понедельник, 16 февраля 2015 г.

Օտար ազգերի իմաստուն հեքիաթները



Կապիկի դատը /կորեական/
Մի անգամ աղվեսն ու շունը մի կտոր միս գտան և սկսեցին վիճել, թե ում պիտի այն պատկանի: Վիճեցին, վիճեցին և ոչ մի որոշման չեկան և դիմեցին կապիկին, ով կենդանիների մեջ ամենաիմաստունն էր համարվում, որպեսզի նա նրանց դատի: Կապիկն ուշադիր լսեց նրանց և ասաց.
Քանի որ դուք երկուսդ էլ այդ մսակտորը միաժամանակ եք գտել, ես այն կբաժանեմ երկուսիդ միջև և յուրաքանչյուրիդ կտամ հավասար մասը: Կապիկը նրանց աչքի առաջ միսը երկու մասի բաժանեց և դրանք դրեց կշեռքի վրա: Իհարկե, մի կտորը մյուսից ծանր դուրս եկավ: Կապիկը փոքր-ինչ դրանից կծեց և սկսեց նորից կշռել: Այժմ ավելի ծանր մյուս կտորն էր: Կապիկը փոքր-ինչ դրանից կծեց և սկսեց նորից կշռել: Դարձյալ առաջին կտորն ավելի ծանր դուրս եկավ, և կապիկը նորից դրանից փոքր-ինչ կծեց: Այդպես նա կտոր առ կտոր ամբողջ միսը կերավ, մինչև որ կշեռքի վրա ոչինչ չմնաց: Աղվեսն ու շունը դատարկաձեռն հեռացան


Կռունկն ու աղվեսը /ռուսական/


Աղվեսը կռունկի հետ ընկերացավ,ինչ որ մեկի ծնունդով էլ նրան սանամեր դարձավ: Ու մի անգամ ուզեց կռունկին պատիվ տալ,գնաց հյուր կանչեց:
-Արի,քավոր ջան,արի,սիրելիս,քեզ էնպես հյուրասիրեմ որ: Կռունկը հրավերն ընդունեց ու եկավ խնջույքի: Իսկ աղվեսը շիլա եփեց ու մի տափակ ամանով  մեկ լղոզեց:Ճաշը մատուցեց ու սիրալիր  ասաց.
-Կեր, քավոր ջան, ինքս եմ եփել:
Կռունկն էլ կտուցով տըկ, խփեց, բերանը բան չմտավ,իսկ աղվեսը սիրուն լիզելով-լիզելով լրիվ շիլան սրբեց: Կերավ պրծավ,ասավ.
-Ներող կլինես,քավոր,եղածը սա է:
-Դրանից էլ եմ շնորհակալ,սանամեր,վաղն էլ դու համեցիր ինձ հյուր:
Հաջորդ օրն աղվեսն եկավ,իսկ  կռունկը մածնաբրդոշը լցրել էր մի վզով կուլայի մեջ,դրել սեղանին:
-Կեր, սանամեր, ճիշտն ասած,էլ հյուրասիրելու բան չունեմ:
Աղվեսը կուլայի չորս կողմը պտտվեց - պտտվեց, էս կողմից,էն կողմից հոտոտեց,լիզեց,գլուխը կուլայի մեջ չմտավ,դունչը մի բանի չհասավ:Իսկ կռունկը կտցեց հա կտցեց,մինչև վերջը կերավ պրծավ:
-Դե  ներող եղիր,սանամեր,էլ պատվելու բան չունեմ:
Աղվեսը վրդովվեց, կարծում էր` մի շաբաթվա ուտելիք կուտի,բայց դատարկ փորով տուն գնաց:
Ինչ որ ցանես էն էլ կհնձես:
Էդ օրվանից աղվեսն ու կռունկը դադարեցին ընկեր  լինելուց:

Կաչաղակի բույնը /անգլիական/
Դեռ շատ վաղուց, դեռ շատ հնուց,
Երբ խոզուկն էր գինի խմում,
Լիանայի հովանու տակ
Շեկ կապիկն էր թութուն ծխում,
Իսկ հավերը՝ հիմարները,
Կտցում էին այդ թութունը,
Ու բադերը՝ վայրի, լայնթաթ,–
Ճչում հեռվից՝ «Կռայթ, կռայթ»...
Ամբողջ աշխարհի թռչունները թռան եկան կաչաղակի մոտ և խնդրեցին սովորեցնել բույն հյուսելա արվեստը։ Չէ՞ որ կաչաղակն է ամենալավ բույն հյուսողը։
Կաչաղակն էլ իր շուրջը հավաքեց թռչուններին և սկսեց ցույց տալ, թե ինչ և ինչպես պետք է անել։ Ամենից առաջ նա մի քիչ ցեխ վերցրեց և սարքեց մի կլոր բլիթ։
- Ա՜խ, ահա թե ինչպես պետք է անել...— ասաց կեռնեխը ու թռավ գնաց։
Այդ օրվանից կեռնեխները հենց այդպես էլ պատրաստում են իրենց բները։ Հետո կաչաղակը ճարեց մի քանի շյուղ և դասավորեց բլիթի շուրջը:
Հիմա ես ամեն ինչ հասկացա,— ասաց սև կեռնեխն ու թոավ գնաց:
Սև կեռնեխները մինչև այսօր էլ այդպես են հյուսում իրենց բույնը:
Հետո կաչաղակը շյուղերի վրա էլի մի շերտ ցեխ դրեց։
- Ամեն ինչ պարզ է,— ասաց բուն ու թռավ գնաց։
Այդ ժամանակից ի վեր բվերը այդպես էլ չսովորեցին ավելի լավ բույն հյուսել։
Իսկ կաչաղակը վերցրեց մի քանի շյուղ և դրանցով բույնը ծածկեց դրսի կողմից։
- Հենց դա էլ ինձ պետք է,– ուրախացավ ճնճղուկը և թռավ գնաց։
Այդ պատճառով էլ մինչև այսօր ճնճղուկները շատ անփույթ են հյուսում իրենց բները։
Իսկ կաչաղակը փետուրներ ու լաթեր ճարեց և դրանցով ծածկեց ամբողջ բույնը։
- Դա ինձ դուր է գալիս,— բացականչեց սարյակը ու թռավ գնաց:
Եվ իսկապես, սարյակների բույնը շատ հարմար է։
Ամեն ինչ այդ կարգով էլ ընթացավ։ Թռչունները նայում են, նայում ու այդպես էլ մինչև վերջ չեն համբերում. թռչում գնում են մեկը մյուսի հետևից։
Իսկ այդ միջոցին կաչաղակը, ոչ ոքի վրա ուշադրություն չդարձնելով, աշխատում էր, հա աշխատում։ Եվ ահա մնաց մի թռչուն՝ տատրակը։ Բայց պետք է ասել, որ այդ տատրակը բոլորովին էլ ուշադրություն չէր դարձնում, թե ինչ էր անում կաչաղակը։ Նա միայն անիմաստ կրկնում էր.
- Երկուսը քիչ է, երկուսը քիչ-չ-չ է...
Վերջապես կաչաղակը լսեց նրա ասածը, այն էլ այն ժամանակ, երբ մի շյուղ էր դնում բնի լայնքով, և ասաց.
Մեկն էլ բավական է։
Բայց տատրակը շարունակում էր կրկնել.
Երկուսը քիչ է, երկուսը քիչ-չ-չ է...
Կաչաղակը բարկացավ և ասաց.
Քեզ ասում եմ, մեկն էլ բավական է։
Իսկ տատրակը էլի իրենն էր պնդում.
- Երկուսը քիչ է, երկուսը քիչ-չ-չ է...
Այդտեղ կաչաղակը շուրջը նայեց և տեսավ, որ բացի հիմար տատրակից, կողքին ոչ ոք չկար։ Խիստ զայրացավ և թռավ գնաց։ Դրանից հետո նա այլևս չսովորեցրեց թռչուններին բույն հյուսելու արվեստը։
Այդ է պատճաոը, որ տարբեր թռչուններ իրենց բները հյուսում են տարբեր ձևով։
 
