пятница, 12 июля 2013 г.

Վաղ բրոնզեդարյան բնակատեղի Մեծ Սեպասար գյուղի տակ

    Հուլիս ամսվա սկզբին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության բաժնի ուսանողները պեղումների մասնակցեցին Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղում: Գյուղը գտնվում է ՀՀ վարչական տարածքի հյուսիս-արևմտյան մասում, Գյումրիից 43 կմ հեռավորության վրա: Այն հիմնադրվել է 1828 թվականին Ալաշկերտից գաղթած յոթ ընտանիքների կողմից: Նախկինում այս գյուղն անվանվել է Շիշթափա, ապա նաև Ջերմուկ: Մեծ Սեպասար վերանվանվել է 1946 թվականին: Գյուղը գտնվում է Կաթսայաջուր կամ Ղազանչի գետի հովտում` ծովի մակարդակից 1990մ բարձրության վրա Պեղումների մասնակցող խումբը ղեկավարում էր  ՀՀ հուշարձանների պահպանության գործակալության Շիրակի և Արագածոտնի տարածքային բաժնի պետ Լարիսա Եգանյանը: 
Սեպասարը հնագետների ուշադրության կենտրոնում է դեռևս 1998 թվականից: Պեղումների համար որպես տարածք է ընտրվել գյուղի սարի գագաթին գտնվող սրբատեղիի շրջակայքը: Պեղվել է հենց այս տարածքը, քանի որ հիմնականում բնակավայրեր կառուցվել են սարերի գագաթներին և գետերի ափերին: Տարածքը վերևից դիտել և ուսումնասիրել են ուղղաթիռով, քանի որ պեղումների համար նպատակահարմար վայր ընտրելու համար առավել ձեռնտու տարբերակ է ուղղաթիռով զննելը: Սրա արդյունքում ավելի տեսանելի են դառնում այն վայրերը, որտեղ նախկինում ինչ-որ բան է եղել: Հետախուզությունից հետո հնագիտական հուշարձանի տեղը նշվում է տեղագրական քարտեզի վրա, կատարվում է չափագրում, նշվում է հուշարձանի հեռավորությունը որևէ հիմնական վայրից, տրվում է որոշակի նկարագրություն, արվում են գրչանկարներ: Այս ամենից հետո հարկավոր է թույլտվություն տարածքը ուսումնասիրելու և պեղելու համար: Սեպասար մեկնող խումբը ներկայացրել է ծրագիր, որի հաստատումից հետո էլ 2004 թվականին սկսվել են պեղումները: Պեղավայրը նախ սահմանագծվել է լարերի օգնությամբ, որոնք յուրաքանչյուր հատված կամ հավանաբար բրոնզեդարյան սենյակ քառակուսիներով բաժանում են միմյանցից: 

Սարի վերին շերտը  փորելու արդյունքում հայտնաբերվում են կենցաղային իրերի, խեցեղենի բեկորներ, ինչը խոսում է այն մասին, որ նշված վայրում մարդիկ են ապրել: Պեղումները շարունակվել են, և շերտերը ավելի խորացնելով խումբն հայտնաբերել է բրոնզեդարյան բնակատեղի: Բնակավայրը գտնվում է սարի գագաթին` Սեպասար գյուղի սրբատեղիի մոտ` գյուղից 100-200մ հեռավորության վրա: Ըստ երևույթին, սրբատեղին կառուցվել է նախկին պաշտամունքային վայրի տեղում և վերանորոգվել ու ծառայել մարդկությանը յուրաքանչյուր փոխվող դարաշրջանում: Աղոթատեղին  նախնադարում եղել է պաշտամունքի վայր, մեծ հաշվով այժմ ևս չի փոխել իր հիմնական նշանակությունը` վերափոխվելով քրիստոնեական սրբատեղիի: Փոքրիկ աղոթատեղին գյուղի բնակիչներն անվանում են Դարի սուրբ, պեղված տարածքը ` պարզապես Դար:
Պեղումներն իրականացվում են բահով, քլունգով, վրձինով, տարբեր տիպի և տարբեր հաստության շեղբեր ունեցող աշխատանքային գործիքներով և միայն ձեռքով: Հողը պեղավայրից հեռացվում է պատգարակով: Հողը պետք է փորել զգուշորեն, առանց շտապելու, քանի որ ցանկացած պահի կարող ենք վնասել մեզանից հազարամյակներ առաջ օգտագործված կենցաղային իրեր: Գտնված ցանկացած առարկա զգուշորեն լվացվում է և տարվում տարբեր ստուգումների:
Պեղումների սկզբնական շրջանում բնակատեղիից հայտնաբերվել է զոհաբերված գայլերի յոթ գլուխ: Յոթ թիվը մեծ խորհուրդ ուներ ինչպես այսօր, այդպես էլ բրոնզի դարում, իսկ գայլը համարվում էր պաշտամունքային կենդանի, այն կապում էր անդրաշխարհը կյանքի հետ: Նույն տարածքում հայտնաբերվել է նաև զոհաբերված երեխայի գլուխ:
Բնակավայրը կազմված է իրար մոտ դասավորված ոչ մեծ չափերի սենյակներից: Այն իրենից ներկայացնում է բրոնզեդարյան մշակույթի տիպիկ օրինակ: Բնականաբար, նկատելի են միայն կառույցների պատերը, երբեմն նաև հատակը: Պատերը շարված են տարբեր հաստության և տարբեր տեսակի քարերով: Դրանց մի մասը միջնադարում օգտագործվող քարեր են, ինչից հետևում է, որ բրոնզեդարյան բնակատեղին մարդկանց կացարան է եղել նաև այլ ժամանակներում: Միջնադարյան մարդը վերանորոգելով, ձևափոխելով նախնադարյան մարդու կացարանը` հարմարեցրել է այն իր ապրելակերպին և պահանջմունքներին: Տարածքից հայտնաբերվել է նաև միջնադարում օգտագործված խեցեղեն և տարբեր կենցաղային իրեր:


