суббота, 25 апреля 2015 г.

Գոթական ճարտարապետություն. Ամիենի Մայր տաճարը



Համաշխարհային արվեստի անգերազանցելի էջերից մեկը  գոթական արվեստն է: Գոթիկայի հայրենիքը  ֆրանսիան է: Այս երկրում է  այն սկսել զարգանալ մոտ 1130-ական թվականներից, և ձգվել մինչև 14-րդ դարի վերջ: Գոթիկան ընդգրկում է աշխարհագրական լայն տարածքներ: Այն զարմացնում է արվեստի բոլոր տեսակների գեղարվեստական արտահայտության միասնությամբ: Գոթիկան ամենաուժգին դրսևորումը ստացավ ճարտարապետության մեջ: Բացի Ֆրանսիայից այն ներթափանցում է նաև Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Անգլիա, մասամբ նաև Լեհաստան, Նիդերլանդներ ու Չեխիա: Տարբեր երկրներում գոթիկան ընդգրկում է տարբեր ժամանակաշրջաններ, սակայն ընդհանուր դարաշրջանն իր տակ ի նկատի ունի 12-15-րդ դարերը: Այս տարիներին են աշխարհի տարբեր անկյուններում մեկը մյուսի հետևից կառուցվում Միլանի Մայր տաճարը  /Իտալիա/, Ուելսի տաճարը /Անգլիա/, Քյոլնի տաճարը /Գերմանիա/, Սբ. Աննայի եկեղեցին /Լեհաստան/, Սբ. Վացլավի եկեղեցին /Չեխիա/ և տասնյակ այլ կրոնական, երբեմն նաև հասարակական կառույցներ, որոնց թվում են նաև Ֆրանսիայի ճարտարապետական գոհարները` Ռեյմսի, Ամիենի, Շարտրի տաճարները` Նոտր Դամի գլխավորությամբ:
Գոթական շինություններն ունեն դեպի վեր ձգվածություն և թողնում են ազդեցիկ տպավորություն, բացի այդ, դրանք տարողունակ էին: Շինությունների նման ձգվածությունն ունի իր հստակ բացատրությունը: Այս դարաշրջանին բնորոշ է արվեստի, ինչպես նաև ճարտարապետության թեոցենտրիկ /աստվածակենտրոն/ բնույթը: Այն, ինչը մարդը կամ արվեստագետը ձգտում էր պատկերել, կերտել ու քանդակել, իր մեջ կրելու էր աստվածայինը, ինչ-որ կերպ հղելու էր կրոնին` քրիստոնեությանը: Գոթական ճարտարապետության մեջ սա տեղի է ունենում հետևյալ կերպ. գմբեթներին փոխարինելու են գալիս սրածայր վերջավորությունները, որոնք ձգվում էին դեպի վեր, դեպի երկինք: Այս կերպ եկեղեցին կառուցող ճարտարապետն իր, եկեղեցում աղոթողը` իր հերթին ավելի էր մոտենում երկնայինին, աստծուն: Շինարարական տարրերի տեսանկյունից գոթական ճարտարապետությունը առաջին կարկասային ճարտարապետությունն  էր: Առաջին անգամ գոթական շինություններում մետաղը գործածվեց որպես կարկաս:
Ամիենի տաճարը
 Շինարարության կոնստրուկցիաներն են  համարվում կոնտորֆորսերն ու արկբուտանները, որոնք իրենց վրա էին պահում սրածայր վերջավորությունների ծանրությունը: Իրենց վրա ամբողջ ծանրությունը կրող կամարները  պատերն ազատում էին հենարան լինելուց, փոխարենը դրանք զարդարվում էին վիտրաժներով և հիասքանչ ռելիեֆներով: Գոթական շինությունները կառուցելու համար անհրաժեշտ էր շատ ժամանակ, հաճախ դա տևում էր մեկ դարից ավել: Գոթական ճարտարապետության զարգացումը դասակարգվում է հետևյալ կերպ`
 ·        Վաղ գոթիկա — 12-րդ դար
 ·        Բարձր գոթիկա — 13-րդ դար
 ·        Ուշ գոթիկա — 14-րդ դարից մինչև 15-րդ դարի սկիզբ

