среда, 18 февраля 2015 г.

Անդրեյ Ռուբլյով. Երրորդություն



Տրետյակովյան պատկերասրահի դահլիճներից մեկում ցուցադրվում է աշխարհի ամենահայտնի սրբանկարներից մեկը` <<Երրորդություն>>: Խոսքը Անդրեյ Ռուբլյովի նկարած սրբապատկերի մասին է, որը ստեղծել է XV դարի առաջին քառորդում: Այս հեղինակի մասին կենսագրական տեղեկություններ գրեթե հայտնի չեն: Ինչպես միջնադարյան նկարիչներից շատերը, նա ևս իր աշխատանքների տակ չի ստորագրել, սակայն արվեստաբանական լուրջ հետազոտությունները հանգում են այն եզրակացության, որ նա եղել է Սերգիևի Երրորդության վանքի վանականներից և հենց այս կառույցի համար էլ ստեղծել է իր գլուխգործոցը:
Ասում են` Սերգիևի Երրորդության վանքի քահանա Իգումեն Նիկոնը շատ էր վշտանում այն հանգամանքից, որ վանքի պատերը դատարկ են, տարածքում որմնանկարներ չկան: Նա որոշում է լուծել այս խնդիրը` իր մոտ հրավիրելով ժամանակի տաղանդավոր նկարիչներ Անդրեյ Ռուբլյովին ու Դանիել Չորնիին: Նրանք համաձայնում են եկեղեցու համար որմնանկարներ նկարել, բայց աշխատանքը չէր սահմանափակվում միայն ֆրեսկոներով, խորանի համար  մեծ թվով սրբանկարներ էին պետք:

Առաջին սրբապատկերը դառնում է հենց <<Երրորդությունը>>: Այն իր ստեղծման հենց առաջին օրից հին ռուս նկարիչների ուշադրության կենտրոնում էր: Այս ստեղծագործությունը շատերի համար է ոգեշնչման աղբյուր հանդիսացել: Շատ մեծ նկարիչներ են նկարել դրա կրկնօրինակները: Որոշ գիտնականներ կարծում են, որ  սրբանկարը Ռուբլյովը սկսել է նկարել 1410-11 թթ., երբ Ռուսաստանի վրա էին արշավել մոնղոլական զորքերը: Ըստ նրանց կարծիքի` այս նկարը փրկելու էր ռուս ժողովրդին, համախմբելու էր եկեղեցին ու իշխաններին: Գիտնականների մեկ այլ խումբ պնդում է, որ նկարը ստեղծվել է 1420-ականներին, երբ վանքում կառուցել են Երրորդության սպիտակ քարով տաճարը:

Հին կտակարանում երրորդությունը միասնության խորհուրդն ունի: Ռուբլյովը պատկերել է այն երեք հրեշտակներին, ովքեր այցելում են Աբրահամին` հայտնելու նրան բարի ավետիսը:
Հին կտակարանում պատկերված տեսարանը նկարագրված է հետևյալ կերպ.
<<Աստուած Աբրահամին երեւաց Մամբրէի կաղնու մօտ, երբ սա կէսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մօտ: 2Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսաւ երեք տղամարդկանց: Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մօտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց նրանց. 3«Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա, 4թող մի քիչ ջուր բերեն, լուան ձեր ոտքերը, ապա հովացէ՛ք ծառի տակ: 5Հաց բերեմ, կերէ՛ք եւ ապա գնացէ՛ք ձեր ճանապարհով, որովհետեւ ձեր ծառայի մօտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»: Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպէս, ինչպէս ասացիր»: 6Աբրահամն շտապեց դէպի վրանը՝ Սառայի մօտ, եւ ասաց նրան. «Շտապի՛ր, երեք գրիւ ընտիր ալիւր հունցի՛ր ու նկանակ պատրաստի՛ր»: 7Աբրահամը գնաց դէպինախիր, վերցրեց մի մատղաշ, լաւ հորթ, տուեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի: 8Նա վերցրեց կարագ, կաթ ու հորթի մսից պատրաստուած կերակուրը եւ դրեց նրանց առաջ: Նրանք կերան, իսկ ինքը  կանգնած մնաց նրանց առաջ, ծառի տակ: 9Նրանք հարցրին. «Ու՞ր է քո կին Սառան»: Նա պատասխանեց. «Վրանում է»: 10Նրանցից մէկն ասաց. «Ես եկող տարի նոյն այս օրերին կը գամ քեզ մօտ եւ քո կին Սառան որդի կունենայ»: Սառան ականջ էր դնում վրանի դռանը՝ նրա ետեւում կանգնած: 11Աբրահամն ու Սառան ծերացել էին, նրանց տարիքն առաջացել էր, եւ Սառան կորցրել էր ծննդաբերելու յատկութիւնը: 12Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն, ինչ մինչեւ այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ: Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»: 13Տէրն ասաց Աբրահամին. «Այդ ինչո՞ւ է ծիծաղում Սառան իր մտքում եւ ասում, թէ՝  Իրօ՞ք կը ծնեմ, չէ՞ որ ես պառաւել եմ”: 14Մի՞թէ Աստծու համար անկարելի բան կայ: Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին ես կը վերադառնամ քեզ մօտ, եւ Սառան որդի կունենայ»: 15Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»: Նա վախեցել էր: Տէրը ասաց. «Ո՛չ, այդպէս չէ, ծիծաղեցիր»>>:
Ըստ աստվածաբանական պատկերացումների` հրեշտակները խորհրդանշում են միասնություն ու համաձայնություն: Ռուբլյովը կատարյալ կերպով ի ցույց է դնում նրանց մեջ եղած անքակտելի միասնությունը: Սակայն, նա չի պատկերում ոչ Աբրահամին, ոչ էլ Սառային: Եվ որքան երկար ենք նայում այս նկարին, այնքան ընկղմվում ենք նրա անիրական հանգստության մեջ: Ռուբլյովի պատկերած միստիկ միջավայրն իր ոգեղենությամբ, գույներով, սիմվոլիկայով դիտողին անսովոր հոգևոր հանգստություն է բերում:
Նկարի կոմպոզիցիան առաջին հայացքից պարզ է թվում: Սեղանի շուրջ նստած են երեք հրեշտակներ: Մեծ դեր ունի սեղանի կենտրոնում դրված գավաթը: Պատճառը թերևս այն է, որ քրիստոնեության մեջ ևս այն մեծ նշանակություն ունի: Սա հայտնի է որպես <<կյանքի գավաթ>>, <<իմաստության գավաթ>>, <<անմահության հեղուկի գավաթ>>: Միջնադարում քրիստոնեական պատկերացումների վրա հենվելով` ի հայտ է գալիս դրա գեղարվեստական անվանումը` << Чаша Грааля>>, որից վերջին ընթրիքի ժամանակ գինի են խմում Քրիստոսն ու իր աշակերտները: /http://deesim.blogspot.com/2013/11/blog-post_6.html/
Ռուբլյովի նկարում բաժակը սովորական է` ապագա կյանքի խորհրդանիշ: Նրա շուրջ նստած հրեշտակները խոնարհ, հեզ հայացքներով նայում են տարբեր ուղղություններով: Հետաքրքիր է նրանց զգեստների ձևավորումը, գույները: Նկարում չկա ոչ մի շարժում, ամեն ինչ հանգիստ է, խաղաղ, ասես ոչ աշխարհիկ: Հրեշտակներից յուրաքանչյուրի թիկունքում պատկերված է իր խորհրդանիշը: Դրանք երեքը միասին վերցված կազմում են սրբապատկերի հետևի ֆոնը: Կենտրոնում պատկերված է ծառ, որը ոչ միայն Մամբրեի կաղնին է, որի մոտ հրեշտակները  հանդիպում են Աբրահամին, այլև ունի կենաց ծառի, հարատևության ծառի խորհուրդը: Առաջին հրեշտակի հետևում կառույցներ, ավելի շուտ, շքեղ պալատներ են նկարված: Մանրանկարչության, սրբանկարչության, ինչպես նաև գեղանկարչության մեջ այս մոտիվը հաճախ է հանդիպում: Այն խորհրդանշում է հանգիստ, ուրախ կյանքը` առանց դժվարությունների ու փորձությունների: Երրորդ հրեշտակի թիկունքում մեծ սարն է` երկնայինի հին սիմվոլը: Հին և Նոր կտակարանում սարը մեծ հավատքի, Աստծո վայրի խորհրդանիշ է: Այս պատճառով էլ դրա վրա են տեղի ունենում նշանակալի գործողությունները: Սինա լեռան վրա է Աստված Մովսեսին տալիս 10 պատվիրանները, Քրիստոսի փոխակերպումը տեղի է ունենում Թաբոր լեռան վրա և այլն…
Բացի վերը նշված վարլածներից <<Երրոդություն>> նկարի ստեղծման շուրջ այլ ստույգ տեղեկություններ չկան: Ուստի նույնիսկ XX դարասկզբին ուսումնասիրողները նոր խոսք ասել չկարողացան և սահմանափակվեցին արդեն ասված վարկածները ներկայացանելով: Մինչ օրս շարունակում են վիճել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք <<Երրորդությունը>> նկարվել է Սերգիևյան վանքի համար և հենց Ռուբլյովի կողմից, թե՞ պատկերն այստեղ է բերվել ավելի ուշ: Պատմաբան Վ. Ա. Պլուգինը ենթադրում է, որ սրբանկարն այս վանքում հայտնվել է միայն Իվան Ահեղի օրոք` որպես նվիրաբերություն, ևս երկու այլ սրբապատկերների հետ: Սակայն, եթե նկարն այստեղ է բերվել Իվան Ահեղի օրոք, ապա որտե՞ղ է այն պահվել մինչ այստեղ հայտնվելը` շուրջ 150 տարի: Նույն պատմաբանը գտնում է, որ նկարը 1540-ականներին բերվել է Մոսկովյան Կրեմլ այն ժամանակ, երբ այստեղ են հավաքել Ռուսաստանի տարբեր քաղաքներում ստեղծված սրբանկարները: Սակայն 1547թ. հրդեհից Կրեմլի մեծ մասը այրվում է, այդ թվում և եկեղեցին, որտեղ հնարավոր է, որ գտնվել է <<Երրորդությունը>>: Ուստի սա ևս  պարզապես վարկած է: Ըստ Պլուգինի` նկարը Սերգիևի վանական համալիր է բերվել 1564թ.:
Շուրջ 600 տարիների գոյության ընթացքում սրբապատկերը մի քանի անգամ վերականգնվել է: Դեռևս ուշ միջնադարում այն պատել է տարբեր գույնի նյութերով, օլիֆով, սակայն 1910-ական թվականներին սրբապատկերը լուրջ մասնագետների կողմից ենթարկվել  է ռեստավրացիայի: Հեռացվել են դրա վրա գտնվող այլ նյութերը և նկարը դարձել է այնպես, ինչպես այն ստեղծել է Ռուբլյովը: Այս աշխատանքներից հետո սրբապատկերը դրվել է մյուս բոլոր պահպանված նկարների կողքին, իսկ այժմ գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում: Նրա փոխարեն Սերգիևյան վանքում դրված է Բարանովի կողմից նկարված նույն նկարի կրկնօրինակը:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

Комментариев нет:

Отправить комментарий