Մտախոհ
մի թևավոր կին է նստած` տարբեր առարկաներով շրջապատված. գծագրական գործիքներ, ռանդա, մուրճ, սղոց, մեխեր, ըստ երևույթին փայտից
պատրաստված գունդ և այլն: Կնոջ գլխին ծաղիկներից հյուսված պսակ կա, գոտուց
բանալիներ են կախված, ծնկներին գիրք կա, ձախ ձեռքին` կարկին: Նրա կողքին փոքրիկ թևավոր հրեշտակ է պատկերված, ոտքերի մոտ` շուն....Առաջին հայացքից
նկատելի է միայն այսքանը: Կինը գտնվում է այս ամենի մեջ, բայց և ներկա չէ նկարում,
ասես աշխարհից բացակայում է: Կյանքն անց է
կենում նրա կողքից, նա մասնակից չէ կյանքի իրադարձություններին: Այս ամենն
անվանվում է մելանխոլիա ու նկարն էլ Դյուրերի հայտնի փորագրություններից մեկն է`
համանուն վերնագրով: Ստեղծագործության անվանումը նկարում ևս կա: Այսպես հազվադեպ է
պատահում, երբ հեղինակը բացի ստորագրությունից նկարի մի հատվածում թողնում է նաև
վերնագիրը: Նկարում
գրված <<Մելանխոլիա>> բառի կողքին լատինական այբուբենի i տառի մեծատառն
է: Բառի կողքին այն նշանակում է <<Կորչի մելանխոլիան>>, սակայն
հեղինակն իր բոլոր նշումներում այս աշխատանքն անվանում է պարզապես
<<Մելանխոլիա>>:
Ալբրեխտ Դյուրեր-Մելանխոլիա |
Սիմվոլների մի ամբողջ կույտ, այլաբանորեն
ներկայացված մի շարք առարկաներ ու մինչև այսօր հստակորեն չպարզված
բովանդակություն: Սրանք են գերմանական վերածննդի խոշար ներկայացուցիչ Ալբրեխտ
Դյուրերի <<Մելանխոլիայի>>
հետ կապված հիմնական ասոցիացիաները: Սա հատիչով արված գրավյուրա
է` 23,9 × 18,8սմ չափերով` ստեղծված 1514 թվականին: Հատիչով
փորագրությունը մետաղի
վրա փորագրության ամենահին տեխնիկաներից է, որի ժամանակ նկարը դնում են մետաղի վրա /ավելի հաճախ` պղնձի/ և փորագրում սուր, կտրող գործիքով` հատիչով: Ապա մետաղը մանրակրկիտ մաքրում են առաջացած փոշուց, ներկում լաքով այնպես, որ լաքը լցվի խորը փորված հատվածների մեջ: Նկարի հարթ մասերից ներկը մաքրում են և տպագրում:
Ի ՞նչ կարող ենք հստակ ասել այս փորագրության մասին: Թերևս, շատ քիչ բան,
այն, ինչը տեսանելի է: Հնարավոր է, որ Դյուրերի ժամանակներում ապրած մարդիկ
ընկալել են այս աշխատանքը և հասկացել դրա բուն իմաստը, սակայն անգամ դա ստույգ
ասել չենք կարող, որովհետև ինչպես մեր օրերում, դարեր առաջ ևս ոչ բոլոր
արվեստագետների նկարներն էին հասկացվում ու ընդունվում հասարակության կողմից:
Բազում
արվեստաբանների ու տեսաբանների ուսումնասիրություններից ու առաջ քաշած վարկածներից
զատ կուզենայինք այս ստեղծագործությունը նախ նկարագրել միայն այնպես, ինչպես
երևում է, ոչ մասնագետի աչքով:
Անգործության
վիճակում գտնվող կին, որի մտքերն այլ տեղ են, և տվյալ միջավայրում նա ներկա է
զուտ ֆիզիկապես, նույնիսկ նրա ներկայությունն այս դեպքում սիմվոլիկ է: Նրան շրջապատող առարկաները, որոնցով,