Բարձր և Ուշ Գոթիկայի գլուխգործոցներից մեկը Ֆրանսիայի հյուսիսարևմտյան քաղաքի` Ամիենի Աստվածամոր տաճարն է: Այն գտնվում է Ամիեն քաղաքի կենտրոնում: Կառուցվել է նախկին եկեղեցիների հիմքերի վրա, որոնցից վերջինը 12-դարում կառուցված ռոմանական մի եկեղեցի էր, որտեղ, ըստ ավանդության, Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո պահվում էին Հովհաննես Մկրտչի մասունքները:
Ամիենի տաճարի հատակագիծը
1218 թվականին այդ եկեղեցին ավերվում է կայծակի հարվածից:  Խուճապահար ամիենցիները, որոշում են, որ քաղաքին պետք է նոր և ավելի հզոր մի տաճար: Եպիսկոպոս Էվրարը 1220 թվականին  ձեռնարկում է մեծ շինարարություն, որի կառուցողական աշխատանքները հանձնում  է ճարտարապետ Ռոբեր Լյուզարշին: Տաճարը կառուցվում էր Ֆրանսիայի ծաղկման շամանակաշրջանում` 13-րդ դարում: 18 տարվա ընթացքում կառուցվում է կենտրոնական նավը, աբսիդը շրջապատվում է կապելլայով: Ռոբեր Լյուզարշի մահվանից հետո շինարարությունը ղեկավարում է ճարտարապետ Թոմա  դե Կորման, իսկ 1288 թվականից տաճարի գլխավոր ճարտարապետն էր  Կորմայի որդին` Ռենո դե Կորման: 1528 թվականին կանգնեցվում է վերջին շպիցը, որը երկրի մակերևույթից գտնվում է 112,7 մետր բարձրության վրա:


Ամիենի տաճարը իր մակերեսով գերազանցում է ֆրանսիական բոլոր գոթական տաճարներին, այն ամենատարողունակն է` 200 000 մ 3 : Շինության  երկարությունը դրսից  145 մ է, ներսից`  133,5 մ, բարձրությունը ներսից 42,3մ է:  Նավի լայնությունը 14,6 մ է: Ճակատային նավի եկարությունը 8,65 մ է, տրանսեպտինը`  70 մ:

Ամիենի տաճարի մուտքերը, ինչպես Ֆրանսիական շատ գոթական տաճարներինը` զարդարված է Աստվածաշնչյան թեմաներ ներկայացնող բառելեֆներով, որոնք շատ հաճախ կոչվում ենԱմիենի աստվածաշունչ”:
Ամիենի տաճարի կենտրոնական շքամուտքը
Տաճարի կենտրոնական մուտքում ներկայացված են ահեղ դատաստանի տեսարաններ: Ներքևում մահացածների հոգիներն են չարչարանքների մեջ, կենտրոնում` սատանաները` Լեվիաֆանին շրջապատած, վերևում` Քրիստոսը հրեշտակների հետ:
Ձախ մուտքը նվիված է Սուրբ Ֆիրմանին` Ամիենի առաջին եպիսկոպոսին: Մուտքերի վերևում գտնվում է կամարներով և սյուներով  ճոխ զարդարված  տրիֆորիումը, որի վերևում գտնվում է այպես կոչվածթագավորների սրահը”, որտեղ պահվում են  13 –րդ դարի թագավորների 12 քանդակՃարտարապետական կարևոր դետալ են նաև գորգուլյաները, որոնցով շատ էին զարդարվում տաճարների արտաքին պատերը:
Տաճարը ներսից բաժանված է 3 առագաստների: Այն   շատ լավ լուսավորվում է  շնորհիվ  բարձր սլաքանման պատուհանների և կենտրոնական  մեծ  վարդանման պատուհանի: Մուտքի մոտ` կենտրոնական նավի երկու կողմերում դրված են  եպիսկոպոսներ  Էվրար դե Ֆյուայի և Ժոֆուայի բրոնզե տապանաքարերը, որոնց օրոք սկսվել են տաճարի կառուցողական աշխատանքները: Երկու տապանաքարերն էլ դրվել են 13-րդ դարում, և կա վարկած, որ դրանց վրա հենց եպիսկոպոսների դիմաքանդակներն են են արված:
Ամիենի տաճարի քանդակներից
Շինության ինտերիերը
Ամիենի տաճարի ամենագրավիչ հատվածներից մեկը դրա հատակն է, որ զարդարված է զանազան օրնամենտներով: Դրանց մեջ է հայտնի լաբիրինթոսը, որ վերականգնվեց 19-րդ դարում, նախկինի հիմքերի վրա: Ըստ ավադության, այն մարդը ով կարողանար անցնել լաբիրինթոսով` Աստծու ընտրյալ էր: Դրա կենտրոնում գտնվում է մի սալաքար, որի վրա էլ գրված են  ճարտարապետների անունները, ինչպես նաև տաճարի կառուցման մասին այլ տեղեկություններ:

Տաճարում մինչ օրս պահվում է մասունք` գանգոսկրի փոքրիկ կտոր, որը, ըստ ավանդության, պատկանում է Հովհաննես Մկրտչին:
Ամիենի Աստվածամոր տաճարը, ֆրանսիական գոթիկայի ամենավառ դրսևորումներից մեկն է և ամենատարողունակը ողջ Ֆրանսիայի գոթական տաճարների մեջ:
 
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий