суббота, 14 июня 2014 г.

Գյումրու Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին



      Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կամ Գեղցոնց ժամը, ինչպես անվանում են այն հին գյումրեցիները, կառուցվել է 1870-1880 թթ. Գյումրու «Ձորի մահլա» կոչվող թաղամասում (այժմ` Ջիվանու 62ա), թաղի բնակիչների հանգանակություններով` առանց ընդունված կանոնների ու ճարտարապետական համաչափությունների:
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նախքան վերանորոգումը
      Այս հանգամանքը ստիպել է, որ տեղացիները եկեղեցին անվանեն «Գեղցոնց» ժամ: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից եղել է «Խրիմյան» դպրոցը, որտեղ Խորհրդային տարիներին գործել է Գ. Հանեսօղլյանի անվան տպարանը:[1] Այժմ այդ շենքը հատկացված է Շերամի անվան երաժշտական դպրոցին:
Գեղցոնց ժամի հատակագիծը
     Եկեղեցու շրջակայքում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն է: Սովետական միության տարիներին եկեղեցու գմբեթը քանդել են և պաշտամունքային կառույցը վերածել պահեստի: Նույն տարիներին ավերվել է նաև Երևանի Ամիրյան փողոցում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այժմ դրա տեղում Եղ. Չարենցի անվան դպրոցն է:
Եկեղեցին վերանորոգման աշխատանքների ընթացքում
      Գեղցոնց ժամն իր հորինվածքով գմբեթավոր բազիլիկ կառույց է, այն ունեցել է փոքր զանգակատուն։ Ի տարբերություն Գյումրու մյուս եկեղեցիների` սա նախասրահ չունի: Եկեղեցին ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից: 1մ տրամագծով սյուները 12.50x16.0 չափերի ներքին տարածությունը բաժանում են երեք նավի: Խորանի երկու կողմերում տեղադրված են 2.83x3.10 չափերի ուղղանկյուն ավանդատներ:
Եկեղեցու վերականգնված գմբեթը
      1988թ. երկրաշարժից եկեղեցին վնասվել է, բայց չի ավերվել: Շինության վիճակը վատթարացել է հետագա տարիների ընթացքում: Լրացուցիչ ամրությունների միջոցով աղոթատան փլուզումը կասեցվել է, սակայն կառույցը չի վերանորոգվել:   2003թ. փլուզվել է եկեղեցու պատը: Կանգուն է մնացել միայն ժամերգության գավիթը, ուստի կառույցի ճարտարապետական տարրերն ու առանձնահատկությունները մանրամասնորեն նկարագրել հնարավոր չէ: Այժմ եկեղեցին վերանորոգման փուլում է: 2014թ. դեկտեմբերի 20-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվեց եկեղեցու խաչը: Այն տեղադրվեց զանգակատան գագաթին: Եկեղեցին վերակառուցվել է ոչ պետական հոգածությամբ, ծնունդով գյումրեցի ռուսաստանաբնակ բարերար Գագիկ Պետրոսյանի ջանքերով: Բարերարի պապը եղել է այս եկեղեցու վերջին քահանան:[2] Սբ. Գրիգոր Լուսավորչի գմբեթն արդեն վերականգնված է, անավարտ են եկեղեցու ներքին հարդարանքի հետ կապված աշխատանքները:

[1] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 170:
Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»

Комментариев нет:

Отправить комментарий