четверг, 11 июля 2013 г.

♥Շոկոլադ♥

Առաջին անգամ բլոգում արվեստի հետ կապ չունեցող թեմա է....այսօր շոկոլադի միջազգային օրն է....
Շնորհավորում եմ բոլոր քաղցրակերներին այս օրվա կապակցությամբ և խորհուրդ տալիս ընթերցել իրենց անբաժան ընկերոջ` շոկոլադի պատմությունը` երբեք չկորցնելով քաղցի չափաբաժինը::D

Մ.թ. 7-րդ դարում Մայաների քաղաքակրթությունը շարունակում էր ծաղկում ապրել, ի հայտ էին գալիս նորանոր բուրգ-դդյակներ ու հոյակերտ տաճարներ, որոնցում հաճախ երկրպագվում էր նաև կակաոյի աստվածը: Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի աստվածային պտուղներին վերագրվում էին ամեն տեսակ բուժիչ և նույնիսկ միստիկական հատկություններ: Այդ հավատալիքներից, թե «շոկոլադի» նկատմամբ ունեցած թուլությունից ելնելով՝ դեռևս Մոնտեսումա ցեղապետն իր ոսկյա բաժակով օրական մոտ 5 անգամ իրեն թույլ էր տալիս երկրի երեսին վայելել երկնայինը՝ «չոկոլատ» ըմպելիքը: Եվ բացառված չէ, որ նա և մյուս առաջնորդները հաստատ կդատապարտեին այն եվրոպացիների տգիտությունը, ովքեր՝ վախենալով շոկոլադի վնասակարությունից, պետք է զրկեին իրենց այն վայելելու հաճույքից: 

Բայց պետք է ասել նաև, որ Ամերիկան հայտնաբերելով՝ ոչ բոլոր եվրոպացիներն այդքան դաժան գտնվեցին սեփական անձի նկատմամբ, շատերը ճիշտ և ժամանակին գնահատեցին ինչպես հնդկացիների ոսկին, այնպես էլ «կակասոլատան»՝ կակաոյի պտուղները: Եվրոպայում ինկերի բաղադրատոմսերով առաջինը շոկոլադ պատրաստեց Կորտեզը՝ Կոլոմբոսի արշավախմբից, սակայն նրբաքիմք իսպանացիներին այն բարեբախտաբար չափազանց դառը թվաց և նրանք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ: Եվրոպական մյուս ազգերին «հնդկացիական ժառանգությունից» բաժին հասավ միայն կես դար անց. երբ իսպանացիները հասցրել էին, թերևս, մի կուշտ վայելել այն: Արդեն 17-րդ դարում այն Եվրոպական գրեթե բոլոր արքունիքների ամենահարգի ըմպելիքն էր:

Առաջինը <<համբուրվելով>> Լուի 13-ի կնոջ՝ Մարիա Ավստրիացու հետ՝ շոկոլադը հետագայում գերեց նաև շատ այլ ազնվականուհիների սրտերը, որոնք շոկոլադի մասին լեգենդներին ավելացրին ևս մեկը, ըստ նրանց՝ կակաոյի ծառը պետք Է որ աճելիս լինի դրախտում: Սակայն շոկոլադոֆիլերի այս տեսակետը ծաղրի արժանացավ այսպես կոչված «շոկոլադոֆոբերի» կողմից, նրանցից մեկը՝ մադամ դե Սեվինյեն, փորձեց նույնիսկ համոզել հանրությանը, թե իր ընկերուհին սևամորթ երեխա է ունեցել միայն այն պատճառով, որ չարաշահել է շոկոլադը։ Բարեբախտաբար նրան չհավատացին անգամ նրանք, ովքեր չգիտեին, թե իրականում ինչպես է պատահում, որ երեխաները սևամորթ են ծնվում։ Եվ կարծես հենց նրանք որոշեցին, որ շոկոլադը պետք է գնահատել ոչ թե «օգտակար է/օգտակար չէ» սկզբունքով, այլ «համեղ է/համեղ չէ» մոտեցմամբ։ Այսպես շոկոլադը վերածվեց նորաձևության, որը 19-րդ դարում, շնորհիվ ընդլայնվող շոկոլադի պլանտացիաների, մատչելի դարձավ նաև դղյակներից դուրս։ 1820 թ–ին մինչ այդ իբրև խմիչք օգտագործվող շոկոլադը համադրվեց կակաոյի յուղի, շաքարավազի և լիկյորի հետ՝ ստանալով «Ֆրայ և Սանս»–ի սալիքների ձևը։ 1828 թվականին Ամեդե Կոլերի մտքով անցավ շոկոլադին ընկույզներ ավելացնել։ 1875 թ–ին գոյություն ուներ արդեն նաև կաթով շոկոլադը, իսկ Շվեյցարիան հասցրել էին հռչակել «շոկոլադի երկիր»: Այնուհետև իտալացիները հնարեցին շոկոլադի արտադրության համար անհրաժեշտ լիցենզիան, Անգլիայում Chocolate House–ներն ավելի հաճախելի դարձան, քան թեյարանները, իսկ 1920 թ–ին անգլիացի Ջոն Մարսն իրեն հավերժացրեց համանուն շոկոլադե բատոններով:

Շոկոլադն արվեստի հետ կապ չունի, սակայն կաղապարի միջոցով այս քացր նյութից հնարավոր է պատրաստել ամեն ինչ` այն դարձնելով արվեստի նմուշ...