среда, 10 июля 2013 г.

Քրիստոնեական տաճարը, նրա կազմավորումն ու կառուցվածքը



Եկեղեցական ճարտարապետությունը ձևավորվել է IV–VII դդ., երբ ստեղծվել են եկեղեցական շենքերի գրեթե բոլոր այն հորինվածքները, որոնք կիրառվել են նաև հետագայում: 301-ին Հայաստանն աշխարհում առաջինը ընդունելով քրիստոնեությունը որպես պետական կրոն` սկզբիցևեթ ինքնուրույն է մշակել եկեղեցական շենքերի տիպերը: Եկեղեցական ճարտարապետությունը հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի կարևորագույն բնագավառն է, նրա բազմաթիվ կառույցներում ցայտուն արտահայտվել են հայկական ճարտարապետության ինքնատիպությունը, բարձր մակարդակը և գեղարվեստական հարուստ ավանդները:
Քրիստոնեության ընդունումից հետո առաջին տասնամյակները ողջ երկրում նոր պաշտամունքի շենքերի բուռն կառուցման շրջան են եղել: Ըստ պատմիչներ Զենոբ Գլակի և Փավստոս Բուզանդի` Գրիգոր Ա Լուսավորիչը և Տրդատ Գ թագավորը հեթանոսական տաճարների տեղում են կառուցել առաջին եկեղեցիները` դրանով իսկ կապելով դարերով սրբագործված վայրերը նոր կրոնի հետ: Ընդ որում տաճարների մի մասը վերակառուցվելով` փոխարկվել է եկեղեցու, մի մասն էլ ավերվել է, և նրանց հիմքերի վրա եկեղեցի է կառուցվել: Այդ ընթացքում կրկնվել է հեթանոսական տաճարի երկայնական` արևելքից արևմուտք ձգված հորինվածքը, միայն բեմը արևմուտքից տեղափոխվել է արևելք: Ագաթանգեղոսը միանգամայն որոշակի հայտնում է Գրիգոր Ա Լուսավորչի` նորակառույց եկեղեցիների առաջին ճարտարապետ լինելու մասին
Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցի
 VII դ. վերջին Հայաստանում հաստատված արաբական ծանր լուծը երկու դար ընդհատել է երկրի զարգացման բնականոն ընթացքը: IX դ. վերջին, անկախության վերականգնումից հետո, նախադրյալներ են ստեղծվել ճարտարապետության զարգացման նոր փուլի համար: IX–XI դդ. Հայաստանի ֆեոդալական մասնատվածությունը հանգեցրել է առանձին` Անիի, Սյունիքի, Վասպուրականի, Լոռու ճարտարապետկան դպրոցների ձևավորմանը
 
Հռիփսիմեի եկեղեցու հատակագիծը

 Սկզբնապես եկեղեցիներ կառուցելիս, փորձի և շինարարական ավանդույթների կորստի պատճառով, կիրառել և կրկնել են VII դ. Մշակած և հայտնի ձևերը` թաղածածկ դահլիճի (Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցի), «ազատ խաչի» (Սևանավանք, Հայրավանք), գմբեթավոր դահլիճի (Շիրակավանի Ս. Ամենափրկիչ եկեղեցի), մաստարայատիպ (Կարսի Ս. Առաքելոց եկեղեցի), հռիփսիմեատիպ (Վարագավանքի Ս. Աստվածածին եկեղեցի): 
 
Կարսի Ս. Առաքելոց եկեղեցի

 Այդ ժամանակաշրջանի Հայաստանի Եկեղեցական ճարտարապետության մեջ առաջատար դեր է խաղացել երկրի մայրաքաղաք Անիի ճարտարապետական դպրոցը, որն ազդեցություն է ունեցել հայկական ճարտարապետության զարգացման ողջ ընթացքի վրա. նրա մշակած ոճական ուղղությունը, հարդարանքի ձևերը տարածվել են երկրի նահանգներում, կախյալ թագավորություններում

Աբուղամրենց Ս. Գրիգոր եկեղեցին
 Անիի ստեղծագործական դպրոցի նվաճումներն անխզելիորեն կապված են միջնադարյան Հայաստանի խոշորագույն ճարտարապետ Տրդատի անվան հետ, որը կարևոր ավանդ է մուծել հատկապես Եկեղեցական ճարտարապետության ձևերի մշակման գործում: Անիում տարածում են գտել կենտրոնագմբեթ եկեղեցիների քառախորան ու վեցախորան ձևերը, որոնց շարքում իրենց ճարտարապետկան-գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են Անիի Ս. Առաքելոց եկեղեցին, Աբուղամրենց Ս. Գրիգոր և Հովվի եկեղեցիները

Մարմաշենի վանք
 Անիի ճարտարապետական դպրոցի ոճական առանձնահատկություններից են եկեղեցիների արտաքին ճակատների և գմբեթների թմբուկների` կամարաշարով ձևավորումը, գմբեթների հովանոցաձև ծածկը: Անի քաղաքի կառույցներից բացի այս դպրոցի լավագույն գործերն են Մարմաշենի վանքի, Խծկոնքի վանքի, Ամբերդ ամրոցի Վահրամաշեն, Հոռոմոսի վանքի, Բագնայրի վանքի եկեղեցիները
 
Բղենո Նորավանքի եկեղեցին

 Անիից հետո իր նշանակությամբ երկրորդը Սյունիքի ճարտարապետական դպրոցն է, որը IX–XI դդ. ստեղծել է այնպիսի բարձրարվեստ գործեր, ինչպիսիք են Բղենո Նորավանքի, Վահանավանքի, Գնդեվանքի, Որոտնավանքի, Ցաղաց քար վանքի եկեղեցիները և հռչակավոր կրոնական, գիտական և կրթական կենտրոն Տաթևի վանքի` Հայաստանի այդ ժամանակաշրջանի ամենախոշոր` Ս. Պողոս-Պետրոս տաճարը:
 
Ցաղաց քար վանական համալիր

Լուսինե Բադալյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին, 2-րդ կուրս