Իսպանացի հանճարեղ նկարիչ Դիեգո Վելասկեսի գլուխգործոցներից մեկն
իրավամբ <<Ջուլհակուհիները>> /1657թ./ կտավն է: Երկար ժամանակ նկարն
անվանել են <<Մադրիդի Սանտա-Իզաբել գոբելենի գործարանը>>, բայց 1948թ.
Դիեգո ԱՆգուլո Ինիգեսը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վելասկեսը
պատկերել է տեսարաններ Արաքնեի մասին
լեգենդից: Արդյունքում ստեղծագործությունը սկսեցին անվանել նաև <<Լեգենդ Արաքնեի մասին>> /"Fabula
de aragne"/: Այն այժմ գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում:
Դիեգո Վելասկես-Ջուլհակուհիները, կտավ, 1657թ. Մադրիդ, Պրադո |
Կոմոպոզիցիայի տեսանկյունից
կտավը բաղկացած է երկու հատվածից: Առաջին պլանում մուգ ֆոնի վրա պատկերված են ջուլհակուհիները:
Կենտրոնում մի երիտասարդ աշխատող ծնկի եկած թել է մանում: Աջ կողմում մեկ այլ կին է,
որը զբաղված է իր աշխատանքով և զուգահեռ զրուցում է իր կողքին կանգնած աղջկա հետ: Նրանց
թիկունքում` կարմիր վարագույրի հետևում, երևում են իրար վրա դարսված պատրաստի գոբելենները:
Աշխատանքը արհեստանոցում եռում է: Կոմոպոզիցիայի ձախ մասը ևս զարգանում է նույն կերպ:
Հեղինակը այստեղ ևս պատկերում է երկու ջուլհակուհիների: Հետաքրքիրն այն է, որ կանայք
տարբեր տարիքի են: Նրանց մեջ կան և տարեցներ, և օրիորդներ: Սյուժեն պարզ ու հասարակ
է և պատկերված է նույնպիսի պարզությամբ, սակայն գունաշարն ու կերպարների դիրքերը նկարին յուրահատուկ դինամիզմ
են հաղորդում:
Նկարի 1-ին պլանը |
Կանանց խմբերը. հատվածներ
Դիցաբանական
սյուժեն նկարիչը պատկերել է այնպես, ինչպես ինքն է երևակայել: Եթե հետևենք այն
վարկածին, որ նկարը ստեղծելիս Վելսակեսի վրա ազդեցություն է ունեցել Օվիդիոսի <<Կերպարանափոխությունները>>,
ապա արհեստանոցում ձախ կողմում պատկերված աղջիկը երիտասարդ Արաքնեն է, մյուս
կողմում նկարված ծեր կինը` Աթենասը: Իսկ
գորգի վրա պատկերված է այս լեգենդի շարունակությունը, երբ Արաքնեն կանգնած է իր`
<<Եվրոպայի առևանգումը>> թեմայով գործած գորգի դիմաց: Առասպելը
պատմում է, որ Արաքնեն իր գորգում պատկերել է աստվածներին որպես թույլ էակներ,
ովքեր անզոր են հասարակ մահկանացուների ուժի ու կրքի դիմաց: Իսկ Արաքնեի կողքին սաղավարտով Աթենասն է:
Դիցաբանության մեջ նա առավելապես հենց
այսպես էլ հանդես է գալիս:
Նկարի կոմպոզիցիան
կառուցված է հեռանկարի, լույս ու ստվերի կանոններով: Նկարիչը առաջին և երկրորդ պլանները
վարպետությամբ բաժանում է իրարից: Այս գործում զգալի դեր ունի երկու պլանների բաժանման,
անցման տեղում նկարված աստիճանը: Սա դիտողին կարծես տանում է գորգի մոտ և հետ բերում արհեստանոց: Ինչ վերաբերում է գորգին, ապա
այն իր հերթին ևս հանդես է գալիս որպես առանձին պլան:
Նկարի 2-րդ պլանը |
Վելասկեսի <<Ջուլհակուհիները>> կտավը փորձենք վերլուծել Վիոլֆլինի առաջարկած
համեմատական զույգերով: Գծերն այս կտավում այդքան էլ նկատելի չեն, գույնը խոչընդոտում է գծերի ընդգծվելուն. կտավը գեղանկարչական է: Այստեղ շեշտը դրված է առաջին պլանի վրա, ուստի ֆորմաները բաց են, հեռանկարը գնալով լայնանում է` նկարի տարածությունը դարձնելով խորը: Առաջին պլանում պատկերված կենցաղային տեսարանը համախմբում է բոլոր կերպարներին մեկ ընդհանուր գործողության շուրջ: Այս տեսակետից նկարի կոմպոզիցիայի եզակիությունն ապացուցված է, սակայն հետին պլանում պատկերված դիցաբանական սյուժեն կարծես առանձին նկար լինի այս նկարում, իր կերպարներով դարձյալ եզակի է: Թերևս այս երկու ինքնուրույն տեսարանները կարող են դիտարկվել միասին և կտավի կոմպոզիցիան դարձնել բազմակի, քանի որ
սյուժեի տեսանկյունից տիրուհին ցույց է տալիս հյուրերին ջուլհակուհիների կարած
գորգը, իսկ կոմպոզիցիայի առումով` նկարի երկու պլանները պատկերում են արհեստանոցի
երկու սենյակները, որոնք իրար են կցված աստիճաններով: Կերպարների հագուստները,
դեմքերը, սենյակի առարկաները ճշգրտորեն պատկերված չեն, սակայն, չենք կարող ասել, որ
նկարն ամբողջությամբ զուրկ է մանրակրկտորեն նկարված դետալներից:
Վելասկեսի այս ստեղծագործությունն իր սյուժեով ու կատարման վարպետությամբ համարվում է Պրադոյի լավագույն նմուշներից մեկը: Այն, միանաշանակ, այս նկարչի գլուխգործոցներից է ու իսպանական արվեստի այցեքարտերից...
Վելասկեսի այս ստեղծագործությունն իր սյուժեով ու կատարման վարպետությամբ համարվում է Պրադոյի լավագույն նմուշներից մեկը: Այն, միանաշանակ, այս նկարչի գլուխգործոցներից է ու իսպանական արվեստի այցեքարտերից...
Դե եսիմ` Գ.Ն.
Комментариев нет:
Отправить комментарий