Գրիգոր եկեղեցին, որպես մայրաքաղաքային,
ամենախոշորն է եղել վաղ միջնադարյան Հայաստանի բազիլիկներից։ Առանց արտաքին սրահի տարբերակում
հատակագծի ընդհանուր չափերը կազմել են 22,5x52,3 մ, իսկ սրահների հավելմամբ՝
30,4X58,2 մ։ Հատակագծում խաչաձև յոթը զույգ մույթերով աղոթասրահը բաժանվել է երեք
նավերի, որոնցից կենտրոնականի լայնությունը եղել է 8,3 մ, իսկ կողքերինը՝ 4,0 մ։ Եկեղեցու
հինգ մուտքերից գլխավորը բացվել է արևմտյան ճակատի կենտրոնում, աղոթասրահի երկայնական
առանցքի վրա, երկուական՝ հարավային և հյուսիսային ճակատներում։ Ավագ խորանը՝ ներսից
կիսաշրջան, արևելյան ճակատի կողմից իր հնգանիստ ծավալով եղել է դուրս շեշտված։ Այն
դարձել է եռանիստ, երբ նրա երկու կողմերում հավելվել են ավանդատներ, որոնք, ինչպես
Երերույքի տաճարում, նեղ ու երկար են, ձգված դեպի հարավ և հյուսիս։
Արտաքին կամարասրահները (հարավայինն ու հյուսիսայինը
1,8 մ լայնությամբ, արևմտյանը՝ 2,3 մ) շրջանցում էին տաճարը երեք կողմերից, արևելակողմում
սահմանափակվելով ավանդատներով։ Վերջիններիս դրսի արևմտյան պատերում, ինչպես Երերույքի
և Տեկորի տաճարներում, տեղավորված են եղել հատակագծում կիսաշրջան որմնախորշեր. հարավային
և հյուսիսային սրահների մեջ էին մտնում կամարային յոթը, արևմտյանը՝ երեք բացվածքներով։
Եկեղեցու ծավալատարածական հորինվածքը, ըստ վերակազմության
նախագծերի, պատկերված են երկու դրությամբ։ Առանց արտաքին սրահների տարբերակում, արևմուտքից-արևելք
ձգված ծավալը երկաստիճան է, որում գերիշխում է կենտրոնական նավի ավելի բարձր, երկթեք
կտուրի տակ առնված ծավալը։ Մյուս տարբերակում դրան գումարվում են արտաքին կամարասրահների
և ավանդատների ծածկերը՝ ծավալատարածական հորինվածքը դարձնելով եռաստիճան։
Այժմ անդրադառնանք առանց արտաքին սրահների եռանավ
բազիլիկներին, բնութագրելով միայն երկուսը։
ԵՂՎԱՐԴԻ ԲԱԶԻԼԻԿԸ գտնվում է համանուն գյուղում (այժմ Նաիրիի
շրջկենտրոն): Պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ այս բնակավայրում, որի անունը
հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, հնագույններից մեկը եռանավ բազիլիկ եկեղեցին է՝ պահպանված
կիսավեր պատերով, առանց ծածկի։ Ավանդաբար եկեղեցին թվագրվում է 6-րդ դարով,
կառուցումը վերագրելով Մովսես Եղվարդեցի կաթողիկոսին (574-603)։ Սակայն այդ կարծիքը
վիճարկվում է, նկատի առնելով, որ հարավային պատով ձգված ու առանձին հատվածներով պահպանված
արձանագրության մեջ Մովսեսի անունը չի հանդիպում, բացի այդ, նրա գահակալության ժամանակ
Հայաստանում արդեն տարածում էին ստացել գմբեթավոր եկեղեցիները։ Ահա թե ինչու, հետազոտողներից
ոմանք հակված են Եղվարդի եռանավ բազիլիկը թվագրել 5-րդ դարով, իսկ Թ. Թորամանյանը համեմատելով
Երերույքի տաճարի հետ, այն կարծիքն է հայտնել, որ Եղվարդի զարդաքանդակները (դռների
բարավորների վրա), «անխառն տեղական ոճով են քանդակված, գրեթե ոչ մի կապ չունեն օտարերկրյա
ոճերի հետ։
Իր չափերով Եղվարդի բազիլիկը միջին մեծության
է։ Նրա ընդհանուր լայնությունը 14մ է, երկարությունը՝ 28,0մ (առանց արևելյան պատի նկատմամբ
երբեմն առաջացող ավագ խորանի արտաքուստ հնգանիստ ծավալի)։
Չորս զույգ 7 ձևի մույթերի միջոցով աղոթասրահը
բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինն ունի 5,0 մ, կողքինները՝ 2,0 մ լայնություն։
Միջին նավն արևելյան կողմից ավարտվում է ուղիղ սկիզբ ունեցող կիսաշրջան աբսիդով, իսկ
կողքերինը՝ կիսաշրջան որմնախորշերով։
Եղվարդի բազիլիկը աոատ է մուտքերով (երեքական
հարավային և հյուսիսային ճակատներում, մեկը՝ արևմտյան), որոնց ճարտարապետական ձևերի