հնորավոր է, որ պետք է աշխատի, առայժմ միայն ճնշում են նրան: Նա մտածում է սկսելու
մասիմ, գուցե և գիտի իր անելիքը, բայց դեռ հանձն չի առնում: Կերպարի աչքերն ու ձեռքի կարկինը, ըստ իս, վկայում են այս մասին: Նրա հետևում դրված ավազե ժամացույցը, թեև
սահմանափակ ժամանակի խորհուրդն ունի, այնուամենայնիվ, իրեն չի խանգարում ու չի
շտապեցնում: Նրա մոտ ոչ թե դեպրեսիվ ու նյարդային իրավիճակ է, երբ թվում է, թե ամեն ինչ վատ է
ու ելք չկա, այլ նկատելի է պարզապես անսովոր հանգստություն, հոգնածություն, ոչինչ չանելու
անհագ ձգտում. սա է մելանխոլիան ինձ համար ու, ըստ իս, սա նկատելի է Դյուրերի նկարում ևս:
Անգլիացի
գրող Քլայվ Բարքերի կարծիքով մելանխոլիան տխրությունն է, միայն ավելի խորը: Դա այն
է, ինչ մենք զգում ենք, երբ մտածում ենք աշխարհի մասին ու այն մասին, թե ինչքան
քիչ ենք մենք հասկանում, երբ մտածում ենք անխուսափելի ավարտի մասին…
Կնոջ կողքին փոքրիկ Պուտտոն
է: Բարոկկոյի ու Վերածննդի արվեստում նա երկրային ավետաբերի ու հրեշտակային հոգու
խորհրդանիշն է: Նրա թիկունքում կա ավազե ժամացույց, կշեռք, զանգակ, դեպի երկրորդ
հարկ տանող աստիճան…Երկնքում ծիածան է պատկերված, դրա կամարի տակ` փայլող գիսաստղ:
Ծիածանը, փայլող գիսաստղն ու Պուտտոն. ֆրագմենտ |
Դյուրերը <<Մելանխոլիան>> ստեղծել է իր համար
բավականին դժվար ժամանակահատվածում: Մահացել էր նկարչի մայրը, երկրում
ապստամբություններ էին զարգանում, Եվրոպան կանգնած էր ռեֆորմացիայի շեմին: Այս
փորագրանկարը Դյուրերի երեք հայտնի փորագրանկարներից կազմված շարքի վերջին աշխատանքն է: Մյուս երկուսն են
<<Հիերոնիսմն իր խցում>> և <<Ասպետն ու մահը>>
փորագրությունները: Երեք աշխատանքներում էլ կա գործող անձ` Հիերոնիմոսը, ասպետը և
կինը: Արվեստաբանները կարծում են, որ այս շարքով Դյուրերը նկարագրում է մարդկային
երեք հոգեվիճակներ: Ստանիսլավ Զարնիցկու կարծիքով նշված փորագրանկարները
արտացոլում են Մարտին Լյութերի հոգեվիճակները: Այս մարդու գաղափարները կիսում էր
Դյուրերը ևս, ուստի, հավանական է, որ ժամանակի կարևորագույն կերպարներից մեկի
ներկայացման ու բացհայտման համար ստեղծեր
միանգամից երեք փորագրություն:
Ասում են` Դյուրերը մտադրվել էր մելանխոլիա արտացոլող մի քանի
փորագրանկարներ ստեղծել: Իր
ժամանակաշրջանում մելանխոլիկներին բաժանում էին երեք տիպի: Առաջին տիպին պատկանում
էին նրանք, որոնց մոտ լավ զարգացած էր երևակայությունը, դրանք հիմնականում
ստեղծագործող անհատներն էին, երկրորդ տիպի մեջ մտնում էին խելացի մարդիկ`
քաղաքագետներն ու պաշտոնյաները, երրորդ խմբում զուտ զգացմունքներն էին,
զգայարաններն ու ինտուիցիան: Դյուրերն իրեն համարում էր երազող, այսինքն` առաջին
տիպի մելանխոլիկ:
Արվեստաբան Պաուլա Վոլկովան
այս փորագրանկարում տեսնում է Դյուրերի ինքնանկարը: Նա կոմպոզիցիան բաժանում է
