четверг, 2 апреля 2015 г.

Ինքնատիպ ալբոմ` Երևանի պատկերներով


Օպերա, Կասկադ, Մատենադարան. այս և այլ ծանոթ ու անծանոթ քաղաքային պատկերներ կներկայացվեն մեկ պատկերագրքում: «Զանգակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստում Yerevan Sketchbook ճեպանկարների գիրքը:
    Մտահղացումը հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանինն է: Cultural.am-ի հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ պատկերագիրքը կարևոր է և՛ մշակույթի, և՛ տուրիզմի զարգացման տեսանկյունիցԺամանակին կար «Երևան» ուղեցույց, որն ուղղորդում էր դեպի Երևանի ժամանցի և մշակութային վայրեր: Հիմա էլ կա նման ուղեցույցներ հրատարակելու կարիք: Yerevan Sketchbook-ի միջոցով փորձել ենք լրացնել այդ բացը: Գիրքը լույս է տեսնելու անգլերենով: Այն հետաքրքիր հուշանվեր կլինի օտարերկրացիների, ինչու չէ, նաև մեզ՝ հայերիս համար»:
      Ճեպանկարների գրքում ներկայացված կլինի մեր տեսած ու ճանաչած Երևանը, բայց արվեստագետների դիտանկյունից: Գրքի վրա աշխատում են նկարիչներ Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը, որոնց աշխատանքները կարելի է գտնել նաև մեկ այլ՝ “Illustators.am” կատալոգում: Հենց այդ նախագծի միջոցով էլ նրանց է վստահվել պատկերագրքի պատասխանատու աշխատանքը:
    Պատկերագրքի նպատակն է ցույց տալ ոչ միայն քաղաքի գեղեցիկ վայրերը, այլև մոռացված փողոցները, ստեղծել կոլորիտ: Բացի ճեպանկարներից` գիրք-ալբոմում կընդգրկվեն նաև տեքստեր՝ ըստ էջի տրամադրության, կախված նրանից, թե ինչ է փոխանցում ճեպանկարը, և ինչ ինֆորմացիայով կարելի է այդ փոխանցած հաղորդագրությունը համալրել:
    Yerevan Sketchbook-ը բացառիկ է մեր քաղաքի համար: Նման պատկերագիրք ունեն այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Լոնդոնը, Փարիզը, բայց ամեն քաղաք չէ, որ ունի նման գիրք-ալբոմ: Գրքի աշխատանքները սկսվել են դեռ կես տարի առաջ: Նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի մինչև ամառ: «Զանգակ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Մարիաննա Աճեմյանը մեզ տեղեկացրեց, որ համաձայնություններ են փորձում ձեռք բերել նաև գիրքը արտերկրում ներկայացնելու համար:


Աննա Կարապետյան
Աղբյուրը` http://cultural.am/hy/

Комментариев нет:

Отправить комментарий