Այժմ ես ավելի շատ եմ շտապում: Առաջներում ես, ըստ սովորության, ասում
էի. «Այդ կարող եմ անել 20 կամ 30 տարի հետո», սակայն այժմ գիտեմ, որ ես
չունեմ այդ 30 տարվա պաշարը: Թեպետ աշխատում եմ հաղթահարել դա, երբ նստում
եմ գրասեղանի առջև: Ոչ մի բան ինձ չի կարող ստիպել հրաժարվել նրանից, ինչ
ես անում եմ: Ես գրում եմ, և դրանում իմ ամբողջ կյանքն է:
… Ես ունեցել
եմ անսովոր մանկություն: Ես մեծացել եմ սնահավատ մարդկանց միջավայրում,
որոնք օժտված էին հարուստ երևակայությամբ: Նրանք ապրում էին պատրանքների
մշուշոտ աշխարհում: Իմ տատիկը, օրինակ, միանգամայն բնականորեն գիշերները
ինձ պատմում էր այնպիսի հեքիաթներ, որոնցից մազերս բիզ-բիզ էին կանգնում:
Իմ պապը մի վիթխարի ծերուկ էր, որն ասես սավառնում էր ժամանակի մեջ, և ես
նրան շատ էի սիրում: Ութ տարեկան էի, երբ նա մեռավ: Ես շատ ծանր ապրեցի նրա
մահը: Նա պատմում էր ինձ իր կյանքի և այն ամենի մասին, ինչ կատարվում էր
մեր գյուղում ու գավառում` սկսած անհիշելի ժամանակներից: Նա մանրամասն
պատմում էր նաև իր մասնակցած պատերազմների և ուրիշ իրադարձությունների
մասին, որոնք խորը հետք էին թողել Կոլումբիայի կյանքում:
Մայրս հրաշալի
կին էր: Մի անգամ, երբ նրան հարցրեցին, թե իր որդին տաղանդավոր լինելու
համար ինչին է պարտական, նա աչքը չթարթելով պատասխանեց. «Սկոտի հեղուկին»:
Կամ ահա մի ուրիշ բան. դուք գիտեք, որ ես մի քանի եղբայր ունեմ: Ամեն
անգամ, երբ մեզնից մեկը ինչ-որ տեղ պիտի մեկներ, նա մոմ էր վառում և սկսում
աղոթել: Իսկ հիմա մենք բոլորս ապրում ենք տարբեր վայրերում, և երբ վերջին
անգամ հանդիպեցի մորս` ինձ ասաց. «Գիտե՞ս, հիմա իմ տանը անընդհատ մոմ է
վառվում, գուցե ձեզնից մեկը մի տեղ կթռչի, իսկ ես չեմ իմանա…»:
Իմ
ընտանիքի բոլոր անդամները ինձ համար մեծ նշանակություն ունեն և այս կամ այն
կերպարով հանդես են գալիս իմ վեպերի մեջ: Ես երբեք չեմ մոռանում, որ փոստի
ծառայողի որդի եմ Արակատակայից: Եվ կարծում եմ… դեռ ուշ չէ երկրագնդի վրա
ընդհանուր տուն ստեղծելու երազանքի իրագործման համար, որպեսզի ոչ մի
ժողովուրդ չկարողանա թելադրել իր կամքն ուրիշներին:
Комментариев нет:
Отправить комментарий