երեք մասի: Առաջին մակարդակը արհեստներինն է: Այստեղ պատկերված են արհեստի
գործիքները: Երկրորդ մակարդակը ինտելեկտուալն է, երրորդը` աստվածայինը, երկնայինը, դեպի ուր տանում է նաև աստիճանը: Պատկերված
հրեշտակը, ըստ Պաուլայի, հենց Դյուրերն է: Կարկինը նրա ձեռքում խոսում է այն
մասին, որ թեպետ նա թևեր ունի և շատ բանի է ընդունակ, այնուամենայնիվ, ամեն ինչ պետք
է հաշվարկված լինի, չափի մեջ:
3 |
2 |
1 |
<<Մելանխոլիայում>>
շատ բաներ կապված են Սատուրնի հետ: Սա, ինչպես գիտենք, մելանխոլիկների հովանավոր
մոլորակն է: Նախկինում դա համարվում էր նեգատիվ ու չարագուշակ մոլորակ, որը վատ
ազդեցություն էր թողնում մարդկանց տրամադրության վրա: Քննարկվող փարագրանկարը
ստեղծելուց ամիսներ առաջ Դյուրերը աստղագիտություն էր ուսումնասիրում, հետևում էր
երկնային մարմիններին, աստեղերին ու մոլորակներին: Իր զննումներից մեկի ժամանակ
Դյուրերը նկատել է, թե ինչպես է մի գիսաստղ մոտենում Կշեռքի համաստեղությանը: Սա
նկարիչը պատկերում է իր փորագրանկարում: Կնոջ հետևում` ավազե ժամացույցից դեպի
ձախ, կշեռք է կախված: Կոմպոզիցիայում տեղ է գտել այս գիսաստղը ևս:
Կնոջ
կողքին պառկած շունը մելանխոլիկների սիմվոլն է, քանի որ շները հաճախ են
կատաղությամբ հիվանդանում, իսկ մելանխոլիկ մարդը, այդ ժամանակների պատկերացումների
համաձայն, կանգնած էր խելագարության եզրին:
Պատի վրա մոգական քառակուսի
է նկարված` 16 թվերից բաղկացած, 4-ական հորիզոնական և 4-ական ուղղահայց
վանդակներով: Ինչու է այս քառակուսին համարվում մոգական: Բանն այն է, որ թե' անկյունագծով,
թե' զուգահեռ, թե' հորիզոնական և ցանկացած այլ ուղղությամբ թվերի ընդհանուր գումարը
պետք է կազմի 34: Պատկերված թվերի գումարը յուրաքանչյուր ուղղությամբ իրոք 34 է: Կարող եք ստուգել ինքներդ.
Քառակուսու
մեջ առկա են փորագրանկարի ստեղծման տարեթիվը` 1514, նկարչի մոր մահվան ամսաթիվը`
16.05 և շատ այլ թվեր: Հնարավոր է, որ մոգական քառակուսին ստեղծել է հենց ինքը`
Դյուրերը, կամ նախատիպը վերցրել է Կորնելիուս Ագրիպպայից և, թվերը փոխելով,
դարձրել իրենը: Մոգական քառակուսին անվանել են նաև Յուպիտերի քառակուսի, սիկ
Յուպիտերը, շատերը կիմանան, որ ճնշում է Սատուրնի բացասական էներգիան:
Այս փորագրությունն արդեն շուրջ 500 տարի է, ինչ գտնվում է ուսումնասիրությունների ու արվեստասերների ուշադրության կենտրոնում: Այն մի շարք հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները քչերը կարող են տալ: Ի՞նչ է իրականում ցանկացել պատկերել նկարիչը, արդյո՞ք Սատուրնի հետ կապը կամ արվեստաբանի առանձնացրած երեք մակարդակները բնորոշ են այս ստեղծագործությանը, ոչ ոք չի կարող ասել: Յուրաքանչյուրս կարող ենք առաջ քաշել մեր իսկ վարկածը:
Դե եսիմ` Գ.Ն.
Комментариев нет:
Отправить комментарий