Բնակատեղիի կացարաններն ունեն 3x3 չափերի  քառանկյուն հատակագծեր:  Պեղված տարածքի սենյակներից մեկի պատը նման է հայկական ճարտարապետության մեջ տարածված խորանին: Չի բացառվում, որ սենյակը եղել է պաշտամունքի համար նախատեսված վայր, որտեղ մարդիկ անցկացրել են ծիսակատարության, զոհաբերության արարողությունները: Սրան կից պեղված մի սենյակում կենտրոնում գետնից որոշակի բարձրության վրա քարեր են շարված: Սա ամենայն հավանականությամբ մարդու ստեղծած հարմարություններից է, կենցաղային օգտագործման առարկա, որը կարող է փոխարինել ներկայիս սեղանին կամ մահճակալին: Մեկ այլ սենյակում կենտրոնում դրված է կարմիր քար, որը, ըստ երևույթին, պաշտվել է որպես կուռքի առարկա և բերվել է այլ վայրից, քանի որ Սեպասարի պեղված բնակատեղիի կացարանների շարվածքներում տուֆ չկա, մինչդեռ այս կարմիր քարը տուֆից է:

Մի քանի տարի առաջ  բնակավայրի կողքին ջրամբար է կառուցվել: Հավանաբար առանց գիտակցելու ոչնչացվել է բնակատեղիի հսկայական տարածք: Շինարարները գլխի չեն ընկել, որ հեռացնում են տարածքից ոչ թե սովորական քարաշերտ, այլ շուրջ 5000 տարի առաջ կառուցված կացարաններ:
Թերևս պեղված բնակատեղիի վրա պետք է հրավիրել բոլորի, հանձին կառավարության  ուշադրությունը, քանի որ ոչ բոլոր երկրներում կան հնագույն մշակութային շերտեր, հնագիտական հուշարձաններ, հատկապես բնակավայրեր, որոնք կառուցվել են 3-5-րդ հազարամյակներին: Հայտնաբերվածը պետք է պահպանել և ներկայացնել ըստ պատշաճի:
Պեղումների հետաքրքիր պրոցեսի ընթացքում ուսանողները հնագիտական համալիրից պեղել և գտել են տարբեր գույների /կարմիր և սև/ սափորների մասեր, ջրի խողովակների մասնատված բեկորներ, նույնիսկ կենդանիների ոսկորներ և ատամներ: Պեղումները ուսանողների համար դժվար, բայց հաճելի և օգտակար  պրակտիկա էր, քանի որ հնագիտության վերաբերյալ տեղեկություններ կարդալը կամ պարզապես դասապրոցեսը քիչ է այս բարդ գիտության մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար:  Հարկ է գոնե մեկ անգամ մասնակցել պեղումների և ինչու չէ ապրել սեփական ձեռքերով մոտ 5000 տարվա հնություն ունեցող փոքրիկ բեկոր հայտնաբերելու ուրախությունը:

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ
արվեստաբանության բաժին, 3-րդ կուրս