ու հարդարանքի միջոցների մասին պատկերացում է տալիս հարավային ճակատի մի շքամուտքը։
ԱՇՏԱՐԱԿԻ ԾԻՐԱՆԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ հին, դեռևս 5-րդ դարում հիշատակված ու պատմաճարտարապետական հուշարձաններով
առատ բնակավայրի հնագույն հուշարձաններից է։ Թեև նրա մասին բացակայում են մատենագրական
ու վիմագրական վկայագրերը, սակայն հետազոտողները, ելնելով հորինվածքային և ճարտարապետա-շինարարական
առանձնահատկություններից, մեծ մասամբ թվագրում են 5-րդ դարով։ Ստրիժիգովսկին է միայն
թվագրում 6-րդ դարով` կառուցումը վերագրելով Ներսես Բ Աշտարակեցի կաթողիկոսի ժամանակաշրջանին
(548—557թ.)։
Աշտարակի Ծիրանավոր եկեղեցու ավերակները |
Եռանավ բազիլիկ եկեղեցին պահպանվել է կիսավեր
վիճակում, առանց ծածկի և հարավային պատի։ Վերջինս փոխարինվել է նոր պատով, երբ, հավանաբար
ուշ միջնադարում, եկեղեցին վեր է ածվել ամրոցի ու այդ կապակցությամբ արևմտյան և հյուսիսային
պատերին արտաքուստ կցել են նոր պատեր։ Պատկանում է առանց արտաքին սրահների եռանավ բազիլիկների
այն տարբերակին, որում հատակագծային ողջ հորինվածքը (ավագ խորանի ու ավանդատների հետ
միասին, ինչպես Ծիծեռնավանքի եկեղեցում) ամփոփված է ուղղանկյուն պարագծի մեջ։ Թ. Թորամանյանը
հուշարձանը 5-րդ դարին վերագրելով հանդերձ, միաժամանակ աբսիդի և ավանդատների գտնվելը
արևելյան պատի ուղղագիծ սահմանում, համարում է բացառելի երևույթ։
Եկեղեցու արտաքին պարագիծն ունի 12,6 մ (այնություն
և 25,3 մ երկարություն։ Աղոթասրահը (9,5X19,5 մ չափերի) երեք զույգ մույթերի տեղադրությամբ
բաժանված է միջին (լայն՝ 4,6 մ) եւ կողքի (1,92, 1,73 մ) նավերի, որոնց արևելյան կողմում
համապատասխանաբար տեղավորված են ավագ խորանի, հատակագծում պայտաձև, աբսիդը և նրա երկու
կողմերում՝ քառակուսի ավանդատները։
Հյուսիսային երկայնական պատին պահպանված երկու
որմնամույթերի քայլերը չեն համապատասխանում մույթերի քայլերին։ Այս հանգամանքը Ա. Սահինյանի
կողմից դիտվում է մնացուվ ավելի հին շենքից, որի վերակառուցման ժամանակ են մուծվել
երբեմնի թաղածածկի հենարանները՝ երեք զույգ մույթերը։
Հուշարձանի ներկա վիճակը հնարավորություն չի
ընձեռում պարզորոշ պատկերացնել նրա ծավալատարածական նախնական հորինվածքը։ Դատելով արևմտյան
պատի վերնամասում անաղարտ ձևերով պահպանված զույգ և դրանցից վեր տեղավորված մեկ լուսամուտներից,
կարելի է ենթադրել, որ այն Երերույքի տաճարի պես բազիլիկային կտրվածք է ունեցել։
ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆ պատմական Սյունյաց նահանգի քրիստոնեական հնագույն հուշարձաններից
է։ Գտնվել է Գորիսի շրջանի Խնածախ գյուղից 4-5 կմ հյուսիս, այժմ` Արցախի (ԼՂՀ) Քաշաթաղ շրջանում, Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի եզրին: Տեղադրված է երկու ձորակներով
շրջապատված հարթագագաթ բլրակի պարիսպներով շրջապատված վանքատարածության հյուսիսարևելյան
մասում։ Պահպանվել է հիմնականում կանգուն վիճակում։
Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանք անունը
հիշատակում է Աղահեջ գավառի վանքերի թվում, որպես Սյունիքի 150 վանքերից 30-ի մեջ մտնող
առավել նշանավոր վանքերից մեկը։ Ծիծեռնավանքի մասին հիշատակություններ կան ուշ միջնադարյան
որոշ աղբյուրներում, որոնք վկայում են այն մասին, որ 16-րդ դարում վանքը գտնվել է բարեկեցիկ
վիճակում։
Հենվելով Ստեփանոս Օրբելյանի և Թովմա Վանանդեցու
վկայությունների վրա, Ալիշանն իր «Սիսական»-ում անդրադառնում է Ծիծեռնավանքին, ջանալով
որոշ ճշտումներ մտցնել նրա տեղադրության
