Լոռի բերդը հիմնադրվել է
հյուսիսային Հայաստանի Գուգարքի նահանգում Անիի Բագրատունիների մի ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) կողմից, որը այստեղ փոխադրեց Տաշիր Ձորագետի թագավորության մայրաքաղաքը։
Լոռին որպես ֆեոդալական տիպի քադաք-ամրոց, ունեցել է եռամաս հատակագծային կառուցվածք՝ բաղկացած միջնաբերդից, շահաստանից (որ Աղշահար էր կոչվում) և արվարձաններից։ Առաջին երկուսը, ինչպես Անիում, տեղավորված են եղել Ձորագետ և Միսխանա գետերի խորը ձորերով սահմանազատված շուրջ 35 հեկտար մեծությամբ գրեթե եռանկյունաձև մի հարթ հրվանդանի վրա, իսկ բնակելի արվարձանները սփռվել են հիշյալ ձորերով քաղաքատարածությունից անջատված Ամրակից և Կենդագեղ կոչված սարահարթերում։ Կապը դրանց հետ իրականացվել է կամուրջների միջոցով։
Հրվանդանի սրածայր վերջավորության վրա կառուցված միջնաբերդը զբաղեցրել է 9 հեկտար տարածք։ Այն հուսալի կերպով պաշտպանվել է Ձորագետ և Միսխանա կիրճերի միջև ձգված
214մ երկարությամբ պաշտպանական հզոր պատերով (հաստությունը տեղ-տեղ հասնում է 20մ, պահպանվել են զգալի բարձրությամբ): Միջնաբերդի կամարակապ դարպասը տեղավորվել է պարսսպապատի հյուսիս-արևելյան հատվածում։
Շահաստանը (շուրջ 25 հեկտար մակերեսով) տարածվել է հիշյալ պաշտպանական գծից առաջ (դեպի հյուսիս-արևմուտք) և կից սարահարթից անջատված է եղել առաջինից 700մ հեռու գտնվող 440մ երկարությամբ երկրորդ պարսպապատով, (պահպանվել են
չնչին մնացորդներ): Բացի պաշտպանական պատերի երկու հզոր գծերից, շրջակա ձորում (թշնամու համար մատչելի տեղերում) կառուցված են եղել պաշտպանական լրացուցիչ պատեր։ Պաշարման ժամանակ արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու, ջուր մատակարարելու համար միջնաբերդն ունեցել է մի գաղտնուղի, որի վերջավորությունը հասել է մինչև Միսխանայի ձորը և պաշտպանվել է հատուկ կառուցված բուրգով։ Ինչպես Անիում ու այլ քաղաքներում, ամրաշինական միջոցների (այդ թվում նաև ջրամատակարարման) ողջ համակարգը ենթարկվել է մեկ հիմնական գաղափարի՝ քադաք-ամրոցն օժտել պաշտպանական բարձր հատկանիշներով, որոնք և Լոռու բերդին բերել են անառիկ քաղաքի համբավ։
Լոռու միջնաբերդում պահպանվել են նաև քաղաքացիական ճարտարապետության մի քանի հուշարձաններ, այդ թվում՝ երկու բաղնիքի մնացորդներ։
Նյութը պատրաստեց Զառա
Սիմոնյանը
Վարազդատ Հարությունյանի
<<Հայկական ճարտարապետության պատմություն>>
գրքից
Комментариев нет:
Отправить комментарий