Նախորդ նյութում համառոտ անդրադարձել ենք ֆրանսիական գոթական ճարտարապետությանն ու երկրի առաջնային շինություններից մեկին` Ամիենի տաճարին /http://deesim.blogspot.com/2015/04/blog-post_25.html/:
Այս անդրադարձը պատմում է ֆրանսիական գոթիկայի մյուս այցեքարտի` Ռեյմսի Մայր տաճարի մասին:
Փարիզից 150 կմ այն կողմ` Շամպան նահանգում գտնվում է 2500 տարվա պատմություն ունեցող Ռեյմս քաղաքը: Այն հայտնի է իր խաղողագործությամբ, շամպայնի և գինու արտադրությամբ, և ճարտարապետական հիասքանչ կոթողներով, որոնցից հնագույնները պատկանում են հռոմեագալլական շրջանին: Բայց քաղաքի հպարտություններից մեկը Ռեյմսի Աստվածամոր տաճարն է: Այն հայտնի է նրանով, որ Ժաննա դ’Արկը այստեղ է բերել Կառլոս 7-րդին, և վերջինս այս եկեղեցում է թագադրվել: Այդ թագադրումը նշանակում էր, որ Ֆրանսիան, չընդունելով անգլիական տիրապետությունը, ամրացնում է իր անկախությունը:
Ռեյմսի Աստվածամոր տաճարը
|
Տաճարի պատմությունը սկսվում է 5-րդ դարից, երբ Նիկասիյ եպիսկոպոսը կառուցեց առաջին փոքրիկ քաղաքային տաճարը` Սուրբ Աստվածածնի պատվին: Հենց այդ վայրում էլ 498 թվականին մկրտվեց Քլոդվիգը` ֆրանկների առաջին թագավորն ու Մերովինգների դինաստիայի հիմնադիրը: Ռեյմսի տաճարում վերջինը թագադրվել է Կառլոս 10-րդը 1825 թվականին: Բայց հատուկ թագադրման վայր տաճարը եղել է միայն 1013 թվականից: Ըստ ավանդության 1027 թվականին, երբ ֆրանսիական թագավոր Հենրի 1-ինը թագադրվեց, երկնքից ուղարկված աղավնին կտուցում բռնած բերեց մյուռոնով անոթ, թագավորի օծման համար: Սա դարձավ սովորույթ, ֆրանսիական թագավորներին Ռեյմսի տաճարում թագադրելու համար:
1210 թվականին վիթխարի հրդեհը ոչնչացրեց քաղաքի մեծ մասը, շատ տուժեց նաև տաճարը: Նոր տաճարի կառուցումը սկսվեց 1211 թվականից ` եպիսկոպոս Օբրի դե Ումբերի օրոք, և ավարտվեց շուրջ 100 տարի անց: Այս վերջին տաճարը գոյություն ունի մինչ օրս: 2011 թվականին ֆրանսիացիները նշեցին Ռեյմսի տաճարի 800 ամյակը:
Տաճարի հատակագիծը |
Վերջին տաճարի ճարտարապետներն էին`
1211 թվականից` Ժան դե Օրբեն, 1231-1237 թվականներին` Ժան լե Լուն, 1247-1255 թվականներին` Գոշե Ռեյմսացին, 1255-1285 թվականների ընթացքում` Բեռնար Սուսոնսկին: 1241 թվականին ավարտվեց խորանի շինարարությունը: Կենտրոնական նավում գտնվում է հայտնի Լաբիթինթոսը, որի կենտրոնում գտնվող սալաքարի վրա գրված են ճարտարապետների անունները: Կենտրոնական նավի բարձրությունը` 37,95 մ է: Կենտրոնական մուտքում գտնվում են մեծ քանակությամբ արկբուտաններ, տարբեր մեծության կամարներ և սյուներ: Դրանք դրսից զարդարված են գոռգուլյաներով, որոնք ունեն ցլի, վիշապի և այլ կենդանիների տեսք:
Տաճարի պատուհանները զարդարված են շպիցերով, որոնք մտնում են առագաստների մեջ:
Ռեյմսի տաճարի ինտերիերը |
Շինության պատերը, ինչպես մյուս բոլոր գոթական տաճարները զարդարված են հիասքանչ վիտրաժներով, ցավոք դրանցից շատերը ոչնչացել են դեռ 18-րդ դարում: Ռեյմսի տաճարի ամենահայտնի վիտրաժներից մեկը Սուրբ Սիքստոսին պատկերող վիտրաժն է:
Ֆրանսիայի այս տաճարը ուշ գոթիկայի ամենավառ դրսևորումներից մեկն է: Տաճարի երկարությունը 138 մետր է, աշտարակների երկարությունը հասնում է մինչև 38 մետրի: Ըստ նախնական պլանի` Ռեյմսի տաճարից պետք է վեր խոյանային 6 աշտարակներ, սակայն դրանցից վերջին երկուսը, որ պետք է ունենային 80 մետր երկարություն, չհաջողվեց կառուցել:
Երեք շքամուտքերը |
Տաճարի այդ հատվածը այժմ զարդարված է ռոլիեֆապատ ֆրիզով: Քանդակների մեծ մասը արված են 1241-1290 թվականներին: 2000 ֆիգուրների մեջ կարող ենք տեսնել մոնարխների, ասպետների, ինչպես նաև արհեստավորների: Արևմտյան մուտքում է գտնվում “Մարիմի հանդիպումը Եղիզաբեթի հետ” քանդակային կոպմոզիցիան, որի սյուժեն վերցված է Նոր կտակարանից: Այս կոմպոզիցիան լեցուն է յուրահատուկ երջանկությամբ: Սուրբ Աստվածածինը սպասում է Քրիստոսի լույս աշխարհ գալուն, երեխայի է սպասում նաև Եղիսաբեթը, ով պետք է լույս աշխարհ բերի Հովհաննես Մկրտչին: Ռեյմսի տաճարում կա ևս մի հայտնի քանդակ, որ կոչվում է “Ժպտացող հրեշտակ” կամ “ Ռեյմսի ժպիտը”: Վերջինս իր ուրույն տեղն ունի ինչպես Ռեյմսի Աստվածամոր տաճարի, այնպես էլ Ֆրանսիայի բոլոր եկեղեցիների քանդակների մեջ:
Կենտրոնական ֆասադի քանդակներից |
Այս տաճարը Ֆրանսիայի մյուս գոթական կառույցների հետ մինչև օրս շարունակում է մնալ այս երկրի այցեքարտը: Ամեն օր հարյուրավոր զբոսաշրջիկներ են հիանում դեպի երկինք ձգվող կրոնական կառույցների աներևակայելի գեղեցկությամբ:
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий