четверг, 12 июня 2014 г.

Գյումրու Սբ. Նշան եկեղեցին

 ·         Մի նոր քաղաք տեսա` ժամի սիրահար

Ջիվանի

Գյումրեցիները եկեղեցուն «ժամ» են ասում: Բառն ունի թուրքերեն ծագում: Կահրիե Ջամի, Ֆետիե Ջամի, Ատտիկ Ջամի, Քիլիսե Ջամի ճարտարապետական կոթողներում ջամին հենց վերափոխված ժամն է, որը լայնորեն կիրառվել է Հայաստանում, առավելապես Գյումրիում` թուրքական զավթումներից հետո: Հին ալեքպոլցիների զավակների խոսակցական լեզվում այս բառը դեռ շարունակում է խորհրդանշել եկեղեցու գմբեթը, մինչդեռ նոր սերունդն այլևս չի կիրառում թուրքերենից վերցրած բառերը:
Ալեքսանդրապոլի ժամանակաշրջանի (1837-1924թթ.) հայկական եկեղեցիները կառուցվում են շուրջ 30 տարիների ընթացքում` 1859-1887թթ.: Նշված առաջին տարեթիվը Սբ. Նշանի, ինչպես նաև Սբ. Ամենափրկիչ եկեղեցու կառուցման թվականն է, երկրորդը` Սբ. Աստվածածին եկեղեցու օծման տարեթիվը: Քաղաքի եկեղեցական ճարտարապետությունն այս գլխում կներկայացվի նրանց կառուցման պատմական հերթականությամբ։ Որևէ գրականություն չի պահպանվել, որտեղ տրված կլինեն Գյումրի քաղաքի պաշտամունքային կառույցների հատակագծերն ու չափագրումները: Ներքոնշյալ հատակագծերի մեծամասնությունը, ինչպես նաև շինությունների չափագրումները վերցված են Շիրակի թեմի առաջնորդարանի արխիվի փաստաթղթերից: Ալեքսանդրապոլում նախքան հայկական եկեղեցիներ կառուցելը գործել են նաև ռուսական, հունական և կաթոլիկ եկեղեցիներ: Սույն աշխատանքը, նվիրված լինելով քաղաքի միայն հայկական եկեղեցիներին, այլադավան պաշտամունքային կառույցները ներկայացնում է հավելվածում: Դրանց մի մասն այժմ գոյություն չունի, և ուսումնասիրության համար տեղեկատու աղբյուր են ծառայել միայն պահպանված լուսանկարները:
VII դարից հետո ուսումնասիրվող տարածաշրջանում եկեղեցաշինության հաջորդ և համեմատաբար զարգացած փուլը սկսվում է Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միանալուց հետո (1828թ.): Ավելի վաղ Ալեքսանդրապոլում եկեղեցիներ չէին կարող կառուցվել, քանի որ ռուս-պարսկական (1826-1828թթ.) և ռուս-թուրքական (1828-1829թթ.) պատերազմների հաղթական ավարտից հետո կնքված պայմանագրերի համաձայն շահական Պարսկաստանից և սուլթանական Թուրքիայից ներգաղթել և Արլ. Հայաստանում բնակություն էին հաստատել ավելի քան 130 հազար հայեր: Մինչև պատերազմները Կումայրիում ապրում էր 9.000 մարդ, որոնք հիմնականում բնակվում էին Ձորի թաղում և ունեին մեկ անշուք եկեղեցի: Պատերազմի ավարտից հետո Հայաստան են ներգաղթում 90 հազար հայեր, որոնցից Կումայրիում են հաստատվում հիմնականում արհեստավորներն ու առևտրականները:[1] Քաղաքի բնակչության նման աճը խթանում է նոր թաղամասերի, հետևաբար և նոր եկեղեցիների կառուցմանը: Երբեմնի մեկ եկեղեցի ունեցող Կումայրին դառնում է Հայաստանի հոգևոր-մշակութային կենտրոններից մեկը:
Գյումրու առաջին հայ առաքելական եկեղեցին` Սբ. Նշանը
Ալեքսանդրապոլում կառուցված առաջին հայ առաքելական եկեղեցին Սբ. Նշանն է կամ ինչպես տեղացիներն են ասում, Սև ժամը: Այն կառուցվել է Աբովյան և Ռուսթավելի փողոցների անկյունում[2] (այժմ` Աբովյան 117): Եկեղեցուն կից նախկինում գործել է Սահականուշյան օրիորդաց դպրոցը (Աբովյան 121), որի շենքը բավականին լավ վիճակում հասել է մինչև մեր օրերը: Սբ. Նշանը շրջապատված է հասարակ բնակելի տներով: Գլխավոր մուտքի դիմաց բնակելի տներ են, հյուսիսային կողմի հարևանությամբ ատամնաբուժարան է, հարավային կողմից` Սահականուշյան դպրոցի շենքը:
Սահականուշյան օրիորդաց դպրոցի շենքը այժմ
Եկեղեցին կառուցվել է Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և քաղաքացիների հանգանակած գումարներով, օծվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Կոստանդնուպոլսցու կողմից: Աղբյուրներում հիշատակված է որմնադիր-վարպետ Աղաբաբ Վահրադյանի անունը: Կառուցման արձանագրությունն ասում է. «Առատաբաշխ տրօք պայծառափայլ կնեազ Ղահրամանի Երկայնաբազուկ Արղութեանց եւ ջերմեռանդ հասարակութեան հայոց քաղաքիս կառուցաւ Սուրբ Աստուածածին եկեղեցիս սկսեալ ի 1859 ամի Փրկչական եւ աւարտեալ ի 1864 ամի»:[3] Սկզբից եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ «Տիրամոր յոթ վերքերը» նկարը գտնվել է այստեղ: Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում, որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, 1882թ. կանգնեցվեց Սուրբ Աստվածածինը, եկեղեցին վերանվանվեց Սբ. Նշան։ Տիրամոր նկարը տեղափոխվեց նորակառույց Սբ. Յոթվերք եկեղեցի։
Եկեղեցու հատակագիծը
Սբ. Նշանը գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է` արևմուտքից արևելք ձգվող հատակագծով: Եկեղեցին ունի երեք մուտք` գլխավորը` արևմտյան, երկրորդականները` հարավային և հյուսիսային կողմերից: Գլխավոր մուտքից ներս փոքրիկ նախասրահ է` 3.45x4.53 չափերով: Վերջինիս բարձրությունը 6.13մ է, մինչդեռ եկեղեցու գմբեթատակ տարածության ընդհանուր բարձրությունը ավելի քան 10մ է: Եկեղեցում դրված 1.27մ տրամագծով երկու զույգ սյուները ներքին տարածությունը բաժանում են երեք մասի` բազիլիկ շինությունը դարձնելով եռանավ: Նավերից կենտրոնականը, ինչպես բնորոշ է եռանավ բազիլիկներին, լայն է, կողայինները ավելի նեղ են: Կենտրոնական նավն արևելքում ավարտվում է շուրջ 3.5մ տրամագիծ ունեցող խորանով, որի երկու կողմերից աստիճանները տանում են դեպի ավանդատներ, որոնք չափերով նույնն են (2.67x3.17): Վերջիններս մոմավառության համար չեն օգտագործվում: Սբ. Նշան եկեղեցու խորանը Գյումրիում եղած եկեղեցիներից ամենահասարակն է, այն զուրկ է սրբանկարներից, միայն ներքևի հատվածում պատկերված են սրբերի նկարներ:
Շենքի հյուսիսային և հարավային ճակատները լուծված են միանման: Մուտքերի աջ և ձախ կողմերում երկուական պատուհաններ են: Հետաքրքիր են ճակատների խաչ պատկերող հարթաքանդակները:
Սբ. Նշանի հյուսիսային ճակատը
Եկեղեցին ունի նաև 1.27մ բարձրությամբ փոքր նկուղային հարկ: Աստղադիտարանի վերածված եկեղեցին վերանորոգումից հետո գյումրեցիների խոսքերով կորցրել է իր «հոգևոր լինելը»: Նման կարծիքի առիթը թերևս գմբեթի, պատերի, և ընդհանրապես եկեղեցու ինտերիերի շինանյութն է, որը, Սբ. Աստվածածնի տարբերությամբ, հենված է ժամանակակից արտահայտչամիջոցների վրա: Գմբեթը, ինչպես նաև ներքին պատերը սպիտակ են, լուսամուտներին Աստվածաշնչյան թեմաներով արված նկարներ են, որոնք թողնում են վիտրաժների տպավորություն: Այս ամենը գյումրեցիներին թույլ են տալիս Սբ. Նշանը համարել Գյումրու առաջին «ժամանակակից եկեղեցիներից»:

[1] «Բանվոր» օրաթերթ, 4 ապրիլի, 1989թ., էջ 7:
[2] Վազգեն ԱզատյանԼենինական», ՀԿԿ կենտկոմի հրատարակչություն. Երևան, 1989, էջ 86:
[3] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 170:

Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»

Комментариев нет:

Отправить комментарий