Լեզուն կտրած ծիտիկը /ճապոնական/
Վաղուց պատահած բան է... Ասում են՝ մի չար պառավ ուզում է ճերմակեղենը օսլայի, մի քիչ օսլա է դնում ամանի մեջ։
Հարևանի ձեռնասովոր ծիտը գնում է օսլան կտցահարում։ Պառավը վրա է հասնում։
Ա՜յ դու անպիտան արարած...— բարկանում է վրեն ու բռնում է լեզուն կտրում։
Ծիտիկը թռչում է գնում։ Հարևանուհին լսում է, որ իր սիրելի ծիտիկի լեզուն կտրել են։ Սաստիկ վշտանում է. վեր է կենում իր մարդու հետ ճամփա է բռնում, սար ու ձոր ընկնում, որ իմանա, թե ո՛ր կողմը թռավ իր ծիտիկը։
Մարդ ու կնիկ գնում են ու ձեն տալի.
Ո՞րտեղ է լեզուն կտրած ծիտիկը։ Լեզուն կտրած ծիտիկը ո՞րտեղ է կենում։
Վերջապես գտնում են ծիտիկի տունը։
Ծիտիկը որ տեսնում է իր հին տերն ու տիրուհին իրեն տես են եկել, ուրախանում, աշխարհքով մին է լինում։ Ներս է հրավիրում, շնորհակալություն է անում առաջվա տեսած լավությունների համար ու պատիվ է տալի։ Սեղան է բաց անում, էնքան ձուկն ու գինի է լցնում, որ էլ դատարկ տեղ չի մնում։ Կինը, որդիքն ու թոռներն էլ ոտի վրա ծառայում են։
Վերջը ինքն էլ բաժակը մի կողմն է շպրտում ու վեր կենում ծտավարի պար գալի։ Ու էդպես ուրախ անց են կացնում ամբողջ օրը։ Իրիկունը որ ընկնում է, պառավները խոսք են բաց անում, թե իրենց տուն գնալու ժամանակն է։ Էստեղ ծիտիկը գնում է երկու ուռի զամբյուղ է բերում, ասում է.
Ա՛յ, էս երկու զամբյուղը, մինը թեթև, մյուսը ծանր, որը կուզեք՝ ընտրեցեք ձեզ համար։
Հյուրերը, թե`
Մենք պառավ մարդիկ ենք. բեր մեզ թեթևը տուր, ավելի լավ է, հեշտ կտանենք, ծանրն ի՞նչ ենք անում։
Առնում են թեթև զամբյուղն ու վերադառնում տուն։ Տանը ասում են.
Բեր մի բաց անենք, տեսնենք ի՞նչ կա մեջը։
Բաց են անում ի՞նչ են տեսնում՝ էլ ոսկի, էլ արծաթ, էլ անգին քար, էլ թոփերով մետաքսեղեն... էն տեսակ մի բան, որ իրենց օրում իսկի մտքներովն էլ չեն անցկացրել։ Քանի հանում են, էնքան ավելի շատ է մնում մեջը։
Անվե՜րջ-անհատնում։
Ու միանգամից հարստանում են։
Էս բանը լսում է ծիտիկի լեզուն կտրող չար պառավը։ Նախանձում է հարևանների բախտին։ Հարց ու փորձ է անում, թե որտեղ է կենում լեզուն կտրած ծիտիկը, տեղն ու ճամփեն սովորում է։
Ես էլ կերթամ ծիտիկի մոտ,— ասում է ու ճամփա ընկնում։
Գնում է գտնում։ Դարձյալ ծիտիկը երկու զամբյուղ է բերում ու ասում.
Ահա երկու զամբյուղ, մինը ծանր, մյուսը թեթև, որն ուզում ես, ջոկի քեզ համար։
Պառավը միտք է անում՝ որ միջի գանձն ինչքան շատ լինի, զամբյուղն էլ էնքան ծանր կլինի, ասում է՝ բեր ծանր զամբյուղը տուր ինձ։
Շալակում է ծանր զամբյուղն ու ճամփա ընկնում ղեպի տուն։
Զամբյուղը քարի պես ծանր է լինում, տանելը դժվար։ Տնքալով տանում է։
Ծիտիկները ետևից մտիկ են անում ու ծիծաղում։
Տանում է տուն։ Տանում է, ագահ-ագահ բաց է անում։
Բաց է անում թե չէ՝ աղմուկով դուրս են թափում այլանդականճոռնի չար ոգիները, տեղն ու տեղը խեղդում չար պառավին։

Ձեռնոցը /ուկրաինական/
 Անտառով գնալիս  մի ծերունի կորցնում է ձեռնոցը: Մուկը  գալիս,մտնում է մեջը և ասում.
-Ինչ տաքուկ է,էստեղ էլ կապրեմ:
Ցատկոտելով գալիս է գորտը:
-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ես Ճսճստան մկնիկը:Իսկ դու ո՞վ ես:
-Ես Կռկռան գորտն եմ:Ներս չե՞ս թողնի,-խնդրում է գորտը:
-Ինչու չէ:
Սկսում են երկուսով ապրել:Մեկ էլ նապաստակն է վազելով գալիս,տեսնում է ձեռնոցը և հարցնում.
-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ճստճստան մկնիկը,Կռկռան գորտը:Իսկ դու ո՞վ ես:
-Ես Արագավազ շլդիկն եմ:Ինձ էլ ներս չե՞ք թողնի:
_Դե լավ,արի:
Երկուսը երեք են դառնում:Մեկ էլ գալիս է աղվեսը և հարցնում.
-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը:Իսկ դու ո՞վ ես:
-Ես Աղվես քույրիկն եմ:Ի՞նչ կլինի,ինձ էլ ներս թողեք:
_Դե լավ,դու էլ արի:
Սկսում են արդեն չորսով ապրել:Մեկ էլ գայլն է գալիս,պտտվում ձեռնոցի շուրջը և հարցնում:
-Ով է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը:Իսկ դու ո՞վ ես:
-Ես էլ Գորշ գայլն եմ:Ինձ էլ ներս թողեք:
-Դե լավ,ներս արի:
Գայլն էլ է ներս մտնում,դառնում են հինգը:Մեկ էլ որտեղից որտեղ վարազն է գալիս:
-Խռա-խռա, ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը,Գորշ գայլը:
Իսկ դու ո՞վ ես:
-Խռա-խռա-խռա,ես էլ Ժանիք վարազն եմ: Ինձ էլ ներս թողեք:
-Այ քեզ փորձանք: Ով գալիս է, ինձ էլ ներս թողեք:Ախր տեզ չկա,ուր մտնես:
-Լավ էլի,ներս թողեք:
-Դե լավ,ներս մտիր,մեկ է մտնելու ես:
Վարազն էլ է մտնում:Դառնում են արդեն վեցը,տեղերն այնքան է նեղանում,որ էլ ճար չի լինում:Մեկ էլ թփերը կոխոտելով,ճռթճռթացնելով գալիս է արջը,ձեռնոցի շուրջը պտտվում ու թե.
-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը,Գորշ գայլը,Ժանիք վարազը:Իսկ դու  ո՞վ  ես:
-Օ-հո-հո,ինչ շատվոր եք:Ես Մռմռթան արջն եմ:Ինձ էլ ներս թողեք:
-Ո՞ւր թողնենք,առանց քեզ էլ տեղներս նեղ է:
-Դե լավ,մի բան արեք:
_Էհ,ինչ արած,մտիր մի կերպ:
Արջն էլ է մտնում,դառնում են յոթը:Ձեռնոցն արդեն ճղվելու վրա է:
Հանկարծ ծերունին նայում է տեսնում,որ ձեռնոցը կորցրել է:Հետ է դառնում,ման է  գալիս, ման, շունն էլ առջևից է վազում: Վազում է,վազում,մեկ էլ տեսնում է պապի ձեռնոցը գալարվում է իրեն -իրեն: Որ չի հաչումՀաֆ-հաֆ-հաֆ», գազանները վախից դուրս են պրծնում ձեռնոցի միջից,ցրվում անտառով մեկ:
Ծերունին գալիս է,ձեռնոցն առնում  ու գնում:

Ուրիշներին լսիր, բայց սեփական խելքով ապրիր /բելառուսական/
Մի խելապակաս մարդ է լինում: Խելքին փչում է տոնավաճառ գնալ: Մի ճերմակ աքաղաղ է բռնում, դնում ծոցն ու գնում: Գնում է ու մտածումԱքաղաղաը կծախեմ` մախորկա կառնեմ»:
Ճանապարհին վաճառականներ են հանդիպում.
-Էդ ի՞նչ ես ծախում, քեռի՛:
-Աքաղաղ:
Ու ծոցից հանում է ճերմակ աքաղաղը: Վաճառականները տեսնում են, գլուխները օրորում.
-Ինչ աքաղաղ, ախր սա նապաստա՛կ է:
«Կատակ են անում,- մտածում է նա,-դրանց հերն էլ անիծած»:
Ու աքաղաղն առնում` շարունակում է ճանապարհը:
Քիչ հետո ուրիշ վաճառականներ են հանդիպում.
-Էդ ի՞նչ ես ծախում:
-Աքաղաղ:
Նայում են` ասում.
-Ի՜նչ աքաղաղ, ախր սա նապաստա՛կ է:
Նա մի անգամ էլ լավ տնտղում է իր աքաղաղը: «Գուցե իսկապե՞ս նապաստակ է,- ինքն իրեն ասում է խելապակասը,- աչքերիդ մի՛ հավատա... որ բոլորն էլ նույնն են ասում` ուրեմն ճիշտ է»:
Գալիս հասնում է տոնավաճառ. այնքան մարդ կար, որ խնձոր գցելու տեղ չկար. մարդկային ժխոր էր, ամեն մեկը հաճախորդ էր կանչում: Ինքն էլ է սկսում կանչել.
-Լավ նապաստակ տամ, լավ նապաստա՜կ...
Մի կին է մոտենում, նայում- հարցնում է.
-Ի՞նչ նապաստակ, ա՛յ մարդ, ախր սա աքաղա՛ղ է:
Մարդն իրեն է պնդում.
-Քեզ ասում եմ նապաստա՛կ է, ոչ թե աքաղաղ:
Ժողովուրդը հավաքվում է, կնոջ վրա ծիծաղում.
-Մարդը ճիշտ է ասում, չե՞ս տեսնում, ի՛նչ է, որ նապաստակ է:
Խելապակասը լրիվ հավատում է, որ ինքը նապաստակ է բերել ծախելու և ոչ թե աքաղաղ:
Եվ հիմա եթե որևէ գնորդ ասում է, թե սա, իբր, աքաղաղ է, ոչ թե նապաստակ` քիչ է մնում նրան ծեծի:
Ու աքաղաղն առած տոնավաճառում ետ ու առաջ է անում, մուշտարի կանչում: Շատ որ գնում-գալիս է` աքաղաղը ձանձրանում է, համ էլ արդեն թառելու ժամանակն է: Եվ թևերը թափահարում է, տոնավաճառով մեկ կանչում.
-Ծուղրուղու՜...
Հիմարը լրիվ շշկլվում է. նապաստակ է. բայց աքաղաղի պես կանչում է...
Աքաղաղը ծոցից հանում-շպրտում է, թքում ու տուն վերադառնում:
Հները ճիշտ են ասելՈւրիշներին լսիր, բայց սեփակա՛ն խելքով ապրիր»:




Հայր Բոնամիի հեքիաթը /ֆրանսիական/
Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:
Ահա այդ հեքիաթը.
Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:
Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ... Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:
Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:
- Հասկացա՜, - բացականչում է նրանցից մեկը: - Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:
Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:
Թա՜կ, թա՜կ... Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ "Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես":
Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:
- Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, - հարցնում է նա:
- Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:
- Ի՜նչ եք ասում, - պատասխանում է մարդը: - Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:
Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Комментариев нет:

Отправить комментарий