հարցում։ Ե. Լւպայանն իր «Զանգեզուր» աշխատության մեջ, ի թիվս լեռնաշխարհի նշանավոր վանքերի, առաջին հերթին հիշատակում է Ծիծեռնավանքը, նկարագրում այն, ներկայացնում լուսանկարը։
Ծիծեռնավանքը ավելի ուշ մասնագիտական ուսումնասիրության ենթարկվեց Մ. Ս. Հասրաթյանի, Ա. Սահինյանի և իտալացի ճարտարապետներ Պաուլո Կունեոյի ու Ֆրանչեսկո Գանդոլֆոյի կողմից։
Կառուցման ժամանակի վերաբերյալ հավաստի տեղեկություններ չկան։ Վիմական արձանագրություններից երկուսը՝
1613 և 1779թթ. վերաբերում են կատարված նորոգումներին։ Մնացածը նվիրատվական են կամ վերաբերվում են խաչքարերի կանգնեցմանը։ Մ. Ս. Հասրաթյանի կարծիքով հուշարձանի հիմքը հեթանոսական տաճարի է, եկեղեցու է վերածվել 4-րդ դարում։ Այնուհետև երկու անգամ նորոգվել ու ամրացվել է։
Հատակագծային ու ծավալատարածական հորինվածքով, նաև ճարտարապետական մանրամասներով հնամենի է, միանգամայն համապատասխան Հայաստանի վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցիներին, առավել չափով Աշտարակի ս. Աստվածածին եկեղեցուն։
Աղոթասրահն ունեցել է չորս մուտք, երեքը հարավային, իսկ մեկը հյուսիսային կողմից։ Բացի հարավային անկյան մոտի մուտքից, մնացածը հետագայում շարվել-փակվել են։ Աղոթասրահում միջին նավը (լայնությունը՝ 4,0 մ) արևելյան կողմից հանգում է հատակագծում պայտաձև ավագ խորանին, իսկ կողմնայինները՝ (լայնությունը 1,90 մ) ավանդատներին։
Ադոթասրահի լուսավորմանն են ծառայում հարավային և հյուսիսային ճակատների չորսական լուսամուտները։ Արևմտյան ճակատում դրանք չորսն են։ Զույգ (ինչպես Աշտարակի և Լեռնակերտի միանավ բազիլիկում) երկարավուն նեղ ու կամարակապ լուսամուտները տեղադրված են բարձր, ճակտոնի տակ, իսկ կողքի նավերի լուսամուտները՝ ավելի ցածր, երկու անկյունների մոտ։
Ծիծեռնավանք |
Արևելյան ճակատում լուսամուտներ ունեն միայն կողմնային ավանդատները։ Բացի դրանցից արևելյան ճակատում, ավագ խորանի գմբեթարդից բարձր, տեղավորված են միմյանցից զույգ սյուներով անջատված երեք մեծաչափ կամարակապ բացվածքներ (Տրիբելոն), որոնցով առատորեն լուսավորվում էր աղոթասրահի միջին նավը։
Եռանավ աղոթասրահը միմյանցից անջատող, հատակագծում քառակուսի երկշարք չորս զույգ մույթերը պսակված են իրենց ձևերով հնամենի, մի քանիսը ատամնավոր քիվերով։ Տաճարի հետագա ամրացման ժամանակ մույթերը (բացառությամբ հարավային շարքի արևելակողմինը) իրենց չափերով հավելվել Են։ Նույն նպատակով հյուսիսային պատի ուղղությամբ, ներսի կողմից, հավելվել են յոթը որմնամույթեր, որոնց քայլը չի համընկնում մույթաշարի քայլին։
Կողմնային նավերի թաղածածկը, ինչպես նաև ավագ խորանի գմբեթարդի կամարը կիսաշրջան է, իսկ կենտրոնական նավի թաղածածկը՝ սլաքաձև։ Հավանաբար դա հետևանք է հետագա հերթի կառուցման կամ հիմնական նորոգման, ինչի պարզ ապացույցը նկատելի է արտաքին պատերում գործադրված քարերի երկգույնությամբ, ստորին մասում մուգ, վերին մասում՝ բաց դեղնավուն։
Չնայած հետագա վերանորոգումներին
ու ամրացման հետևանքով առաջացած աղավաղումներին, Ծիծեռնավանքի եռանավ բազիլիկը հիմնականում պահպանում է վաղ միջնադարյան հայկական բազիլիկ եկեղեցիների հորինվածքային և ճարտարապետագեղարվեստական հատկանիշները։ Վերջինների մասն են կազմում նաև տաճարի մուտքերին և ճակատներին եղած հավասարաթև խաչերը և զարդամոտիվները, որոնք հանդիպում են հայկական վաղ միջնադարյան բազիլիկ և այլ եկեղեցիներում։
Նյութը
պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Վարազդատ
Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից
Комментариев нет:
Отправить комментарий